Կիրակի, 23 սեպտեմբերի

Փորձագետ. «Ադրբեջանցի դիվերսանտները փաստացի լավ խաղաքարտ են մեր ձեռքում»



Հարցազրույց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի հետ

-Դավիթ, Ադրբեջանի ռազմական ակտիվությունը վերջին շրջանում Դուք՝ իբրեւ փորձագետ, ինչի՞ հետ եք կապում:

-Կարծում եմ՝ Ադրբեջանը կանգնել էր դիվանագիտական ճգնաժամի առջեւ, ու իրավիճակն այնպիսին էր, որ իրենք մի բան պետք է անեին: Անընդհատ դիմելով նախահարձակ գործողությունների ու տալով զոհեր, մեր կողմից էլ ստանալով վիրավորներ՝ ադրբեջանցիները միանշանակ ինչ-որ դիվանագիտական հարցեր են ցանկացել լուծել:

-Կարծիք կա, որ նրանք, նաեւ դատելով հայտնաբերված ձեռնաշղթաներից, ցանկացել են գերիներ տանել, որպեսզի հետո կարողանան այդ մարդկանց փոխանակել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հետ:

-Հնարավոր է: Ընդհանրապես դիվերսանտի հանդերձանքի մեջ պետք է որ չլիներ ձեռնաշղթա: Երեւի հենց դրանից են դատում:

-Ինֆորմացիա կա նաեւ, որ սպանված դիվերսանտը՝ Հասան Հասանովը, հատուկ ծառայությունների աշխատող է եղել:

-Այո, նրա ֆեյսբուքյան էջը մեզ մոտ բացահայտվեց՝ հին համազգեստով:

-Կարելի՞ է ասել, որ Ալիեւի աղդամյան հայտարարությունը երկու դիվերսանտներին ու մեկի դիակը վերադարձնելու մասին բացահայտեց այս լարվածության պատճառը:

-Գիտեք, Ալիեւը շատ բան ասաց իր համար ձեւավորված խրամատում, բայց այդ ամենը հերքվեց օգոստոսի 10-ի հանդիպումից հետո: Որ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգստացել է, փաստ է: Ալիեւի ասածները ուղղված էին զուտ ներքին լսարանին, ու շատ դեպքերում մեզ մոտ այդ հայտարարություններին պետք չէ արձագանքել: Հայկական կողմի իբր շատ զոհերի մասին հայտարարելով՝ նրանք ուղղակի մեղմում են սեփական հասարակության արձագանքը:

-Մեր բանակն այս ընթացքում ինչպե՞ս դրսեւորեց իրեն: Եղա՞ն բացթողումներ:

-Բացթողումներ չեմ կարող ասել, բայց որ բանակն իրեն լավ դրսեւորեց, բոլորս տեսանք: Դա փաստ է: Առհասարակ ազգն իրեն լավ դրսեւորեց: Նույնիսկ նրանք, ովքեր միշտ խիստ քննադատությամբ են հանդես եկել, մի պահ լռեցին, ով էլ որ չէր կարողանում լավն ասել, լռում էր:

-Նաեւ այս իրադարձություններից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ մեր բանակը տարածաշրջանում առաջինն է:

-Կարող ենք դա ասել, որովհետեւ այս պահի դրությամբ անդորրը մեր բանակն է թելադրում: Վրաստանի հետ պետք չէ համեմատվել, Ադրբեջան-Հայաստան է հիմնական համեմատությունը: Իրենք թե ֆինանսապես, թե քանակապես են մեծ, բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ ծախսերն արդյունք չեն տալիս: Շատ-շատ մեծ ցավ է, որ մենք ունեցանք այդ տղաների (հայկական զինուժը 6 զոհ ունեցավ հուլիսի 28-ից օգոստոսի 4-ն ընկած հատվածում- հեղ.) կորուստը:   

-Դիվերսիոն ակտիվ պատերա՞զմ էր ընթանում այս օրերին:

-Այո, մոտ 5 օր պատերազմ գնաց:

-Ինչու՞ Ադրբեջանը կանգ առավ:

-Կարծում եմ՝ առաջնայինն այն էր, որ նա հանդիպեց լուրջ դիմադրության: Հետախուզադիվերսիոն գործողության հիմնական նպատակը հետախուզական տվյալներ հավաքելն ու հասարակության հոգեբանական հավասարակշռության վրա ազդեցություն ունենալն է: Եթե հառակակորդը գալիս մի հոգու սպանում, վերադառնում է, դա դառնում է քննարկման առարկա, իսկ երբ գործողությունները շարունակական են, մարդկանց հոգեբանական հավասարակշռությունը խախտվում է: Ադրբեջանը դիվերսիաները բերել էր պիկի եւ հույս ուներ ստանալ մեծ ռեզոնանս, ինչը, փաստորեն, չստացվեց:

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլինի ձերբակալված դիվերսանտների հետ: Հետ կտա՞նք, չնայած մենք նրանց ռազմագերի չենք համարում, ԼՂՀ գլխավոր դատախազությունը նրանց հանցագործ է համարում:

-Շատ դժվար է ասել: Իմ կարծիքով՝ նրանք հանցագործներ են: Պիտի որ չտանք: Դա ավելի շատ դիվանագիտական խնդիր է: Մեր համապատասխան գերատեսչությունները պետք է ճիշտ դիրքորոշում հայտնեն: Եթե նույնիսկ նրանց հետ տալու հարցը քննարկվի, ապա շատ-շատ մեծ բան պետք է դրա դիմաց ստանանք:

-Իսկ ի՞նչ պիտի լինի այդ մեծ արժեքը:

-Հաստատ չեմ կարող ասել, բայց «մեկին՝ մեկ» ձեւով փոխելը անիմաստ է: Ոչ մի պարագայում չպիտի արվի նման բան: Ու ոչ մի պարագայում չպիտի վերադարձնեն, որովհետեւ այդ երկու դիվերսանտները փաստացի լավ խաղաքարտ են մեր ձեռքում այս պահին: Կարծում եմ՝ ադրբեջանցիները չէին էլ ցանկանա Կարեն Պետրոսյանին սպանել: Դա, ըստ իս, պատահականություն է եղել, որովհետեւ Կարենը մահացավ նրանց համար շատ անհարմար ժամանակ: Եթե նա կենդանի լիներ, կարող էին փոխանակումը շահարկել, բայց հիմա իրենց ձեռքում ոչինչ չունեն:

-Չե՞ք կարծում, որ Պետրոսյանը փոխանակման լավ «հումք» էր:

-Այո, եթե կենդանի լիներ, իրենց համար լավ կլիներ:

-Իսկ գուցե տեսան, որ մեր կողմը չի համաձայնի փոխանակությանը, եւ, իրենց էությունից ելնելով, սպանեցին:

-Հնարավոր է: Բայց կարծում եմ, որ Կարենի մահն ավելի շատ պատահական է եղել. ինչ-որ հոգեմետ դեղերի կամ հարվածների ազդեցության տակ միգուցե օրգանիզմը չի դիմացել: Բայց դա կարեւոր չէ, կարեւոր էլ չեն այն ասեկոսեները, որ այստեղ պտտվում էին Կարենի մասին. նա առաջին հերթին հայ էր:

-Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը, ըստ լուրերի, հայտարարել է երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին: Հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները նաեւ Ինջիղուլյանի հարցն առաջ քաշեն՝ դիվերսանտներին հետ ստանալու համար:

-Չեմ կարծում, թե Ինջիղուլյանը ցանկանում է հետ գալ:

-Ապահո՞վ չէ այստեղ նրա համար:

-Չեմ կարող ասել՝ ապահով է, թե ոչ, բայց եթե ցանկանար գալ, այդ մասին ինչ-որ կերպ կհայտներ:

-Գուցե ադրբեջանցիները նրան ճնշու՞մ են:

-Միգուցե:

-Եվս մի հարց: Ադրբեջանի վերջին ՀՕՊ զորավարժությունները, ըստ լուրերի, եղել են պլանային, բայց, արդյո՞ք դրանք պայմանավորված չէին Սեյրան Օհանյանի՝ Մինգեչաուրի ջրամբարի հնարավոր խոցման մասին հայտարարության հետ:  

-ՀՕՊ համակարգերը նախատեսված են նաեւ բալիստիկական հրթիռներ բռնելու համար: Բայց, օրինակ, ավտոմատի գնդակի համար չես կարող տեղադրել ՀՕՊ համակարգ: Շատ զենքեր կան, որ հենց այդ գնդակի պես են, ու հնարավոր չէ խոցել հակահրթիռային համակարգով: Այն միջոցները, որ մենք ունենք, ու որոնք կարող են համապատասխան գնդակը հասցնել Մինգեչաուրի ամբարտակին, ադրբեջանցիների կողմից չեն կարող որսվել: Կոնկրետ ասեմ. «Սմերչի» դեմ ինչ ուզում ես դիր. չեն կարող բռնել, որովհետեւ դրա հրթիռը շատ մեծ արագությամբ է գնում: «Սմերչի» նախատիպն էլ մենք ունենք` չինական «WM-80»-ները:

Մինչեւ Բաքու հասնող հրթիռ էլ ունենք: Խոսքը «Սկադ»-ի մասին է, որի հեռահարությունը 300 կմ է: Բայց իր ելույթի ժամանակ նախագահը նշեց 300-ից ավելի, ինչը մենք հասկանում ենք «Իսկանդեր»: Այս զենքը Ռուսաստանը ոչ մեկին չի վաճառել: Դրա 3 տարբերակ կա՝ «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Է», «Իսկանդեր-Կ», որոնցից առաջինն իր զորքերի համար է, երկրորդը՝ արտահանման: «Իսկանդեր-Է»-ի հեռահարությունը 280 կմ է: Սակայն պաշտոնապես Ռուսաստանը դեռ չի վաճառել այս զինատեսակից:

-Լուրեր եղան, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան համալրվել է «Իսկանդեր-Մ»-ով:

-Ես շատ կուզեի, որ թեկուզ 102-րդում դրված լիներ դրանից:

-Եթե 102-րդի իրավասությանն անդրադառնանք, ըստ հայ-ռուսական համաձայնագրի, իր զինատեսակները բազան հարկ եղած դեպքում կօգտագործի՞ հայկական կողմի օգտին:

-Եթե ՀՀ-ն մտավ կոնֆլիկտի մեջ, նրանք պետք է միջամտեն: Ռազմաբազայի հրամանատարն էլ դա հաստատեց: Դեկտեմբերի 2-ի Պուտինի այցն էլ դրա մասին էր խոսում, երբ նա գնաց Գյումրի, հետո Երեւան: Այդ այցը հենց այնպես չէր: Նույնը նաեւ հասարակության տեսած այն նկարները, որտեղ «Սմերչ» է երեւում բազայի տարածքում: Բայց այդ ժամանակ այնտեղ «Իսկանդեր» չի եղել: Ճիշտ է, ինչ որ 102-րդ ում կա, չի նշանակում, որ ՀՀ ԶՈւ-ի մեջ է, բայց եթե Հայաստանի տարածքում է, պոտենցիալ մեծ առավելություն է: Իսկ ադրբեջանցիների խոսակցությունները, թե եթե հայերը խփեն ջրամբարին, ապա իրենք կխփեն Երեւանին, անիմաստ, հիմար բաներ են, որովհետեւ Երեւանից 50 կմ հեռավորության վրա ատոմակայանն է, ու նրանք առաջին հերթին իրենց վնաս կտան, ինչը բացի Ադրբեջանից՝ գիտակցում է նաեւ Թուրքիան: Դա աղետ կլինի բոլորի համար: Տարածաշրջանը կդառնա Չեռնոբիլ:

-Իսկ նավթամուղին հարվածելուն ինչպե՞ս եք վերաբերվում, որովհետեւ խոսակցություններ կան, որ դա այնքան էլ էֆեկտիվ չէ, քանի որ մի շաբաթում կարելի է նորոգել:

-Ադրբեջանցիները հենց դրանից են վախենում՝ Մինգեչաուրի ջրամբարից եւ նավթամուղից: Հարցն այն է, թե նավթամուղն ինչպես կխոցես ու ինչպես շարքից կհանես:          


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ