HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Փոքր բաժնետերն ընդդեմ «Ամերիաբանկի». գործը մտավ դատաքննության փուլ

«Ամերաբանկ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետերերի գործարքը կարող է նախադեպ դառնալ հայաստանյան մյուս բանկերի համար: Դա կախված է նրանից, թե ինչ ավարտ կունենա այդ գործարքի քննությունը դատարանում:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատական նախնական նիստը: Դատավոր Գագիկ Խանդանյանը հայտարարեց, որ գործի դատական քննությունը սկսված է:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել են, որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից: Արտաշես Հովհաննիսյանը, ով բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի մասին չի տեղեկացվել, այժմ դատարանում բողոքարկում է բանկի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը՝ պահանջելով անվավեր ճանաչել այն և կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքները` վերադարձնելով հինգ բաժնետոմսերը:

Հայցապահանջի իրավական հիմնական հիմքը «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը, թեև թույլ է տալիս բաժնետոմսերի կոնսոլիդացիա` համախմբում, բայց ոչ հետ գնում:

«Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը տառացիորեն ասում է` բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռքբերելն արգելվում է»,- հայցապահանջի հիմքերը ներկայացնելիս շեշտեց հայցվորի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը առարկեց նույն օրենքի այլ հոդվածով: Ըստ նրա` «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը հնարավորություն է տալիս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին նման կորպորատիվ գործողություն իրականացնել: Ա. Մարտիրոսյանը մեջբերեց օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ ենթակետը, որի համաձայն բանկի ընդհանուր ժողովի բացառիկ իրավունքն է բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը: Այդ գործարքի արդյունքում, նրա խոսքով, առաջացել են կոտորակային բաժնետոմսեր, ինչը ենթակա էր շուկայական արժեքով փոխհատուցման: «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը չի սահմանում կոնոսլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ առանձնահատուկ իրավական նորմեր, նշեց Արման Մարտիրոսյանը` ավելացնելով, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելի է այս իրավիճակում:

Հայցվորի ներկայացուցիչները պնդեցին, որ «Ամերիաբանկը» կարող էր կոնսոլիդացնել բաժնետոմսերը, ինչպես թույլ է տալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը, սակայն այնպես, որ չառաջանար կոտորակային բաժնետոմս և հետգնման հարց, որն արգելում է նույն օրենքը:  «Ամերիբանկը» կատարել է իրավունքի չարաշահում` ավելացրեց հայցվորի ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը, քանի որ ակնհայտ հետապնդել է փոքր բաժնետերերին իրենց բաժնետոմսերից զրկելու նպատակ:

«Բանկը կոնսոլիդացիա իրականացնելու իրավունք ունի, սակայն, ըստ ՀՀ գործող օրենսդրության, իրավունք չունի իրականացնել այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կառաջանան կոտորակային բաժնետոմսեր: Բանկն իրականացրել է հենց այդպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում հայցվորը և երկու այլ բաժնետերեր դուրս են մնացել բանկից, դադարել են բաժնետեր լինելուց, այստեղ արտահայտվել է բանկի իրավունքի չարաշահումը»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը հաստատեց, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին»  օրենքը կոնսոլիդացիայի արդյունքում բաժնետոմսերի հետգնում չի նախատեսում` ավելացնելով, որ այդ պատճառով իրենք առաջնորդվել են «Իրավական ակտերի մասին» օրենքով, Կենտրոնական բանկի պաշտոնական թիվ 8 պարզաբանմամբ:

ԿԲ-ի պարզաբանումը կամ որոշումը, որին անդրադարձել էինք նաև նախորդ հոդվածում, ի տարբերություն «Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի» թույլ է տալիս բանկի բաժնետոմսերի հետգնումը: Պարզաբանման հիմքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքն է: Այս պարզաբանման համաձայն` «Ամերիաբանկը» կարող էր կոնսոլիդացնել և հետ գնել փոքր բաժնետերերի բաժնետոմսերը, եթե ունի ԿԲ վերահսկողական դրական դիրքորոշումը` համաձայնությունը: Հայցվոր կողմի ներկայացուցիչները պատասխանող կողմից փորձել են ստանալ ԿԲ-ի կողմից «Ամերիաբանկին» տրված այս փաստաթուղթը` համաձայնությունը, սակայն բանկը չի տրամադրել:

Պատասխանողի ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը, արձագանքելով հայցվոր կողմի` ԿԲ վերհսկողական դրական դիրքորոշումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու հետ կապված խնդրին, ասյօր հարցրեց հայցվորի ներկայացուցիչներին` արդյոք գործարքը նրանք առոչինչ չէին համարի, եթե լիներ այդ փաստաթուղթը:

Հայկ Հովհաննիսյանը  պատասխանեց, որ այդ փաստաթղթի լինել-չլինելը էական չէ, քանի որ, միևնույն է, հակասում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքին և որոշիչ չէ վեճի համար:

«Այսինքն` ձեզ համար էական չէ՞, որ վկայակոչեցիք»,- ճշտող երկորդ հարցը տվեց Արման Մարտիրոսյանը:

«Գիտեք հարցը բավական հետաքրքիր է, էական կարող է լինել իր բովանդակային առումով, ոչ թե լինել-չլինելության: Կներեք, դատարանը, գուշակությունների վայր չէ, բայց քանի որ այդ թույլտվությունը չկարողացանք ձեռք բերել, պիտի ենթադրենք: Հնարավոր է` թույլտվության մեջ գրված է` «իմ վստահորդին վճարեք 1 միլիոն դոլար և իրականացրեք այդ համախմբումը, մենք դեմ չենք», կամ գրված է` «ստանալով բաժնետիրոջ համաձայնությունը, իրականացրեք համախմբումը և հետգնումը»: Այսինքն` քանի որ այդ թույլտվությունը վերաբերում է այն գործարքին, որի առոչնչության հետևանքների հարցն ենք քննարկում, մենք կարծում ենք, որ ողջամիտ կլինի, որ դուք այդ թույլտվությունը ներկայացնեք, և մենք դրա բովանդակությանը ծանոթանանք»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը:

Արման Մարտիրոսյանի համոզմամբ` Կենտրոնական բանկը «Ամերիաբանկին» իր բաժնետոմսերը կոնսոլիդացնելու և հետգնման գործարքն իրականացնելու համաձայնությունը տալիս առաջնորդվել է օրենսդրության պահանջներով: Եթե ԿԲ-ն պահանջած լիներ բաժնետիրոջ համաձայնությունը, ավելացրեց Ա. Մարտիրոսյանը, ապա իրենց կողմից համապատասխան փաստաթուղթը չներկայացնելու պարագայում, գործընթացը գրանցման ենթակա չէր լինի:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 29-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter