HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողը պնդում է՝ դատապարտվել է անմեղը, մեղավորներն ազատության մեջ են

Երևանի բնակիչ Գալուստ Մելքոնյանը կդառնար 29 տարեկան, եթե չլիներ 2011թ. նոյեմբերի 18-ի գիշերվա կենցաղային վիճաբանությունը: Նրա երիտասարդ կինն ու մանկահասակ երեխան 3 տարի ապրում են առանց ամուսնու և հոր: 

«Հետքը» անդրադարձել էր 26-ամյա Գալուստ Մելքոնյանի սպանությանը՝ նշելով, որ Գալուստի ընտանիքը չի հավատում դատավճռին: Տուժողի մայրը՝ Անահիտ Մելքոնյանը պնդում է, որ երեք տարի առաջ դատապարտվել է անմեղը՝ Հակոբ Բունիաթյանը (լուսանկարում), իսկ մեղավորները մնացել են ազատության մեջ: Տիկին Անահիտի համոզմամբ, որդու սպանության մեջ մեղավոր են Միքայել ու Վլադիմիր Ռաֆայելյանները, որոնց հետ և եղել է որդու՝ Գալուստի կոնֆլիկտը:

«Հակոբն իմ տղային չի ճանաչել, իրար հետ վեճ չեն ունեցել: Ամեն ինչ նախաձեռնել ու հրահրել են Ռաֆայելյան եղբայրները: Վեճի պատճառը նրանց հետ այն էր, որ տղաս, ով աշխատում էր տաքսի ծառայությունում որպես վարորդ, իր վարած «Լինքոլն» մեքենայով տեղափոխի եղբայրների կահույքի արտադրամասի ապրանքները՝ կառնիզ և այլն: Տղաս էլ մի քանի անգամ հրաժարվել էր»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Անահիտ Մելքոնյանը:  

Ինքնախոստովանական ցուցմունքը որպես հիմք 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, ՀՀ դատական դեպարտամենտի թույլտվությամբ, «Հետքը» ծանոթացավ 8 հատորանոց քրեական գործին, կատարեց նաև լուսանկարահանում: 

2011թ. նոյեմբերի 18-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Բունիաթ Եղիազարյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): 

Ձևավորվել է քննչական խումբ: Օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Աջափնյակի Արզումանյան փողոցի բնակիչ, երկկողմանի ծնողազուրկ Հակոբ Բունիաթյանը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, թե վիճաբանության ժամանակ Խաղաղ Դոնի փողոցում դանակով հարվածել է Գալուստ Մելքոնյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել  112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով): Ըստ քրեական գործի՝ Բունիաթյանը դանակի 7 հարված էր հասցրել նրան, վնասել ազդրային զարկերակը: Արյան կորստից, բուժօգնությունը ուշ կազմակերպելու պատճառով Գալուստ Մելքոնյանը մահացել էր: Գալուստին Հակոբը չի ճանաչել, այլ Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց է գնացել գործընկերներ եղբայրների՝ Միքայելի ու Վլադիմիրի համառ զանգերից հետո: Քրեական գործում առկա են Հակոբ Բունիաթյանի բջջային հեռախոսի վերծանումները, որոնք վկայում են այդ մասին: 

Սակայն Ռաֆայելյան եղբայրների նկատմամբ քննիչները բարեհաճ են գտնվել. նախ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, ապա ՔՕ 118 (ծեծ) հոդվածով նրանք դատապարտվել են 2-ական ամսվա կալանքի: Նրանց չի առաջադրվել անգամ խուլիգանության 258 հոդվածը: 

Սպանվածի մայրը 1 ամիս անց է ճանաչվել որպես տուժողի իրավահաջորդ 

Քրեական գործում առկա են սպանված տղայի մոր ցուցմունքներն այն մասին, որ ինքը դեպքից մեկ ամիս անց է միայն ճանաչվել տուժողի իրավահաջորդ: Կա վկայություն այն մասին, որ քննիչ Եղիազարյանը նրան է հանձնել որդու դրամապանակը (առանց դրամի), կոշիկները, դրամապանակում եղած մի քանի քարտեր և բջջային հեռախոսը, որում եղած ողջ տվյալները ջնջված են եղել: Անահիտ Մելքոնյանը նշել է, որ նախաքննության ընթացքում բազմիցս խնդրել է ծանոթանալ գործի նյութերին, սակայն քննիչը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է: Գործի ավարտից հետո, երբ տուժողի մայրը պահանջել է գործի ողջ պատճեները, դրանք պատճենահանել է Էրեբունու քննչական բաժնի պետի քարտուղարուհին, որոշ փաստաթղթեր իրեն չեն տրամադրվել: Նշված փաստաթղթերը ստացել է դատարանում: Հենց այդ ժամանակ է իմացել, որ, ըստ մեքենայի զննության արձանագրության, որդու վարած «Լինքոլն» մեքենայում և որդու մոտ որևէ բան չի հայտնաբերվել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ավտոմեքենայի զննության արձանագրության մեջ նշված չէ նաև, որ մեքենայի հայելին վնասված է եղել, ինչը, ըստ մյուս որդու՝ Կարապետի պատմածի, վնասվել է այն ժամանակ, երբ դեպքից մեկ օր առաջ տղան՝ Գալուստը դարձյալ վիճաբանել է Միքայել Ռաֆայելյանի հետ: Մելքոնյանները հեռուստատեսային հաղորդումից են վերցրել իրենց որդու վարած մեքենայից մի կադր, որտեղ հստակ երևում է, որ հայելին կոտրված է: Սակայն այս փաստը չի դարձել քննության առարկա քննչական խմբի համար: 

Մելքոնյանների ձեռքբերած լուսանկարը Քրեական գործում առկա լուսանկարը 

Ըստ քրեական գործի նյութերի, դեպքի վայրում եղել են Ռաֆայելյան եղբայրների մի քանի ընկերներ, որոնք անցել են այս գործով որպես վկաներ: Ուշագրավ է, որ նրանցից վկա Արայիկ Ստեփանյանի ցուցմունքը, ով հայտնել է, որ նոյեմբերի 18–ի լույս գիշերը՝ ժամը 01–ի սահմաններում, իրեն է զանգահարել Վլադիմիրը, առաջարկել միասին գնալ մարդ տեսնելու և զրուցելու, ինքը չի մերժել: 15 րոպե անց Վլադիմիրը եկել է իր հետևից, որից հետո մեքենայով վերցրել են նաև իրենց ընկեր Հակոբին և Միքայելի աներորդի Կարենին, ապա գնացել հանդիպման: Հանդիպել են Գալուստին, նրա մեքենայի հետևից գնացել են ձորի նմանվող ամայի մի տարածք: 

Դանակը չի հայտնաբերվել, բացովի բանալին չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց 

Կան վկաների ցուցմունքներ, որտեղ նշված է, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Վլադիմիրը բռունցքով հարվածել է Գալուստի դեմքին՝ շրթունքի ու աչքի մասին, ինչը ապացուցվում է նաև դատաժշկական եզրակացությամբ: Կա վկայություն այն մասին, որ Վլադիմիրի եղբայրը՝ Միքայելը բռնել է Գալուստի ձեռքերից, իսկ Հակոբը հարվածել է դանակով նրա ոտքերին: Կա վկայություն այն մասին, որ Գալուստը բացովի բանալի է բերել մեքենայից, սակայն բացի կտրող, ծակող գործիքից (խոհանոցային դանակից, որն այդպես էլ չի հայտնաբերվել), Գալուստի մարմնի վրա հայտնաբերվել են նաև բութ գործիքի հարվածներ, այսինքն՝ հնարավոր է նույն բացովի բանալու հարվածները: Սակայն դանակը չի հայտնաբերվել, բացովի բանալին չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց:  

Այս գործն անցել է եռաստիճան դատական համակարգով, բողոքել է տուժողի իրավահաջորդը, քանի որ Միքայել Ռաֆայելյանի նկատմամբ ՔՕ 118 հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։ Սակայն Անահիտ Մելքոնյանի բողոքը որևէ ատյանում չի բավարարվել, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության է թողել՝ պատճառաբանելով, որ, ըստ քրեական դատավարության, Վճռաբեկ բողոքը նա չի ներկայացրել փաստաբանի միջոցով: Վճռաբեկ դատարանի որոշման մեջ կարդում ենք. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ։ Հետևաբար, տուժողի իրավահաջորդ Ա.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»: 

Թեև կա դատապարտված անձ, այդուհանդերձ Մելքոնյանները պայքարում են բացահայտելու որդու՝ 26-ամյա Գալուստի սպանությունը: Ավելին՝ նրանք գտնում են, որ այս գործով արդարադատություն տեղի չի ունեցել. «Ես կարծում եմ՝ Հակոբին համոզել են, որ իր վրա վերցնի սպանությունը՝ ասելով, որ ինքը երկկողմանի ծնողազուրկ է, բանակից հոգեկան խնդիրներով ազատված, երեխա չունի խնամքին: Նա էլ պահել է ընկերներին, որոնցից մեկը նոր էր երեխա ունեցել: Ցավում եմ Հակոբի համար, չէի ցանկանա, որ անմեղը պատիժ կրի: Իսկ իրավապահները, դատարանը ոչինչ չարեցին, որ պարզվի ճշմարտությունը»,- ասաց Անահիտ Մելքոնյանը: 

Հ.Գ. «Հետքի» փորձերը՝ հանդիպելու 8 տարվա ազատազրկման դատապարտված Հակոբ Բունիաթյանին անհաջող էին: Նա հարևանուհու միջոցով փոխանցել էր, որ չի ցանկանում հանդիպել լրագրողի:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Արդարադատություն ունենք աշխարհը չունի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter