HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության պարզաբանումը Երևանի 16-րդ թաղամասի գազիֆիկացման վերաբերյալ

Օրեր առաջ  «Հետք»-ը նամակ էր ստացել Երևանի  բնակիչներից մեկից, որտեղ նա ահազանգում էր  Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի  բարձրահարկ շենքերի ոչ օրինաչափ գազաֆիկացման  աշխատանքների մասին։ Մասնավորապես նշվում էր, որ գազաֆիկացման  ընթացքում  չեն պահպանվում անվտանգության նորմերը,  շենքի բնակիչների մի մասն էլ առհասարակ դեմ է դրան։

Խնդիրը պարզաբանելու  համար  «Հետք»-ը հարցում էր ուղարկել «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը։ Ստորև Ներկայացնում ենք  «Գազպրոմ-Արմենիա» ընկերության պարզաբանումը․ 

«Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման/վերակառուցման/ աշխատանքներն առավել արդյունավետ  իրականացնելու  և գազասպառման  համակարգերի անվտանգությունը ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 1170-Ն  որոշմամբ «Բազմաբնակարան  շենքերի գազամատակարարման  համակարգերի վերականգնման /վերակառուցման/ և վերահսկողության իրականացման  ժամանակավոր կարգում» կատարված փոփոխությունների համաձայն` «Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը 10 և ավելի հարկայնության  շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է ծխահեռացման  ինքնաշխատ կամ անհատական /առանձնացված/ համակարգերի առկայությունը:

Հիմք ընդունելով կատարված փոփոխությունը՝  ՀՀ տարածքում բնակարանային ֆոնդի տեխնիկական փաստացի անբավարար պայմաններ ունեցող , այդ թվում 10  և ավելի հարկայնություն ունեցող , ինչպես նաև հանրակացարանային տիպի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման օպտիմալ տարբերակների ընտրության և նախագծման առաջադրանքների մշակման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են տարվել, որի արդյունքում  առաջարկություն է ներկայացվել  նշված բազմաբնակարան շենքերում գազիֆիկացումը անհատական մոտեցմամբ իրականացնելու վերաբերյալ ՝ յուրաքանչյուր շենքի գազիֆիկացման  հնարավոր տարբերակը  /կամ դրա անհնարինությունը/  մասնագիտական զննումների արդյունքում կազմված եզրակացության հիման վրա:

Միաժամանակ, շենքի գազիֆիկացմանը խոչընդոտող ապօրինությունների, ինքնակամ վերակառուցումների վերացման, նախագծային նախնական տեսքի  վերականգնման ուղղությամբ համապատասխան պարտավորություններ ու պարտականություններ ամրագրելու համար  եզրակացությամբ առաջադրված  գազիֆիկացման տարբերակի մասին տեղյակ է պահվում տեղական ինքնակառավարման մարմնին / համատիրությանը,անհրաժեշտության դեպքում՝ նաև  քաղաքապետարանին/: 

Ինչ վերաբերում  է 16-րդ թաղամասի  վերոնշյալ բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքներին, ապա այո, Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված հարցմանն ի պատասխան դեռևս  2009թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պատասխան նամակում  նշվել է, որ ի թիվս մի շարք այլ շենքերի, այստեղ նույնպես անհնար է ձեռնարկել գազիֆիկացում՝ անբավարար տեխնիկական հնարավորությունների, բնակիչների ինքնակամ գործողությունների արդյունքում աստիճանավանդակների, միջանցքների հաճախ նաև բնակարանների օդափոխության և լուսավորության  հնարավորությունները զանգվածաբար սահմանափակելու, հրդեհաշիջման համակարգերն ու տարհանման պահեստային ուղիները արգելափակելու հետևանքով:

Այնուհետև կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է մասնագիտական եզրակացություն առ այն, որ նշված  շենքերում գազիֆիկացումը հնարավոր է իրագործել մուտքերը, սանդղավանդակները, ընդհանուր օգտագործման այլ տարածքները հատակագծային նախնական տեսքի բերելու, հրդեհաշիջման և ծխահեռացման համակարգերը վերականգնելու պայմանով:

2012թ.-ից  Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարության կողմից աշխատանքներ են տարվել բնակիչների կողմից  որոշ  շենքերի ներսում ինքնակամ ձևափոխումների վերացման ուղղությամբ: Գործող կարգի համաձայն,  ներկայացվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական  հրդեհային  և տեխնիկական անվտանգության տեսչության  համապատասխան համաձայնությունները,   կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնց  հիման վրա էլ սահմանված կարգով կազմակերպվել և իրականացվել  են գազիֆիկացման  աշխատանքները»։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  Հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter