HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավարությունն սկսվեց ու ընթացավ առանց Հայկ Կյուրեղյանի մասնակցության

Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը կրկին ներկա չէր դատական նիստին: «Հետքը» նախկինում տեղեկացրել է, որ պատճառը նրա նկատմամբ դեկտեմբերի 17-ին կիրառված դատական սանկցան է: Հիշեցնենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնում նիստերի ժամանակ) դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան 10 ժամով հեռացրել էր դահլիճից: Հանրային պաշտպանի գրասենյակից որպես Հայկ Կյուրեղյանի պաշտպան ներգրավված Անժելա Հոբոսյանը սանկցիայի ժամերի հետ կապված գրավոր ներկայացրեց իր դիրքորոշումը: Փաստաբանը նշեց, որ 10 ժամը վաղուց արդեն լրացել է, մինչդեռ Հայկ Կյուրեղյանի մասնակցությունը նիստերին չի ապահովվում: Դատավոր Բեկթաշյանը պարզաբանեց` ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, 10 ժամ ասվածը վերաբերում է դատական նիստերի ժամերին:

-Գրված է` 10 ժամով հեռացնել նիստերի դահլիճից, իսկ նիստերից հեռացնելն ու դահլիճից հեռացնելը տարբեր հասկացություններ են, հարգելի դատարան,- ասաց պաշտպան Հոբոսյանը:

Հայկ Կյուրեղյանը կրկին հրաժարվել է պաշտպանից

Փաստաբանը ներկայացրեց Հայկ Կյուրեղյանի գրավոր դիմումն` ուղղված նիստը նախագահողին, որտեղ նա հայտնում էր, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի ծառայություններից, չի լիազորում նրան իր անունից հանդես գալ, ներկայացնել իր շահերը, ծանոթանալ իր վերաբերյալ քրեական գործի նյութերին, հարցեր տալ, ճառ ասել, միջնորդություններ անել: Երբ փաստաբանը ավարտեց Հայկ Կյուրեղյանի դիմումի ընթերցումը, դահլիճում ներկա մի քանի քաղաքացի ծափահարեցին, որին հաջորդեց դատավորի նկատողությունը: Ծափեր եղան նաև դրանից հետո: Դատավորը կարգադրիչներին ասաց, որ քաղաքացիներին դուրս հրավիրեն: 

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Հոբոսյանը նշեց, որ հանդիպել է Կյուրեղյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ Կյուրեղյանը պարզաբանել է, որ փաստաբանից հրաժարումը Հոբոսյանի անձով պայմանավորված չէ, այլ նա հրաժարվում է ցանկացած փաստաբանի ծառայությունից:

Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ որդու կարծիքով, իր դեմ հարուցված քրեական գործը իրավական հարթությունից դուրս է, քաղաքական տիրույթում է, և ինչպիսի հրահանգ լինի, այդպես էլ կվարվի դատարանը, ուստի փաստաբան ունենալ-չունենալը էական չէ:

Չնայած նրան, որ Անժելա Հոբոսյանը ներկայացրեց պաշտպանյալի կողմից իր ծառայություններից հրաժարվելու դիմումը, դատարանն, այդուհանդերձ, նշեց, որ նման դեպքում փաստաբանը պարտավոր է մասնակցել նիստերին:

-Այդ դեպքում ո՞ւմ շահերն եմ ներկայացնելու: Եթե Կյուրեղյանը ինձ չի լիազորել, ես չեմ կարող այս նիստով ներկայացնել Հայկ Կյուրեղյանի շահերը,- ասաց հանրային պաշտպանը:

-Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է, որ Ձեր ցանկությամբ չէ, այլ պարտադիր է Ձեր մասնակցությունը նման դեպքերում,- պարզաբանեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Հակասություն օրենքների մեջ

Քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը, որով սահմանված են մեղադրյալի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված է, որ մեղադրանք առաջադրելու պահից անձը իրավունք ունի ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն: Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածով, երբ ամբաստանյալը հեռացված է նիստերի դահլիճից, փաստաբանի մասնակցությունը պարտադիր է:

Այնուամենայնիվ, դատական նիստը տեղի ունեցավ, իսկ պաշտպանը այս կամ այն հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնելու հետ կապված պարբերաբար ասում էր.

-Ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ լիազորված չեմ:

Մեղադրողը ընթերցեց մեղադրանքի եզրափակիչ մասը, ըստ որի՝ Կյուրեղյանը մեղադրվում է ՔՕ 2 հոդվածներով` 316 և 258 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:

Այս պահից խախտվում են Հայկ Կյուրեղյանի իրավունքները

-Ես հայտարարություն եմ ուզում անել, քանի որ Հայկ Կյուրեղյանն ինձ չի զրկել հայտարարություններ անելու լիազորությունից: Մեղադրանքն ընթերցելուց հետո ամբաստանյալն, ըստ օրենքի, իրավունք ունի կարծիք հայտնել մեղադրանքի հետ կապված: Այս պահից անգամ խախտվում են Հայկ Կյուրեղյանի իրավունքը,- հայտարարեց հանրային պաշտպանը:

-Հարգելի պաշտպան, երեք նիստ դատարանը պարզաբանել է ամբաստանյալին իր իրավունքները:

«Հետքի» հետ զրույցում հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը խախտում է Հայկ Կյուրեղյանի իրավունքները: Նա ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքում երկու նորմերում հակասություն կա. «Եվ նման դեպքում դատարանը կարող է իր նախաձեռնությամբ դիմել ՀՀ դատարաների խորհրդի նախագահին»,-ընդգծեց Անժելա Հոբոսյանը:

Ցուցմունք տվեցին տուժած ոստիկանները և սպիտակ «Ջիպի» տերը

Հինգ ոստիկանները (մեկը չէր ներկայացել ոտքի կոտրվածքի պատճառով) նույնաբովանդակ ցուցմունքներ տվեցին, թե դեպքի օրը ծառայություն իրականացնելով դատարանի տարածքում` ժամը 12-ի սահմաններում նկատել են մի երիտասարդի, ով բարձրացել է մեքենաներից մեկի տանիքին` ասելով.

-Էստեղ ոստիկանություն չկա, եկեք ինձ բռնեք:

Հետո երբ ոստիկանները մոտեցել են, հանել է ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ: 6 ոստիկան ստացել է թեթև մարմնական վնասվածք: Նրանք դիմել են բուժօգնության: Քաղհայցեր ոստիկանները չունեին, միայն դիմեցին դատարանին պահանջով` պատժել Կյուրեղյանին օրենքի ողջ խստությամբ: Փոխարենը քաղաքացիական հայցի պահանջ ուներ փաստաբան Քրիստինա Սարդարյանը (ով դեպքի օրը որպես փաստաբան այլ գործով եկել էր դատարան), ում պատկանում է մեքենան, որի վրա բարձրացել է Կյուրեղյանը: Նա նշեց, որ 284.000 դրամի գույքային վնաս է արձանագրված փորձաքննությամբ, այդքան գումարի հայց էլ ներկայացնելու է դատարան:

Նիստը հետաձգվեց վերջին` 6-րդ տուժողին լսելու համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter