HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավական կազուս` Հայկ Կյուրեղյանի դատական գործում

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստին ներկա չէր ինքը` Հայկը. պատճառը նախորդ նիստի ժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից կիրառված սանկցիան էր: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 10 ժամով հեռացվել էր նիստերից դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու` «Ոտքի, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո չկանգնելու համար:

Ոտքի չկանգնելու ակցիա դատարանում

Այս անգամ էլ Հայկի նույն ակցիան կրկնեց ակտիվիստ Վարդգես Գասպարին` ոտքի չկանգնելով դատարանում ու պնդելով, որ դատարանը իշխանության շահերն է միայն պաշտպանում: Դատավորը դարձյալ սանկցիա կիրառեց` հեռացրեց Գասպարիին նիստերի դահլիճից: Նիստը ընդմիջվեց, քանի որ ակտիվիստը ինքնակամ չլքեց դահլիճը, կարգադրիչները գրկելով դուրս բերեցին նրան, որից հետո Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախասրահում Վարդգես Գասպարին մոտ 10 րոպե պառկած մնաց:

Դրանից հետո Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, հորդորեց Գասպարիին ավարտել ակցիան, ինչից հետո վերջինս դադարեցրեց ակցիան. «Արմենակը նոր ինձ փոխանցեց, որ Հայկը խնդրել է, որ ազատության մեջ իրեն սատարող քաղաքացիները չկիրառեն նույն ակցիան: Ես ընդունեցի իր հորդորը, թեպետ համաձայն չեմ իր հետ: Այդ հարցը մենք նամակով կքննարկենք միասին»,- «Հետքին» ասաց Վարդգես Գասպարին` նշելով, որ Ծննդյան տոներից առաջ բոլոր քաղբանտարկյալներին եռագույն դրոշներ ու նամակներ է ուղարկել, և այդպես Հայկ Կյուրեղյանի հետ սկսել է իրենց նամակագրությունը:

«Դուք մի օրենքը նայում եք, մյուսը` ոչ». փաստաբանը` դատավորին   

Ընդմիջումից հետո հանրային պաշտպանի գրասենյակից  ներկայացավ փաստաբան Անժելա Հոբոսյանը, քանի որ Հայկ Կյուրեղյանը հրաժարվել էր պաշտպան Արա Զաքարյանի ծառայություններից: Դատարանը նախորդ նիստին որոշել էր ներգրավել հանրային պաշտպան: Սակայն «Հետքի» հետ զրույցում Արմենակ Կյուրեղյանը նշել էր, որ որդին հրաժարվում է ոչ թե կոնկրետ Արա Զաքարյանի ծառայություններից, այլ փաստաբան ունենալուց առհասարակ, քանի որ գտնում է, որ իր գործով դատավարությունը իրավական դաշտում չէ, այլ` քաղաքական:

Հանրային պաշտպանը մեջբերեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը, որով սահմանված են մեղադրյալի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված է, որ մեղադրանք առաջադրելու պահից անձը իրավունք ունի ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն:

-Այսինքն` Հայկ Կյուրեղյանը պետք է համաձայնություն տա, որ ես ներկայացնեմ իր շահերը դատարանում,- ասաց փաստաբանը:

-Սակայն նույն օրենսգրքի 69-րդ հոդվածով, երբ ամբաստանյալը հեռացված է նիստերի դահլիճից, փաստաբանի մասնակցությունը պարտադիր է,- նշեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:

-Բայց ո՞ւմ շահերը պետք է ներկայացնեմ, եթե Հայկ Կյուրեղյանը նույնիսկ չի համաձայնել, որ ես պաշտպանեմ իրեն, հարգելի դատարան, Դուք մի օրենքը մեջբերում եք, մյուսը` ոչ,- շարունակեց փաստաբանը:

Դատարանը որոշեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբան Անժելա Հոբոսյանը կայցելի «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսակցելու Հայկ Կյուրեղյանի հետ` նրա շահերը պաշտպանելու համաձայնություն կամ անհամաձայնություն ստանալու նպատակով:

«Հետքի» հարցին, թե ինչ կլինի, եթե, այնուամենայնիվ, Հայկ Կյուրեղյանը հրաժարվի պաշտպանի ծառայություններից, քանի որ, հոր խոսքով, առհասարակ չի ցանկանում փաստաբանական ծառայություն ունենալ, Անժելա Հոբոսյանը նկատեց, որ Քրեական դատավարության նույն օրենսգրքով սահմանված է, որ այդ դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը, նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները: «Սակայն այդ դեպքում էլ հարց կարող է առաջանալ, և ամբաստանյալը կարող է թույլ չտալ ծանոթանալ իր վերաբերյալ քրեական գործին: Իմ կարծիքով, մեխանիզմների առումով թերի է այս դրույթը: Անկեղծ ասած` երբևէ նման իրավիճակ չի եղել»,- ասաց Անժելա Հոբոսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 28-ին:

-Բայց հունվարի 28-ը հայոց բանակի օրն է, տոնական, ոչ աշխատանքային օր,- հնչեց դահլիճից:

Դատարանը հետագայում կփոխի նիստի օրը, իսկ մինչ այդ Հայկ Կյուրեղյանի մայրը`տիկին Նվարդը, մեկ նկատառում արեց դատարանին` Դուք խախտում եք տղայիս իրավունքները:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Որ դատավորին նայում ես պաշտոնապես հայտարագրված միլիոնավոր ու դրանից մի քանի անգամ էլ ավելի չհայտարագրված դոլարներ ունի: Շատ տարօրինակ և բութ մարդկանց ստեղծած օրենք է, որ մարդ կոչվողներին ստիպում է ոտքի կանգնել և հարգել այդ միլիոնները, այսինքն հարգել օրենքի դեմ գործող կաշառակերների համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter