HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարի անց նախկին զինդատախազը օպերատիվ տվյալներ է հայտնել

Համածառայակիցների սպանության մեղադրանքով 19 տարեկանում մահապատժի (2003-ից՝ ցմահ ազատազրկում) դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործով կան նոր երևան եկած հանգամանքներ:

Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով:

Դատարանների կենտրոնական արխիվում «Հետքը» ծանոթացել է 1997թ. Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված շարքային Արթուր Մկրտչյանի քրեական գործին, լուսաբանել, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել Արթուրի հետ:

Հիշեցնենք, որ ցմահ բանտարկյալը 1996-ին նախաքննության ժամանակ խոշտանգումների հետևանքով նախ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է, որ չի սպանել 5 համածառայակիցներին, որ նրանց սպանել են Կոթիի զորամասի դիրք եկած 3 անծանոթներ, ովքեր եկել էին զենք գնելու նպատակով:

Ո՞րն է Արթուր Մկրտչյանի գործով նոր երևան եկած հանգամանքը 

ՀՀ գլխավոր դատախազին դիմելու հիմք է դարձել «Հետքի» այս տարվա փետրվարի 6-ի «Մահվան դատավճիռ` «միգուցե»-ով» վերնագրով հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Հետքին» տված հարցազրույցում նախկին զինդատախազը որոշ օպերատիվ տվյալներ է հայտնել: Մասնավորապես՝ այն, ինչ դատարանում ցուցմուք տալով հայտնել է շարքային Արթուր Մկրտչյանը: Ըստ նախկին զինվորի ցուցմունքի` 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթիի զորամասի 18 պահակակետում զինվորներին սպանել են երեք անծանոթներ: Նախաքննության ընթացքում Արթուրը ստիպված հորինել է ինքնախոստովանական ցուցմունքներ, քանի որ այդ երեքը հակառակ դեպքում կսպանեին նաև իր հարազատներին: Արթուր Մկրտչյանը դատական նիստում հայտնել է նաև, որ անծանոթների ավտոմեքենան ինքը տեսել է իրենից 2-3 մետր հեռավորության վրա և այն պահին, երբ նրանք սպանել են իր ընկերներին: Արթուրն ասել է, որ այդ գիշեր պահակակետում տեսել է «Նիվա» մակնիշի մեքենա՝ ՌՈ-ի պետական համարանիշներով, որտեղ եղել է երեք մարդ, որ եղել է զենքի առևտուր: Ասել է, որ անծանոթներից մեկն իրեն ստիպել է ծնկի իջնել և չշարժվել: Արթուրը նշել է, որ այդ ընթացքում լսել է կրակոցների ձայներ: Երբ մեքենան հեռացել է, Արթուրը քայլել է առաջ ու խրամատի մեջ դիակներ տեսել: Այդ պահին վախեցած փախել է: Հայտարարվել է հետախուզում: Արթուրին հայտնաբերել են միայն 15 օր անց՝ Սևանում:

Սակայն Գերագույն դատարանի զինվորական գործերով կոլեգիայի կայացրած դատավճռում նշված է. «Դատական նիստում ամբաստանյալ Ա. Մկրտչյանի կողմից տրված նման ցուցմունքները դատական կոլեգիան հերքում է արժանահավատ չլինելու պատճառով: Այդ ցուցմունքները հակասական են, իսկ իր բացատրությունները նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքների կապակցությամբ ձևական են, իրարամերժ և նույնպես հակասական»: Դատարանը որոշել է, որ Արթուրն այդ կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից:

Դեպքից գրեթե 19 տարի անց նախկին զինդատախազը հաստատել է Արթուր Մկրտչյանի ցուցմունքը, հաստատել է, որ դիրքերում այդ օրը անծանոթներ են եղել, ովքեր եկել են զենք գնելու:

Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույցում նշել է. «Իմ մասնակցությունն այդ գործին եղել է 1997-ին, երբ Արթուրն արդեն դատապարտված էր: Նոր Հաճնի բնակիչները՝ ստորագրություններով ու դատապարտված զինվորի հարազատները դիմել էին ինձ, որպեսզի նոր վարույթ սկսվի այդ գործով: Այո՛, 1997թ. հանդիպել եմ Արթուր Մկրտչյանի հետ: Նա լրիվ տեղյակ էր դեպքին և պատմում էր երեք զինվորների սպանության մասին: Չեմ ուզում Ձեզ օպերատիվ տեղեկատվություն հայտնել, բայց դիրք եկած մարդիկ, ըստ էության, եկել էին Արթուր Մկրտչյանից զենք գնելու համար: Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում... Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ դեպքի ժամանակ չեմ եղել զինվորական դատախազ, այդ դատավճռի հետ կապ չունեմ: Բայց վարույթ եմ հարուցել, օպերատիվ մարմիններին հանձնարարություններ տվել, գործի վերաբացման հիմքեր չենք գտել: Չեմ բացառում, որ հիմա կարող են դրանք ձեռքբերվել»:

Օպերատիվ տվյալները չեն դարձել քննության նյութ 1996թ.

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում նշեց. «Նախկին զինդատախազի տված հարցազրույցով հաստատվում է, որ անծանոթներ են եղել դիրքերում, որ նրանք եկել էին զենք գնելու մտադրությամբ: Այս ամենը ապացուցում է, որ 1997թ. դատարանը կայացրել է չհիմնավորված դատավճիռ, ճիշտ վերլուծություններ չեն արվել 5 զինվորների սպանությունները կատարելու դրդապատճառների, կատարող անձանց և այլնի վերաբերյալ: Ձեռք բերված օպերատիվ տվյալները երբևէ դատական քննության առարկա չեն հանդիսացել և դրանց մասին պաշտպանական կողմին հայտնի չի եղել: Այո՛, զինդատախազի հայտնածը նոր երևան եկած հանգամանք է: Այն ապացուցում է Արթուր Մկրտչյանի անմեղությունը կամ առնվազն նրա կողմից կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»:    

Մեկնաբանություններ (2)

ընթերցող
Իսկ ԶԵՆՔԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ հաստատված է? Եթե այո, ապա բացահայտված է արդյոք որտեղ է զենքը, որտեղ են գնորդները? Ուր է վճարված գումարը? Եթե այս հարցերը պարզված են, ապա մեղավորներն ու դատապարտվածները պիտի շատ լինեին: Եթե պարզված չեն գործի բոլոր հանգամանքները, ապա ինչպես են դատապարտել այդ մարդուն??
ՀԱՅՈՒՀԻ
էէէ, ընթերցող ջան, լիքը մարդ են դատապարտել առանց պարզելու գործի բոլոր հանգամանքները, ինչի՞ց ես խաբար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter