HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի քաղաքապետարանը պատասխանել է «Հետքի» հոդվածին

Կապանի քաղաքապետերանը «Ի պատասխան «Կապան. չիրացվող պոտենցիալով քաղաք» հոդվածի» գրություն է ուղարկել «Հետքի» խմբագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հերթական անգամ գրվել է մի հոդված, որը կարդալուց հասկանում ես` հեղինակը, այս դեպքում՝ Վահե Սարուխանյանը, ոչ մի պատկերացում չունի, թե ինչ է համայնքը, ինչ է տեղական բյուջեն, ինչպես է այն ձեւավորվում եւ ինչու համայնքում խնդիրներն այսօր լուծում են ստանում դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնց հետ, ի դեպ, գործընկեր դառնալն այնքան էլ դյուրին չէ: Հարգելի՛ Վահե, եթե հոդվածը գրելուց մի փոքր սրտացավ լինեիք մեր քաղաքի հանդեպ, ապա Ձեր ֆոտոխցիկը կնկարեր ոչ միայն անբարեկարգ, այլեւ դրան զուգահեռ, գետի մյուս ափին` վերջին երկու տարում բարեկարգված եւ դեռեւս բարեկարգվող մայթերը:

Եթե Դուք սրտացավ լինեիք,  գոնե կհետաքրքրվեիք եւ կիմանայիք, որ երեք ամիս առաջ արդեն ավարտվել են Վաչագան թաղամասի գազիֆիկացման աշխատանքները եւ բնակիչներն արդեն դիմել են բաժանորդներ դառնալու համար: Կնկատեիք, որ քաղաքի փողոցները մասնակի քանդված են, որովհետեւ վերջապես լուծում է ստանում Կապանի համար կարեւոր հիմնախնդիներց մեկը` խմելու ջրագծի ներքին ցանցի նորացումը, որի համար ներդրվել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար: Կնկատեիք, որ նորացված ջրագծի փորձարկումից հետո, ըստ նախատեսված ժամանակացույցի, քաղաքում արդեն մի քանի օր է սկսվել են ասֆալտի վերականգնման աշխատանքները, իսկ մարզպետը միայն հորդորել է պատասխանատուներին` արագացնել աշխատանքները: Եթե հետաքրքվեիք եւ սրտացավ լինեիք, կիմանայիք, որ Ձորքի կամուրջը վերջին 2 տարում 2 անգամ նորոգվել է, սակայն հնացած բետոնի պատճառով նոր խնդիրներ են առաջացել եւ դրանց լուծումը մեր ընթացիկ ծրագրերի մեջ է մտնում: Եթե դա իմանայիք, ապա ինքներդ Ձեզ չէիք հակասի, մի դեպքում գրելով, որ «… կամուրջը քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս է», մեկ այլ դեպքում` «… քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, թե ժամանակին ուսումնասիրել ու պարզել ենք, որ կապիտալ նորոգման դեպքում կամուրջը պիտանի է շահագործման…»: 

Կարելի էր մի փոքր ուշադիր լինել, ինչը լրագրողի դեպքում խիստ պարտադիր է, եւ նկատել, որ դոնոր կազմակերպությունների հետ միասին իրականացված ծրագրերը Կապանում համաֆինանսավորվել են տեղական բյուջեից: Անցած 9 ամսում Կապանում մեծածավալ աշխատանքներ են կատարվել՝ շահագործման են հանձնվել դատարանի ու թիվ 2 ավագ դպրոցների նորակառույց շենքերը, շարունակվում է հիվանդանոցի հիմնանորոգումը եւ այլն, բայց դրանք տեղ չեն գտել քաղաքապետարանի հաշվետվության մեջ, որովհետեւ այդ աշխատանքների նախաձեռնողն ու համաֆինանսավորողը քաղաքապետարանը չէ: Ով է Ձեզ ասել, որ նախորդ քաղաքապետը ներդրումներ է կատարել սեփական միջոցներից: Ցույց տվեք մեկ օրինակ, մենք ինքներս կհետեւենք դրան: Ինչ ասել է` «Մարզկենտրոնն ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, որը չի իրացվում երկուստեք»: Միթե վերջին տարիներին համագործակցության ակտիվացումը քաղաքում գործող ՀԿ-ների, քաղաքական ուժերի հետ, քաղաքապետին կից խորհուրդների ստեղծումը հարթակներ չեն նոր առաջարկների, նոր գաղափարների բացահայտման համար, միթե դա առկա պոտենցիալի բացահայտմանն ուղղված քայլեր չեն: Միթե այսօր Վահանավանքի ճանապարհի նորոգումը, բնապահպանական ակցիաների պարբերաբար կազմակերպումը, շվաքարանների կառուցումը, քաղաքում զբոսայգիների, հրապարակների բարեկարգումը, լուսավորության համակարգի բարելավումը, կանաչապատումն ու ծաղկապատումը եւ այլն, առկա ներուժի զարգացմանը միտված աշխատանքները չեն: Իսկ իրանցիներին դեպի իրենց գրավելու համար թող Երեւանը գնահատական տա` շահում է դրանից ինքը, թե ոչ:

Եթե Ձեր ակնարկը վերաբերում է լուրջ զբոսաշրջությանը, ապա տեղեկացնեմ, որ այս պահին քննարկման փուլում է 1,5 մլն եվրո արժողության ծրագիրը, որի նպատակը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումն է: Ինչ վերաբերում է քաղաքի տոնին, ապա, այս տարի այն, իրոք, նախորդից տարբերվել է իր համեստությամբ, որովհետեւ քաղաքի տարեդարձը հոբելյանական չէր, իսկ եթե տոնին բնորոշ չեք համարում փուչիկները, տորթն ու երաժշտությունը, կրոսավազքն ու հեծանվավազքը, հանդիսավոր նիստը, մեդալներն ու պատվոգրերը, տոնական համերգն ու հրավառությունը, դա արդեն ձեր խնդիրն է: Վերջին երկու տարում համայնքային բյուջեն ավելացել է 4,7 տոկոսով կամ մոտ 47 մլն դրամով: Հետաքրքիր չէ արդյոք, իմանալ, թե ինչի համար են ծախսվում այդ գումարները: Ունեցանք եւ վառելիքի, եւ էլեկտրականության, եւ մթերքների թանկացում, սակայն Կապանում մանկապարտեզների, երաժշտական ու սպորտ դպրոցների սաներից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները չեն ավելացել եւ ոչ մի լումայով: Կապանում մանկապարտեզների համար ձեռք բերվող սնունդը անհամեմատ էժան է շուկայական գներից: Բավական է նշել, որ հացը ձեռք է բերվում 1կգ-ը 390 դրամով: Եվ դա շնորհիվ քաղաքապետարանի: Եթե հետաքրքրվեիք, կիմանայիք նաեւ, որ վերջին 2 տարում Կապանում ներդրումների ծավալը ավելի քան տասնապատիկ գերազանցում է վերջին 20 տարվա ցանկացած 2 տարվա ընթացքում կատարված ներդրումների ծավալը:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո հարկադիր պարապուրդի մեջ հայտնված Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան այսօր է, որ վերագործարկումից հետո աշխատում է ամենամեծ ծավալներով, գործում են նաեւ սննդի, հրուշակեղենի, պահածոների արտադրամասեր եւ այլն: Իսկ մնացած Ձեր թվարկածները պարզապես ՏԻՄ-ի  մասին օրենքից, ՏԻՄ-ի լիազորություններից ու պարտականություններից անտեղյակ մարդու կարծիքներ են: Եթե սրտացավ եք, օգնե՛ք, եթե կարող եք, իսկ եթե ոչ` մի՛ խանգարեք եւ Ձեր սխալ ընկալումները Կապանի մասին մի՛ պարտադրեք հանրությանը: Ու միշտ հիշեք` կապանցին այսօր հոգսաշատ է, բայց ոչ երբեք տխուր: Կապանցին, ով իր ու իր որդիների արյան գնով է պահպանել այս հողը, հավատ ունի վաղվա օրվա ու իր քաղաքի հանդեպ:

Կապանի քաղաքապետարան

«Հետք». շուտով հանգամանալից կանդրադառնանք Կապանի քաղաքապետարանի այս արձագանքին: 

Մեկնաբանություններ (2)

hasmik
Կապանի քաղաքապետարանի գրածը չի համապատասխանում քաղաքի իրական վիճակին, պարզակես թոզ են փչում, որպեսզի ինչ որ մարդկանց դուր գան, եթե Կապանի քաղաքապետարանը հրաժարվի ստրուկ լինելուց, ապա պետք իրական պատկերը ներկայացներ, օրինակ հիվանդանոցի ողբալի վիճակը, որը իրենք շատ լավ գիտեն և այլն...վախենում են պաշտոն կորցնեն թե ավելի շուտ լիցկան կծեծի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ Ի՞ՆՉՈՒ ես կամ լրագրողը (կամ շարքային քաղաքացին) պիտի իմանա, թե ինչպես է ձևավորվում տեղական բյուջեն կամ նման այլ հարցեր: Իսկ ու՞մ է դա հետաքրքրում: That is not my problem. Դա ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ներքին հարցն է:................................... Նորից՝ եթե քաղաքապետը բավարա՛ր փող չի կարողանում գտնել քաղաքի պրոբլեմների համար, թող ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ, եթե քաղաքը իրո՛ք սիրում է: Հետո՝ իսկական լրագրողը, նախ և առաջ, պիտի գրի ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ մասին. դա՛ է (հետաքննող) լրագրողի թիվ 1 առաքելությունը: .......................................Իսկ որ Կապանը այսօր չզարգացող ու ՉԿԱՌԱՎԱՐՎՈՂ մի քաղաք է,դա ՓԱՍՏ է: Մնացածը գրել եմ իմ հոդվածներում ու մեկնաբանություններում, որտեղ ՀՍՏԱԿ ու ԻՐԱԳՈՐԾԵԼԻ առաջարկներ եմ արել՝ ելնելով այլ երկրների փորձից: Թող Կապանի քաղաքապետը/քաղաքապետարանը դուրս գա իր տաքուկ անկյունից ու ՊԱՀԱՆՋԻ իմ առաջարկների իրականացումը (որոնց թվում անկախ տեղական բյուջե):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter