
Սողոմոն Քոչարյանի գործով բողոքը կրկին կլսվի դատարանում
Արցախյան պատերազմի մասնակից, սպանության մեղադրանքով 20-րդ տարին բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի գործով բողոքը՝ մոտ 20 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու մասին, կրկին կլսվի դատարանում:
Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Բողոքի քննությունը նշանակված է մի քանի օր անց՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Արմեն Բեկթաշյան):
Դատավորն այս անգամ պիտի որոշի՝ արդյոք կվերաբացվի մոտ 20 տարի առաջ՝ 1995թ. ՀՀ Գերագույն դատարանի կողմից կայացված մահապատժի դատավճիռը, թե ոչ (2003-ից մահապատիժը նախագահի հրամանագրով փոխարինվել է ցմահ ազատազրկման):
Հիշեցնենք, որ վարույթի նորոգման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայստանում Իրանի դեսպանը (տուժողը Իրանի քաղաքացի է եղել՝ Իրաջ Փուր Միրզաբեկ անվամբ): Հակառակ դեպքում Հայաստանում ԻԻՀ դեսպանը սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել:
Սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր այս հիմքով վարույթ նորոգել՝ պատճառաբանելով, որ դատախազն ընդամենը իր կարծիքն է հայտնել, իսկ դատարաններն անկախ են և ինքնուրույն են դատական ակտ կայացնում: Փաստաբան Ռևազյանը Գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում: Սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել ցմահ դատապարտյալ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին: Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին: Կրկին մերժում ստացել: Ապա նորից դիմել էր դատարան:
«Այս անգամ արդեն դատարանը չի կարող չանդրադառնալ մեր բողոքի բովանդակային մասին, քանի որ սպառել ենք օրենքով սահմանված բողոքարկման բոլոր հնարավորությունները՝ բոլոր տեղերում ստանալով մերժումներ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ռևազյանը:
«Սողոմոնը ուժեղ սթրես է տանում, առողջությունը քայքայված է»
Մինչ դատարաններում, դատախազությունում վիճարկվում են իրավաբանական հարցեր, Սողոմոն Քոչարյանի առողջությունը շարունակում է վատանալ: «Հետքը» դարձյալ ահազանգ է ստացել Սողոմոնի քրոջից՝ Անժելա Քոչարյանից: «Իմ ախբերը ուժեղ սթրես է տանում: Էս տարվա մարտի մեկին ինքնասպան եղավ նրա 19 տարեկան աղջիկը՝ Սյուզին, կինը մի քանի տարի առաջ մահացավ ծանր հիվանդությունից: Մայրս թոշակառու, հիվանդ կին է: Ամեն անգամ դիետիկ կերակուրներ է շրջանից հասցնում Երևան, որ Սողոմոնը կարողանա գոնե ուտել: Սուր ցավեր է ունենում փորի շրջանում: 2 ամիս առաջ բժիշկներ են եկել «Էրեբունի» բժշկական կենտնորնից, սոնոգրաֆիա են արել ու գնացել, բայց ոչ մի պատասխան չի ստացել Սողոմոնը: Նա բողոքում է մարսողությունից, ասում է, որ ոչինչ չի կարողանում ուտել: Ես չեմ հասկանում՝ 20 տարի է՝ պահում են փակի տակ: Գոնե որոշ ժամանակ տանեն բժշկական մաս, ստուգեն, տեսնեն»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Սողոմոն Քոչարյանի քույրը:
![]() |
Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը. ինքնասպան է եղել 2014 թ-ի մարտի 1-ին |
«Իմ տղան երկու անգամ վիրավորվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, պառկել հիվանդանոցում, մի քիչ բուժվել, հետո նորից գնացել է կռվի: Երկու անգամ էլ կոնտուզիա է տարել: Սողոմոնս 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել: Գորիսի զինկոմիսարիատից մեզ թուղթ են տվել, որ 1993-95 թվականներին Սողոմոնս զինվորական թոշակ է ստացել: Բայց բանտ գցելուց հետո մենք թոշակի երես չենք տեսել: Գիտեմ, որ ահագին գումար է զինվորական թոշակը, շատ հարցեր էդ փողով կարող էի լուծել: Բայց ասում են, թե սովետական պասպորտ ունես, չենք կարող թոշակի հարց լուծենք: Բայց ինքը միշտ դիմել է, որ նոր պասպորտ տան: Հիմա էլ արդեն քանի ամիս դիմել է»,- «Հետքին» պատմել էր Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան:
![]() |
Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյան |
ՀՀ ԱՆ Քրեակատարողան վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց, որ բժիշկները հետազոտել են Սողոմոն Քոչարյանին, խորհուրդներ տվել: Ինչ վերաբերում է անձնագրին, ապա «ոչ միայն Սողոմոն Քոչարյանը, այլև շատ դատապարտյալներ խնդիրներ ունեն: Բայց արդեն անձնագրային վարչության հետ կա պայմանավորվածություն: Շուտով այդ խնդիրը կլուծվի»,-մեզ փոխանցեց ՔԿՎ պաշտոնյան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել