HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ եւ արդար արտահերթ ընտրությունների խնդիրը - 2

Էդգար Վարդանյան

սկիզբը

Արդյո՞ք ընդդիմությունը երբեւէ բավականաչափ պատրաստ է եղել գրագետ պայքար մղելու համար, եւ արդյո՞ք անկախ Հայաստանի պատմության ընթացքում ռադիկալ փոփոխությունների համար անհրաժեշտ կրիտիկական զանգված երբեւէ գոյություն է ունեցել: Այս հարցերին հնարավոր չի լինի պատասխանել, քանի դեռ, նախ, չենք սահմանել այն նվազագույն պայմանները, որոնց առկայությունը թույլ կտա մեզ գրագետ համարել ընդդիմության պայքարը եւ քանի դեռ չենք սահմանել կրիտիկական զանգվածի ծավալները: Իսկ այդ ամենը հնարավոր չէ պարզել առանց համապատասխան գիտական հետազոտությունների առկայության, իսկ վերջիններս էլ, դժվար չէ կռահել, որ այս հարցերին հստակ պատասխաններ չեն տալիս:

Սակայն, թեմայի վերաբերյալ իրականացված հետազոտությունները ի հայտ են բերում, օրինակ, ռադիկալ փոփոխություններին նպաստող սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պայմանները, եւ մենք կարող ենք ամեն կոնկրետ երկիր դիտարկելիս տեսնել, թե արդյո՞ք առկա են դրանք վերջինում եւ ըստ այդմ որոշել` մոտավորապես քանի՞ տոկոս է կազմում ռադիկալ փոփոխությունների հասնելու հավանականությունը:

Օրինակ` ամերիկացի հայտնի քաղաքագետ Ս. Հանթինգթոնը նշել է ժողովրդավարացման երրորդ ալիքին (համարվում է, որ այն առաջացել է 1974թ.) նպաստած հիմնական  պայմանները: Դրանք են` ա/ տնտեսական բարեկեցության համեմատաբար բարձր մակարդակը, որը հանգեցրել է գրագիտության, կրթվածության, ուրբանիզացիայի առավել լայն տարածմանը, ավելի լայն միջին խավի ձեւավորմանը, ժողովրդավարության համար առավել բարենպաստ արժեքների եւ հանրային տրամադրությունների ձեւավորմանը, բ/ կաթոլիկ եկեղեցու վերին եւ ստորին հատվածներում արձանագրված փոփոխությունները, որոնք դրդել են եկեղեցուն ավտորիտար պետությունների դեմ դուրս գալ եւ պաշտպանել ժողովրդավարոթյունը, գ/ դեմոկրատական զարգացումը սատարող եվրոպական հանրության եւ ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը, դ/ «ձնագնդի էֆեկտը»` այլ պետություններում ժողովրդավարության հաստատմանը տանող շարժման ուժեղացման վրա թողած այն ազդեցությունը, որն ունեցել է այնպիսի առաջատար երկրներում ժողովրդավարության հաստատումը, ինչպիսիք են` Իսպանիան, Արգենտինան, Ֆիլիպինները, Լեհաստանը:

Եթե փորձենք պրոյեկտել Հանթինգթոնի կոնցեպցիան Հայաստանի վրա, ապա կարող ենք գալ եզրակացության, որ Հայաստանում ռադիկալ ժողովրդավարական փոփոխությունների հասնելուն նպաստող, սակայն, միգուցե, ոչ բավարար պայմաններից կարող են լինել`

 ա/ թեկուզ հայաստանյան չափանիշներով միջին համարվող սոցիալ-տնտեսական պայմաններում ապրող մեծամասնության առկայությունը եւ հանրության շրջանում ժողովրդավարական արժեքների լայն տարածումը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին արձանագրված քաղաքացիական ակտիվությունը, տեղեկատվության այլընտրանքային միջոցների հասանելիության ավելացումը եւ այլն, թույլ է տալիս ենթադրել, որ այս առումով կա որոշակի դրական տեղաշարժ,

բ/ Հայ Առաքելական Եկեղեցում պրոժողովրդավարական մոտեցումների տարածումը: Ի դեպ, վերջին շրջանում այս առումով նույնպես նկատվում է որոշակի դրական տեղաշարժ, հատկապես առանձին եկեղեցականների՝ դեպի սեփական իրավունքների համար պայքարող հանրություն գնալու առումով,

 գ/ արեւմտյան դոնորների եւ եվրոպական կառույցների կողմից տարատեսակ պրոդեմոկրատական քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության առկայությունը: Այս առումով Հայաստանում կան լուրջ խնդիրներ, թեեւ ժամանակ առ ժամանակ տարբեր հասարակական կազմակերպություններ ստանում են դրամական աջակցություն, իսկ որոշ ակտիվիստներ պարգեւատրվում են ինչ-որ մրցանակներով, սակայն, ի հակառակ տարածված պատկերացումմների, քաղաքացիական նախաձեռնությունների մեծ մասը որեւէ աջակցություն չի ստանում եւ մեծ խնդիրների առջեւ է կանգնում գործունեւություն ծավալելու համար անհրաժեշտ տարրական ռեսուրսների հայթայթման ժամանակ,

 դ/ Հայաստանին ինչ-որ առումով մոտ գտնվող խոշոր երկրներում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը: Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող ժողովրդավարական գործընթացներում լուրջ դրական արդյունքի արձանագրումը, Իրանում վերջերս արձանագրված որոշակի լիբերալիզացիայի խորացումը եւ այլն կարող են մեծ ազդեցոթյուն ունենալ Հայաստանում պրոդեմոկրատական գործընթացների վրա: 

Հարկ է նշել, որ հաջողված դեմոկրատական տրանզիտի օրինակները դիտարկելիս աչքի է զարնում այն, որ դրանցում հաճախ առկա է  ավտորիտար ռեժիմը փոխելուն ուղղված, անդամների մեծ քանակ ունեցող  համաժողովրդական ինչ-որ կազմակերպություն, շարժում, որը որդեգրած է լինում ժողովրդավարական արժեքներ, ունենում է ժողովրդավարական ներքին կառուցվածք, ներառում է ժողովրդականություն վայելող հեղինակավոր անձանց մեծ բանակ, ունենում է բողոքի գործողությունների հստակ կոնցեպցիա եւ ռազմավարություն, ակցիաներ կազմակերպելու նախնական պատրաստվածություն եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ: Այդպիսի կազմակերպություններից են` «Սոլիդարնոստը»` Լեհաստանում, «Օտպորը»` Սերբիայում, «Քաղաքացիական ֆորումը»` Չեխոսլովակիայում  եւ այլն:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter