
16 տարի առաջ Գյումրիի գործը ցանկացել է քննել ՌԴ դատարանը. ՀՀ դատարանը մերժել է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հետքը», ծանոթանալով երկու ռուս զինծառայողների՝ Ալեքսեյ Կամնևի ու Դենիս Պոպովի վերաբերյալ քրեական գործի 9 հատորանոց նյութերին, արձանագրեց, որ հայ և ռուս իրավապահները աշխատել են համագործակցված, սակայն քրեական հետապնդման գերակա դեր ունեցել է հայկական կողմը: Գործում առկա տարբեր գրությունները՝ անգամ տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածությունների մասին, վկայում են դրա մասին: Ասվածի ամենացայտուն վկայություններն են.
- Երկու զինծառայողներին ձերբակալել են մեր իրավապահները:
- Խափանման միջոց կալանքը կիրառել է ՀՀ դատարանը:
- Մեղադրյալները կալանքը կրել են Գյումրիի թիվ 2 մեկուսարանում:
- Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննությունը կատարվել է «Նուբարաշենի» նյարդահոգեբուժական հիվանդանոցում:
- Ռուսական կողմը՝ ՌԴ զինդատախազությունը իր վարած նախաքննության 2 հատորանոց նյութերը փոխանցել է հայկական կողմին:
- Դատավարությունը տեղի է ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելին՝ քրեական գործում կա ՌԴ Հյուսիս- Կովկասյան զինվորական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) նախագահ Վ. Գորոբեցի նամակը, որտեղ նա խնդրում է ՀՀ զինվորական դատախազության կողմից նախաքննությամբ ձեռքբերված բոլոր նյութերը հանձնել իրենց՝ այդպիսով միացնելով 2 գործերը, հետևաբար դատավարությունը անցկացնել ՌԴ Հյուսիս- Կովկասյան զինվորական դատարանի կողմից: Վ. Գորոբեցը, միևնույն ժամանակ, նամակում հայտնում է, որ համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսդրության` տեղի կունենա օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն:
Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանը պատասխանում է, որ գործի փոխանցումը ռուսական կողմին անհնար է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 498-րդ հոդվածի համաձայն` գործը ընդդատյա է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
![]() |
![]() |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի այս պատասխան նամակից հետո միայն ՌԴ զինդատախազությունը Էդվարդ Մանուկյանին է փոխանցում իրենց կողմից կազմված երկհատորանոց գործը:
Քրեական գործում կա մեղադրյալ Դենիս Պոպովի գրությունը, որով նա խնդրում է հանդիպում ՌԴ հյուպատոսի հետ: Կա նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Գ. Բոբիլևի նամակը, որով նա խնդրում է Գյումրիի կայազորի զինդատախազ Ա. Գրիգորյանին հյուպատոսի տեղակալի և իրավախորհրդատուի հանդիպում երկու մեղադրյալների հետ:
Ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ նկատեցինք, որ համեմատած 1990-ականներին քննված նմանատիպ այլ քրեական գործերի, որոնք «Հետքը» ուսումնասիրել է դատարանների արխիվում, այս գործում առկա է շատ՝ մոտ 40 լուսանկար՝ դեպքի վայրի ու դիակների զննության, իրեղեն ապացույցների, քննչական փորձարարության ժամանակ կատարված (ինչը այլ նմանատիպ գործերում չկա): Կատարվել են նաև բազմաթիվ փորձաքննություններ:
![]() |
![]() |
Դենիս Պոպովը` քննչական փորձարարության ժամանակ |
Մեկ ուշագրավ փաստ ևս. երկու ռուս զինծառայողները քննչական փորձարարության ժամանակ առանց ձեռնաշղթաների են:
![]() |
![]() |
Ալեքսեյ Կամենևը` քննչական փորձարարության ժամանակ |
Այնինչ, զինվորական մեկ այլ գործով՝ քննված 1997թ., մեղադրյալը քննչական փորձարարության ժամանակ ձեռնաշղթայով է: Բացի այդ, զարմանալի է նաև այն, որ մեղադրող դատախազը պահանջել է 15 և 14 տարվա ազատազրկման դատապարտել Ալեքսեյ Կամենևին ու Դենիս Պոպովին, այն դեպքում, երբ նրանք մեղադրվում էին ՌԴ և ՀՀ քրեական օրենսգրքերի 10 հոդվածներով, այդ թվում և ծանր ու առավելապես ծանր հանցագործությունների մեջ: Զարմանալի է, որ այս երկու ռուս զինծառայողներին նախ դատախազը չի միջնորդել դատապարտել պատժի առավելագույն չափի՝ մահապատժի, դատարանն էլ չի նշանակել մահապատիժ: «Հետքը» լուսաբանել է 1990-ականներին քննված զինվորական նմանատիպ այլ գործեր (սակայն մահապատժի դատավճիռներով), որոնք մի քանի անգամ նվազ ծանր են եղել, քան այս գործը: Բայց փաստն այն է, որ երկու ռուս զինծառայողները դատապարտվել են 14 և 15 տարվա ազատազրկման և հիմա ազատության մեջ են:
Մեկնաբանել