
Առողջապահության փոխնախարարը բարկանում է, երբ խոսում են իր ընտանեկան բիզնեսի մասին
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի ընտանիքը առողջապահական համակարգում բիզնես գործունեություն է ծավալում, սակայն չի ցանկանում հրապարակայնացնել և խոսել այդ մասին: Ավելին՝ տարբեր միջոցներով փորձում է կանխել իրենց բիզնեսին վերաբերող հրապարակումները:
Ինչպես շատ պաշտոնյաներ, այնպես էլ Վահան Պողոսյանը, օգտագործելով անձնական կապերը եւ պաշտոնը, իր ընտանիքի անդամների համար դեպի բիզնես ուղի է հարթում, սակայն կտրականապես հերքում է, դառնում է անտեղյակ, երբ այդ մասին ուղիղ հարց ես տալիս:
«Հետքն» արդեն տեղեկացրել է փոխնախարար Վահան Պողոսյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքների անդամների համատեղ բիզնեսի մասին: Օրինակ՝ պատրաստի դեղորայքի գնման ու վաճառքի, առողջապահական ծրագրերի իրականացման, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, բժշկական և իրավաբանական գործունեություն իրականացնող «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի բաժնեմասը 50/50 բաշխվել է Գալուստ Սահակյանի կնոջ` Ժաննա Աղաբաբյանի ու փոխնախարարի կնոջ՝ Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի միջև, իսկ ընկերությունը ղեկավարում է վերջինիս որդին՝ Էդգար Պողոսյանը:
Վահան Պողոսյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ իր և ընտանիքի անդամների ունեցվածքի մասին: Իր աշխատասենյակում լսելով մեր հարցը` նա սկսեց նյարդայնանալ` ասելով, թե դա իր անձնական կյանքն է, որի մասին չի ցանկանում խոսել: Հարցրինք` ո՞վ է Անահիտ Էլբակյանը, ով փոխնախարարի հետ նույն հասցեում է գրանցված, Վ. Պողոսյանը նախ ասաց, թե չի ճանաչում, ապա թե` մենք իր անձնական կյանքին ենք միջամտում: Հետագայում պարզեցինք, որ Անահիտ Էլբակյանը նրա մայրն է:
Վահան Պողոսյանն արգելեց ձայնագրել զրույցը, ինչից հետո փորձեց հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա: Նա սկզբում ցույց տվեց, թե իբր առողջական վիճակը վատացավ և այդ ամենի մեջ մեղադրեց մեզ:
«Եթե հիմա շտապօգնություն կանչեմ, պատասխան կտա՞ս»,- ասաց Վ. Պողոսյանը և սկսեց ձայնի տոնայնությունը բարձրացնել: Բիզնեսին վերաբերող հարցերը հունից հանեցին փոխնախարարին և նա փորձեց փակել զրույցի թեման` ասելով՝ «կարո՞ղ ա դու հետաքննող ես»: Փոխնախարարից այդպես էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց:
Վահան Պողոսյանից պետք է հարցնեինք, թե նրան որտեղի՞ց 190.000 դոլար, կամ՝ ընտանիքի անդամներն ինչու՞ են բիզնեսով զբաղվում հիմնականում առողջապահության ոլորտում:
Վահան Պողոսյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
|
Դրամական միջոց
|
դրամ |
1.500.000 |
5.000.000 |
6.000.000 |
դոլար |
190.000 |
190.000 |
190.000 |
|
եվրո |
15.000 |
15.000 |
15.000 |
|
Եկամուտ |
2.339.977 |
4.072.247 |
4.515.578 |
Փոխնախարար Պողոսյանի ընտանիքի ընկերությունները
«ՕԼԵՈՍ-ՄԵԴ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը պատկանում է Վահան Պողոսյանի որդուն` Ռաֆայել Պողոսյանին: Ընկերությունը հիմնադրվել է 2004թ., սակայն փոխնախարարի որդին ընկերության բաժնետեր է դարձել 2006-ից:
«ՕԼԵՈՍ-ՄԵԴ» ՍՊԸ-ն իրականացնում է համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ և տեղակայված է Աբովյան քաղաքի ծննդատան շենքում:
Ընկերության աշխատակցուհու խոսքերով` արդեն մեկ տարի է գործունեություն չեն իրականացնում, սակայն վերջնականապես փակվելու մասին խոսք չկա: «Ամեն ինչ տանում է նրան, որ կրկին վերաբացվենք, բայց երբ` չեմ կարող ասել»,- պատասխանեց նա:
Ռաֆայել Պողոսյանը 2013թ. 23.222.000 դրամ է հայտարարագրել, որից 23.000.000 դրամը նվիրատվություն է եղել: Թե նրան ո՞վ է նվիրել 23 մլն դրամ, այդպես էլ մնաց անհասկանալի, քանի որ պաշտոնյա հայրը չցանկացավ խոսել այդ մասին:
Նրանց ընտանիքին է պատկանում «Վանկա» ՍՊԸ-ն: Ընկերության 100% սեփականատերը փոխնախարարի մայրն է՝ Անահիտ Էլբակյանը: «Վանկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ., և այդ օրվանից ընկերությունը ղեկավարում է փոխնախարարի որդին` Ռաֆայել Պողոսյանը: Ըստ հարկային մարմնում գրանցված տվյալների` «Վանկա» ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ և գրանցված է Էջմիածին քաղաքում:
«Էդգար և Ռաֆայել» բժշկական կենտրոն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ. Վահան Պողոսյանի կնոջ՝ Լիլիթ Գասպարյանի կողմից: 2012թ. նա դուրս է եկել ընկերությունից, և 100% բաժնետեր է դարձել ամուսնու մորաքույրը` Ջուլիետա Էլբակյանը: Հենց նա էլ հանդիսանում է ընկերության տնօրենը: Ըստ հարկային մարմնի` այս ընկերությունը ևս գրանցված է Էջմիածնում և զբաղվում է ձկնաբուծությամբ, սակայն այս պահին գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Լիլիթ Գասպարյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
|
Դրամական միջոց
|
դրամ |
14.000.000 |
24.000.000 |
25.000.000 |
դոլար |
300.000 |
300.000 |
300.000 |
|
եվրո |
25.329 |
25.000 |
25.000 |
|
Եկամուտ |
24.280.000 դրամ
91.466 դոլար |
3.328.560 |
22.645.721 դր., որից` 20.699.500 դր. շահաբաժին և 71.601 դոլար
|
Լիլիթ Գասպարյանից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը ևս ձախողվեցին: Նա աշխատավայրում, լավագույն դեպքում, օրական լինում է 2-3 ժամ, և այդ ժամերը «որսալ» է պետք: Իսկ մեր հեռախոսազանգերին գործավարուհին պատասխանում էր. «Տնօրենը տեղում չէ»:
Վահան Պողոսյանի մորաքույրները` Սիլվա և Ջուլիետա Էլբակյանները, որդին`Ռաֆայել Պողոսյանը, 2013թ. հիմնել են «Առողջապահական համակարգի հաշտարարի գրասենյակ» ՀԿ-ն, որը մի շարք դրամաշնորհային ծրագրերի է մասնակցել:
Սիլվա Էլբակյանի մասնակցությամբ մեկ այլ հասարակական կազմակերպություն հիմնադրվել է 2008-ին: «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» ՀԿ-ում փոխնախարարի մորաքրոջ գործընկերներն են եղել` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, առողջապահության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և այլք:
ՀԿ-ի հիմնադիրներից Սուրեն Քրմոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ՀԿ հիմնադրելու նպատակը առողջապահության իրավունքի բնագավառում հետազոտություններ, գիտական քննարկումներ, դասընթացներ, հիվանդների և բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ծրագրեր իրականացնել է եղել: Նա ասաց, որ ժամանակի սղության պատճառով երկար ժամանակ չի զբաղվել ՀԿ-ի գործերով:
«Երբ զբաղվել եմ, հետաքրքիր օրենսդրական վերլուծություններ են կատարվել գիտական օրենսդրության բացերի, համեմատականներ այլ երկրների օրենսդրությունների հետ, կրթական նյութեր ենք մշակել բժիշկների և բուժքույրերի համար: Ներկայումս հստակ չեմ կարող ասել` ինչ ծրագրեր են անում, բայց գիտեմ, որ աշխատում են առողջապահական իրավունքի բնագավառում կրթական և գիտագործնական ոլորտում: Քանի որ ինչ-որ չափով ինձ համարում եմ նաև առողջապահական իրավունքի մասնագետ (այս ոլորտի մասնագետները շատ չեն), ազատ ժամանակ ունելանու դեպքում այս ՀԿ-ի և այլ ՀԿ-ների հետ հաճույքով շփվում և համագործակցում եմ»,-ասում է Սուրեն Քրմոյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել