HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ փորձաքննությամբ կարելի էր իմանալ` ով է մարդասպանը

Զարուհի Մեջլումյան
Էդիկ Բաղդասարյան 

Սկիզբը

Ինչո՞ւ չի կատարվել ԴՆԹ թեսթ 

«2011թ. մայիսի 26-ին` ժամը 22-ի սահմաններում, Աշոտ Շահզադյանը Գայանե Ասոյանին բռնաբարելու դիտավորությամբ մտել է նրա տուն, որտեղ տան մուտքի դռան մոտ, բռունցքով հարվածելով նրա դեմքին, վայր է գցել, ապա բռնի տեղափոխելով ննջասենյակ՝ պառկեցրել է մահճակալին, մերկացրել է և բռնություն գործադրելով, այն է` ձեռքերով ոտքերն իրարից հեռացնելով, կրծքագեղձերի պտուկները կծելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Բռնաբարության ընթացքում Գ.Ասոյանի դիմադրությունը կոտրելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ա.Շահզադյանը բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքին, և գանգի հիմի ոսկրերի, քթոսկրի, այտոսկրի կոտրվածքների ձևով մարմնական վնասվածքներ պատճառելով բռնաբարությամբ զուգորդված սպանել է Գ.Ասոյանին և դիմել փախուստի»: 

Սա հատված է Այնթափ գյուղի 23-ամյա բնակիչ Աշոտ Շահզադյանի գործով մեղադրական եզրակացությունից, որը հաստատել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Արսենյանը: Սակայն բռնաբարության վարկածը փլվել է դիակի դատաբժշկական եզրակացությունը ստանալուց հետո, ըստ որի սերմնահեղուկ չի հայտնաբերվել 58-ամյա կնոջ՝ Գայանե Ասոյանի մարմնի վրա: Այնուամենայնիվ, եռաստիճան դատական համակարգը մեղավոր է ճանաչել Աշոտին՝ Գայանեի սպանության մեջ ու դատապարտել 20 տարվա ազատազրկման: 

Աշոտը, ով 3 տարի պատիժ է կրում,  «Հետքին» պատմեց, թե ինչպիսի բռնությունների ու խոշտանգումների հետևանքով է տվել ինքնախոստովոնական ցուցմունքը, իսկ նախաքննության վերջից պնդել, որ ինքը մեղավոր չէ, որ տիկին Գայանեին սպանել է համագյուղացի Թեմուրը Ջավոյանը ու իրեն սպառնացել իր անունը չտալ, այլապես կվնասի Աշոտի եղբոր երեխաներին: 

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Գայանե Ասոյանի պտուկների վնասվածքները կարող էին առաջանալ կծելու հետևանքով: Եթե դրանք կծոտած են, ապա այնտեղ պետք է թուք լինի և ատամների հետքեր: Ելնելով նրանից, որ հանցագործը արագ հեռացել է՝ լսելով դռան թակոց, մեծ է հավանականությունը, որ չի հասցրել որևէ հետք վերացնել: Քննչական խումբը, սակայն, ավագ քննիչ Կ.Թադևոսյանի գլխավորությամբ, Շահզադյանի թքի կամ բերանի լորձաթաղանթի որևէ նմուշ չի վերցրել, չի ուսումնասիրել տուժողի պտուկների վրա առկա ատամների հետքերը, չի համադրել դրանք Աշոտ Շահզադյանի ատամների հետ: 

Միայն մեկ ԴՆԹ թեսթ անելով՝ հնարավոր էր պարզել՝ արդյոք թուքը պատկանում է Աշոտ Շահզադյանին, թե այլ մարդու: 

Թե 21-րդ դարում ինչու չի արվել այդ փորձաքննությունը, մնում է միայն ենթադրել: 

Փոխարենը՝ Աշոտ Շահզադյանի մայրը՝ Լյուդմիլա Շահզադյանը, այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրված նամակում նշել է, որ քննիչ Կ. Թադևոսյանը մի քանի ամիս իրենց պահել է բարոյահոգեբանական ճնշման տակ: 

Ի՞նչ փորձաքննություններ են դրվել մեղադրանքի հիմքում 

Մեղադրանքի հիմքում դրվել է մանրաթելերի քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, Գայանե Ասոյանի ձեռքերի մատների եղունգների կտրվածքների վրա և դրանց տակի պարունակությունների մեջ հայտնաբերված օտար բնական և քիմիական մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Աշոտ Շահզադյանի անդրավարտիքի գործվածքի կազմի մեջ մտնող բնական բամբակյա կապույտ գույնի մանրաթելերի հետ և ինչը վկայում է, որ Գայանե Ասոյանը դիմադրություն է ցուցաբերել Աշոտ Շահզադյանին: Մինչդեռ, նույն հագուստից՝ ջինսե տաբատ ունեցել է նաև տուժողի որդին, և հնարավոր է, որ այն լվանալու ընթացքում կարող էին այդ մանրաթելերը լինել: Սակայն այդ հանգամանքը դատարանը հաշվի չի առել: 

Մեղադրանքի հիմքում դրվել են նաև դիակի վրա հայտանբերված 7 մազերից հինգի փորձաքննությունը, որոնք, ըստ փորձագետի, նմանություն ունեն Աշոտ Շահզադյանի նախաբազկի ու կրծքավանդակի մազերին: Սակայն մազերի նույնականությունը դարձյալ հնարավոր կլիներ պարզել միայն ԴՆԹ թեսթով, ինչը չի արվել 21-րդ դարում՝ 2011 թ.-ին: 

Դատավճռի հիմքում չի դրվել մատնադրոշմային փորձաքննության արդյունքը, ըստ որի սպանության վայրից վերցված մատնահետքերում առկա չեն եղել Աշոտին պատկանող մատնահետքեր: 

«Լուս Աստղ»  տոպրակներով իրեղեն ապացույցները ոչնչացված են 

«Հետքը» Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում, ուսումնասիրելով 20 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Շահզադյանի գործը, ով արդեն 3 տարի է պատիժ է կրում «Արթիկ» ՔԿՀ-ում, արձանագրեց իրեղեն ապացույցների նկարագրությունները: Դրանք ներկայացվել էին փորձագետներին «Լուս Աստղ» գրությամբ ցելոֆանե տոպրակներով:

Թեպետ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում սահմանվել է նոր դրույթ՝ 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, այդուհանդերձ, քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, ապացույցները Հայաստանում դեռ ոչնչացվում են: 

Աշոտ Շահզադյանի դատավճռի վերջում կարդում ենք. «Իրեղեն ապացույցներ ճանաչված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված և վերցված արնանման հետքերի բինտե յոթ խծուծները, դիակի կրծքավանդակի շրջանում հայտնաբերված 7 հատ մազերը, Գ.Ասոյանի դիակի ձեռքերի մատների եղունգների նմուշները, Գ.Ասոյանի դիակի եղունգների նմուշների տակ հայտնաբերված մանրաթելերը, ինչպես նաև Ա.Շահզադյանի շալվարը ոչնչացնել»: 

Մինչդեռ այս գործով իրեղեն ապացույցները պահպանելու դեպքում հնարավոր կլիներ ԴՆԹ թեսթ անցկացնել դիակի վրա հայտնաբերված 7 մազերից 5-ի պարագայում ու վերջնականապես պարզել, թե ով է սպանել Գայանե Ասոյանին: 

Հ.Գ. Աշոտ Շահզադյանը «Հետքին» պատմեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում անցյալ տարի ամուսնացել է իր ընկերուհու հետ: Տեսակցում են տարին մեկ անգամ. այդպես է սահմանված Քրեակատարողական օրենսգրքով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածների պարագայում: 26-ամյա երիտասարդը նաև ասաց, որ պայքարելու է անմեղությունը ապացուցելու համար: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
ԴՆԹ-ի տեստը կատարվում է ամբողջ աշխարհում, դեռ ավելին ստեղծված է ԴՆԹ-ի տվյալների հավաքագրում և պահպանում, իսկ սրանք դեռ ասում են փող չունենք, փողը մեքենայի և չալաջաղի համար է, սրանց ուղեղի և ատամոքսի տեղերը փոխվել են, ինչ ԴՆԹ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter