HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՎ նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը նորարարությունների կողմնակից է

«Հետքի» զրուցակիցն է ԱՆ ՔԿՎ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը

- Պարոն Օսիկյան, երբ քրեակատարողական ծառայությունը ներքին գործերի համակարգից տեղափոխվեց արդարադատության տիրույթ, Ձեր կարծիքով, բովանդակային փոփոխություն հետևե՞ց դրան:

- Այդ անցումը, գիտեք, որ Հայաստանի՝ ԵԽ անդամակցությամբ էր պայմանավորված, քանի որ մենք որոշակի պարտավորություններ էինք ստանձնում: Մեկ համակարգից մյուսը անցնելով, կարծում եմ, որոշակի փոփոխություններ եղան, բայց չեմ կարծում, որ այդ փոփոխությունները շատ մեծ էին: Շատ դեպքերում, երբ էությունը չի փոխվում, այլ միայն ձևն է փոխվում, հաջողությունների մասին չենք կարող խոսել: Իհարկե, այս տարիներին որոշակի աշխատանք կատարվել է: Բայց կարևորը ոչ թե կոնկրետ կառույցի մեջ լինելն է, այլ այն, թե ինչպես է քրեակատարողական ծառայությունն իր աշխատանքը կատարում: Կարծում եմ՝ ունենք թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ վարչարարության փոփոխության կարիք: Կան երևույթներ, որոնք դեռևս խորհրդային ժամանակներից ձևավորված եղել են ու այդպես էլ շարունակվում են:

- Ովքե՞ր են ՔԿ համակարգի աշխատակիցները, կա՞ արդյոք մի բուհ, մի ֆակուլտետ, որտեղ անձը սովորի ու դառնա ՔԿ համակարգի ծառայող:

- Քրեակատարողական ոլորտի աշխատակիցների մի մասը նախկին ոստիկաններն են. նրանք, ովքեր կառուցվածքային փոփոխության հետևանքով մի համակարգից անցան մյուսը: Կան իրավաբանական ֆակուլտետն ավարտած անձինք, զինվորական կրթություն ունեցողները: Երբ պաշտոնավարում էի որպես Ոստիկանապետի տեղակալ, ստեղծվեց Ոստիկանության կրթահամալիրը: Առաջին անգամ ներդրեցինք ոստիկան մասնագիտությունը: Նույնատիպ գաղափար ինձ մոտ կա ՔԿ համակարգի աշխատակիցների պատրաստման համար: ՌԴ-ում անգամ ակադեմիա կա, որը և հանդիսանում է ապագա ՔԿ ծառայության աշխատակիցների դարբնոցը: Կարող ենք ոչ թե առանձին կրթօջախ ստեղծել, այլ, օրինակ, ոստիկանական կրթահամալիրում մշակել առանձին չափորոշիչներ և ունենալ 20, 30 կամ 50 ապագա մասնագետ ՔԿ ոլորտի համար:

- Հայաստանի 12 ՔԿՀ-ներում  ընդամենը 11 հոգեբան է աշխատում, նրանցից յուրաքանչյուրը մոտ 800 դատապարտյալի է սպասարկում: Լատվիացի փորձագետն ասում էր, որ իրենց մոտ 1 հոգեբանը 25 դատապարտյալի է լսում և համարում էր, որ աշխատանքը չի կարող արդյունավետ լինել: Կա՞ արդյոք ծրագիր ավելացնել հոգեբանի հաստիքները:

- Մենք կարող ենք 10 դատապարտյալի մեկ հոգեբան տրամադրել, բայց եթե ճիշտ գործիքակազմ չտրամադրենք, աշխատանքը նպատակին չի ծառայի: Այսինքն՝ կարող ենք 50 հաստիք ավելացնել ու չունենալ արդյունք: Ունենք նախնական պայմանավորվածություն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ՝ կազմակերպել հոգեբանների վերապատրաստման ծրագիր: Մեկ հոգեբանը, իհարկե, քիչ է: Իսկ օպտիմալ քանակ չեմ կարող ասել: Հաշվի առնելով, որ մենք մեծ լրակազմ ունենք, հնարավոր է որևէ տեղում կրճատում անենք, որևէ տեղում ավելացնենք աշխատակիցների թիվը, որ պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ չդնենք:

- Պարոն Օսիկյան, Ձեր կարծիքով պատժի նպատակներից ուղղումը կատարվո՞ւմ է մեր ՔԿՀ-ներում:

 - Ամենաբարդ խնդիրը պատժի նպատակների իրագործման մեջ հենց ուղղումն է: ՔԿ համակարգի վրա է դրված դրա իրագործումը, բայց շատ բան կախված է նաև դատապարտյալի կամքից ու ցանկությունից: Եթե պետությունն ու  հոգեբանները աշխատեն, սակայն անձը չկամենա վերափոխվել, ոչինչ էլ չի օգնի:

- Ի՞նչ է անում համակարգը, որ հասարակություն վերադառնա մտքով, հոգով, մարմնով առողջ քաղաքացի: Այս հարցը շատերին եմ տվել, բայց կոնկրետ պատասխան չեմ ստացել:   

- Կարևորը սոցիալ-հոգեբանական ծառայության աշխատանքն է, նաև այն, թե ինչպես են պահվում դատապարտյալները: Օրինակ՝ անզգուշությամբ հանցագործություն կատարածներին դիտավորությամբ հանցանք կատարածների հետ միևնույն տեղում պահելը ճիշտ չէ: Առանձին պետք է պահել նաև այն մարդկանց, ովքեր նախկինում դատվածություն չեն ունեցել: Միջավայրը իր դրոշմը թողնում է: Քրեակատարողական հիմնարկներում վատ երևույթների կրող անձինք կարող են շատ հեշտ փոխանցել իրենց վարքագիծը այն մարդկանց, ովքեր դրա կրողը չեն: Բայց փակ համակարգում շատ հեշտ է այդ վատը վերցնել:

- Անհավասար են ստացվում ուժերը. մի կողմում, օրինակ, 800 մարդ գողական ենթամշակույթը կրողներ են ու մյուս կողմում՝ 1 հոգեբան: Եթե նույնիսկ ՔԿՀ-ի հոգեբանը Օքսֆորդի համալսարանի դիպլոմ ունենա, կարծում եմ, անգամ ֆիզիկապես չի կարողանա իր աշխատանքը անել: Որտե՞ղ եք լուծումը տեսնում:     

- Համաձայն եմ, քանի որ մեկ հոգեբանը չի կարող դատապարտյալներին մեկանգամյա թերապիայով վերափոխել մեկ դահլիճում: Ես կարծում եմ, որ 1 հոգեբանը, այո, ֆիզիկապես չի կարող հասցնել աշխատել: Գիտեմ, որ 100 տոկոսանոց ցուցանիշ չի կարող լինել, 50 տոկոսանոց արդյունքն էլ կարելի է ամբիցիոզ համարել: Բայց եթե 10-20 տոկոսի չափով դրական արդյունք ունենանք, անձի վերափոխման տեսքով, կհամարեմ հաղթանակ: Չէ որ հասարակություն կվերադառնա քաղաքացի: Վերափոխված անձի վերադարձը ձեռնտու է հասարակության համար:

- Դատապարտյալների քանի՞ տոկոսն է ապահովված աշխատանքով:

- Շատ քիչ տոկոսը: Բայց «Արմավիր» ՔԿՀ-ում հնարավորություն կունենանք ևս 30 հոգու ներգրավել աշխատանքներում:

- Շատ հաճախ լսում ենք, որ ՔԿՀ-ները մարդկանց պահեստներ են, այսինքն՝ միայն անվտանգության խնդիր են լուծում: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

- Ո՛չ, իհարկե: Անվտանգությունը կարևոր է, բայց կա նաև ուղղումը, որն ամենակարևորն է:

- Դուք՝ ինքներդ, հավատո՞ւմ եք անձի վերափոխմանը:

- Այո՛, հավատում եմ, բայց վերափոխումը առավել շատ պայմանավորում եմ երկկողմանի աշխատանքով՝ դատապարտյալի ու պետության կողմից:

- Փակ հիմնարկում, որտեղ դատապարտյալը չունի սպորտային, մշակութային միջոցառումների հնարավորություն, նա 23 ժամ փակ դռների հետևում է, չի կարող ունենալ երաժշտական գործիք, պահել կենդանիներ և այլն: Կարո՞ղ է այս պայմաններում ուղղում լինել:

- Նման պայմաններում վերականգնվելը, ուղղվելը շատ դժվար է: Աստիճանաբար պիտի ռեժիմային փոփոխություն կատարվի: Պետք է օրենսդրական փոփոխություն կատարել իջեցնել տարիների շեմը, անցում կատարել կիսափակ ռեժիմի, հետո կիսաբացի, որ անձը ադապտացվի ազատությանը:

- Իսկ ի՞նչ անել այն պարագայում, երբ անձը դատական սխալի հետևանքով է հայտնվել ճաղերի հետևում: Այդ մարդը ուղղման կարիք չունի:

- Ճիշտ է, մեր իրավասությունների շրջանակներից դուրս է հարցը, բայց կպատասխանեմ որպես իրավաբան: Եթե նման դեպքեր եղել են, տա Աստված թող նոր երևան եկած հանգամանքներով վերաբացվեն գործեր: Քրեական դատավարության օրենսգրքով կա նման հնարավորություն:  

- Պարոն Օսիկյան, ի՞նչ եք կարծում՝ մեր բանտերում կան անմեղ մարդիկ:

- Չեմ կարող բացառել:

- 2006 թ.-ին երբ ներդրվեց պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը, այդ իրավունքը ունեցող դատապարտյալների մոտ 80 տոկոսը պայմանական ազատություն էին ստանում, հիմա այդ ազատվողների թիվը չնչին է: Կարելի՞ է եզրակացնել, որ ՔԿՀ-ներում ուղղման պրոցեսը համեմատած 2006-ի ավելի վատ է կատարվում:

- Անկախ հանձնաժողովները միջգերատեսչական են: Որոշումները կայացվում են քվեարկությամբ: Միգուցե նախկինում շատ դեպքերում դատապարտյալներ ուղղված չլինելով՝ ազատության մեջ են հայտնվել: Եվ հնարավոր է՝ նրանք ծանր հանցանք են կատարել՝ ազատություն վերադառնալով: Միգուցե սա է եղել պատճառը, որ պայմանական ազատվողների տոկոսը նվազել է: Բայց ներկայում քննարկումներ են գնում, արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել: Վարչությունն իր նկատառումները ներկայացրել է: Հնարավոր է լինեն պարտադիր պայմաններ, որոնց պիտի համապատասխանեն դատապարտյալները: Դրա արդյունքում, կարծում եմ, կարող է ավելանալ պայմանականորեն ազատություն վերադարձողների թիվը: Նոր նախագիծը մի շարք հարցերի պատասխաններ կտա:

-Պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովները գլխավորում են պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Ճի՞շտ է այդ մոտեցումը:

- Եթե դիտարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտը, ապա պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նրանց պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանքով անմեղները մեղավոր են ճանաչվել, մեղավորները՝ անմեղ: Այնպես, որ միանշանակ ասել, թե որ ձևաչափն է ճիշտ, սխալ կլինի:

- «Հետքը» անդրադարձել է մի քանի դեպքերի, երբ, օրինակ, օլիգարխիկ հովանավորություն ունեցող դատապարտյալներ պայմանական ազատություն են ստացել, փոխարենը չեն ազատվում նման կապեր չունեցող անձինք:

- Ճիշտ չի լինի, որ ես գնահատական տամ անկախ հանձնաժողովի աշխատանքին: ՔԿ վարչությունը ներկայացված է այդ հանձնաժողովում մեկ անձով: Ունենք մեկ ձայն, և մեր կարծիքը արտահայտում ենք այդ ձայնի միջոցով:

-Կա՞ն հեղափոխական մտքեր, որ ուզում եք իրագործել: Երեք քայլ կառանձնացնե՞ք:

- Առաջինը՝ ես ամեն ինչ անելու եմ, որ մոտեցումները լինեն արդար: Երկրորդ՝ քայլեր են արվելու մեր աշխատակիցների կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Երրորդ՝ ուղղման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ ենք աշխատելու: Ես նորարարությունների կողմնակից եմ:

Լուսանկարը տրամադրել է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը

Մեկնաբանություններ (1)

Anush
Я прочитала статью и вижу в Вас думающего и небез различного к судьбам людей человека.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter