HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Գերիները. սահմանադրական փոփոխությունների նպատակը-2

սկիզբը

Չնայած ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանը փորձում է ծառայեցնել սեփական իշխանության վերարտադրման նպատակին, սակայն դրանով նա, կամա թե ակամա, ներկա իրողությունների պայմաններում փրկօղակ է տրամադրում քաղաքական դաշտի հիմնական բոլոր խաղացող, այսինքն` խորհրդարանական ուժերին (բացառությամբ ՕԵԿ-ի)` խուսափելու ներքին ճգնաժամից և մնալու քաղաքական հոսանքի երեսին:

ՀՀԿ

Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժի հետաքրքրությունը լիդերի ամբիցիաների բավարարումն է: ՀՀԿ-ի հիմնական մասը հրաշալի գիտակցում է, իշխանական բլիթից հետագայում ևս մաս ունենալու միակ երաշխիքը Սերժ Սարգսյանի նախագծած սցենարը ցանկացած գնով կենսագործելն է, որի հետ քաղաքական գաղափարականությունն ու սկզբունքայնությունը որևէ հեռավոր աղերս չունեն:  Ընդամենը ամիսներ առաջ, երբ գործող նախագահը դեռ չէր հայտարարել խորհդրարանական կառավարման համակարգին այսպես կոչված «դեմ լինելով կողմ լինելու» դիրքորոշման մասին, ՀՀԿ-ն կտրականապես մերժում էր նման փոփոխության գնալու վերաբերյալ ՀՅԴ-ից, «Ժառանգություն»-ից հնչող առաջարկությունները` դա համարելով ժամանակավրեպ ու վնասակար: Կուսկացությունը, սակայն, այս բացահայտ ու ճչացող հակասականությունից առանձնապես չի նեղվում, որովհետև իշխանությանը չափից դուրս երկար տիրապետելը նրանց սովորեցրել է քաղաքական այսրոպեական շահից դուրս ոչ մի արժեք չգնահատելուն և պարզ ու հասարակ երեսպաշտությանը: Պե՞տք է այսօր լինել երդվյալ պառլամենտական, ուրեմն կլինեն` վաղը նորից հակապառլամենտական լինելու վճռականությամբ տոգորված:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից պահանջում է լինել իր հավատարիմ զորքը քաղաքական պրոցեսներում, և ինչպես զինվորին է արգելվում քննարկել հնչած հրամանը, այնպես էլ` մանր ու միջին տրամաչափի ՀՀԿ-ականներին` դույզն ինչ կասկածի տակ դնել Սերժ Սարգսյանի իջեցրած հրահանգների նպատակահարմարությունը: Իսկ հրահանգն այս պահին առավել քան պարզ է. նախ` ոչ գործադիր ու ոչ էլ օրենսդիր իշխանության մակարդակով կասկածի տակ չդնել իշխանության միասնականությունը, և երկրորդ` հնարավորինս նպաստել մրցակիցների ճամբարում բոլոր տեսակի բաժանարար գծերի առաջացմանը: Այս պահին ՀՀԿ-ի խնդիրը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցի շուրջ ոչ իշխանական ուժերի շրջանում ի հայտ եկած հակասությունները հնարավորինս սրելն է, ներքին փոխադարձ անվստահության մթնոլորտի սերմանումը: Այս համատեքստում է լիովին հասկանալի դառնում, թե ինչու է հանկարծ ՀՀԿ-ականների մոտ մի առանձնահատուկ սեր ու ակնածանք ծնվել ՀՅԴ-ի և նրա քաղաքական սկզբունքայնության նկատմամբ: Խնդիրը շատ պարզ է. որքան իրենք շատ են գովում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պաշտպանելու ՀՅԴ-ի դիրքորոշումը, այնքան մեծանում են իշխանության հետ վերջինիս գործարքների մեջ մտած լինելու շուրջ կասկածները: Իսկ որքան այդ կասկածները խորանում են, այնքան մեծանում է քառյակի ձևաչափը վերջնականապես տապալելու հնարավորությունը:

ՀՅԴ

ՀՅԴ-ի համար խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն, իհարկե սկզբունքային նշանակության հարց է, որում դրսևորած հետևողականությունը խոսում է հայաստանյան քաղաքական ներկապնակում այս կուսակցության ունեցած յուրահատուկ գույն ունենալու մասին: Բայց սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պաշտպանելու պատճառով քառյակից պոկվելու առումով սա դրդապատճառների միայն տեսանելի մասն է: Խորքային առումով ՀՅԴ-ն լուծեց տակտիկական նշանակություն մի շարք կարևոր հարցեր: Դրանցից առաջինը վերաբերում է իշխանությանը ներկայացված հայտնի 12 պահանջների ճակատագրին: ՀՅԴ-ն հասկանում էր, որ արձանագրելով հանդերձ իշխանության կողմից այդ պահանջները չկատարելու, դրանք փաստացի արհամարհելու փաստը, դրան հետագա ընթացք տալու ռեսուրս քառյակում գոյություն չունի: Որովհետև տրամաբանական միակ քայլը, որը պետք է հետևեր այդ արձանագրումն անելուց հետո, պահանջները չկատարող իշխանության հրաժարականի խնդիրն առաջ քաշելն էր, որին ոչ ինքը, ոչ էլ ԲՀԿ-ն պատրաստ չէին: Այդ պահանջները ձևավորվել էին ընդամենը քառյակը որպես քաղաքական գործոն պահելու նպատակով, և այդ խնդիրը ժամանակավորապես լուծելուց հետո դարձել են նույն քառյակի գլխացավանքը: Նրանք պարզապես չգիտեն` ինչ անել այդ 12 կետերի հետ: Հրաժարվելով մասնակցել հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքին` ՀՅԴ-ն հրաժարվեց ստորագրել քառյակի անելանելիությունը, գործողությունների հետագա ծրագիր չունենալուն մասնակից լինելու փաստն ամրագրող ակտի տակ:

Երկրորդ` ՀՅԴ-ն շատ լավ տեսնում էր, որ քառյակի այդ բոլոր երկրորդական նշանակության նախաձեռնություններն ուղղված են ԲՀԿ-ի առանձնահատուկ, հեգեմոն կարգավիճակն ընդգծելու և միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը հասունացնելու նպատակին:

Նման թեկնածու դառնալու հավակնություն ԲՀԿ-ն դրսևորել էր նաև նախորդ նախագահական ընտրությունների նախօրեին` առաջարկելով այդ դերը վերապահել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Փոքրացնելով իր դերակատարությունը քառյակում` ՀՅԴ-ն պարզորոշ հասկացնում է, որ նման զարգացումներին պատրաստ չէ և Ծառուկյանին չի դիտարկում որպես հնարավոր միասնական թեկնածու: Հենց այս ակնարկներն էին թաքնված ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հարնտ Մարգարյանի վերջին հայտարարությունների տողատակում: Եվ սահմանադրական փոփոխոթյունները մերժելու գործընկեր ուժերի կեցվածքն օգտագործելով` ՀՅԴ-ն իրեն դուրս դրեց բոլորովին էլ ոչ իր հետ համաձայնեցված խաղի շրջանակից` առնվազն հասկացնելով, որ եթե իր հետ չեն խոսելու հավասարը հավասարի, հետ, ապա չի պատրաստվում սպասարկել որևէ ուժի կամ անհատի առանձին շահերը և դառնալ սովորական գործիք նրանց ձեռքին:

ԲՀԿ

Բոլոր գործընթացները ԲՀԿ-ն տեսնում է բացառապես իշխանության վերաբաժանման պրիզմայով: Այս կուսակցությանը հետաքրքիր չեն հիմնարար փոփոխությունները, կառավարման համակարգի բնույթը: Նրան հետաքրքրում է ընդամենը մեկ հարց. օգտագործել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը սպառում է իր պաշտոնավարման երկրորդ, վերջին ժամկետը և ստիպել նրան կամ իրեն հանձնել իշխանությունը (գուցե նախկինում ունեցած ներքին պայմանավորվածությունների համաձայն), կամ առնվազն կիսել իր հետ իր համար նախընտրելի պայմաններով, ինչը գործնականում նույնն է, թե պահանջել ամբողջական իշխանությունը: Այդ հարցը լուծել ԲՀԿ-ն չի կարող` առանց ներկայումս գործող քաղաքական անտիմշակույթի, որի գեների կրողն է հանդիսանում և առանց ընտրական համակարգի ներկայիս խաթարվածության: Դա է պատճառը, որ առավել էական խնդիրները թողած` ԲՀԿ-ն կառչել է սահմանադրական փոփոխությունները նախաձեռնությունը ցանկացած գնով խափանելու մտքից: Որովհետև հրաշալի հասկանում է, որ որքան ինքն է ուզում վերցնել իշխանությունը, նույնքան էլ Սերժ Սարգսյանն է ձգտում երկարաձգել իր կարգավիճակը և այն պահպանելու ուղիներ փնտրել: ԲՀԿ-ի համար իշխանությունը որևէ կերպ ձեռք բերելու միակ ճանապարը Սերժ Սարգսյանի այս սցենարը տապալելն է մնում, քանի որ հակառակ դեպքում կարող է հավակնել այնքանին, ինչ ունի ներկայումս, և ինչ բաժին է հանվել նրան անցած 4 համապետական ընտությունների արդյունքում: Իսկ այդ խնդիրը լուծելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը վերածել հասարակական և քաղաքական պատվերի ու ստանձնել այն կրողի ֆունկցիաները: 

Մյուս կողմից` ԲՀԿ-ն չի ուզում միանգամից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց դնել, ինչն այս պահին կլիներ առավել տրամաբանական, քանի որ համոզված չէ, որ դրա արտահերթ պրոցեսների արդյունքնում ինքն ավելի շատ տուժողը չի լինելու իշխանությունը կորցնող Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ միասին:

Ընտրական համակարգի չգոյությունը ԲՀԿ-ի համար իշխանությունը սահուն ստանալու միակ հնարավորությունն է, ինչին էլ ուզում է տանել գործընթացը:

Մյուս կողմից` որքան ՀՅԴ-ին է պետք ձերբազատվել իշխանությանը ներկայացված 12 պահանջների քաղաքական բեռից, այնքան էլ ԲՀԿ-ին: Հետևողականությունը պահանջում է առնվազն առաջ քաշել գոնե վարչապետի հրաժարականը, քանի որ այդ պահանջների կատարման կամ չկատարման պատասխանատվությունը հենց վարչապետի տիրույթում է: Բայց դա ԲՀԿ-ն չի կարող անել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան առանձնահատուկ և հայտնի անձնական հարաբերությունների պատճառով, ինչպես նաև այն նկատառումով, որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի պլաններում կարող է չափազանց կարևոր դերակատարում ստանձնել: Եվ այդ բեռը թոթափելու լավագույն միջոցը դառնում է ամբողջ շեշտադրումը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը վիժեցնելու, դրանց դեմ հասարակական տրամադրությունները հասունացնելու վրա տեղափոխելը:

ՀԱԿ

Այս ուժի համար պառլամենտական համակարգը մերժելի է սկզբունքորեն: Այս իմաստով սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես գալն ունի գաղափարական հենք: Բայց խնդիրը միայն դա չէ: ՀԱԿ-ը գործում է Լևոն Տեր-Պետրոսյանի նախանշած` Գագիկ Ծառուկյանից «հայկական Իվանիշվիլի» կերտելու և նրա միջոցով գործող իշխանությունը տապալելու սցենարով, որի հիմքերը դրվել են դեռ 2011 թ: Այս իմաստով ԲՀԿ-ն և Ծառուկյանը նրանց համար ընդամենը իշխանության պառակտման խնդիրը լուծելու գործիքներ են` այն հաշվարկով, որ ԲՀԿ-ն կսկսի պրոցեսը իրենց հրահրմամբ, իսկ իրենք կավարտեն այն` զոհաբերելով նաև ԲՀԿ-ին ու Ծառուկյանին: Պատկերավոր ասած` ՀԱԿ-ը փորձում է չաղացնել ԲՀԿ-ին` անհրաժեշտ պահին նրան էֆեկտով «մորթելու» համար: Հիմա ՀԱԿ-ի խնդիրն այն է, որ համոզի ԲՀԿ-ին` չսպասել մինչև հաջորդ համապետական ընտրությունները և դնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Որովհետև հասկանում է, որ եթե բանը հասավ հերթական ընտրություններին, ինքն է հայտնվելու «մորթվողի» կարգավիճակում ու առհավետ դուրս է մղվելու քաղաքական ասպարեզից: Բայց ԲՀԿ-ի վրա այդքան ազդելու ռեսուրս ՀԱԿ-ը հիմա չունի, դրա համար էլ գործում է հարմարվողի դիրքերից` հնարավորություն տալով Գագիկ Ծառուկյանին մտածելու, թե իրադրության տերն ինքն է: Սահմանադրական փոփոխությունների սերժսարգսյանական նախաձեռնության ներքո ՀԱԿ-ը տեսնում է Սերժ Սարգսյանի ամբիցիաները` մատնացույց անելով Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ինքնասիրությունը խոցելու, դեմքը փրկելու համար արտահերթ զարգացումների դրդելու ռեալ հնարավորություն:

«Ժառանգություն»

Այս կուսակցությունը հայտնվել է ԲՀԿ-ՀԱԿ տանդեմի յուրօրինակ պատանդի դերում: «Ժառանգություն»-ը, խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից լինելով հանդերձ, Սերժ Սարգսյանի` ներկայիս սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության ներքո տեսնում է իշխանության վերարտադրության հստակ նպատակ, թեև հասկանում է, որ խնդիրը ոչ թե կառավարման համակարգի ձևի մեջ է, այլ ինքնին փոփոխությունների հարցն օրակարգ մտցնելու իշխանության տակտիկական քայլի: Բայց մյուս կողմից` «Ժառանգությունը» հասկանում է նաև, թե ինչ խնդիր է ուզում լուծել ԲՀԿ-ՀԱԿ տանդեմը, որին նույնքան դեմ է, որքան Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Բայց «Ժառանգությունը» նաև առանձին գործելու, այդ տանդեպի պատը ճեղքելու ռեսուրս չունի երկու հիմնական պատճառով:

Նախ` սեփական լիդերի` Րաֆֆի Հովհաննիսյանի անվճռականության և իրեն խաղից դուրս դնելու կեցվածքի, երկրորդ` կուսակցությունում առկա ներքին խմորումների, դիրքային պայքարի պատճառներով, որոնք կուսակցությունը ջլատում են ներսից:

Առանձին գիծ որդեգրելու փորձերը այս պայմաններում կարող են «Ժառանգությանը» դարձնել մարգինալ, որից անհրաժեշտ է խուսափել ցանկացած գնով: Այդ վտանգն ունենալով իր առջև` «Ժառանգությունը» փորձում է գործել չարյաց փոքրագույնն ընտրելու տրամաբանությամբ: Իշխանության պլանների տապալմանը, հնարավոր իշխանափոխությանը հասնելու պարագայում կարող է նվազագույնը գոնե ապագա իշխանությունից ինչ-որ մաս ձեռք բերելու շանս ստանալ, առավելագույնը` արտահերթ զարգացումների դեպքում վաստակել այն դերը, որը փորձելու է վերցնել ՀԱԿ-ը: Բայց ներկայիս անելանելիությունը քողածածկելու առումով սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, դրա դեմ հասարակական տրամադրությունների գեներացմանը մասնակցելը այս կուսակցության համար դառնում է այսպես կոչված եռյակի մեջ իր մնալն արդարացնելու միջոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter