HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր երևան եկած հանգամանք՝ 19 տարի բանտում գտնվող ազատամարտիկի գործով

Դատական որոնողական համակարգերում կարելի է գտնել գործեր, որոնք քննվել են 2007 թ.-ից հետո: Մինչ այդ թվականը քննված գործերը պահվում են արխիվներում: Դրանց թվայնացման համար մարդկային ու տեխնիկական անհրաժեշտ ռեսուրսներ դեռ չեն հատկացվում: Կան մարդիկ, ովքեր պատիժ են կրում 1990-ականներից, բայց նրանց գործերով պետությունն օրենքով ոչնչացրել է իրեղեն ապացույցները, կան քրեական գործեր, որտեղ անգամ հատորներ են ոչնչացված: Ի՞նչ կարելի է անել նորանկախ Հայաստանի առաջին տարիներին քննված գործերով, եթե դատապարտյալներից ոմանք տարիներով պնդում են, որ դատական սխալի հետևանքով են գտնվում բանտում ու անմեղ են: Ինչպե՞ս հասնել վերանայումների: «Հետքի» զրույցը իրավաբան Արա Ղազարյանի հետ այս հարցերի շուրջ է: 

-Պարոն Ղազարյան, ի՞նչ անել, երբ մարդը շարունակում է կրել պատիժ արդեն 20 տարի, բայց իր գործի նյութերը ոչնչացված են, օրինակ՝ «Վահան Հովհաննիսյան+ 30 գործով»:

-Եթե հիմա նոր երևան եկած հանգամանքներ լինեն, ոչնչացված նյութերի պատճառով դրանք պիտի մեկնաբանվեն հօգուտ դատատարտյալի, ով շարունակում է պատիժ կրել: Այս երաշխիքն ամրագրված է Սահմանադրությունում, որտեղ նշված է, որ մարդը բարձրագույն արժեք է: Դատավճիռը կբեկանվի, եթե ի հայտ գան նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կսկսվի նոր դատավարություն: Երբ գործի քննությունը հասնի այն կետին, որտեղ պարզվի, որ կարևոր ապացույցը վերացվել է պետության կողմից (գիտենք, որ արխիվները գտնվում են պետության ներքո), ուրեմն այդ բացը պետք է մեկնաբանվի ի օգուտ մարդու, ոչ թե պետական կառույցի: Եթե այդ ապացույցը չկա հիմա, ուրեմն այն պիտի մեկնաբանվի այսպես՝ այն երբեք էլ չի եղել: Ավելին՝ պետությունը պիտի ներողություն խնդրի իր քաղաքացուց:

-Այնուամենայնիվ, պետությունը չի գնում այդ ճանապարհով, որպեսզի ոչնչացված ապացույցներով 1990-ականների գործերով ուսումնասիրություններ սկսվեն:

-Կա դատական ակտերի վերջնականության սկզբունքը, որը գրեթե սուրբ սկզբունք է: Միայն երկու բացառություն կա այս սկզբունքից՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանք, կամ էլ էական դատական սխալը: Հիմա ուզում են նոր հիմք ավելացնել՝ դատավորի կարգապահական պատասխանատվությունը: Վրաստանում նման փորձ էին ուզում անել՝ վերաբացել Սահակաշվիլու ժամանակ քննված գործերը: Ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը պիտի վերաքններ այդ գործերը: Ուրեմն՝ դատարանների քննած գործերը պիտի ինչ-որ հանձնաժողով վերաքննի՞: Հին գործերը վերաքննելու լիազորությունը վերապահված է միայն ու միայն դատարանին՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով:

-Իսկ ո՞վ պետք է ի հայտ բերի այդ նոր կամ նոր երևան եկած հանգամանքը:

-Եթե հարցնեք իմ բարեկամ Արտակ Զեյնալյանին, կասի՝ դա պետության գործն է, քանի որ մեղադրյալին պետությունն է դատապարտել իր կամքին հակառակ: Հետևաբար պետությունն ինքը պետք է նախաձեռնի գիտության նվաճումներով, իրեղեն ապացույցների պահպանմամբ վերստուգել՝ արդյո՞ք տվյալ անձին ճիշտ է դատապարտել, թե՞ ոչ: Մյուս կողմից՝ մենք ունենք հանրային շահ: Եվ այս հարցը կարող է մշտապես ցավոտ լինել: Բայց եթե կա հանրային պահանջ, անպայման պետք է դա անել:

-Օրինակ՝ ԱՄՆ-ում պետությունը վերջերս պատվիրել է Գիտությունների ակադեմիային ուսումնասիրել 1989 թ.-ից այս կողմ քննված պատժի առավելագույն չափի դատապարտվածների գործերը:

-Բայց ի՞նչ հիմքով… Գիտությա՞ն նվաճումների:

-Այո՛, ԴՆԹ թեսթի հիմքով հարյուրավոր ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտված մարդիկ ճանաչվում են անմեղ:

-Կարծում եմ՝ ԱՄՆ-ում հանրային քննարկումների արդյունքում, ելնելով գիտության ընձեռած հնարավորությունից, որոշել են դա դիտել որպես նոր հանգամանք և անդրադառնալ հին քրեական գործերին:

-Բայց այնտեղ իրեղեն ապացույցները պահպանել է պետությունը, իսկ մեզ մոտ դրանք պահպանված չեն: Ի՞նչ անել:

-Պետք է լինի կոնկրետ գործ, և դրա վրա պետք է ցույց տալ, թե իրեղեն ապացույցի ոչնչացումը ինչ հետևանքի է բերել: Այդ անիրավաչափ գործողությունը պետք է մեկնաբանվի ի օգուտ դատապարտյալի: Իրեղեն ապացույցների պահպանման համար մեծ տարածք պետք չէ:

-Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում ամրագրվել է 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման:

-Ձեր լուսաբանումներն ու ջանքերը իզուր չեն անցել: Ինչ-որ դուռ բացել եք: Իսկ եթե պարզվի, որ կա նման անձ, որը դատապարտվել է անարդար կերպով, և դա բխում է իրեղեն ապացույցից, որը ոչնչացվել է, սա արդեն լուրջ խթան կարող է լինել, որպեսզի էլ ավելի բացվի դուռը, և օրենքը բարեփոխվի:

-Հետախույզ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռի հետ կապված դատախազը 19 տարի անց բարձրաձայնեց, որ գլխավոր դատախազության վրա ԻԻՀ կողմից քաղաքական ճնշում է եղել: Արդյո՞ք սա նոր երևան եկած հանգամանք կարող է դիտվել:

-Դա կարող է լինել նոր երևան եկած հանգամանք: Ի՞նչ է նոր երևան եկած հանգամանքը: Մի իրողություն է, որը եղել է, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, որը եթե այդ ժամանակ հայտնի լիներ որոշում կայացնողին, կարող էր ազդել գործի ելքի վրա: Ինքնին դատախազի հայտարարությունը դեռ ապացույց չէ, նորից նրան պիտի հարցաքննեն, հետո մյուս ապացույցները պետք է համակցության մեջ ուսումնասիրվեն:

Ինքը՝ դատապարտյալը հիմա կարող է դիմել Վճռաբեկ դատարան այդ հիմքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter