HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ դիտարկումներ` Գյումրիի սպանդի հետ կապված բողոքի ցույցերի հետքերով

Էդգար Վարդանյան

Գյումրիում տեղի ունեցած սպանդը ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման պատճառ հանդիսացավ: Ելնելով հնչած կոչերի, բողոքի գործողությունների, տարաբնույթ զրույցների և նմանատիպ այլ աղբյուրների ուսումնասիրությունից` կարող ենք եզրակացություն անել, որ մարդկանց փողոց էր դուրս բերել ինչպես ոճրագործության բուն փաստը, որն իր դաժանությամբ չի տեղավորվում մարդու ուղեղում, այնպես էլ հայկական և ռուսական իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքը կատարվածի և հանրության սպասելիքների նկատմամբ։

Մարդիկ նաև վրդովված և ցնցված էին այն փաստից, որ կասկածվողը ոչ թե ինչ-որ սովորական հանցագործ է կամ, ասենք, հակառակորդ պետության դիվերսանտ, այլ ռուսական զինվոր, ով ծառայում է ռուսական ռազմաբազայում, որը, ըստ տարածված պատկերացումների, ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է։

Բողոքի ցույցի դուրս եկածները խիստ դժգոհ էին, որ մեղադրյալը պահվում է ռուսական բազայում, որ նրան ձեռբակալել են ոչ թե հայ իրավապահները, այլ ռուսական սահմանապահները, որ ձերբակալելուց հետո կասկածյալին չեն հանձնել հայ իրավապահներին, ինչպես, ըստ ցուցարաների, պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, որ իշխանությունները ուշ են արձագանքել սպանությանը, որ երկար ժամանակ չեն կարողացել հայտնաբերել կասկածյալին, որ իշխանությունները հստակ տեղեկատվություն չեն տալիս հանրությանը, որ հայտարարում են, թե, ըստ ՌԴ Սահմանդրության, մեղադրյալը, լինելով ՌԴ քաղաքացի, պետք է դատվի ռուսական արդարադատության կողմից, որ ռուսական կողմը ներողություն չի խնդրում հայ ժողովրդից և այլն:

Բողոքողներից շատերին վրդովեցրել էր նաև ռուս զինվորի բացատրությունը, որը, ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է, ասել է, որ ջուր խմելու համար է մտել Ավետիսյանների տուն և վախից է սպանել ընտանիքի անդամներին: Կասկածների տեղիք է տալիս շատ հանգամանքներ, այդ թվում` այն փաստը, որ մեղադրյալը հանցագործության վայրում թողել է իր հագուստը, «կալաշնիկով» ավտոմատը, կոշիկները, որի վրա գրված է իր անունը:

Հարկ է նշել, որ բողոքը, ըստ էության, ուներ երկու թիրախ` ՌԴ և ՀՀ համապատասխան իշխանական մարմինները: Կարելի է ասել, որ նորագույն պատմության ժամանակահատվածում Հայաստանում առաջին անգամ հուժկու բողոք գրանցվեց, որում բավականին շատ էր հակակրեմլյան հռետորաբանությունը, հակակրեմլյան, բայց ոչ հակառուսական: Ակցիաների ժամանակ ռուս էթնոսի, ռուսական հանրության դեմ ոչ մի բացասական բան չի ասվել և այս առումով, բացարձակապես սնանկ են որոշ մեկնաբանների պնդումները, թե ցուցարարները ազգամիջյան կոնֆլիկտ են հրահրել:

Հարկ է նշել, որ բողոքների կողմից մինչ այժմ գրանցվել է մեկ հիմնական պահանջ` հանձնել մեղադրյալին հայ իրավապահներին և դատել հայկական դատարանում: Բողոքողներից շատերը նշում են, որ իրենց համար արժանապատվության, «թասիբի» խնդիր է, որ մեղադրյալը հանձնվի հայկական կողմին։

Ի դեպ, պրոկրեմլյան շրջանակները հասկացնում են, որ մեղադրյալը չպետք է հանձնվի հայկական կողմին, որ դա իրենց համար պատվի խնդիր է։ Հակառակ սրան` պուտինյան ռեժիմը քննադատող ռուսաստանյան մեկնաբանները նշում են, որ մեղադրյալին պետք է հանձնել հայկական կողմին և որ ռուսական իշխանությունները իրենց մերժողական և անտարբեր պահվածով նվաստացնում են հայերին և իրենց գործողություններով Ռուսաստանի դեմ են տրամադրում վերջինիս ամենամտերիմ պետությանը՝ Հայաստանին։

Առանձին պետք է անդրադառնալ բողոքի ցույցերի կազմակերպիչների հարցին։ Ցույցերը չէին կազմակեպվել որևէ առանձին կազմակերպության, կուսակցության կամ նախաձեռնության կողմից, դրանք, ամենայն հավանականությամբ, ինքնաբուխ են եղել, սակայն, տարբեր քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց մեջ, ի դեպ, չկային կուսակցական առաջնորդներ, մասնակցել են ցույցերին և փորձել որոշակիորեն համակարգել բողոքի գործողությունները, բանակցել իշխանական մարմինների հետ, ձևակերպել պահանջները և այլն։

Էստ էության, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները պաշտոնապես չեն մասնակցել բողոքին։ Կուսակցությունները չեն օգտագործել իրենց հնարավորությունները, ռեսուրսները` բողոքը ավելի ծավալուն, ավելի կազմակերպված դարձնելու համար։ Կարելի է ենթադրել, որ շատերն ուղղակի պատրաստ չէին դեպքերի նման զարգացումներին։ Սակայն հաշվի առնելով այն, որ խոշոր ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը, արդարացիորեն, թե ոչ, համարում է, որ Ռուսաստանը ՀՀ-ի անվտանգության միակ երաշխավորն է, չի բացառվում, որ այդ կուսակցությունները ուղղակի չեն ցանկացել ուժեղացնել մի բողոք, որը, ինչպես արդեն նշել ենք, պարունակում էր  խնդրո շուրջ դիրքորոշման հետ կապված Ռուսաստանի ներկայիս ռեժիմին ուղղված խիստ քննադատություն։

Սակայն, ստացվում է, որ ժողովրդի արդարացի բողոքը չի ստանում գործնական աջակցություն իր կողմից ընտրվածների, իր ներկայացուցիչների կողմից և արդյունքում այդ բողոքը պակաս արդյունավետ է լինում։ Այսպիսի «ռեալ պոլիտիկը» նաև կարող էր նպաստել նրան, որ բողոքը վերածվեր քաոսի, ինչի նշանները արդեն երևում էին հունվարի 15-ին։

Այս պայմաններում չափազանց մեծ պետք է լինի քաղաքացիական ակտիվիստների դերակատարությունը, որոնք մի կողմից, չլինելով կուսակցական, կարող են դուրս գալ «ռեալ պոլիտիկի» տիրույթից, մյուս կողմից, կարող են ավելի կազմակերպված և գրագետ դարձնել սեփական արժանապատվության, արդարության համար մղվող հայաստանցիների պայքարը։ Պետք է նշել, որ հանրությունը չի վստահում ինչպես ռուսական, այնպես էլ հայկական պետական մարմիններին և այս պայմաններում, եթե նույնիսկ հայկական կողմին հանձնվի մեղադրյալը, մարդիկ միայն կիսով չափ են բավարարվելու և չեն «գնալու տուն»։ Ուստի, կարծում ենք, որ հանրության շահերից է բխում սպանության գործի նկատմամբ հանրային հետաքննություն իրականացնող, խնդրի վերաբերյալ հանրային պահանջները ձևակերպող եւ բողոքը առավել գրագետ կազմակերպելու գործառույթ ունեցող քաղաքացիական նախաձեռնություն, շարժում ձևավորելը։ 

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter