HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Շահզադյան. «40 օրվա հացադուլից դուրս եկա մորս խաթր. ինքն էլ տանն էր հացադուլ անում»

Զարուհի Մեջլումյան
Էդիկ Բաղդասարյան

Սկիզբը 

«Մտածում էի՝ հո չե՞ն կարա անմեղ մարդուն դատեն» 

20 տարվա ազատազրկման դատապարտված Այնթափ գյուղի 26-ամյա բնակիչ Աշոտ Շահզադյանը, ով արդեն 3 տարի է՝ «Արթիկ» ՔԿՀ-ում է, «Հետքին» պատմեց, որ 40 օր հացադուլ է արել: Պահանջը եղել է արդար դատաքննությունը: Աշոտը պնդում է, որ անմեղ է. 58-ամյա համագյուղացի Գայանե Ասոյանի սպանության կամ բռնաբարության փորձի առնչությամբ որևէ կապ չունի: 

«Առաջին ատյանի դատարանն արդեն ինձ 20 տարվա բանտարկություն էր տվել: Դիմել էի Վերաքննիչ դատարան: Հույս ունեի, որ մի բան կփոխվի, որ կպարզվի՝ ես անմեղ եմ: Մտածում էի՝ հո չե՞ն կարա անմեղ մարդուն դատեն: Որոշել էի մինչև վերջ գնամ: 40 օր հացադուլի մեջ մնացի: Իսկ հացադուլից դուրս եկա մորս խաթր: Իմացա, որ մամաս էլ տանն ա ինձ հետ հացադուլ անում»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Աշոտը: 

Աշոտ Շահզադյանն ինքն է ներկայացրել վերաքննիչ բողոքը 

Այս գործն անցել է եռաստիճան դատական համակարգով, բոլոր դատարանները հաստատված են համարել Աշոտ Շահզադյանին վերագրվող հանցանքը, ըստ որի նա է սպանել նույն գյուղի բնակչուհի Գայանե Ասոյանին՝ լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում: Սպանության պատճառն, իբր եղել է Գայանե Ասոյանի կողմից Աշոտ Շահզադյանին «լրբի տղա» ասելը, երբ նա 2011 թ-ի մայիսի 26-ին երեկոյան 22:00-ի մոտ 13-րդ փողոցով անցնելիս բարձր խոսել է հեռախոսով: Սակայն քրեական գործի նյութերով հերքվել է, որ Աշոտը այդ ժամանակ խոսելիս է եղել հեռախոսով: Այսինքն՝ մեղադրանքի մի հատվածը հերքվել է գործով ձեռք բերված ապացույցով: Ըստ մեղադրանքի, Աշոտը, իբր, բռնաբարել է կնոջը: Սակայն երբ ստացվել են դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի սերմնահեղուկ չի հայտնաբերվել, մեղադրանքը փոխվել է՝ դառնալով բռնաբարության փորձ: Դատավճռում էլ նշվել է, որ Աշոտ Շահզադյանն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ ավարտին չի կարողացել հասցնել բռնաբարությունը: Լսել է դռան թակոցն ու փախել պատուհանից: Իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ետ է վերադարձրել բողոքը: 

«Հետքը» եղավ Արարատի ու Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ պահվում է Աշոտ Շահզադանի վերաբերյալ 3 հատորանոց քրեական գործը: Ահա, թե ինչ պարզվեց քրեական գործից: 

Ո՞վ էր Գայանե Ասոյանը 

58-ամյա Գայանե Ասոյանը հիվանդ կին է եղել՝ երկու անգամ ուղեղի կաթված տարած: Տեղաշարժվել է շատ դանդաղ: Ամուսնացել ու ամուսնալուծվել է երկու անգամ: Ֆինանսապես վատ վիճակում լինելու պատճառով՝ բուժումները պետական պատվերով օգնել է ձևակերպել երկրորդ ամուսինը՝ որպես ազատամարտիկի նախկին կնոջ: Տիկին Գայանեն առաջին ամուսնուց ունեցել է մեկ աղջիկ, երկրորդ ամուսնուց՝ մեկ որդի, ով նոր է վերադարձած եղել զինվորական ծառայությունից: Այնթափի տանը բնակվել է որդու՝ Վաչեի հետ: Այնթափում դեպքից 1 տարի առաջ՝ 2010-ին տուն գնելու պատճառը եղել է նրանց ֆինանսական վատ դրությունը: Տիկին Գայանեն Երևանում վաճառել է բնակարանը, տվել պարտքերն ու եկել, էժան տուն է ձեռք բերել Երևանից դուրս՝ Այնթափ գյուղում: Էլեկտրաէներգիա ստանալու բաժանորդ գրանցված չլինելու պատճառով տունը հոսանքազրկված է եղել: Հարևանը, ով եղել է Գայանեի աղջկա ամուսնու ազգականը սկզբում նրա տան համար հոսանք է տվել ու դրա դիմաց գումար վերցրել տիկին Գայանեից: Իսկ երբ Գայանեն դժվարացել է մուծել հոսաքի գումարը, հարևան- խնամին անջատել է լույսը: Այսպիսով ամիսներով այդ տանը մոմի լույս է վառվել, անգամ Գայանե Ասոյանին սպանելու օրը: 

Ո՞վ պետք է ցանկանար 58-ամյա կնոջ մահը 

Թեպետ այս գործով ստեղծվել է քննչական խումբ, այդուհանդերձ քննիչներն ի սկզբանե աշխատել են մեկ վարկածի ուղղությամբ: Օպերատիվ տեղեկատվություն են ստացել, որ կասկածյալը Այնթափի բնակիչ 23-ամյա Աշոտ Շահզադյանն է, ու չեն քննվել սպանության այլ վարկածներ ևս: Քննիչներին չի հետաքրքրել այն հանգամանքը, թե ով կարող է ցանկանար 58-ամյա կնոջ մահը: 

Այնինչ քրեական գործում կան Գայանե Ասոյանի քույրերի ցուցմունքները, ովքեր նշում են, որ իրենց քույր Գայանեն նոր էր վերադարձել հիվանդանոցից: Այնտեղ նրան այցելել են, ու Գայանեն ասել է, որ տունը, ճիշտ է, գրանցել է աղջկա անունով, բայց հիվանդանոցից տուն կգնա ու կզբաղվի տունը տղայի անունով գրանցելու գործերով: Այս հանգամանքի վրա դատարանն առհասարակ ուշադրություն չի դարձրել: 

Բացի այդ, Աշոտ Շահզադյանը նախաքննության վերջին փուլից սկսած տվել է համագյուղացի Թեմուր Ջավոյանի անունը, ով, սակայն, դեպքից 10 օր անց մեկնել է Գերմանիա: 

Ինչպե՞ս է Թեմուր Ջավոյանը դուրս մնացել պատասխանատվությունից 

Ավագ քննիչ Կ.Թադևոսյանը 2011 թ-ի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել Թեմուր Ջավոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: 

Ի՞նչ է արել քննիչը: Նա պարզապես հարցրել է Թեմուրի հարազատներին ու հարևաններին, թե ինչ էր հագել Թեմուր Ջավոյանը 2011 թ-ի մայիսի 26-ին՝ Գայանե Ասոյանի սպանության օրը (քանի որ Աշոտը ցուցմունքում նշել է, որ Թեմուրը կարմիր վերնազգեստով է եղել ու կանչել է իրեն Գայանեի տուն շեմից՝ ասելով, որ բան կա տեղափոխելու): 

Թեմուրի հարազատներն ու հարևանները 4 ամիս անց հիշել են, որ դեպքի օրը Թեմուրի հագին եղել է ոչ թե կարմիր, այլ սպիտակ վերնազգեստ՝ սև զոլերով: Եվ ահա սա հիմք է ընդունվել քննիչի կողմից, ու քրեական հետապնդումը դադարեցվել է: 

Ըստ Թեմուրի հարազատների ցուցմուքնների, Թեմուր Ջավոյանը գնացել է Գերմանիա իր ավագ եղբոր մոտ, որը 2005 թվականից բնակվում է այնտեղ: Սակայն նրանք նշել են, թե չգիտեն ոչ քաղաքի անունը, ոչ էլ հասցեն: Բայց քրեկական գործում կան մի շարք դեսպանատների, ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքներն այն մասին, որ Թեմուր Ջավոյանը վիզա ստանալու համար իրենց չի դիմել: 

Ո՞ւմ է տեսել Աշոտ Շահզադյանը՝ ԿՊԶ-ից դուրս գալով 

Աշոտ Շահզադյանը, հարցազրույց տալով «Հետքին», նշեց, որ իրեն ոստիկանություն բերելու երրորդ օրը, երբ ԿՊԶ-ից դուրս են բերել, ոստիկանության շենքի միջանցքում տեսել է Թեմուր Ջավոյանի մորը: 

«Ես չհասկացա՝ ինչի էր ինքն էկել էդտեղ»,-ասաց Աշոտը: 

Հ. Գ. Եթե այս սպանությունը տեղի ունենար, օրինակ, 2011 թ-ի մայիսի 24-ին, ոչ թե՝ 26-ին, հնարավոր է Աշոտ Շահզադյանին հանդիպեինք ոչ թե «Արթիկ» ՔԿՀ-ում, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5-րդ հարկում, որտեղ պատիժ են կրում ցմահ բանտարկյալները: Այսինքն՝ նրան կարող էին դատապարտել ցմահ ազատազրկման: Պարզապես՝ 2011 թ-ի մայիսի 25-ին ուժի մեջ մտավ քրեական օրենսգրքի այն փոփոխությունը, ըստ որի տարիների տեսքով առավելագույն պատիժը 15-ի փոխարեն դարձավ 20 տարի: Այդպիսով՝ փոքրացվեց 15 տարվա ազատազրկման ու ցմահ բանտարկության միջև խզվածքը: 

Yerevan City” տոպրակներով իրեղեն ապացույցների ու դրանց ոչնչացման մասին կներկայացնենք հաջորդ անգամ 

Նախավերջին լուսանկարում անձնական տվյալները սևով փակված են «Հետքի» կողմից 

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

hasmik
ինչքան կալանավոր, այնքան լավ, սա է սերժիկի նշանաբանը, քանի անմեղներ են բանտերում, իսկ մարդսպաները ազատության մեջ, ամոթ սերժիկին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter