HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգված տեսակի կապիկն անհետացել է. նախաքննական մարմինը հարցումներ է ուղարկել Կոնգո և Գվինեա

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղակայված «Ջամբո» էկզոտիկ այգու հազվագյուտ բոնոբո տեսակի կապիկն այլևս այգում չէ: Այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հավաստմամբ, այն սատկել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին: Հիշեցնենք՝ բոնոբոն Միջազգային կարմիր գրքում գրանցված վտանգված տեսակ էր, որը պահելու համար հատուկ պայմաններ ու ներմուծման թույլտվություն է անհրաժեշտ:

Այդ կապիկը, ինչպես նաև բազում այլ վտանգված տեսակի կենդանիների ներմուծողը Հայաստան «Զու ֆաունա արտ» ընկերությունն էր, որի տնօրեն Արթուր Խաչատրյանի նկատմամբ մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցված: Այն մեկ տարի է՝ ընթանում է:

Ֆինանսների նախարարությանը խնդրել էինք հայտնել, թե թե ի՞նչ ընթացք է ստացել քրեական գործի քննությունը և ինչ է պարզե՞լ քննությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը մեր հարցմանը պատասխանել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում, անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելուց հետո, քրեական գործի ընթացքը լուծելու համար` հարցումներ են կատարվել Գվինեայի Հանրապետություն և Կոնգոյի Հանրապետություն: Այդ պատասխանները, ըստ ֆինանսների նախարարության, կարևոր նշանակություն ունեն քրեական գործի քննության հետագա ընթացքի համար, սակայն մինչ օրս դրանք չեն ստացվել:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ գեներալ-մայոր Արթուր Աֆրիկյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել էր 2010-13թթ. CITES թույլտվություններով Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը: Համաձայն այդ ցուցակի՝ բացի 2011-ին Հայաստան ներկրված երկու բոնոբոներից (Pan paniscus), 2012-ին ևս երկուսն է ներկրվել և չի արտահանվել: 2012-ի նույն CITES թույլտվությամբ ներկրվել է նաև կոնվենցիայի առաջին՝ ամենավտանգված տեսակների հավելվածի 4 շիմպանզե (Pan troglodytes) և 4 դիանա կապիկ (Cercopithecus diana): Այս կենդանիները նույնպես չեն արտահանվել:

ՖՆ-ն հարցրել էինք, թե քննությամբ պարզվե՞լ է, թե որտեղ են այժմ գտնվում ներկրված 4 բոնոբոները, 4 շիմպանզեները և 4 դիանա կապիկները, ի՞նչ պայմաններում են պահվում:

Բացի դրանից, քննությունը պարզե՞լ է, թե որտեղ են թաղվել սատկած բոնոբոներըը: Հիշեցնենք՝ ըստ ներկրողի, առաջին բոնոբոն սատկել էր ներմուծումից մեկ շաբաթ անց: Արդյոք կատարվել է արտաշիրիմում՝ կապիկների սատկելու փաստի իսկությունը ճշտելու համար:

«Ինչ վերաբերում է Ձեր կողմից առաջ քաշված հարցերին, ապա քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դրանց վերաբերյալ կատարվում է քննություն և ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել ֆինանսների նախարարությունը:

Փաստաբան Արա Ղազարյանը պարզաբանեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածը նախատեսում է, որ քրեական գործով նախաքննության ժամկետը 2 ամիս է, սակայն այն կարող է երկարացվել: Սակայն թե որքան կարող է երկարացվել նախաքննության ժամկետը, օրենքը չի հստակեցնում: «Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը, քննիչի որոշման հիման վրա, չի ասվում՝ քանի անգամ: Օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը մինչև մեկ տարի է սահմանում, իսկ այսօրվա օրենսգրքում դա չի սահմանվում: Ստացվում է, որ անսահման կարող է երկարացվել: Այստեղ Եվրոպական կոնվենցիան կարող է դերակատարություն ունենալ, որ եթե ըստ էության անգործություն է, ոչինչ չի արվում, ուղղակի ձևական երկարացում է, դա արդեն դատավարության ողջամիտ ժամկետների իրավունքին կարող է հակասել»,-հավելեց Արա Ղազարյանը: 

Նշենք, որ կենդանիների հետաքննության շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության հետ դատական վեճից հետո նախարարությունը չի բողոքարկել «Հետքի» օգտին դատարանի կայացրած վճիռը և կատարել է այն: Այսօր «Հետքը» ստացել է կենդանիների ներկրման և արտահանման վերաբերյալ պահանջված թույլտվությունների պատճենները, որոնց կանդրադառնանք առաջիկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter