HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիսիանի լրատուին» գրաքննել են

Թերթին ներկայացված մեղադրանքն առավելագույնը քաղաքացիաիրավական բնույթ կարող էր ունենալ

Սիսիանի քաղաքապետի ու նրա աշխատակազմի երկու աշխատակիցների, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն  Արմեն  Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատուի գործով «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործով դատական նիստերը շարունակաբար հետաձգվում են՝ տարբեր միջնորդություններ ներկայացնելու, ինչպես նաեւ որոշ մեղադրյալների դատական նիստին չներկայանալու պատճառով:

Արմեն Հովակիմյանի դատապաշտպան Վահե Արմենակյանի ասելով՝ հետաձգումները միտումնավոր չեն, բայց, քանի որ դատաքննություն չի ընթանում, չեն կարողանում միջնորդություն ներկայացնել: Մասնավորապես, «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ում դատահաշվապահական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն պետք է ներկայացնեն, ինչն, ըստ փաստաբանի, հնարավորություն կտա ապացուցելու, որ 1 միլիոն 260 հազար դրամ յուրացնելու մեղադրանքը հիմնավորված չէ:

«Նախաքննությունն իրականացվել է միակողմանի, պաշտպանյալս հնարավորություն չի ունեցել փաստաբան ներգրավելու, մյուս կողմից էլ՝ նրան  ներկայացրել են, թե անհանգստանալու հիմքեր չկան: Իմ կարծիքով՝ այս գործի հիմքում քաղաքապետարան-մարզպետարան հակասություններն են ընկած: Այն հանգամանքը, որ «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ լրագրողներն, աշխատում են իրենց իսկ անձնական տեխնիկական միջոցներով, արդեն վկայում է, որ հափշտակության մասին խոսք չի կարող լինել»,- ասաց Վ· Արմենակյանը:

Ընկերության դեմ խոշոր չափերի յուրացման հիմքով քրեական գործ հարուցելու փաստն անհիմն  է գնահատում նաեւ Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանը: «Շահադիտական դրդումը այստեղ պետք է երեւա՝ կոնկրետ անձի դեպքում: Եթե  մենք տեսնենք, որ ինքը գումարներ է յուրացրել, խաբել է, խաբեության միջոցով չարաշահել է մարդկանց վստահությունը եւ գումարներ է գրպանել,  միգուցե    մտածենք հնարավոր հանցագործության մասին, բայց երբ ամեն ինչ եղել է օրինական դաշտում, կատարվել է հիմնավորված, այսինքն՝ ավել գումարներ դուրս չեն գրվել,  առավելագույնը հնարավոր է խոսել պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին, որը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Եթե ինչ-որ խախտումներ կան պայմանագրի կատարման հետ կապված, ապա քաղաքապետարանը կարող է տվյալ կազմակերպության հետ քաղաքացիական կարգով, դատարանի միջոցով լուծել իր վեճը, բայց սա քրեական տիրույթում չէ»,- «Հետքին» իր համոզմունքը հայտնեց փաստաբան եւ Ռեւազյանը:

Վերջինիս կարծիքով՝ այն հանգամանքը, որ թերթի օգոստոս ամսվա համարի տպագրությունը նախաքննական մարմինը համարել է նախընտրական եւ ընդհանուր ծախսերի մեջ չի խորացել՝ անհեթեթ է: Որեւէ մեկն իրավունք չունի գրաքննություն իրականացնելու, որ տեսնի` թերթի այդ համարը նախընտրական է եղել, կամ՝ ինչ բովանդակություն ունեցել:  Ռ. Ռեւազյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարող էր այդ հարցը բարձրացնել, եթե, իհարկե, բովանդակային առումով որեւէ նշում կա ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված ծառայության պայմանագրում:

Արհեստականորեն մարզպետարանի եւ քննչական մարմինների կողմից նման մեղադրանք առաջադրելն, ըստ փաստաբանի, վկայում է, որ «այս գործը միտումնավոր է հարուցված եւ իրավական հիմք իրականում չկա»:

Ռոբերտ Ռեւազյանն անհեթեթ է համարում նաեւ մարզպետարանի միջամտությունը ՏԻՄ-ի գործունեությանը: «Մենք խոսում ենք ՏԻՄ-ի կայացման դերի եւ նշանակության մասին, բայց տեսնում ենք, որ իրականում չկա ՏԻՄ, որովհետեւ մարզպետարանը՝ գործադիր մարմնի ներկայացուցիչը, ցանկացած պահի կամայականությամբ կարող է ուղղակիորեն միջամտել ՏԻՄ-ի գործունեությանը»,-ընդգծեց փաստաբանը:

Խոսելով խոշոր չափի գումարներ հափշտակելու, դիտավորությամբ խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու հիմքով հարուցված քրեական գործի մասին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշում  է,  որ չեն բացառվում ինչ-ինչ ֆինանսական խախտումներ կամ պայմանագրային պարտավորությունների խախտումներ, սակայն ոչ մի կերպ հիմքեր չկան պնդելու, թե դիտավորյալ հանրային միջոց է հափշտակվել:

««Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրենի կատարած խմբագրական աշխատանքը իրավապահների կողմից գնահատվել է գրաքննչական դիրքից: Իրավապահներն իրենց իրավունք են վերապահել որոշելու` արդյոք թերթի բովանդակությունը շեղվել է պայմանագրում նշված բովանդակությունից: Բացի այդ՝ «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» որակումը, մեղմ ասած, չափազանցված է այս գործի համար: Այդպես են որակել, երեւի լրագրող-խմբագրին դժվարին կացության մեջ դնելու համար»,- կարծում է Լ. Բարսեղյանը:

«Երբ այս պատմությունը համեմատում ես պետական եւ համայնքային միջոցների ահռելի թալանի մեղավորներին ընդհանրապես չնկատելու հետ, ակնհայտ է դառնում, որ հատկապես պետք է եղել, որ լրագրողը մեղավոր լինի»,- շարունակում է նա:

Թե որքան կշարունակվի լրագրողական գործունեություն իրականացնող ընկերության դեմ հարուցված գործի քննությունը, դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաեւ դատաքննությունն ամեն անգամ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր նսատավայրեր փոխադրելը, նախ՝ Գորիսում, ապա Սիսիանում, այնուհետեւ՝ Կապանում: Այն դեպքում, երբ գործով անցնող մեղադրյալներն ու վկաները բնակվում են Սիսիանում: Նրանք հիմնականում լրագրողներ են եւ դատական նիստին մասնակցելու համար ամեն անգամ մոտ 250 կմ ճանապարհ են կտրում, բավականաչափ գումար են ծախսում Կապան հասնելու համար՝ համոզված չլինելով՝ կկայանա՞ դատական նիստը, թե՝ ոչ:

 

Մեկնաբանություններ (1)

Նարա Հովհաննիսյան
Անհնար է ազնիվ աշխատավորի ընտանիքում ծնված ու մեծացած Արմեն Հովակիմյանը դրամաշորթության նպատակ ունենա,բոլորս ենք ճանաչում նրան և նա անընդունակ է նենգավոր քայլի,թող իրական մեղավորների հասցեին ցեխ շպրտվի,բայց ոչ նրա,ով սրտացավ ընկեր է,ծնողասեր որդի,զոհված հերոսի եղբայր......կարծում եմ թվարկումն արդեն ավելրոդ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter