HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դեղերի փորձագիտական կենտրոնն ու բժշկական համալսարանն իրար կապող բարեկամական «բիզնես-թնջուկը»

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն իր ղեկավարած կառույցը դարձրել է յուրահատուկ բիզնես պրոյեկտ` ներգրավելով այնտեղ հարազատներին, ընկերներին, իր եւ նրանց ընկերություններին:

Երկու աշխատանքի արանքում

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երաշխավորությամբ։ Այն ինքնուրույն կառույց է, որը հաշվետու է առողջապահության նախարարությանը։ Կենտրոնում աշխատում է ավելի քան 100 մարդ։

Նրանցից 4-ը փոխտնօրեն են, իսկ մեկն էլ՝ տնօրենի օգնական։ Դեղագիտական կենտրոնի համար 5 աշխատակցի՝ փոխտնօրեն և տնօրենի օգնական լինելու հանգամանքը, թերևս, կարելի է հասկանալ: Հ․ Թոփչյանը 2010-ից Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենն է, միաժամանակ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է արդեն 17 տարի։ Հակոբ Թոփչյանը խուսափում է լրագրողների հետ շփվելուց։ Բազմաթիվ փորձերից հետո հաջողվեց հեռախոսով կապ հաստատել նրա հետ՝ հետաքրքրվեցինք, թե ինչպես է համատեղում այդ 2 պաշտոնները:

«Հա, ամբիոնի վարիչ եմ, իրավունք չունե՞մ: Կես դրույքով եմ աշխատում։ Գնում դասախոսություն եմ կարդում, գալիս եմ»։ Նա նաև նշեց, որ ինքն իր «բոլոր աշխատանքները կատարում է սիրով և լիարժեք»։

Մնացած հարցերը խնդրեց ուղարկել գրավոր։

Առողջապահության նախարարի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Հ․ Թոփչյանի աշխատանքը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում համարվում է հիմնական և սահմնաված է 8-ժամյա աշխատանքային օր։

Առանց անուն տալու` փորձեցինք ԵՊԲՀ-ից ճշտել ամբիոնի վարիչի աշխատանքային դրույքաչափը։ Ընդունարանի աշխատակիցը բավականին խիստ տոնով պատասխանեց, որ «խոշոր ինստիտուտի տնօրենը միաժամանակ կարող է նաև ամբիոնի վարիչ լինել»՝ ավելացնելով, սակայն, որ ինքը «դա ընդհանրապես է ասում և որևէ մեկին նկատի չունի»։ 

Փոխարենը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հայտնեց, որ պրն Թոփչյանն իրենց մոտ աշխատում է ոչ լրիվ դրույքով, թե քանի՞ աշխատաժամ, նա կոնկրետ չնշեց: «Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանակավարժական, իսկ աշխատաժամանակի տևողությունը կախված է սահմանված դասաժամերի ծանրաբեռնվածությունից»,- ասաց Մ. Նարիմանյանը։

ԵՊԲՀ կայքում հրապարակված դասացուցակով՝ դեղագիտական ամբիոնի դասաժամերը բավականին հագեցած են. «Դեղերի տեխնոլոգիա» առարկան համալսարանում անցնում են 3-րդ կուրսից մինչև մագիստրատուրա ներառյալ։ Օրինակ՝ 3-րդ կուրսի տարբեր հոսքերի համար շաբաթական 10 դաս է նախատեսված, 4-րդ կուրսում՝ շաբաթական 20 ժամ, մագիստրատուրայի 1-ին կուրսում ՝ 20, իսկ 2-րդում՝ շաբաթական 40 ժամ։ Հ. Թոփչյանն ասում է, որ բժշկական համալսարանում ինքը քիչ է լինում․ 3 ասպիրանտ ուներ, ովքեր պաշտպանել են։

Այնուամենայնիվ, կարո՞ղ է մարդ լրիվ դրույքաչափով աշխատանքը համատեղել մեկ այլ՝ ոչ լրիվ դրույքաչափով աշխատանքի հետ։ Հնարավո՞ր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատել 1,5 կամ 1,75 դրույքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը տալիս է հետևյալ պարզաբանումը․ «Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա տևողությունը՝ 8 աշխատանքային ժամից», սակայն կան «օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքեր», երբ «երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները)» կարող է լինել մինչև օրական 12 ժամ (8+4 ժամ, այսինքն՝ 1,5 դրույք): Աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքը կարող է լինել համատեղությամբ, և դա պարտադիր պետք է նշվի աշխատանքային պայմանագրում։ Այս մասը առողջապահության նախարարության և ռեկտոր Մ․ Նարիմանյանի պատասխանում բացակայում էր։

Թոփչյանի կինը՝ Մարինե Բալասանյանը, նույնպես աշխատում է ԵՊԲՀ-ում․ ֆարմակալոգիայի ամբիոնի վարիչն է։

Ամուսինները բժշկական համալսարանի հետ կապված են ոչ միայն աշխատանքային, այլև բարեկամական կապերով. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը Հակոբ Թոփչյանի սանիկն է, իսկ ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանը Թոփչյանի կնոջ ազգականն է:

Գրանցված, բայց «չաշխատող» աշխատակիցները

Աշոտ Զալինյանի կրտսեր եղբայրը՝ ԼՂՀ նախկին զինդատախազ Արմեն Զալինյանը, փորձագիտական կենտրոնում Թոփչյանի 4 տեղակալներից մեկն է։ Մասնագիտությամբ իրավաբան Զալինյանը նաև դասախոսություն է կարդում, և Հակոբ Թոփչյանի պես փորձագիտական կենտրոնում 8 ժամ չի լինում, այլ գործի է ներկայանում միայն օրվա երկրորդ կեսից։ Զալինյանի կինը, ով Արաբկիրի պոլիկլինիկայում գինեկոլոգ է, ևս փորձագիտական կենտրոնի գրանցված աշխատողներից է, ով, սակայն, ինչպես պատմեց կենտրոնի աշխատակիցներից մեկը, աշխատանքի չի ներկայանում, բայց բարձր աշխատավարձ է ստանում:

Հ. Թոփչյանը «Հայկական ժամանակ» թերթին տված պարզաբանման մեջ նշել է, որ այդ աշխատակցի գործը շրջիկ բնույթ է կրում: «Ամբողջ օրը քաղաքում շրջում է պոլիկլինիկաներով»,- ասել է Հ. Թոփչյանը։
Կենտրոնի աշխատակիցներից մեկը, ում անունը չենք հրապարակում, պատմեց, որ բացի Զալինյանի կնոջից` փորձագիտական կենտրոնում կան ևս մի քանի աշխատակիցներ, որոնք գալիս են միայն աշխատավարձ ստանալու։ Դրանցից մեկը ֆինանսների գծով խորհրդական Հայկ Մարուքյանն է: Իսկ Գևորգ Մուրադյանը, ով փորձագիտական կենտրոնում գրանցված է որպես վարորդ, աշխատավարձ է ստանում, սակայն սպասարկում է Զալինյանի ընտանիքին։

Երբ գնումների մրցույթում հաղթում են բարեկամները

2014թ․ գնումների պլանով փորձագիտական կենտրոնը միայն 7 մլն դրամ հատկացրել էր բժշկական սարքավորումների պահեստամասեր գնելու համար։ Հակոբ Թոփչյանին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել ՝ 2013-2014 թթ․ փորձագիտական կենտրոնը ի՞նչ սարքեր է ձեռք բերել, ո՞ր ընկերություններից և ի՞նչ արժեքով։ Սակայն, ստացանք այսպիսի պատասխան. «… ձեռք են բերվել բազմաթիվ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են կենտրոնի բնականոն գործունեության ապահովման համար»։ Նման պատասխանի պատճառն այն է, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն այդ սարքավորումները ձեռք է բերել «Արգո Կոմպ» ՍՊԸ-ից, որի 100% բաժնետերը նույն փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Զալինյանի մայրն է՝ Օլգա Սարգսյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 1997-ին, գործունեության տեսակը՝ «քիմիական արտադրանքի մեծածախ առևտուր»։


2014թ․ մարտի 28-ին Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից բժշկական սարքավորումների ձեռք բերման հրավեր է ներկայացվել։ Դրանից հետո գնումների կայքում որևէ տեղեկություն չկա, թե ինչպես և ում հետ է կնքվել այդ համաձայնագիրը։

Մինչդեռ կա 2014-ի մարտի 13-ին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Արգո Կոմպ» ՍՊԸ-ի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը, որով ձեռք են բերվել «բժշկական սարքավորումներ և գործիքներ»։

Փորձագիտական կենտրոնի կապը «Արգո Կոմպ» ՍՊԸ-ի հետ երևում է նաև մի շարք այլ գործարքներում։ Մասնավորապես` 2013թ. հուլիսի 9-ին «Արգո Կոմպ» ՍՊԸ-ից Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել մոտ 6 մլն դրամի քիմիական նյութեր։

20 օր հետո՝ հուլիսի 30-ին, նույն ընկերության հետ 440 հազար դրամի պայմանագիր է կնքվել՝ դարձյալ քիմիական նյութերի ձեռքբերման նպատակով։

Վերջերս կենտրոնը ձեռք է բերել մի քանի բժշկական սարքավորում, որոնց համար, սակայն, մրցույթ չի հայտարարվել․ այն ձեռք է բերվել հենց արտադրող ընկերությունից։

Մինչ այդ՝ 2012-ի ընթացքում, «Գնումների աջակցման» ՊՈԱԿ-ի և «Արգո կոմպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ևս 2՝ տնտեսական, սանհիգիենիկ և լվացքի միջոցների ու քիմիական նյութերի գնման շրջանակային համաձայնագիր։

2014թ․ մարտի 3-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի ու «Սմարթլայն» ՍՊԸ-ի միջև կնքվել է մոտ 1,4 մլն դրամի շրջանակային համաձայնագիր՝ գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր ձեռք բերելու նպատակով։ Այս ընկերության 100% բաժնետերը Լևոն Մելիքյանն է։

Բացի վերը նշված 3 պայմանագրերից՝ փորձագիտական կենտրոնի մյուս գնումների վերաբերյալ կայքում որևէ տեղեկություն չկա․

Փորձագիտական կենտրոնի հաշվին Զալինյանի ընտանիքին սպասարկող մեքենան

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տարեկան հաշվետվությունը 5 տարվա վաղեմություն ունի։ 2014թ. համար փորձագիտական կենտրոնը նախատեսել էր մոտ 154 մլն դրամի գնում։ Դրանից շուրջ 15 մլն դրամը, ըստ գնումների պլանի, շրջանակային համաձայնագրով հատկացվել է՝ վառելիք (բենզին ռեգուլյար, բենզին պրեմիում) գնելու համար։ Կենտրոնի հաշվեկշռում առկա է 10 մեքենա։ Եթե միջինացված հաշվարկ կատարենք՝ տարեկան 15 մլն դրամ 10 ավտոմեքենայի համար, մեկ մեքենայի համար ստացվում է 1,5 մլն դրամ տարեկան և 125.000 դրամ ամսական։ Ամսական 125.000 դրամով (հաշվարկը՝ 2014-ի բենզինի՝ 480 դրամ միջին սակագնով) մեկ մեքենայի համար կարելի է ձեռք բերել մոտ 260լ բենզին (ամսական այդքան վառելիք, օրինակ, ստանում է Զալինյանի ընտանիքին սպասարկող մեքենան)։

Մեկ այլ կետով՝ 2014թ. 25 մլն դրամ նախատեսվել էր գործուղումների համար, որից ծախսվել է 12 մլն-ը։ Այդ գումարով 13 աշխատակից գործուղվել է 14 երկիր (միջինը 850 հազար դրամ՝ այցի համար)՝ «փորձի փոխանակման, վերապատրաստման, կոնֆերանսների և սեմինարների» մասնակցելու համար։ Գործուղման մեկնում են հիմնականում նույն մարդիկ, որոնց թվում է նաև Արմեն Զալինյանը։

Ինչպե՞ս է ծախսվում խնայված 450 մլն դրամը

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն արդեն 5 տարի է՝ տարեկան մոտ 90 մլն դրամ խնայում է, ինչը նախկինում ծախսում էր տարածքի վարձակալության համար։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում կենտրոնը խնայել է մոտ 450 մլն դրամ (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար)։ Մեր այն հարցին, թե ինչպես է ծախսվում այդ գումարը, Հ․ Թոփչյանը պատասխանեց. «Խնայված գումարը ծախսվում է աշխատակիցներին խրախուսելու կամ ընկերությունը վերազինելու նպատակով»։

Մինչդեռ վերջերս, մասնավորապես «Հայկական ժամանակի» տված նույն հարցին Հ. Թոփչյանը պատասխանել էր, որ տարեկան խնայած 90 մլն դրամով «նախորդ հինգ տարիների ընթացքում 3 անգամ, թեպետ ոչ միշտ բոլորինը, բարձրացվել են աշխատավարձերը՝ 5-25 տոկոսի չափով»:
2014թ. հուլիսի 1-ից կառավարաության որոշման համաձայն՝ պետք է բարձրանար բուժաշխատողների աշխատավարձը։ Փորձագիտական կենտրոնում, սակայն, ինչպես վերը նշվեց, աշխատավարձի բարձրացումները եղան ընտրովի (այս մասին գրել էր նաև «Գոլոս Արմենիի»-ն)։

Ներկայումս կենտրոնում նվազագույն աշխատավարձը 150 հազար դրամ է, միջինը՝ 280 հազար։ 

Հակոբ Թոփչյանի աշխատավարձի չափը ԱՆ-ն այդպես էլ չհայտնեց՝ հիմնվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և Աշխատանքային օրենսգրքի վրա։ 

Իսկ Թոփչյանի աշխատավարձը 600.000 դրամ է: Բացի դրանից՝ 3 ամիսը մեկ նա իր աշխատավարձի չափով պարգեւավճար է ստանում։ 3 ամիսը մեկ պարգեւավճարներ են ստանում նաեւ Արմեն Զալինյանն ու նրա կինը, համապատասխանաբար՝ 500.000 և 200.000 դրամ:

Հակոբ Թոփչյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերությունները

Հակոբ Թոփչյանին և նրա ընտանիքի անդամներին են պատկանում մի շարք ընկերություններ։ Ըստ պետռեգիստրի տվյալների՝ դրանցից է «Ֆիտոտեխ ՍՊԸ»-ն։ Այն գրանցվելէ 2004-ի դեկտեմբերին։ Ունի 4 սեփականատեր, որից մեկը Թոփչյանն է՝ 33% բաժնետոմսով։ 33%-ն էլ պատկանում է Ռուբեն Նեյմանին՝ «Նեյման և որդի» պրոբիոտիկների և առողջարար սննդամթերքի գիտաարտադրական կենտրոնի տնօրենին։ «Ֆիտոտեխ» ընկերությունը, ֆինանսների նախարարության 2005 թ. տվյալների համաձայն, զբաղվում է «այլ սննդամթերքի արտադրությամբ»։ Հարկային ծառայության տվյալներով՝ այժմ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Մյուսը «ԹԻԷՅՋ-Ֆարմ» ՍՊԸ-ն է («T H Pharm» ), գրանցվել է 2000-ին, որի 50% տոկոսի սեփականատերը մինչև 2012թ. Հ. Թոփչյանն էր, իսկ 2012-ից հետո վերջինս իր բաժնեմասը հանձնել է որդուն՝ Վարդան Թոփչյանին, ով նաև ՍՊԸ-ի տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է դեղագործական ապրանքների, բժշկական սարքավորանքի և գործիքների մեծածախ առևտրով։

Պրն Թոփչյանին խնդրեցինք առավել մանրամասն տեղեկություն տրամադրել այս ընկերությունների գործունեության վերաբերյալ, ինչին ի պատասխան` նա առաջարկեց «մեր կողմից նշված ընկերությունների մասին տեղեկություն ստանալ հենց այդ ընկերություններից»:

Հակոբ Թոփչյանի կինը՝ Մարինե Բալասանյանը, «Մեդիալ ԴԻ ԸՆԴ ՓԻ» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։ Այն հիմնվել է 2006թ. հուլիսին։ Շվեյցարական «Medial D&P» առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է, որը զբաղվում է Մերձավոր Արևելքի երկրներում դեղագործական արտադրանքի մարքեթինգով և մատակարարմամբ։ Գործունեության տեսակը՝ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter