HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»

սկիզբը

Երկու քարի արանքում

(1914-1918 թվականներ)

Մի անգամ, չեմ հիշում ինչ առիթով, մեր տանը խոսում էինք Սիբիրի մասին: Ղուկաս հայրիկը զրույցին չէր մասնակցում: Լուռ էր, առհասարակ քչախոս էր ու ինքն իր մեջ ամփոփված: Քիչ հետո անցանք այլ թեմաների, իսկ ավելի ուշ, երբ քնելու ժամը եկավ, և ես իմ փոքրիկների անկողիններն էի բացում, հայրիկը, կարծես ինքն իրեն, առանց որևէ մեկին դիմելու, ասաց.

-Ես էլ եմ Սիբիրում եղել:

Գործս թողեցի, կանգնել, ապշած նայում եմ, քանի տարի է այս ընտանիքում եմ, բայց չեմ լսել այդ մասին:

-Սիբի՞ր: Ե՞րբ: Ինչո՞ւ,- հարցրի:

Հայրիկը մեղավոր ժպտաց:

-Էէէ,- ասաց, ձեռքը թափ տվեց` իբր կարևոր չէ,-անցած գնացած բան է:

Հետո, մի քիչ գլուխը կախ նստեց: Իսկ քիչ անց`

-Այդ մասին էլ չհարցնես և չխոսես: Մոռացի,-ասաց: -Հասկացա՞ր:

-Ինչո՞ւ, հայրիկ, -հարցրի զարմացած: -Դու եղել ես Սիբիրում, և ես չիմանա՞մ, թե երբ և ինչու:

Նորից ձեռքը թափ տվեց, իբր` անցած գնացած բան է:

Նա, որ առհասարակ մեղմ ու բարի մարդ էր, երբեմն-երբեմն խիստ հայացք էր ունենում` նայած թե իրեն ինչը դուր չէր եկել: Այդ պահին տեսա նրա աչքերի սառնությունը և լսեցի նրա մեկուսի խոսքը.

– Էլ չհարցնես, մոռացի:

Եվ ես ենթարկվեցի նրա խստիվ արգելանքին:

Կանցնեն տարիներ (մոտ չորս տասնամյակ), և ես կհասկանամ, որ դա իմ մեծ սխալն էր: Ձեռքիցս տվել էի շատ կարևոր մի փաստ: Ուզում եմ նաև ավելացնել` դարակազմիկ փաստը, որը ես, այս պատմությունը գրելիս, հետ կբերեմ մեծ ջանքերի գնով: Կգա նաև ժամանակը, երբ ես կասեմ նաև նրա գաղտնապահության պատճառը: Այնուամենայնիվ, օրեր շարունակ մտածում էի` արդյո±ք նրանց ընտանիքում պայմանավորվածություն է եղել լռել այդ մասին; Իսկ հիմա նույնիսկ ենթադրում եմ` հնարավոր է, որ նրանք տեղյակ էլ չեն եղել: Քանի որ Ղուկասը երկրորդ անգամ ամուսնացել է սիբիրյան աքսորից վերադառնալուց ութ տարի անց:

Այլևս ուշ է: Չկա ոչ մեկը, ոչ մյուսը: Ժամանակն իմ և նրանց միջև պատնեշ է քաշել: Ես պետք է հենվեմ տպագիր ճշգրիտ տվյալների վրա, ինչը, բարեբախտաբար, գտնվեց: Մյուս կողմից էլ մտածում եմ` որքան կարևոր բաներ կան գրելու, այնինչ տարիները թռչում են, ինքս էլ հասել եմ կյանքիս մայրամուտին: Բայց այն, ինչ համարում

եմ կարևոր, պետք է փորձեմ գլուխ բերել: Հատկապես այս մեկը:

***

Իննսուն տարով հետ գնանք: 1914 թվականն է: Սկսվել է ռուս-թուրքական պատերազմը: Ղուկասի նման շատ երիտասարդներ թուրքական բանակի զինվոր են, զորակոչվել են ռուսների դեմ կռվելու:

Ռուսների դե՞մ: Պատկերացնո՞ւմ եք, ռուսների, որոնց հետ հայերը հույսեր էին փայփայում թուրքական լծից ազատվելու:

(Միջանկյալ. Լևոն Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» վեպում այսպիսի տողեր կան.

«Թերևս Ռուսաստանի հանդեպ սերը բացատրելի է դարերի ընթացքում հայկական ոգու

հետևողականությամբ, և, Ջեմալ փաշան ճիշտ էր, երբ հայերի մասին ասում էր. «Կայուն իրենց բարեկամության մեջ, կայուն իրենց ատելության մեջ»:

Այո, կայուն` ատելության մեջ: Բայց մի՞թե Ջեմալը չգիտեր, թե ինչն է դրա պատճառը: Գիտեր, բայց սովոր էր կեղծելու: Ճիշտ այնպես, ինչպես Ջեմալից մեկ դար հետո, 2010 թ. մայիսի 24-ին, Գրողների միության կլոր սրահում մեկ այլ թուրք, գրող Հասան Էրկեկը, որի «Շեմ» թատերգության հայերեն թարգմանության շնորհանդեսն էր. ասաց.

«Մեր երկու ժողովուրդները` թուրքերը և հայերը, հազար տարի բարեկամաբար ապրում են կողք կողքի»:

Լսեցի՞ք: Մի րոպեում երկու մեծ սուտ` «բարեկամաբար» և «հազար տարի»: Ի՞նչ բարեկամաբար, երբ մեկուկես միլիոն հայությանը եղեռնի եք ենթարկել և դատարկել եք Արևմտյան Հայաստանը: Ի՞նչ հազար տարի: Հազար տարի առաջ դուք որտե՞ղ էիք:

Ճիշտն ասած` անամոթ ստերը և կեղծավորութունը դժվար է հանդուրժել):

***

1914 թվական: Թուրքական բանակը բազմազգ էր. թուրքեր, քրդեր, հայեր, հույներ, արաբներ, չեչեններ: Հայ զինվորների համար ծանր վիճակ էր ստեղծվել: Ամբողջ հոգով նրանք ռուսների հաղթանակն էին տենչում, այնինչ առաջին գծում էին և պարտադրված` կռվել նրանց դեմ:

Որոշ ժամանակ անց ելքը գտնում են. զենքը շուռ տալ թուրքերի դեմ:

Իրար մեջ պայմանավորվում են: Հարմար պահերից մեկի ժամանակ նրանք կարողանում են իրականացնել իրենց որոշումը և ներկայանալ ռուս բարձրաստիճան զինվորականներին:

Ինչպես պարզվեց, ռուսների համար դա` նախ անակնկալ էր, հետո` անհասկանալի, նույնիսկ կասկածելի` թշնամու բանակից են, ի՞նչ է սրանց ուզածը:

Հայերն ասում էին` մեզ ընդունեք ձեր շարքերը, մենք ցանկանում ենք կռվել թուրքերի դեմ: Բացատրում էին պատճառը` մեր հայրենիքը և մեր ընտանիքները պատանդ են նրանց ձեռքին:

Երբ տեսան, որ ռուսներն անդրդվելի են, սկսեցին խնդրել... Անօգուտ:

Խառը ժամանակներ էին: Հայ զինվորներին ոչ լսող կար, ոչ նրանց դրության մեջ մտնող:

Առաջ շարժվելուն զուգընթաց, ռուսները գերի վերցրին նաև այդ տարածքում գտնվող թուրքական բանակի թե թուրք, թե այլազգի զինվորներին` քուրդ, արաբ, հույն, ղզլբաշ և մյուս ազգերի հազարավոր զինվորների:

Հայերն իրենց դիրքը չէին զիջում, փորձում էին ամեն կերպ համոզել` իրենք ցանկանում են կռվել թուրքերի դեմ, ազատագրել Արևմտյան Հայաստանը, միանալ իրենց ընտանիքներին...

(Խեղճեր, տակավին չէին լսել իրենց ընտանիքների եղերգական ճակատագրի մասին):

Ռուսները շարունակում էին անդրդվելի մնալ: Նրանք չընդունեցին հայերի բողոքը, ասելով` թուրքական բանակից եք, թուրք զինվոր եք, վե°րջ`մեր թշնամին եք: Եվ ռուսները որոշեցին, որպես անհավատարիմ տարրերի, նրանց դաժանորեն պատժել: Ստացվեց, որ նրանք սեղմված են հարավից թուրքերի, հյուսիսից` ռուսների միջև:

Այսպիսով նրանք հայտնվեցին երկու քարի արանքում:

Շուտով պարզվելու էր ռուսների մտադրությունը` բոլոր գերիներին անխտիր Սիբիր աքսորելու մասին: Մի փաստ կա, որ խոսում է, թե կամավոր գերի ընկնելուց հետո ինչ էր կատարվում հայերի ներաշխարհում:

Գրող Ատրպետը, «Տժվժիկի» հայտնի հեղինակը, այդ ժամանակ ռազմական թերթի թղթակից էր: Նա լսել և գրի է առել հայ ռազմագերիներից մի քանիսի բողոքը:

– Մենք չեկանք, որ գնանք Ռուսաստանի խորքերն անգործության մատնվելու: Մենք մահն աչքերս առած փախանք բռնակալի ճիրաններից, որ մեր զենքը նրա սրտին ուղղենք:

– Ես ինչպե՞ս կարող էի երևակայել, որ ռուսական ազատարար բանակ հասնելուց հետո պիտի դատապարտվեմ բարոյական մահի:

Խնուսցի հայ զինվորն էլ ասում է.

– Ավելի լավ է անմիջապես ինձ գնդակի հարվածի ենթարկեն, քան թե անգործության դատապարտեն...

Սակայն, ինչպես ընդունված է ասել`թացը չորից զանազանելու ժամանակ չէր: Ռուսաստանը խառնակ վիճակում էր: Նրա ռազմական պետերը որոշել էին շատ կոշտ և վերջնական` բոլոր գերիներին անխտիր, հայ թե այլազգի, աքսորել Սիբիր և Հեռավոր Արևելք, ինչը որ իրականացրին:

Ցավալին այն էր, որ բազմազգ զինվորների հետ աքսորեցին նաև պատերազմի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին:

Նրանց, ովքեր իրենց գյուղերի աշխարհագրության բերումով մնացել էին երկու կրակի արանքում: Հյուսիսից ռուսներն էին կրակում, հարավից` թուրքերը: Եվ երբ ռուսներն առաջ անցան, այդ տարածքի անմեղ հայ բնակչությանը, պատերազմի հետ ոչ մի կապ չունեցող, նույնպես գերեվարեցին և նրանց էլ Սիբիր քշեցին: Դա ռուսների երկրորդ մեղքն էր հայերի հանդեպ:

Բիրտ մոտեցում էր: Սա մի փաստ էր, որ հաստատումն էր այդ տարիների ռուս զինվորական բարձրաստիճան չինովնիկության` փոքր ազգերի հանդեպ, առանց ճշմարտությունը պարզելու, անհոգի վերաբերմունքի:

Սիբիրյան համակենտրոնացման ճամբարներ հասան թուրքական բանակի հազարավոր զինվորներ` թուրք, հայ, քուրդ, ղզլբաշ, հույն, եզդի, արաբ...

Նրանց ցրեցին Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարբեր ճամբարներ`Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Բերյոզովկա, Ուլան-Ուդե, Խաբարովսկ, Բլագովեշչենսկ... Ամենուրեք պայմանները ծանր էին: Շատերը չդիմացան: Նախ` անսովոր ցուրտն ու սառնամանիքը: Երկրորդ` քաղցը:

Անտանելի էին նաև դաժան ծեծն ու տաժանակիր աշխատանքը հանքերում: Սկսվեցին համաճարակները` բծավոր տիֆ, թունավոր լուծ, քոս: Այո, շատերը չդիմացան... Անհաշիվ մահեր եղան:

Այդքանին տեղավորվե՞լ կլիներ: Շուտով ստիպված են լինում նոր կացարաններ կառուցել: Գերիներից շինարարական աշխատանքներին մասնակցում են նաև հայ վարպետները:

***

Ռուբեն Աբգարի Սիմոնյան: Պատմաազգագրական յոթ գրքերի հեղինակ է: Վերջինը` «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը», 160 էջ, լույս է տեսել 2006 թվականին:

Անդրանիկ զորավարի վերջին արշավանքների և ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գերի ընկած հայերի մասին է, որոնց մեջ է եղել Ղուկաս Խաչատրյանը: Եվ ես, վստահորեն կարող եմ ասել, եթե այս կարևոր պատմական փաստաթուղթը չլիներ իմ ձեռքի տակ, ի վիճակի չէի լինելու անդրադառնալ վերոհիշյալ խնդրին:

Նախ վերնագրի մասին: Ինչո՞ւ Անդրանիկ, ինչո՞ւ Սիբիրական վաշտի ոդիսականը: Այս գրքից իմանում ենք հետևյալը:

«Հայ գերիները երկար ժամանակ չգիտեին, թե ինչ է կատարվում արևմտահայ իրենց հարազատների հետ: Սպանդի մասին նրանք իմացան կարեկից ռուս մարդկանցից, որոնք ընթերցում էին թուրքական գազանությունների մասին տարբեր թերթերում»:

***

Հայկական զանազան կազմակերպություններ հաճախակի դիմում էին ցարական կառավարությանը` խնդրելով հայ գերիներին ազատել և նրանց հնարավորություն տալ կռվել կովկասյան ճակատում, իրենց թշնամու դեմ:

Ոչ: Չհամաձայնեցին: Կրկնենք` չինովնիկական սառը պատասխան, առանց իրադրության մեջ խորանալու: Անդրանիկ զորավարը նույնպես այս խնդրով դիմեց ռուսական իշխանությանը:

1917 թվականն էր: Արդեն երեք տարի մեր հայրենակիցները Սիբիրում էին, ցրված տարբեր քաղաքներում ու ավաններում: Այդ ընթացքում Ռուսաստանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան:

Ժամանակավոր կառավարության ղեկավարներից մեկը Ալեքսանդր Կերենսկին էր: Փետրվարյան հեղափոխությունից հետո նա Պետրոգրադում բարձր պաշտոններ էր վարում:

Անդրանիկ զորավարի բացատրությունների և միջամտության շնորհիվ միայն, վերջապես Կերենսկուն հասկացրել էին, որ հայ գերիները ոչ թե ռուսների դեմ են եղել, այլ` կողմ, որ հայերը կամովին են գերի ընկել, թուրքերի դեմ կռվելու, իրենց հայրենիքը և ընտանիքները փրկելու համար:

Թյուրիմացություն, որ, ցավոք, բացահայտվեց մեր հայրենակիցների մի մասի` Սիբիրյան հողում գերեզման գտնելու և ողջ մնացածների երեք տարվա կրած տառապանքներից հետո:

Ժամանակ անց գերիների ցուցակներ կազմվեցին: Ռուբեն Սիմոնյանին հաջողվել է որոշ քաղաքներից ցուցակներ ձեռք բերել: Բայց դրանք ամբողջը չեն:

***

Այժմ ծանոթանանք այս խնդրին վերաբերող մեկ այլ աղբյուրի: 1982 թ. Բեյրութում տպագրվել է Վազգեն Անդրեասյանի «Անդրանիկ» վերնագրով գիրքը: Մեջբերում եմ.

«Շնորհիվ Անդրանիկի և իր անմիջական հետևորդներու ողջամտության, այդ ժամանակավոր կառավարությունը ճանչցավ թուրքահայ հատվածին իրավական գոյությունը և ազատ արձակեց Սիբերիա գտնվող թրքական բանակի հայ գերիները, որ երթան պաշտպանեն իրենց ազգակիցները...»:

Սակայն... 1917 թվականն էր արդեն: Արևմտյան Հայաստանը դատարկվել էր հայությունից: Իրականացվել էր աշխարհում դեռևս չտեսնված-չլսված ցեղասպանությունը: Սիբիրից վերադարձած հայ զինվորների դիմաց քաշված էր պարիսպը...

Փաստորեն Սիբիր աքսորված թուրքական բանակի հայ զինվորները երջանիկ անտեղյակության մեջ էին եղել: Նրանք չէին լսել իրենց ընտանիքների տեղահանության և սպանդի մասին:

1918 թվականին գերությունից վերադարձող տղամարդկանց ողբերգությունը շատ մեծ էր: Մարդը քանի՞ շերտ տառապանքների կարող է դիմանալ: Այնուամենայնիվ, հանուն Հայրենիքի, հանուն այն հույսի, որ երբևէ և որևէ տեղ կգտնեն, կմիանան իրենց

ընտանիքներին, Սիբիրյան աքսորից ազատագրվածներն ուժ էին գտնում իրենց մեջ և ակնկալում, որ մի օր արև կծագի իրենց հոգիներում:

Մանավանդ, գիտեին` Անդրանիկ զորավարի դրոշի ներքո են համախմբվելու:

***

Մեր ընտանեկան արխիվում պահվում է նաև երրորդ փաստաթուղթը` Ղուկաս Խաչատրյանի մահախոսականը, տպագրված  «Երևանի համալսարան» թերթում, 1968 թ. ապրիլի 26-ի համարում: Ստորագրված է. համալսարանի կոլեկտիվ: Մեջբերում եմ.

«1918 թ., Ղուկաս Խաչատրյանը վերադառնում է Ռուսաստանից, միանում կամավորականների ջոկատին, կռվելով հասնում է Հայաստան»:

Ափսոս, այս խնդրի մասին մանրամասներ չկան: Հիշեք` ժամանակներն ինչ արգելքներ էին մոգոնել: Հետևաբար չեմ կարող ավելին ասել: Մի բան պարզ է, որ նա Սիբիրից, (թերթում` Ռուսաստանից, Սիբիր բառից խուսափել են), վերադառնալուց հետո հայ կամավորների շարքերում է եղել...

Իսկ հետո... Քաղաք Երևան: Միայնակ, գլուխ դնելու տեղի փնտըրտուք:

Ընտանիքից, հայրենի գյուղից ոչ մի լուր: Այդքան դառը խնդիրները սրտում ապրել, բայց ինչպե՞ս: Այնուամենայնիվ, նա մի մարդ էր, որ կարողացել էր դիմանալ: Մի մարդ էր, որին չէին հաղթել ոչ սիբիրյան սառնամանիքն ու տաժանակիր աշխատանքը, ոչ

քաղցն ու տարափոխիկ հիվանդությունները:

Մինչև ե՞րբ... մինչև տեսնենք, թե այս պատմության շարունակության մեջ ժամանակն ու բախտն ինչպես կտնօրինեն նրա կյանքի հետագա ընթացքը:

Իսկ ինչ վերաբերում է Ռուեն Սիմոնյանի «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գրքին, պետք է խոստովանեմ, որ այդ հատորյակի համար շնորհակալությունս հայտնած չեմ լինի, եթե չավելացնեմ հետևյալը:

Դա մի հուզումնալից, նվիրական, հայրենի հողի համար գլուխ դրած հազարավոր արևմտահայերի պատմությունն է, որն, ավա¯ղ, լուսավոր պահեր ունենալու հետ, նաև շատ տխուր ու մութ էջեր ունեցավ:

Ինքնակամ գերի հանձնված և Սիբիր աքսորված հայ զինվորները ոչ մի պահ չհրաժարվեցին իրենց մտադրությունից` կռվել Հայրենիքի փրկության համար: Եվ երբ, Անդրանիկ զորավարի և այլ կազմակերպությունների ջանքերով, վերջապես նրանք ստացան այդ իրավունքը...

Շարունակությունն այսպես եղավ...

***

Բերյոզովկայի ճամբարում եղած 320 հայ ռազմագերիներից Կովկաս մեկնելու պատրաստվող վաշտում ընդգրկվել են 210 մարդ: Նրանց անունները հայտնի են: Ժամանակ անց նրանք դառնալու էին Անդրանիկ զորավարի վերջին զորքի հիմքը:

Ցարական իշխանության տապալումից հետո բոլշևիկների և նրանց հակառակորդների արանքում հայտնված ռուս ազգաբնակչությանը հայերը կազմակերպված ձևով օգնել էին, պաշտպանել թալանչիներից ու մարդասպաններից, ինչի համար ժողովուրդը սիրել և հարգել էր նրանց: Եվ երբ տարածվում են լուրերը` հայկական վաշտը մեկնելու է իրենց հայրենակիցներին թուրքերից պաշտպանելու, թեև ցավում էին նրանց երկրում ստեղծված այդ վիճակի համար, սակայն, միաժամանակ, խնդրում էին, որ չգնան:

Քաղաքի պետերն էլ նրանցից յուրաքանչյուրին առաջարկում էին ամսական հազար ռուբլի, որ մնան: Սակայն հայերը կարևոր անելիք ունեին հայրենիքում:

Սիիրի ռուս սպաները, ովքեր թերթերից իմացել էին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության մասին, այնքան էին ցավել, որ նրանցից մի քանիսն էլ որոշեցին հայկական վաշտի հետ մեկնել Կովկաս, նրանց հետ կռվել թշնամու դեմ:

Եկավ մեկնելու օրը: Իրկուտսկ, երկաթուղային կայարան: Մարդիկ բերում էին ճանապարհի համար անհրաժեշտ պարագաներ և սննդամթերք: Նվագախումբը հանդիսավոր երաժշտությամբ պատվում և բարի երթ էր մաղթում մեկնողներին: Երբ գնացքը շարժվում է, մարդիկ արցունքն աչքերին թափահարում էին թաշկինակները:

Գնացքը նրանց հասցրեց Տուապսե: Այնուհետև` նավով Փոթի:

Երբ հասան Թիֆլիս, Անդրանիկ զորավարն այնտեղ էր, սակայն վատառողջ և հոգին փոթորկված:

Թուրքերը գրավել էին Էրզրումը:

Թե որքան ծանր հարված էր դա զորավարի համար, բացահայտում է հետևյալ մեջբերումը.

«Տունդարձի դուռը հավերժ փակվելուց առաջ Անդրանիկը փորել տվեց հայրենական հին քաղաքի հողը, մի բուռ վերցրեց, վրան լուռ արտասվեց, ապա ծոցից հանեց Խրիմյան Հայրիկի նվիրած թաշկինակը, հողը լցրեց մեջը, խնամքով փաթաթեց, դրեց գրպանը, ասելով`

-Բախտ չունեցա զոհվելու հայրենի հողի վրա»:

***

Այս էջը փակելու համար խոսքը տանք պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովին, այդ խիզախ ռուս սպային, որն իր երկու ընկերների հետ միացել էր հայրենիք մեկնող Սիբիրական հայկական վաշտին: Բարեբախտաար Կոլմակովը հուշեր է գրել. որտեղ` «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» գրքում շատ հատվածներ կան, երբեմն էջեր... բայց այստեղ համառոտ մի քանի միտք կմեջերվի:

1918 թ. Անդրանիկն անցնում է զորքի գլուխը, որի կորիզը Սիբիրական վաշտն էր:

Ճանապարհը, որով անցնում էին, թուրքերի հետ ահեղ կռիվներ են լինում: Հատկապես` Նախիջևանի տարածքում: Անդրանիկը որոշում է իր զորքով և հազարավոր գաղթականներով անցնել Պարսկաստան: Այդ ընթացքում տիֆի համաճարակ է սկսվում: Մի կողմից էլ զենքի պակասությունը և սովն են նեղում:

Կոլմակովի բառերն են` «գաղթականների ծով զանգված էր»: Նա նկարագրում է նաև Գզնուտի կիրճն անցնելու տեսարանը: Սակայն շարունակության մեջ կհավելեմ մեկ այլ ականատեսի պատմածը Գզնուտի նույն դժվար ճանապարհն անցնելու մասին:

Ծով գաղթականների մեջ էին վանեցիներ, ալաշկերտցիներ...

Նաև` բասենցիներ: Եվ նրանց մեջ`իմ հարազատ ծնողները, որոնք այդ ժամանակ 18-20 տարեկան էին: Գզնուտի կիրճն անցնելու մասին մայրս` Հեղնար Ղուկասյանն է ինձ պատմել, երբ արդեն ութսունն անց էր: Եվ ես բառ առ բառ գրի եմ առել: Դա «Գյուղի տեղ փնտրողները», Բասենի գավառի մեր գյուղին նվիրված էսսեի մի փոքր մասն է, ինչը մեջբերում եմ իբրև վերջաբան այս հատվածի:

Գզնուտի կիրճի անցումը

-Մեզ փրկեց Անդրանիկը:

-Ինչպե՞ս:

-Շատ հասարակ, Անդրանիկը չլիներ, մենք էլ շատերի նման կկոտորվեինք:

-Դուք հենց Անդրանիկ էիք ասո՞ւմ:

-Մարդ կար` Անդրանիկ զորավար էր ասում, մարդ կար` Սպիտակ ձիավոր էր ասում: Ես էլ Անդրանիկ եմ ասում, բայց այդ մեկ հատիկ անունը գլխիցս վեր եմ պահում:

Գզնուտ անունը լսած կա՞ս: Թուրքի գյուղ էր: Քար ու ապառաժ տեղ: Վերևից որ մի քար գլորեին, քարը քարին հրելով, քշելով կիջներ ցած, ու ներքևում, եթե մարդ լիներ, եթե ժողովուրդ լիներ, կկոտորվեր:

Անդրանիկի հետևից եկել, հասել ենք այդ քար ու ապառաժի տակ, որ այդտեղից էլ, իբր, անցնենք Խոյ: Հազարավոր ժողովուրդ, շալակներին` անկողին, երեխա: Մարդ կա` ծեր մորն է շալակել, մարդ կա` հիվանդի կամ վիրավորի: Պատկերացնո՞ւմ ես, այ բալա,

այդ քար ու ապառաժի միջով միայն մի նեղ ճանապարհ, սարի գլխին էլ` թշնամին: Անդրանիկը հրամայեց` կանգնել:

-Ժողովուրդ, երկու մասի բաժանվեք:

Ժողովուրդը կիսվեց, իրարից հեռացավ, կարծես արանքում մի նեղ, երկար գորգ գլորեցին: Անդրանիկը, սպիտակ ձիու վրա նստած, բուխարի փափախը գլխին, հետ ու առաջ էր գնում ու մեզ բացատրում, թե ինչպես պետք է անցնենք:

Պետք է սպասեինք, մինչև մութն ընկներ: Մթան հետ պետք է շարժվեինք` անձայն, զգույշ, իրար օգնելով:

-Ում գրկին որ երեխա կա, պետք է մայրը ծիծը բերանից չհանի, որ լացի ձայնը չլսվի: Չպե°տք է հանի, թեկուզ երեխան խեղդվի: Եթե մի լացի ձայն լսվեց, բոլորս էլ կկոտորվենք: Կաղինի չափ մի քար անգամ տեղից չպետք է շարժվի:

Սպիտակ ձիով հետ ու առաջ էր գնում ու պատվիրում` այսպես ու այսպես: Իսկ մենք նայում էինք իրեն` մեր ապավենին, ու սպասում մութն ընկնելուն:

 

Ամբողջ գիշերն անցանք, ինչպես որ հրամայել Էր. լուռ, զգույշ, իրար օգնելով, երեխաներին կրծքներին սեղմած: Կյանքը թանկ բան է, ո՞վ էր գլխից ձեռ քաշել: Լուսադեմին գաղթականների ծայրը երևաց: Երբ վերջին խմբերն Էլ անցան, Անդրանիկը վերջապահ զինվորներին հարցրեց.

-Բոլո՞րն անցան:

-Մի կին ոտաց է, -ասացին,-դայակի հետ մնացին: Հասկացա՞ր: Ծննդաբերելու էր: Անդրանիկն իր զինվորներին հրամայեց.

-Գնացեք, երկուսին էլ ձեռքերի վրա բերեք:

Ու այդպես նրանք էլ անցան:

Մայրս լռում է: Ինձ թվում է, թե նա ուզում է ինձնից մի խոսք լսել:

Նայում է երեսիս: Ես միայն մի բան եմ կարողանում ասել.

-Մայրիկ, մեղքս գալիս է:

-Ո՞ւմ,- հարցնում է:

-Անդրանիկին:

-Մեղք էր, բա ի՞նչ: Մոր նման ձագը բերանն առած` հետ ու առաջ էր գնում, որ փրկության դուռ գտներ: Առանց նրա մենք ոնց որ մոլորված ոչխար` առանց հովվի: Աստծո հովանին գլխին էր, բայց դա էլ մեզ չէր փրկում: Իր հետ ծառայած զինվորները պատմում էին, որ սրտի վրա խաչ կա: Դրա համար, ասում էին, գնդակ չի կպչում: Վրայի հագուստը հանում, թափ էր տալիս, գնդակները թափվում էին:

(Ես անձայն ասում եմ. «Մայր իմ, շնորհակալ եմ: -Ինչի՞ համար ես շնորհակալ: -Նրա համար, որ քո հոգում պահել ես այդ պատկերը: Ինձ համա՞ր ես պահել»):

Մայրս կախարդվածի նման երկու ձեռքը բարձրացնում է, կարծես հագուստի երկու ուսերից բռնած լինի:

– Այ էսպես, հագուստը որ թափ էր տալիս միջից գնդակները թափվում էին:

(շարունակություն)

Մեկնաբանություններ (2)

Անահիտ Քեշիշյան
Սա նախապես հրատարակվա՞ծ գրություն է, թե՞ առաջին անգամ է հրատարկվւում: Նաեւ՝ խնդրում եմ նշել, թե որ թվին է գրվել: Շնուհակալություն:
Հետք
Հրատարակվել է 2011-ին: Գիրքը վաճառվում է գրախանութներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter