Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Բռնաբարության գործը բարձրաստիճան պաշտոնյաներ են կոծկում»,- փաստաբան



Հուլիսի 23-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բռնաբարության գործով տուժող Հասմիկի (անունը փոխված է) բողոքը՝ պատճառաբանելով, որ այնտեղ բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկի որոշումը էական նշանակություն չունի օրենքի միատեսակ կիրառության համար:

Տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը գտնում է, որ ոստիկանության եւ դատախազության բարձր պաշտոնյաներ են խոչընդոտում գործի արդար քննությանը եւ փորձում են կոծկել բռնաբարությունը:

Հիշեցնենք, որ 2012 թ.-ի մայիսի 14-ին տուժող Հասմիկը հաղորդում է տվել այն մասին, որ նույն թվականի մայիսի 9-ին ճնշումների է ենթարկվել եւ բռնաբարվել է 32-ամյա Արմենի (անունը փոխված է) կողմից: Կատարվել է նախաքննություն եւ գործը կարճվել է: Գործը քննող քննիչները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել եւ ճնշումներ գործադրել տուժողի նկատմամբ: Հասմիկը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որն էլ վերացրել է գործը կարճելու մասին որոշումը եւ պահանջել վերաբացել այն։

«Qnac es?», «Du tesar??».
բռնաբարության մեջ կասկածվողի
եւ քննիչի sms հաղորդագրությունները միմյանց

Գործը կարճելու որոշում կայացրած Երեւանի քննչական վարչությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի` գործը վերաբացելու մասին որոշման։ Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը։ Տուժող Հասմիկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանին, որն էլ բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:  

«Հաշվի առնելով այս գործի վերաբերյալ բարձրացված աղմուկը եւ տարբեր միջնորդությունները, որոնք հասցեագրված են եղել տուժողին տարբեր օղակների կողմից՝ գտնում եմ, որ կան մի քանի շահագրգիռ պաշտոնատար անձինք, ովքեր հետեւողականորեն ուզում են կոծկել հանցագործությունը: Այստեղ կա շատ ընդգծված, շահագրգիռ մոտեցում հանցագործություն կատարած անձի նկատմամբ»,- «Հետքի» հետ զրույցում նշում է փաստաբան Նոնա Գալստյանը՝ ավելացնելով, որ նույն փաստական հանգամանքներով մեկ այլ գործի դեպքում, այն շատ արագ ավարտին կհասցվեր ու հանցագործը պատասխանատվության կենթարկվեր:

Բռնաբարության հոդվածով հարուցված այս գործում նախաքննության փուլում կասկածյալը չի կալանավորվել. նա ազատվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

Վերաքննիչ դատարանը հակասում է ինքն իրեն

«Կան պաշտոնյաներ թե ոստիկանության եւ թե դատախազության համակարգում, ովքեր այս գործով ժամանակ առ ժամանակ փորձում են խոչընդոտներ ստեղծել: Այդ մասին մենք մանրամասներ կհաղորդենք, երբ ավելի շատ փաստեր ունենանք»,- հայտնեց փաստաբանը:  

Նոնա Գալստյանը նշեց նաեւ, որ Վճռաբեկն այդ որոշումը կայացրել է իր գործելաոճին համապատասխան՝ առանց գործի հանգամանքներն ուսումնասիրելու. «Քանի որ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության հետ գործ ունենք, ստացվում է, որ Վճռաբեկի չպատճառաբանված որոշման հետեւանքով տուժողի իրավունքների պաշտպանությունը մտավ փակուղի»,- ասում է Գալստյանը:  

Այս գործով տուժող Հասմիկը դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, մարդու իրավունքների պաշտպանին, ԵՄ դեսպաններին, սակայն անարդյունք:

Փաստաբան Նոնա Գալստյանը նշում է, որ հունիսի 16-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ կրկին պաշտոնապես նամակ են հանձնել Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազին:

«Ոստիկանությունը պարգեւատրում է
հանցագործությունը կոծկողներին»

«Դատախազությունից մեզ խոստացան կարճ ժամկետում ընդունելություն կազմակերպել այդ կարճման որոշումը կայացրած վարչության պետի հետ: Որեւէ ընդունելություն տեղի չունեցավ, իսկ նախագահականից որեւէ պատասխան մենք չենք ստացել: Իսկ մինչ այդ նախագահին ուղղված մեր բոլոր բողոքները նախագահականն ուղարկում էր դատախազություն, այն դեպքում, երբ մենք հենց դատախազությունից էինք բողոքում»,- ասում է Նոնա Գալստյանը:  

Տուժող Հասմիկը բողոք է ներկայացրել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ ընդդեմ քննիչների շահագրգիռ մոտեցման վերաբերյալ քրեական գործ չհարուցելու Հատուկ քննչական ծառայության որոշման: Դատը դռնբաց է, կկայանա օգոստոսի 4-ին ժամը 16:00-ին:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Բռնաբարություն» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ