HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանի գործով գլխավոր դատախազությունն ու դատարանները գործի վերաբացման հիմք չեն տեսնում

Վերաքննիչ դատարանը չի պարտավորեցնի Գլխավոր դատախազությանը վերաբացման վարույթ սկսել

20 տարի բանտում պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի գործով այսօր կայացվեց ևս մեկ մերժման որոշում: Վերաքննիչ դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ լսեց կողմերի կարծիքներն ու մի քանի րոպե անց կայացրեց Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բերած վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: Սա նշանակում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա անփոփոխ: Այսինքն` Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը չի վերաբացվի նոր երևան եկած հանգամանքով:

- Պարոն Ռևազյան, ո՞րն է, Ձեր կարծիքով, նոր հանգամանքը այս գործում,- մինչ խորհրդակցական սենյակ անցնելը հարցրեց դատավոր Մհեր Արղամանյանը:

Բողոքաբեր փաստաբանը պատասխանեց, որ 1995թ. մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հայտարարությունը նոր երևան եկած հանգամանք է: Ըստ փաստաբանի` այն վկայում է պահանջվելիք պատժի հարցում դատախազի անհամաձայնությունը:

- Մեղադրանքը պաշտպանող դատախազն անգամ զեկուցագիր է գրել ու ցանկացել հեռանալ պաշտոնից, հարգելի դատարան,- պատասխանեց փաստաբանը:

- Ընդունենք` մի բարձրաստիճան պաշտոնյա տարիներ անց հայտարարի, որ ճնշում է եղել իր վրա, պիտի դիտվի որպես նոր երևան եկած հանգամա՞նք,-դարձյալ հարցրեց դատավորը:

- Հարգելի դատարան, կոնկրետ Սողոմոն Քոչարյանի գործով ոչ թե մի  բարձրաստիճան պաշտոնյա է հայտարարել, որ ճնշում է եղել Գլխավոր դատախազության և իր վրա, այլ հենց մեղադրանքը պաշտպանող դատախազը,-պատասխանեց փաստաբանը:

Գլխավոր դատախազության հակափաստարկները

Գլխավոր դատախազությունից դատախազ Գ. Բաղդասարյանն առարկեց`նշելով, որ փաստաբանի ներկայացրածը նոր երևան եկած հանգամանք չէ:

- Ներկայացված չէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Մեղադրողի միջնորդությունը` անձին մեղավոր ճանաչելու, նշանակվող պատժի տեսակի կամ չափի վերաբերյալ, պարտադիր չեն դատարանի համար: Դատարանը, ղեկավարվելով պատիժ նշանակելու քրեաիրավական կանոններով, նշանակում է պատիժ, որը կարող է պակաս կամ ավել լինել մեղադրողի կողմից միջնորդած պատժից,- նշեց դատախազ Բաղդասարյանը:

Մինչդեռ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչը դարձյալ պնդեց, որ մեղադրողը քրեական դատավարության առանցքային դերակատարներից մեկն է եղել ու մնում մեր երկրում, և նրա միջնորդությունը դատարանի վրա չի կարող էական ազդեցություն չունենալ:

1995թ. գլխավոր դատախազը արդարադատության խորհրդի փոխնախագահն էր

 - Եթե մեղադրողի դիրքորոշումը էական և կարևոր չհամարվեր, քրեական դատավարությունը օրենքի ուժով չէր սահմանի դատախազի պարտավորությունը չեզոք և անկողմնակալ լինելու վերաբերյալ, իսկ քրեական օրենսգիրքը դատախազի գործունեությանը միջամտելը չէր դիտի որպես հանցագործություն: Բացի այդ, դատավճիռը կայացնելու պահին` 1995-ին, գլխավոր դատախազը հանդիսանում էր արդարադատության խորհրդի փոխնախագահը, իսկ արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև երեք դատախազներ: Այս հանգամանքն ապացուցում է դատախազական համակարգի ազդեցությունը դատարանների վրա,- շեշտեց փաստաբան Ռևազյանը:

Որպեսզի ոչ մի անմեղ մարդ չդատապարտվի

Փաստաբանի կարծիքով, այս գործով վերանայման վարույթ չհարուցելով` խախտվում է սահմանադրական նորմ: «Սահմանադրության 19-րդ հոդվածի, մասնավորապես` «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» հասկացության նպատակն է, որպեսզի ոչ մի անմեղ մարդ չդատապարտվի, իսկ մեղավոր մարդիկ ստանան արդարացի պատիժ` թե́ ծանրության և թե́ խստության տեսակետից»,- նշված է Սողոմոն Քոչարյանի  ներկայացուցչի վերաքննիչ բողոքում:

«Փաստորեն, 20 տարի առաջ այս գործի քննությունը չի կատարվել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ռոբերտ Ռևազյանը` տեղեկացնելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկի այն` սպառելով վիճարկման բոլոր ատյանները:

Քաղաքական ճնշման մասին վկայություն

Հիշեցնենք, որ բողոքարկումների, դիմումների այս շղթան սկսվել էր «Հետքի» հրապարակումներից մեկից: Վարույթի նորոգման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայաստանում Իրանի դեսպանը (տուժողը Իրանի քաղաքացի է եղել): Հակառակ դեպքում Հայաստանում ԻԻՀ դեսպանը սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 

Սակայն թե՛ «Հետաքննող լրագրողների», թե՛ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցչի դիմումներն ու հետագա բոլոր բողոքները մերժվել են և՛ դատախազության, և՛ դատարանի կողմից:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ոչ թե կույր են, որ վերաբացման հիմք չեն տեսնում, այլ թուրք են, քանի որ Սողոմոնի բանտարկության ընթացքում քանի ու քանի ավելի մեծ հանցագործների չձեռբակալած ազատեցին, իսկ մեր երկիրը քանդել շարունակող` Սողոմոնին ձեռբակալողները, շարունակում են իրենց սև գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter