HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արագաչափեր. ում երազանքն անվտանգ դարձրեց «Սեքյուրիթի Դրիմը»

Եղբայրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները Հայաստանում հայտնի են դարձել երթևեկությունը վերահսկող արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո: Նրանք «Էլլիպս ՋիԷյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունների հիմնադիրներն են: Եղբայրներն այս երկու ընկերությունները կիսում են 50-ական բաժնետոմսերով: Առաջին ընկերությունն այս տարի նշում է անվտանգության համակարգերի ներմուծման և իրացման ոլորտում «25-ամյա անվիճելի առաջատարի» իր փորձը, երկրորդը, ոստիկանության հետ կնքված պայմանագրով, նույնքան ժամանակ հետո այդ հնարավորությունը կունենա  ճանապարհային երթևեկության վերահսկողության ոլորտում: 

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն, ըստ գրանցման փաստաթղթերի, հիմնադրվել է 2004թ, սակայն ընկերության անունը սկսեց շրջանառվել 2011թ.՝ արագաչափերի և տեսախցիկների ձեռքբերման և շահագործման մրցույթը շահելուց հետո: Ընկերությունը, համահիմնադիր Ալեքսան Զաքարյանի խոսքով, մինչև ճանապարհային երթևեկության վերահսկողությունը ստանձնելը գործունեության երկարատև պատմություն է ունեցել: Թե ինչով է զբաղվել «Սեքյուրիթի Դրիմը» և որտեղ, հիմնադիրը չհտակեցրեց: «Գործունեության պատմություն ունեցել է բավական շատ, բայց ոչ այստեղ և ոչ անմիջապես պատվիրատուների հետ: Ունեցել է դրսում, «Էլլիպսի» հետ համատեղ: «Էլլիպսի» հետ վաղուց աշխատող ընկերություն էր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ալեքսան Զաքարյանը:

Ընկերության գործունեության պատմությունից մեզ առայժմ հայտնի է միայն, որ այն համագործակցել է «Վիտեբսկ» ազատ տնտեսական գոտում գործող OST-Stankoprom ընկերության հետ: Այս ընկերությունը զբաղվում է դարբնագործական սարքավորումների արտադրությամբ: Թե ինչ փորձ ունի «Սեքյուրիթի Դրիմը» անվտանգության համակարգերի, արագաչափերի և տեսախցիկների շահագործման և սպասարկման ոլորտում, հայտնի չէ: Ընկերության հետ կապված դատական մի գործ հուշում է, որ այն այդպիսի փորձ չի էլ ունեցել: «Սեքյուրիթի Դրիմը»-ը մրցույթը շահել է շվեդական «Sensys Traffic AB» և հայաստանյան երկու ընկերությունների՝  «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ի և «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի միջոցով:

Դատական գործ

Դատական գործը սկսվել է այն ժամանակ, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմի» հետ արդեն կնքել էր 25 տարվա պայմանագիրը:

Հայցվորը «Սեքյուրիթի Դրիմի»-ի շվեդ գործընկերն էր՝ «Sensys Traffic AB»-ն: Ընկերությունը հայաստանյան քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել՝ բողոքարկելով գնումների գործընթացը և պահանջելով անվավեր ճանաչել ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմի» միջև կնքված պայմանագիրը:

Շվեդները պահանջում էին 25-ամյա պայմանագում ներառել ոչ միայն «Սեքյուրիթի Դրիմի», այլ նաև իրենց ընկերության անունը: Նրանք իրենց հայցին կցել էին կոնսորցիում պայմանագրից մի հատված՝ ապացուցելու համար, որ ոստիկանության հետ 25 տարով գործարքի մեջ մտած «Սեքյուրիթի Դրիմը» չի համապատասխանում որակավորման չափանիշներին, չունի համապատասխան մասնագիտական փորձառություն և հաղթել է իրենց միջոցով:

Հատված կոնսորցիում պայմանագրից

««Sensys Traffic AB»-ն երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգերի համաշխարհային առաջատար մատակարար է։ Ունենալով մոտ 3000 տեղադրված համակարգերի բազա` «Sensys Traffic AB»-ն ձեռք է բերել ավելի քան 60 միլիոնժամյա շահագործման փորձ` օգտագործելով երթևեկության վերահսկողության իր եզակի բազմուղի ռադիոտեղորոշումը տարբեր կլիմայական պայմաններում` Հյուսիսային Շվեդիայի սաստիկ ձմեռային պայմաններից մինչև Միջին Արևելքի սաստիկ շոգը։
 

«Էլլիպս ՋիԷյ»-ը Հայաստանում CCTV տեսախցիկների առաջատար մատակարար է։ Ունենալով տեղադրված անվտանգության համակարգերի լայնածավալ բազա Հայաստանում` «Էլլիպս ՋիԷյ»-ն ունի բարձրակարգ համակարգերի մատակարարման, տեղադրման և սպասարկման 22-ամյա փորձ Հայաստանում։
 

«Սեքյուրիթի Դրիմն» ընկերություն է, որի նպատակն է շահագործել համակարգերը տեղադրումից հետո»:

Շվեդները դատարանում պահանջում էին պայմանագրում որպես կողմ ներգրավել նաև իրենց, քանի որ «Սեքյուրիթի Դրիմը», ինչպես նշված է նրանց հայցապահանջի մեջ, որպես գնման առարկաների տեխնիկական և ծրագրային բնութագրերի և հատկանիշների տեղեկանք ներկայացրել էր «Sensys Traffic AB» ընկերության արտադրության արագաչափերի և տեսախցիկների տեխնիկական անձնագրերը:

Գործում որպես պատասխանող ներգրավվել է ճանապարհային ոստիկանության հայտարարած բաց ընթացակարգի հանձնաժողովը, իսկ որպես երրորդ անձինք՝ «Սեքյուրիթի Դրիմ», «Էլլիպս Ջի Էյ», «Երևանի գարեջուր» ընկերությունները և ճանապարհային ոստիկանությունը:

Մրցույթի հանձնաժողովին, ինչպես իր հայցապահանջում նշել է շվեդական ընկերությունը, չի ներկայացվել որևէ փաստաթուղթ, որով կհավաստվեր «Սեքյուրիթի Դրիմ»-ի համապատասխանությունը բաց ընթացակարգի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին՝ մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ։ 

Հայաստանում գնումների գործընթացը նախատեսում է, որ բաց ընթացակարգի մասնակից ընկերությունը պարտավոր է ներկայացնել պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների առկայության վերաբերյալ փաստաթուղթ:

«Սեքյուրիթի Դրիմը» կոնսորցիում պայմանագրի միջոցով հանձնաժողովին է ներկայացրել  «էլլիպս ՋիԷյ»-ի և «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական կարողությունը:

Դատարանը մերժել է «Sensys Traffic AB»-ի հայցապահանջը՝ այն հիմնավորմամբ, որ մրցույթի հայտը ներկայացվել է ոչ թե կոնսորցիումի անունից, այլ միայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության, ստորագրվել է վերջինիս տնօրենի, և ոչ կոնսորցիումի մյուս մասնակիցների կողմից:

«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց նաև այլ հանգամանքներ, որոնց պատճառով բախվել են «Sensys Traffic AB»-ի հետ: Ըստ նրա` շվեդական ընկերությունը Հայաստան էր ցանկանում բերել անորակ, Սաուդյան Արաբիա «տարած-հետ բերած», չինական արտադրության արագաչափեր և տեսախցիկներ:

Ալեքսան Զաքարյանը

«Երբ որ մրցույթը կայացավ, «Սենսիսը» սկսեց մեզ պահանջներ ներկայացնել` հաշվի առնելով, որ սա Հայաստանն է: Իրենց կարծիքով՝ սա … Իրենք մի քիչ ուրիշ պատկերացումներ ունեին և օրինականության, և իրենց ներդրումների ապահովվածության վրա, փորձեցին իրենց բոլոր ռիսկերը դնել մեզ վրա: Օգտվելով առիթից, որ պայմանագիրը կնքված է, և առանց իրենց մենք չենք կարող` սկսեցին թելադրել իրենց պայմանները, որոնք մեր պետության և ձեռնարկության համար անընդունելի էին»,- ասաց Ալեքսան Զաքարյանը:

«Sensys Traffic AB»-ն, Զաքարյանի խոսքով, ուզում էր ձեռք բերել «Սեքյուրիթի Դրիմի» 85 տոկոս բաժնեմասը:

Դատարանն առհասարակ չի քննարկել շվեդների հայցապահանջի որոշ կետեր

Շվեդական ընկերությունը նշում էր, որ մրցույթում հաղթելու նախապես ներկայացված չափանիշներից մեկն էր նաև այն, որ ընկերության մասնագիտական անձնակազմի միջին մասնագիտական աշխատանքային ստաժը պետք է կազմի երկու և ավելի տարի: Բացի տեխնիկական և ֆինանսական միջոցներից, «Սեքյուրիթի Դրիմը» չունի նաև աշխատանքային ռեսուրսներ՝ նշել էր «Sensys Traffic AB»-ն:

Շվեդների սկսած դատական գործը Հայաստանում աննկատ փակվել է, նրանք չեն բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ «Սեքյուրիթի Դրիմը» այս ընթացքում հասցրել է ունենալ արդեն մոտ 400 հոգանոց աշխատակազմ:

Պարզելու համար, թե ինչու Sensys Traffic AB չի բողոքարկել դատարանի վճիռը, զանգահարեցինք ընկերություն: Տեղեկացրին, որ տնօրինության որևէ ներկայացուցիչ տեղում չէ, իսկ մենեջերը տեղյակ չէր դատական գործից: Ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին մի քանի անգամ ուղարկված հարցումները նույնպես դեռևս անպատասխան են:

«Sensys Traffic AB» ընկերությունը Հայաստան էր ներկայացել մի շարք պետական կառույցների՝ Լիտվայի ոստիկանության երթևեկության վերահսկողության ծառայության, Շվեդիայի տրանսպորտային ադմինիստրացիայի, Շվեդիայի ճանապարհային ադմինիստրացիայի («Վագվերկետ») և այլ կառույցների  երաշխավորագրերով, որոնք ներկայացվել են նաև այս դատական գործի ժամանակ:

Ընկերության զեկույցներից մեկում նշված է միայն, որ սա անհաջող համագործակցություն էր Հայաստանի հետ:

«Սեքյուրիթի Դրիմ»-ի համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն այժմ անում է ավելին, քան պահանջում են սովորական բիզնես շահերը: Նա դա բացատրում է միայն որպես ներդրում և օգնություն` համակարգը կայացնելու համար: «Ունենք մոտ 23 հաշմանդամ աշխատող: Էդքան շինարարություն ենք արել, հարմարեցրել ենք էդքանը իրենց համար, ընդ որում` կա պետական ծրագիր հաշմանդամների տեղի հարմարեցման համար, գործատուին որոշակի գումար է հատկացվում, բայց մենք անում ենք մեր հաշվին»,- նշում է նա:

Ինչ կապ ուներ «Երևան Գարեջուր» ՓԲԸ-ն «Սեքյուրիթի Դրիմի» հետ

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ևս ստորագրել է այն կոնսորցիում պայմանագիրը, որով «Սեքյուրիթի Դրիմը» ներկայացել է մրցույթի հանձնաժողովին: Շվեդների հետ դատական գործընթացի ժամանակ ընկերությունը ներգրավվել է որպես երրորդ անձ:

ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավասար կիսում են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանը, ով նաև ընկերության տնօրենն է և ԱԺ այս գումարման պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրանք երկուսն էլ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամներ են: Այս միության անդամ է նաև «Սեքյուրթի Դրիմի» համահիմնադիր Գուրգեն Զաքարյանը:

 Հակոբ Հակոբյանը, լուս.` umba.am

«Մենք որևէ առնչություն այս պահին իրենց հետ չունենք: Մենք ընկերներ ենք Գուրգենի հետ (նկատի ունի Գուրգեն Զաքարյանին-հեղ.):

Սկզբնական շրջանում ֆինանսական հարց կար, պայմանագիրը կապել ենք, հետո դուրս ենք եկել, ու վերջ, որևէ կապ չունենք մենք դրա հետ»,-  «Հետքի» հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ թեև կոնսորցիումի մեջ մտնելու նպատակը անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն տրամադրելն էր, սակայն դրա կարիքը չի եղել: 

Զաքարյանները լռել են «իմիջի համար»

Ըստ ոստիկանության հետ կնքած պայմանագրի` «Սեքյուրիթի Դրիմը» պարտավորվել է մեկ արագաչափը ներկրել և տեղադրել 21 հազար եվրոյով: Մինչդեռ դատական այս վեճից հետո յուրաքանչյուր արագաչափի դեպքում ծախսերն աճել են մինչև 30 հազար եվրո:

«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը հավաստիացնում է, որ ոստիկանության հետ կնքված պայմանագրում կետ չի փոխվել: Իրենց վրա 30 000 հազար եվրո արժեցած արագաչափը ոստիկանությանը վաճառվել է պայմանագրով նախատեսված 21 հազար եվրոյով: Արագաչափերը ներկրվել են գերմանական «Jenoptik» ընկերությունից՝ ավելի բարձր գնով:

Պայմանագրով նախատեսված է ներկրել 195 արագաչափ: Ամեն արագաչափի դեպքում տանուլ տալով 9000 եվրո` ընկերությունը միայն արագաչափերի մասով ընդհանուր առմամբ ունեցել է 1 միլիոն 755 հազար եվրոյի կորուստ: «Ինչո՞ւ ընկերությունը չի հրաժարվել պայմանագրից և պահանջել նոր մրցույթ» հարցին Ալեքսան Զաքարյանը պատասխանաում է. «Մեր աշխատաոճը մի քիչ ուրիշ է: Մենք ավելի բարձր ենք գնահատում մեր իմիջը, քան ստացած գումարը: Մենք պրոյեկտ ունենք` օրինակ Ամերիկյան համալասարանի շենքը: Բոլորս գիտենք` այդ նոր շենքը, որը կառուցվում է, համարվում է Հայաստանի լավագույն կառույցներից մեկը: Դա արել է «Էլլիպսը», այդ շենքի ինժեներական բոլոր կառույցները կառուցել է «Էլլիպս»-ը:

Այդ նախագծի վրա «Էլլիպսը» մինուս գնաց 200 հազար դոլար, ինչու՞, որովհետև թաքնված բաներ կային նախագծի մեջ, նախագիծը մենք չէինք արել, եկել էր Ամերիկայից, իրենք մի քիչ շուստրիություն էին արել, շատ կարճ ժամանակ էին տվել` հաշվելու համար, բաներ կային, որ մենք չէինք նկատել, որովհետև էդքան ժամանակում հնարավոր չէր խորը ուսումնասիրել: Բայց մենք ստորագրեցինք պայմանագիր շատ լուրջ թվի վրա, ու հետո պարզվեց, որ այդ գումարը ինքնարժեքից 200 հազար դոլարով ցածր է: Ու մենք մեր միջոցներից` ուրիշ օբյեկտներից, ուրիշ աշխատանքներից երկու հարյուր հազար էդտեղ ներդրում արեցինք»:

Չբարձրաձայնելով իրենց ֆինանսական կորուստների մասին՝ Զաքարյանները բացի իմիջից փրկել են նաև իրենց ապագա բիզնեսը, քանի որ նոր մրցույթ լինելու և ավելի բարձր գնային առաջարկ ներկայացնելու դեպքում գուցե «Սեքյուրիթի Դրիմն» այլևս չհաղթեր: Ոստիկանության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության մրցակիցը արագաչափերի մրցույթում եղել է Հայաստանում «Ռոստելեկոմ»  ապրանքանիշի ներքո հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն երթևեկության վերահսկողության համակարգի ներդրման համար առաջարկել է կատարել 22 միլիոն եվրոյի ներդրում և, բնականաբար, պարտություն կրել, քանի որ մրցակից «Սեքյուրիթի Դրիմը» համաձայնել էր նույնը անել  9,8 միլիոն եվրոյով:

«Երբ որ մասնակցում ես մրցույթին, չես իմանում մասնակցի գնային առաջարկը, և որակական չափանիշներով առաջարկը ներկայացնում ես: Ավել ներկայացնել, կամ քիչ ներկայացնել չկա, մենք ներկայացրել ենք մեր գնային առաջարկը, որը եղել է այդպիսին»,- ասաց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանույշ Գալստյանը: Որտեղից էին պատրաստվում ներկրել իրենց արագաչափերն ու տեսախցինկները, Ս.Գալստյանը պատասխանեց. «Կան տարբեր սարքավորումներ, տարբեր որակական չափանիշների, ամբողջ տեղեկատվությունն արտացոլված է եղել առաջարկի մեջ: Այս պահին, կարծում եմ, չարժի բարձրաձայնել»:

Տուգանքներն արդեն փոխհատուցել են «Սեքյուրիթի Դրիմի» բոլոր վնասները՝ նրան դարձնելով խոշոր հարկատու

Գործունեության առաջին տարում` 2011թ. ընկերության հարկային պատմությունից հայտնի է միայն, որ այն հայտարարագրել է 15,964,600 դրամի չափով հարկային վնաս:

2012թ. «Սեքյուրիթի Դրիմը» հայտնվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում: Վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 193,130,800 դրամ: Միևնույն ժամանակ ընկերությունը նույն տարում հայտարարագրել է գրեթե վեց անգամ շատ պարտք` 98, 769,700 դրամի չափով: 

2013թ. «Սեքյուրիթի Դրիմ»-ը պարտքեր չի ունեցել ՊԵԿ-ին, իսկ վճարած հարկերի ընդհանուր չափը գրեթե հնգապատկվել է` հասնելով 525, 485,200 դրամի:

Ընդ որում, վճարած հարկերի ընդհանուր գումարի նման աճի պատճառը ոչ այնքան մաքսային, որքան հարկային մարմինների կողմից հայտարարագրած հարկերն են: Եթե 2012թ. հարկային մամինները հայտարարագրել են 25 823,000 դրամ հարկ (այդ թվում` շահութահարկ), ապա 2013թ.` 167, 307,800 դրամ` հուշելով, որ «Սեքյուրիթի Դրիմն» այլևս վատ վիճակում չէ:

Հարկային մարմինների հավաքագրած ուղղակի հարկերը, որը ներառում է նաև շահութահարկն ու եկամտահարկը, 2012թ. կազմել է  25 387,000 դրամ, իսկ 2013թ.`158 302,000:

Մեկ տարվա տարբերությամբ ուղղակի հարկերի գրեթե վեց անգամ աճը և պարտքերի բացակայությունը ընկերության ունեցած շահույթի ցուցիչն են: Տուգանքներից «սնվող» բիզնեսը վերջնականապես վերականգնվել է և հաստատվել խոշոր հարկատուների ցանկում:

Զաքարյաններն այլ ընկերություններ ունեն Հայաստանում և արտերկրում, որոնց գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում: Դրանք նույնքան անհայտ են, որքան «Սեքյուրիթի Դրիմը» պետական գնման մրցույթը շահելուց առաջ, սակայն չի բացառվում, որ առաջիկայում որևէ ոլորտում հայտնվեն մենաշնորհի կարգավիճակում, ինչպես «Սեքյուրիթի Դրիմը» արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո:

Հ.Գ. Հոդվածի հրապարակումից հետո Sensys Traffic AB -ի գործադիր տնօրեն Յոհան Ֆրիլունդը պատասխանեց «Հետք»-ի հարցմանը` նշելով, որ ընկերության քաղաքականությունն է չմեկնաբանել տարբեր երկրների հետ ընթացիկ կամ նախորդ բիզնես համագործակցության դեպքերը, քանի որ այդպիսի համաձայնագիր ունեն NASDAQ OMX Stockholm-ի հետ:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter