HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը 19 տարի չի ստանում զինվորական թոշակը

1995 թ.-ին մահապատժի դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանը ազատազրկումից հետո չի ստացել իրեն հասանելիք զինվորական թոշակը:

«Հետքի» հետ զրույցներում այս հարցը բարձրաձայնեց իրանահպատակ ադրբեջանցու սպանության պատճառով 20-րդ տարին անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի թոշակառու մայրը՝ Զինա Քոչարյանը:

«Իմ տղան երկու անգամ վիրավորվել է մարտական գործողությունների հետևանքով, պառկել հիվանդանոցում, մի քիչ բուժվել, հետո նորից վերադարձել է կռվի: Երկու անգամ էլ կոնտուզիա է տարել: Սողոմոնս 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել: Գորիսի զինկոմիսարիատից մեզ թուղթ են տվել, որ 1993-95 թվականներին Սողոմոնս զինվորական թոշակ է ստացել: Բայց բանտ գցելուց հետո մենք թոշակի երես չենք տեսել: Գիտեմ, որ ահագին գումար է զինվորական թոշակը, շատ հարցեր էդ փողով կարող էի լուծել Սողոմոնի կենցաղի համար»,- պատմեց տիկին Քոչարյանը՝ նշելով, որ որդու առողջությունը քայքայվել է այս տարիներին, սրտի, ստամոքսի խնդիրներ ունի, իսկ ընտանիքը կորցնելուց, աղջկա ինքնասպանությունից հետո նյարդերը լավ չեն:

Զինա Քոչարյանը թոշակառու է, իր թոշակից որդու դեղերի ու սննդի համար ամեն ամիս գումար է հատկացնում: Այնինչ Սողոմոն Քոչարյանը այս տարիներին կարող էր ստանալ զինվորական թոշակը, բայց նախ նա պետք է կարողանար փոխել Խորհրդային Հայաստանի քաղաքացիության անձնագիրը, որը նրա անձնական գործերի հետ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Անկախ Հայաստանում դեռ կա Սովետական միության քաղաքացի

«Իմ եղբայրը ամեն տարի դիմել է, որ սովետական անձնագիրը փոխեն, տան Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր, բայց միշտ ձգձգվել է հարցը, չգիտեմ, թե ինչ պատճառներով Սողոմոնը դեռ կարմիր անձնագրով է: Հիմա էլ ամիս ու կես առաջ նորից դիմել է, բայց բանտի աշխատակազմը պատասխանել է, որ օրենքը փոխվել է, էլ բանտի լուսանկարիչը չի կարող լուսանկարել, ինչպես առաջ էր: Անձնագրի պատճառով էլ թոշակի հարցերը չենք կարողանում կարգավորել»,- ասաց Սողոմոնի քույրը՝ Անժելա Քոչարյանը:

«Հետքը» դիմեց ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն: Հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատապարտված անձանց մասով կա խնդիր. «Անձը պետք է մատնահետքեր հանձնի, լուսանկարվի անձնագրային բաժանմունքում: Սակայն օրենքում նշված է նաև, որ դատապարտյալը կարող է անձը հաստատող ժամանակավոր վկայական ստանալ: ՔԿՎ առաջարկով նաև մտածում ենք ժամանակավոր վկայականների վավերականության ժամկետները ավելացնել, օրինակ, դարձնել 10 տարի: Պետք է օրենքում կամ կառավարության կարգում կատարվի այդ փոփոխությունը: Դրանից հետո եթե դատապարտյալները դիմեն ժամանակավոր վկայականներ ստանալու համար, արդեն ՔԿՀ-ներում, ինչպես նախկինում էր արվում, դատապարտյալներին կլուսանկարեն հիմնարկների լուսանկարիչները: Համապատասխան փաթեթը՝ լուսանկարներով, ՔԿՀ վարչակազմը կփոխանցվի տեղի անձնագրային բաժանմունքներ, և անձը կստանա ժամանակավոր վկայական»,- պարզաբանեց ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը:

Սողոմոն Քոչարյանը նախ պիտի դառնա ՀՀ քաղաքացի

«Հետքը» դիմեց նաև ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունք: Բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն ստացել Սողոմոն Քոչարյան անուն-ազգանունով փաթեթ: «Եթե անձը դեռ խորհրդային նմուշի անձնագիր ունի, նախ պիտի փոխվի քաղաքացիությունը, նա պիտի դառնա Հայաստանի քաղաքացի: Անհրաժեշտ փաստաթղթերը մեզ պիտի ուղարկի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը: 1998 թ.-ի կառավարության 821-Ն որոշումը այս տարվա հունվարի 1-ից չի գործում, մարդիկ ստանում են նույնականացման քարտեր: Իսկ դատապարտյալները կարող են ստանալ ժամանակավոր վկայականներ, սակայն կառավարության 411-Ն որոշման համաձայն, դրանք տրվում են 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետը պիտի երկարացվի: Առաջարկ կա դատապարտյալների համար ժամանակավոր վկայականների վավերականության ժամկետը սահմանել այնքան, որքան նախատեսված է նրանց ազատազրկումը կամ 10 տարի ժամկետով»,- նշեց Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը:

Խոսեցինք նաև ԱՆ քրեկատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով նշեց, որ Սողոմոն Քոչարյանի դիմումը ընթացքի մեջ է: «Այս պահին մենք առաջնորդվում ենք կառավարության 2012 թ.-ի ապրիլի 5-ի 411-Ն որոշմամբ, որով սահմանված է ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը»:

Մինչ կառավարությունը նոր կարգեր է սահմանում, փոփոխում, ԱԺ-ն նոր օրենքներ են ընդունում, խախտվում է քաղաքացու, կոնկրետ դեպքում՝ Սողոմոն Քոչարյանի իրավունքը՝ ունենալ անձնագիր, կատարել քաղաքացիական գործարք, ստանալ իրեն հասանելիք զինվորական թոշակը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter