HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 տարի բանտում՝ իրական մարդասպանի փոխարեն

«Ես չէի դադարում կրկնել, որ Աստված գիտի՝ ես անմեղ եմ»,- արդարացման դատավճռով դուրս գալով դատարանի դահլիճից երեկ ասել է 70 –ամյա ամերիկացի Ջոզեֆ Սլեջը, ով մոտ 40 տարի անցկացրել է բանտում չկատարած հանցանքի համար: ԴՆԹ թեստը ապացուցել է, որ կյանքի կեսից ավելին բանտում անցկացրած Սլեջը բացառապես անմեղ է: Այս մասին հայտնում է cnn.com-ը: Այսպիսով՝ Սլեջը դարձավ 326-րդ քաղաքացին, ով իրեղեն ապացույցների պահպանման ու ԴՆԹ թեստի արդյունքներով վերագտավ բաղձալի ազատությունը: 

Մինչ Ջոզեֆ Սլեջը 40 տարի անցկացրել է բանտում սուտ ցուցմունքի պատճառով, երկու կանանց սպանած իրական հանցագործը ազատության մեջ է: Երեկ Հյուսիսային Կարոլինայի գլխավոր դատախազը ներողություն է խնդրել Սլեջից՝ նշելով, որ ամեն քայլ կձեռնարկեն իրական մարդասպանին հայտնաբերելու համար: Իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ՝ մասնավորոպես երկու կանանց դիակների վրա հայտնաբերված մազերի, ԴՆԹ թեստը պարզել է, որ դրանք չեն պատկանում Սլեջին: Բացի այդ, վկաներից մեկը դատարանում ցուցմունք է տվել, որ մոտ 40 տարի առաջ սուտ ցուցմունք է տվել՝ մեղադրելով Սլեջին, քանի որ իր վրա ճնշում են գործադրել իրավապահները: 

1976 թ.-ին Ջոզեֆ Սլեջը հայտնվել է սխալ պահին, սխալ տեղում 

Ջոզեֆ Սլեջը 1976 թ.-ի սեպտեմբերի 5-ին փախել է բանտից, որտեղ 4 տարվա պատիժ է կրելիս եղել գողության համար: Իսկ մեկ օր անց սեփական տանը հայտնաբերվել են Ջոզեֆինա և Այլեն Դեվիսների դիակները: 68-ամյա ու 34-ամյա սպանված կանայք եղել են մայր ու դուստր: Իսկ 3 օր անց իրավապահները հայտնաբերել են Ջոզեֆին սպանության վայրին մոտ: Դեպքի վայրում հայտնաբերված 100 մատնահետքերից որևէ մեկը չի համընկել մեղադրյալի մատնահետքերին: Սակայն այս հանգամանքը չի խանգարել նրան դատապարտելու ցմահ ազատազրկման:   

Պայքար՝ անմեղությունն ապացուցելու համար 

ԱՄՆ քաղաքացի Ջոզեֆ Սլեջը 1993 թ.-ին առաջին անգամ լսել է ԴՆԹ թեստի կատարած հրաշքների մասին: 20 տարի շարունակ նա դիմումներ, նամակներ է գրել դատախազություն, որպեսզի ապացույցների վրա կատարվի թեստ, սակայն մշտապես ստացել է մերժումներ: Նա ավելի քան 3 տասնամյակ պայքարել է քրեական գործի վերաբացման համար, բայց դատախազությունն ու դատարանը մշտապես պնդել են, որ անհրաժեշտ են նոր ապացույցներ: 2003 թ.-ին դատապարտյալը գրել է առաջին նամակը Innocence Project  (Անմեղության ծրագիր) կազմակերպությանը: Փաստաբանները սկսել են զբաղվել այս գործով, թեպետ իրավապահ մարմինները պատասխանել են, որ ոստիկանության հավաքած ապացույցները գոյություն չունեն: Տարիներ անց միայն 2013-ին պատահմամբ հայտնաբերվել են կնքված ծրարի մեջ պահպանված իրեղեն ապացույց հանդիսացող մազերը:   

Ամերիկյան պետությունը դատական ճակատագրական սխալի համար Ջոզեֆ Սլեջին պետք է վճարի 750.000 ԱՄՆ դոլար: 

Ազատության մեջ առաջին ժամերը

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա նշել է, որ առաջինը, ինչ ուզում է անել, տուն գնալն է. «Կհանգստանամ, կքնեմ իսկական անկողնում, միգուցե նաև լողամ լողավազանում»: 

Չնայած այս ամենին, Հայաստանում դեռ իներցիայով չեն պահպանվում իրեղեն ապացույցները

Թեպետ մեր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում մեր համառ լուսաբանումների ու առաջարկների շնորհիվ սահմանվել է նոր դրույթ՝ 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, այդուհանդերձ, քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, ապացույցները Հայաստանում դեռ ոչնչացվում են: 

«Հետքը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գայանե Ասոյանի սպանության մեջ մեղադրված ու 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանի գործին: Դատավճռի վերջում կարդում ենք. «Իրեղեն ապացույցներ ճանաչված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված և վերցված արնանման հետքերի բինտե յոթ խծուծները, դիակի կրծքավանդակի շրջանում հայտնաբերված 7 հատ մազերը, Գ.Ասոյանի դիակի ձեռքերի մատների եղունգների նմուշները, Գ.Ասոյանի դիակի եղունգների նմուշների տակ հայտնաբերված մանրաթելերը, ինչպես նաև Ա.Շահզադյանի շալվարը ոչնչացնել»: 

Մինչդեռ այս գործով իրեղեն ապացույցները պահպանելու դեպքում հնարավոր կլիներ ԴՆԹ թեսթ անցկացնել դիակի վրա հայտնաբերված 7 մազերից 5-ի պարագայում ու վերջնականապես պարզել, թե ով է սպանել Գայանե Ասոյանին: 

Լուսանկարները՝ newsobserver.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter