HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարի առաջ բանտարկված ազատամարտիկի դատավճիռը չի բեկանվի

19 տարի առաջ ՀՀ Գերագույն դատարանի կողմից մահապատժի դատապարտված (2003թ.-ից ցմահ ազատազրկում) Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի 1995թ. դատավճիռը չի բեկանվի, այդ գործով նոր քննություն չի սկսվի: Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Նույն կառույցի Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ. Բաղդասարյանը որոշում է կայացրել «Հետաքննող լրագրողների» ուղարկած հաղորդման վրա նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործով վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին: 

«Հետքի» 2014թ. մայիսի 6-ի «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք Գերագույն դատարանում 1995թ. մեղադրանքը պաշտպանած նախկին դատախազ Ժիրայր Խառատյանի բացահայտմանը: Ըստ այդմ, «Դատախազը» վավերապատման մեջ (լույս է տեսել այս տարի), 141-143 էջերում «Լոռու մարզ» թերթում 2014թ. մարտի 14-ին հրապարակված հարցազրույցում մեղադրանքը ՀՀ Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Խառատյանը պատմել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ, ԻԻՀ քաղաքացի, իրանահպատակ ադրբեջանցի Իրաջ Փուր Միրզա Բեկի սպանության մեջ մեղադրված Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռին նախորդած դեպքերի մասին:


Մասնավորապես՝ դատախազ Ժիրայր Խառատյանը նշել է, որ 1995-ին մահապատժի դատավճռից առաջ եղել է ՀՀ գլխավոր դատախազի մոտ (Արտավազդ Գևորգյան՝ 1990-97թթ. ՀՀ գլխավոր դատախազ-հեղ.):

«Ընդունարանում պարզվեց, որ պետք է սպասենք, քանի որ գլխավոր դատախազի մոտ Իրանի դեսպանն էր: Գլխավոր դատախազն, ով իմ դասախոսն էր եղել, և ինքն էր ինձ նշանակել այդ պաշտոնում, չափազանց մտերմությամբ բացատրեց, որ այլընտրանք չկա, դեսպանը պատժի առավելագույն չափն է պահանջում, հակառակ դեպքում մեծ սկանդալ կբարձրացնի»,- իր հարցազրույցում նշել է դատախազ Խառատյանը:

Այլ կերպ ասած՝ դատախազ Խառատյանը բարձրաձայնել է մի հանգամանքի մասին, որը 19 տարի առաջ անհայտ է եղել, իսկ այժմ այդ ինֆորմացիան հաստատում է, որ ՀՀ գլխավոր դատախազության վրա քաղաքական ճնշում է գործադրվել մեկ այլ պետության՝ Իրանի կողմից (Երևան-Մեղրի ավտոճանապարհի վրա սպանվել էր Իրանի քաղաքացի, ադրբեջանցի վարորդ):

Մասնագետների հետ խորհրդակցելով` պարզեցինք, որ 19 տարի անց ի հայտ է եկել նոր երևան եկած հանգամանք մահապատժի դատապարտված (2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով` ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի գործում: Իրավաբան Արա Ղազարյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող դատախազի՝ 19 տարի անց հայտնած ինֆորմացիան քաղաքական ճնշման մասին կարող է նոր երևան եկած հանգամանք լինել, և հնարավոր է` այդ հիմքով բեկանվի 1995թ. ՀՀ Գերագույն դատարանի կայացրած դատավճիռը:

«Հետքը» դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի նոր երևան եկած հանգամանքի հիմքով քրեական գործի վերաբացման գործընթաց նախաձեռնվի, գոնե այդպես հնարավորություն տրվի Ղարաբաղյան պատերազմով անցած, այսօր արդեն գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզին վերադառնալ ազատություն:

Գլխավոր դատախազությունը գործի վերանայման վարույթ հարուցելը մերժել է՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3 հոդվածի 1-ին մասի հիմքերը, ըստ որոնց դատախազ Խառատյանի հայտարարությունը՝ իրանական կողմի քաղաքական ճնշումների մասին չի դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանք:

«Ինչպես գործող, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի, վերապահում են դատարանի՝ որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,-ասված է գլխավոր դատախազության մերժման որոշման մեջ:

Հարցի շուրջ «Հետքը» փորձել է լսել նաև Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռն արձակած դատավոր Մհեր Խաչատրյանին, ով այսօր վաստակած հանգստի է անցել: Մեզ հետ հեռախոսազրույցում նախկին դատավորն ասաց, որ վատառողջ է և հրաժարվեց հարցազրույցից:  

Սողոմոն Քոչարյանի գործով վարույթի հնարավոր նորոգման վերաբերյալ մեր հրապարակմանը արձագանքել է նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Այժմ փաստաբաններն ուսումնասիրում են գործի նյութերը: Չի բացառվում, որ «Հետաքննող լրագրողները» ՀԿ-ն գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկի դատարանում: 

Մեկնաբանություններ (9)

Ankax Hayastan
Պարզ է,որ պետք է մերժեին։Նրանք պաշտպանում են իսկական մարդասպաններին՝լիսկային և նրա ամբողջ կրըմինալ գերդաստանը ,յուվեցի կարոյին,հիմա մեկն էլ ավելացավ՝քոթանջյանի լակոտը ,այս ցուցակը դեռ ավելանալու է քանի կա ամենաթողություն և անպատժելիություն։
Արմինե
Մեր ժողովրդի թասիբը միայն բռնում է երբ պետք է լինում Կոնչիտային թքել մրելով ինքնահաստատվել
Վահագն Դավթյան
Չեմ ուզում վիրավորական ոչ մի բառ գրել: Բա լավ, ի՞նչ գրեմ: Արա չեք կարում գնաք թուրքերի մոտ թրեյնինգների, ու սովորեք թե մարդասպաններին ոնց են, հաշվի առնելով ազգային շահերը, հերոսի կոչում տալի:
ՀԱՅԱԶՆ
Ցավալի է, շատ ցավալի։ Որքանո՞վ է ճիշտ մի ամբողջ ազգի նրա կոռումպացված չինովնիկների պատճառով անթասիբ և վատ համարել։
A.
Հարգելի հայագետ ցավոք դուք ճիշտ եք
ՀԱՅՈՒՀԻ
Ինչ ամոթ է, օտարազգի հայագետը մեզ սիրում է, բայց անթասիբ և վատ ազգ է համարում։ գուցե իրավունք ունի։ Սողոմոն Քոչարյանի անարդար անազատության պատճառով կործանված կյանքը, նրա ինքնասպան եղած 18-ամյա դստեր մահը հավերժ կմնա ՀՀ արդարդատության համակարգի խղճի վրա
ՀԱՅԱԳԵՏ
Ինչ անթասիբ ազգ եք դուք՚ հայերդ։ Ձեր հարևան ազերները իրենց մարդասպան սաֆարովին հերոսացրին, իսկ դուք չեք կարողանում ձեր ազատամարտիկին բանտից հանել։ Հետո էլ մեծ մեծ խոսում եք մյուս ազգերի վրա։ Դուք իրականում գեղեցիկ լեզվից բացի ուրիշ ոչ մի լավ բան իրականում չունեք այն էլ տեսնում եմ, որ հաճախ ձեր լեզուն ինքներդ եք փչացնում։ Ես կը շարունակեմ ուսումնասիրել հայոց լեզուն, ես պաշտում եմ ձեր լեզուն, բայց որպես ազգ կներեք ինձ, դուք լավ չեք։
hasmik
ամոթ գլխավոր դատախազությանը
Վեհարի
ԵՎ ուրեմն ոչ թե` ,,ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչություն,, այլ դավաճանության պաշտպանության մի ամբողջ վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter