HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբանը ստացել է դատարանի որոշումը

Դատավոր Արմեն Բեկթաշյանը իր որոշման մեջ առհասարակ չի անդրադարձել ցմահ դատապարտյալ, 20-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին:

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի հիմքերին, քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները: Այս մասին «Հետքին» հայտնեց Սողոմոն Քոչարյանի  փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, ով փոստով ստացել է դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը:

Փաստաբանը նշեց, որ ըստ էության, դատարանը բողոքի բովանդակային քննություն չի իրականացրել, անդրադարձել է միայն բողոքարկման ընթացակարգին. «Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը իր մայիսի 31-ի մերժման որոշման մեջ չէր նշել, թե ինչ ընթացակարգով, ինչ ժամկետներում կարող է բողոքարկվել որոշումը: Մենք էլ միանգամից դիմել էինք դատարան, առանց վերադաս դատախազին բողոքարկելու այն: Դատարանը դա է խախտում համարել և պարտավորեցրել վերացնել այդ պրոցեսուալ խախտումը` տալով Սողոմոն Քոչարյանին իր իրավունքները իրացնելու բոլոր միջոցները: Հիմա մենք սպասում ենք, որ Գլխավոր դատախազությունը վերացնի այդ խախտումը, և մենք նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործի վերանայման վարույթ հարուցելու դատախազության մերժումը նախ բողոքարկենք վերադաս դատախազին, ապա ցանկալի արդյունք չունենալու դեպքում` նոր դիմենք դատարան»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ռոբերտ Ռևազյանը:

Դատարանի որոշման մեջ նշված է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանի գործողությունների մասին: Ըստ այդմ, դատարանը նախ պետք է պարզի, թե արդյոք պահպանվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը, թե ոչ: Այդ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ բողոքի հիմքերին, այսինքն` բովանդակային կողմին:

Դատարանը գտել է, որ որոշման բողոքարկման ընթացակարգի պարզաբանման բացակայության պայմաններում խախտվել է Սողոմոն Քոչարյանի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, և այդ խախտումը ենթակա է վերացման: Հետևաբար, այդ պայմաններում դատարանը նշել է, որ չի անդրադառնում բողոքի հիմքերին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր դատարանի որոշումը. «Իմ համոզմամբ Հայաստանում քաղաքական իշխանությունը, ավելի ճիշտ՝ երկրի նախագահը դեռևս հստակ որոշում չի կայացրել ցմահ ազատազրկվածների ճակատագրերի վերաբերյալ: Դատական համակարգն էլ կախված է Հանրապետության նախագահից: Եվ քանի դեռ ցուցում չկա «վերևից», դատարանները կարող են ցանկացած իրավական կամ ոչ իրավական (դա կարևոր չէ) պատրվակ փնտրել-գտնել, որ ցմահների հետ կապված որևէ խնդիր չլուծվի: Եթե միայն Սողոմոն Քոչարյանի գործը վերցնենք, ապա դրան քիչ թե շատ ծանոթ բարձրաստիճան պաշտոնյա, վստահ եմ՝ ներքուստ համարում է, որ նախկին հետախույզի հետ խոշոր անարդարություն է եղել, և ցանկանում է, որ Սողոմոնը ազատություն վերադառնա: Բայց դատաիրավական ոլորտի որևէ բարձրաստիճան պաշտոնյա քաջություն չունի խնդիրը նախագահին ճշգրիտ ներկայացնելու»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Հետքի» լուսաբանումների հիման վրա պատրաստվում է մեկ այլ ցմահ դատապարտյալի գործով դիմել Գլխավոր դատախազություն: 

«Մենք դիմում ենք գործերի վերաբացման հասնելու բոլոր հնարավոր միջոցներին, քանի որ մերժումներից ոչ մի դեպքում չպիտի հուսահատվել: Հետևողականորեն պիտի շարունակել այս պայքարը, դատաիրավական համակարգը մի օր կընդունի, որ հնարավոր են և սխալներ: Համոզված եմ վաղ թե ուշ սայլը տեղից կշարժվի»,-ասաց Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանը որոշում էր կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին:    

Վարույթի հարուցման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայստանում Իրանի դեսպանը: Հակառակ դեպքում նա սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
գոնե Ադրբեջանից օրինակ վերցնեք, նրանց չափ էլ թասիբ չունե՞ք այ հարգելի հայ արդարադատներ։ Ադրբեջանցիք նման դեպքում վաղուց բանտից հանել էին մարդուն, անցած տարիների համար դրամական փոխհատուցում ու բնակարան տվել ու ցմահ թոշակ նշանակել, իսկ դուք ցմահ բանտարկությւոն եք նշանակում։ Մեկը լինի ձեզ դատի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter