
Արամ Աթեշյան. «Հայ լինելու չափանիշը քրիստոնությունն է»
«Հետքի» հարցերին պատասխանում է Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանը
-Սրբազան, Ստամբուլում մի քանի ամիս մնալով՝ տպավորություն ստացա, որ Հայաստանն ու թուրքահայությունն իրար հետ այնքան էլ կապված չեն:
Հայաստանի անկախությունից շատ առաջ մեր համայնքի զավակները հայրենիքը տեսնելու և հոնտեղի մեր եղբայրներու ու քույրերու հետ շփվելու կարոտն ունեցած էին: Դրանից հետո Հայաստանեն երգչախումբեր, երգիչներ, պարախումբեր, մտավորականներ ու այլ դասակարգի մարդիկ Թուրքիա եկան և, անշուշտ, նույն ձևով մեր կողմեն ալ այցելություններ տրվեցան Մայր Հայաստան:
Հոստեղ ապրող հայաստանցի մեր ազգակիցները մեր հիվանդանոցներում ըստ կարելվույն կդարմանվեն, իսկ մանուկները գրեթե ամբողջությամբ ձրի կդարմանվեն: Մկրտություններով մենք ենք զբաղվում, մահացողներին համար էլ՝ եթե չեն կարող մեռնողը հետ տանել, արարողությունը հոս կանեք ու մեր գերեզմանատներում կթաղենք: Հրանդ Տինք դպրոցում սովորող հայաստանցի մանուկներով էլ ենք զբաղվում, իսկ վերջին ամիսներին էլ անձամբ ես եմ սկսել զբաղվել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, որ կապը փրթած է:
Միևնույն ժամանակ պետք է ասել, որ առաջին անգամ, երբ մեր ազգակիցները Հայաստանից Թուրքիա եկան, մեր համայնքի զավակներն էին, որ իրենց տների դռները լայնորեն բացեցին, բայց, դժբախտաբար, քանի մը ընտանիքներ էլ կողոպտվեցին:
-Մի քանի դեպքերով եք դատում, Սրբազան:
-Անշուշտ է, որ ամեն ժողովուրդի մեջ, ամեն համայնքի մեջ և ամեն տեղ գող-ավազակներ կան, կարելի չէ փոքրամասնությունը մեծամասնության վերագրել: Պարզապես մեր համայնքը ցավ զգաց:
-Երբ հունվարին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ սուգ հայտարարվեց, մենք ակնկալում էինք, որ այստեղ էլ ինչ-որ ձևով այն արձագանք կունենա:
-Անշուշտ արձագանք գտավ: Երբ օրերով թերթերն այս նյութին շուրջ գրեցին, մեր համայնքի զավակներն էլ շատ մեծ ցավ զգացին: Իսկ Պատրիարքություն ըլլալով՝ մեր բոլոր եկեղեցիներուն մեջ հոգեհանգստյան պաշտոն կատարեցինք: Բայց քանի որ թերթերուն այս մասին չասեցինք, շատերուն կողմեն լսելի չեղավ:
-Պոլսո հայությունը իր ապագան ինչպե՞ս է տեսնում:
-Նախ` որպես հայ քրիստոնյա մեր ապագան մեր եկեղեցիներն ու դպրոցներն են, մեր լեզուն ու մշակույթն է, մեր ազգային ու եկեղեցական արժեքներն են: Բայց որպես անհատներ ամեն անհատ իր ապագան իրեն ծնած, մեծացած ու սնունդ առած երկրին մեջ կփնտրե, այսինքն` իր ծննդավայրին մեջ:
-Հաճախ հարց է հնչում, թե ինչո՞ւ պոլսահայերը լավ հայերեն չեն խոսում:
-Պետք չէ մոռանալ, որ Պոլիսը մտավորականության կենտրոն է եղել և նշանավոր հեղինակներ այստեղ ծնունդ առած են, լեզվի ու գրականության պահպանման մեջ մեծ դեր կատարած են:
Մեր համայնքի բնակչության մեծամասնությունը գավառեն են եկել, որտեղ հայկական դպրոցներ չկային, հետևաբար չեն կարողացած իրենց մայրենի լեզուն սովորել, ինչը որ մեղադրելի չէ: Մեր աշակերտության մեծամասնությունը այս ընտանիքներու զավակներն են: Ճիշտ է, որ լեզուն կատարյալ չեն սովորում, բայց մենք այսքանով ալ ուրախ ենք:
Վերջին 40-50 տարիներուն մեր դպրոցներում դասերուն մեծամասնությունը թրքերենի վերածվեցին: Մերիններն են հայ դասերը փոխած ու դասերը թրքերենի վերածած, որպեսզի համալսարանին քննությանը թրքերենով մտնի. հայերենով չէին կարող մտնել: Ու ատիկա միայն տնօրենների որոշումը չէր եղած, այլ համայնքին որոշումը: Որոշվեց, որ հայերենը՝ լեզու ըլլալով ու կրոնքը միայն մնան, իսկ մյուսները փոխեն թուրքերենի:
-Բայց մենք ունենք սիրիահայերի օրինակը, որտեղ հայերեն խոսելու և հայերենը պահելու մշակույթը շատ բարձր մակարդակի վրա է:
-Սիրիահայերու համար Սիրիան ազատ երկիր էր՝ առանց խտրականության, որտեղ թե́ իրենց լեզուն, թե́ կրոնը և թե́ մշակույթը կարողացել են լավագույնս պահել:
Հայաստանցիների պարագան ի՞նչ է. ոմանք կուգան, ես հայերեն կխոսեմ, իրենք ինձի թրքերեն կպատասխանեն: Կհարցնեմ՝ դուն հայ չե՞ս, ինչի՞ թրքերեն կխոսես, կպատասխանե, որ ես թրքերեն ավելի լավ կըրնամ խոսել: Քանի՞ կին է` մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ: Եվ այդ հայերից շատերը կուգան հոս ու մահմեդականներին հետ կամուսնանան, գլուխները ծածկողներ էլ կան: Հայաստան եղած ժամանակ տարբեր գաղափար ունեին, Թուրքիա եկան՝ ամբողջությամբ փոխվեցան: Խառնամուսնությունը, իհարկե, ամեն երկրի մեջ էլ կա, բայց մեր մոտ էլ վերջերս շատացավ:
-Եթե պոլսահայերի շրջանում էլ խառնամուսնություն կա, ինչո՞ւ է այդքան վատ ընդունվում հայաստանցի հայի ամուսնությունը թուրքի հետ:
-Ես թուրք բառը չգործածեցի, այլ խառնամուսնության, որուն մեջ ամեն կրոնի ու դավանանքի մարդիկ կարող են լինել: Իսկ եթե հարցը թուրքի հետ ամուսնությունն է, պիտի ասեմ, որ հայաստանցի մեր ազգակիցները, որոնք Հայաստանում ծնված լինելով՝ տարբեր ձևով դաստիարակված էին, հայոց պատմություն սովորած էին, տարբեր գաղափար ունեին անոնց մասին, և թուրքը թշնամի էր անոնց, մեկ խոսքով՝ կատեին թուրքը, հոս գալով աշխատելը մեկ կողմ թողենք, ամուսնությունն ինչո՞ւ է:
Ու պետք չէ, որ ինձի հետ ինքը բաղդատե: Իմոնքս իրենց հետ կապրին, իրենց հետ նույն դպրոցին մեջ են, ադիկ քիչ մը ջուր կվերցնե, բայց հայաստանցու պարագային ընդունելի չէ: Ասել է, որ ժամանակը, տեղը և հարաբերությունները մարդուն ունեցած գաղափարները փոխում են:
-Շատ է խոսվում մահմեդականացված հայերի մասին, և Դուք տարբեր առիթներով ասում եք, որ հայ լինելու չափանիշը քրիստոնյա լինելն է:
-Ես կասեմ, որ քրիստոնեությունը հայ լինելու անբաժան մասնիկն է: Ազգությունն ու կրոնքը անբաժան են մեզ համար: Քրիստոնեության համար հայ ժողովուրդեն ավելի զոհ տված ժողովուրդ մը կա՞ արդյոք:
-Բայց այդ մարդկանցից շատերի տատն ու պապը իմ և Ձեր պես հայ են եղել:
-Անձը ինչպե՞ս պիտի փաստե, որ հայ է, եթե ոչ` մկրտության վկայականով: Միայն իրենց «ես հայ եմ» ըսելով պիտի ընդունի՞նք: Հայաստանի պետությունը սփյուռքի հայությանը քաղաքացիություն տալուց մկրտության թուղթ ունենալը պայման դրած է, ինչ որ ճիշտ է: Ո́չ մեր ազգությունը և ո́չ էլ մեր կրոնը այսչափ էժան պետք չէ, որ ըլլա:
-Բայց ենթադրենք եկել է և ուզում է մկրտվի:
-Այդ պարագային Պատրիարքարան խնդրագրով մը պիտի դիմե, դաս պիտի առնե, անձնաթուղթը պիտի փոխի, ուր պետք է գրված լինի քրիստոնյա, պիտի մկրտվի և այսպիսով Հայ Եկեղեցու անդամ պիտի դառնա: Բայց անոնք անձնաթուղթը չեն ուզում փոխել, այլ միայն մկրտվել են ուզում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են ուզում մկրտվել:
-Որովհետև արտասահմանում մկրտության վկայականը մեծ դրութուն կընծայե իրենց: Հայ եկեղեցու անդամ ըլլալ են ուզում, բայց մյուս կողմեն էլ ցույց տան, թե մահմեդական են: Երկու պարագան էլ ուզում են գործածել. Հայաստան կամ Եվրոպա գացած պարագայեն մկրտության թուղթը պիտի գործածե, իսկ այս երկրին մեջ էլ թրքական ինչ-ինչ գործի մեջ մահմեդական լինելը պիտի բանեցնե: Այդպես չէ: Ոչ մեկ կընդունե ասանք բան մը:
-Սակայն դուք վերապահումներ ունեք 1950-ականների վերջերին մահմեդականացված հայերի վերաբերյալ:
-Վերապահումներ չունեմ, այլ հույս ունեմ, որովհետև անոնց մեջ տակավին հայեր կան, որոնք հայերեն են խոսում, գաղտնաբար խաչ են գործածում և աղոթք անում: Ես այս ընտանիքներից, մասնավորապես` Տիգրանակերտից մանուկներ ու երիտասարդներ բերած եմ՝ մանուկներ, որոնք մեր դպրոցներու մեջ են ուսանում, իսկ երիտասարդներն էլ հայերի հետ ամուսնացան, բոլորն ալ մկրտված ու Հայ Եկեղեցու անդամ դարձած են:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել