HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարեկանում մահապատժի դատապարտված զինվորը 18 տարի է՝ բանտում է - մաս 2

Սկիզբը

Այս լուսանկարը 1997թ. մահապատժի դատապարված (2003-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) զինվոր Արթուր Մկրտչյանի քրեական գործից է, որտեղ նա արդեն դատավարության փուլում ներկայացնում է այն, ինչի ականատես է դարձել 1996թ.հունիսի 10-ի գիշերը թիվ 18 պահակակետում: Մինչդեռ նախաքննության ժամանակ, իր իսկ վկայությամբ, ծեծի ու խոշտանգումների հետևանքով, նաև չդիմանալով, որ իր աչքի առաջ երկու ամիս շարունակ անընդմեջ բռնություն են կիրառել մեկ այլ զորամասում ծառայող իր հարազատ եղբոր՝ Գուրգենի նկատմամբ, տեղանքի զննության տեսագրության ժամանակ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

Արթուրի ճակատագրի մասին պատմող հոդվածաշարի առաջին մասը հրապարակելուց հետո «Հետքը» արձագանք ստացավ 1990-ականներին «02» հաղորդման լրագրող Վանիկ Ալեքսանյանից, ով հոդվածի տակ՝ մեկնաբանությունների մեջ գրել էր. «Եթե այս դեպքը տեղի է ունեցել Խորխոռունու զինոստիկանապետ աշխատած ժամանակ, ապա ես՝ որպես «02»-ի թղթակից, այս տղային տեսել եմ Խորխոռունու կաբինետում։ Լավ եմ հիշում, որ իմ տեսած տղան էլ էր 5 ծառայակիցների սպանության մեջ մեղադրվում։ Մեկ էլ հիշում եմ, թե ոնց էր Խորխոռունին այդ տղային ծեծում։ Տղան միայն դողացնում էր. նրան սառը տեղում էին պահում։ Խոսել ո՛չ կարողանում էր, ո՛չ էլ թողնում էին։ Միայն թե վստահ չեմ, թե արդյո՞ք նույն տղան է»:

1996թ. Կոթիի զորամասի այս սպանությունը զինադադարից հետո ամենախոշոր առաջին դեպքն էր, 5 զինվորի սպանություն երբևէ չէր գրանցվել: «02»-ի նախկին թղթակիցը «Հետքին» փոխանցեց, որ այն ժամանակ ռազմական ոստիկանության պետ Վահրամ Խորխոռունու մոտ է տեսել Արթուրին, երբ նկարահանող խմբով գնացել են հաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու, որն այդպես էլ եթեր չի գնացել. «Նրան բերեցին ձեռնաշղթաներով, մտած-չմտած Խորխոռունին սկսեց դնգստել։ Ահավոր դողում էր։ Պահում էին նկուղատիպ տեղում։ Տղան չէր կարողանում մի բառ ասել։ Հենց բերանը բացում էր, սիլլա էր ուտում։ Ես կենդանի վկան եմ, որ իմ աչքի առաջ նրան Խորխոռունին սատկացրեց»։

Բռնության մասին վկայություններ կան նաև քրեական գործում, բռնության է ենթարկվել նաև վկա, ապա կասկածյալ ու մեղադրյալ դարձած, իսկ հետո նորից վկայի կարգավիճակով հանդես եկող Վիգեն Ծատուրյանը, սակայն որևէ քննություն ՌՈ-ում կատարված բռնությունների ուղղությամբ չի կատարվել: Միայն ի գիտություն է ընդունվել, որ Վիգենի բազում ցուցմունքներից մեկը տրվել է բռնության հետևանքով, որտեղ նա խոստովանել է, որ զինվորներից մեկի սպանությունը ինքն է կատարել: Արդյունքում Վիգենը դարձյալ դարձել է գործով վկա:

Ըստ քրեական գործի նյութերի՝ երեք զինվորները սպանվել են կացարանում՝ քնած ժամանակ, երկուսը՝ կացարանից 100 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ կացարանում հրազենային կրակոցներից սպանված երեք զինվորներից 2-ի վրա կրակել են վերևից ներքև, առջևից հետևից, աջից ձախ: Բլինդաժից պարկուճ չի հայտնաբերվել, միայն մեկ հատ խրամատից՝ այն էլ Է. Մաթևոսյանի դիակի տակից:

Արդեն դատավարության ժամանակ Արթուր Մկրտչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ այդ գիշեր պահակակետում տեսել է «Նիվա» մակնիշի մեքենա՝ ՌՈ-ի պետական համարանիշներով, որտեղ եղել է երեք մարդ, որ եղել է զենքի առևտուր: Ասել է, որ անծանոթներից մեկն իրեն ստիպել է ծնկի իջնել և չշարժվել: Արթուրը նշել է, որ այդ ընթացքում լսել է կրակոցի ձայներ: Երբ մեքենան հեռացել է, Արթուրը քայլել է առաջ ու տեսել դիակներ խրամատի մեջ: Այդ պահին վախեցած փախել է: Հայտարարվել է հետախուզում: Արթուրին հայտնաբերել են միայն 15 օր անց՝ Սևանում:

«Նիվայի» անծանոթներից մեկին Արթուրը հանդիպել է նաև ռազմական ոստիկանությունում, ով զինվորին ասել է. «Եթե հիմարություն անես, եղբայրդ մեզ մոտ է, կարող է` կախված գտնեն, չհաշված ընտանիքիդ անդամներին»:

Իսկ ո՞րն էր հինգ զինվորների սպանության մոտիվը: Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի՝ Արթուրը Էմիլ Մաթևոսյանին սպանել է 100 դոլար պարտքի համար:

Սակայն Արթուրը դատարանում ցուցմունք է տվել, որ 5 տուփ ծխախոտի պարտք է ունեցել՝ 4000 դրամի պարտք, որն էլ փակել է՝ փոխանցելով այն այլ  զինվորների միջոցով: Ի դեպ, Արթուրը պնդել է դատարան կանչել այդ զինվորներին, դատավոր Սերժ Ավետիսյանը նախ նշել է, որ կապահովի նրանց ներկայությունը, սակայն չի հոգացել այդ մասին: Իսկ Արթուր Չալաբյանին սպանելու մոտիվն, ըստ դատավճռի, 1,5 տարի առաջ ունեցած վեճն է եղել, սակայն Մկրտչյանը այդ ժամանակ նույն զորամասում չի ծառայել, Արմեն Մանուկյանին կրակել է այն պատճառով, որ թույլ չի տվել Չալաբյանին սպանելուց հետո փախուստի դիմել: Իսկ Մխիթարյանին ու Մարտոյանին` հոգեկան հուզմունքի ազդեցության տակ:

Թե ինչպես է 19-ամյա զինվորը 5 զինվորների սպանության մեղադրանքով դատապարտվել բացառիկ պատժաչափի՝ մահապատժի, թե ինչից հետո է Արթուրի հոր՝ Համբարձում Մկրտչյանի հանդեպ քրեական գործ հարուցվել, թե ինչպես է քննիչի սենյակից անհետացել իրեղեն ապացույց հանդիսացող սպանված զինվորներից մեկի զինվորական հագուստը, կներկայացնենք հաջորդիվ:  

Շարունակություն

Մեկնաբանություններ (3)

Ashot
Մեր երկրում ավելի հեշտ կգտնենք սև աղվես քան արդարություն, պարոնայք սրանք մարդկային ճակատագրեր են, հերիք է փակեք ձեր աչքերը:
voskan
Զինվորական գործերի 99% ը անարդար դատավճիրներ են, եվ վոչ միյայն զինվորական, քանի վոր Հայաստանռւմ գոյռւթյռւն չռւնի դատական համակարք:
laura
ovqer datapartvel en minchev 21 tarekan azateq ev shans tveq veradastirakvelu ... Astvats iranc pahapan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter