HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը ներողություն է խնդրել 30 տարի պատիժ կրած անմեղ մարդուց

Միայն ուժեղ համակարգն է ունակ ընդունել սեփական սխալները

30 տարի ամերիկյան բանտում չկատարած հանցանքի համար պատիժ կրած Գլենն Ֆորդի գործով դատախազ Մարթի Սթրաուդը (լուսանկարում) երեկ ներողություն է խնդրել արդարացվածից ու նրա ընտանիքից: Այս մասին գրում է “The Times” պարբերականը:

«Ես ներողություն եմ խնդրում Գլենն Ֆորդից բոլոր այն տանջանքների համար, որ պատճառել եմ իրեն ու իր ընտանիքին: Ներողություն եմ խնդրում տուժողի ընտանիքից, ժյուրիի անդամներից, դատարանից: Իմ ակամա զոհը դարձել է Գլենն Ֆորդը»:

Գլենն Ֆորդի պատմությանը արտասահմանյան մամուլն անդրադարձավ մեկ տարի առաջ, երբ նա 64 տարեկանում ազատություն ստացավ:

Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆորդը 1984 թ.-ին դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով 1983 թ.-ին կատարված ոսկերչի ու ժամագործի սպանության, նաև` թալանի մեջ: Դատավճռի հիմքում եղել են վկաների ցուցմունքներ, ըստ որոնց` դեպքի օրը՝ 1983 թ. նոյեմբերի 5-ին, Գլեննին տեսել են տեղանքում: Իսկ նա բանվորություն անելիս է եղել սպանված ոսկերչի մոտ: Այդ ցուցմունքների հիմքով հայտարարված հետախուզման ժամանակ Գլենն ինքն է ներկայացել ոստիկանություն, աջակցել քննությանը, սակայն երբեք չի ընդունել, որ ինքն է կատարել սպանություններն ու թալանը:

Նա 30 տարի նա ժխտել է իր մասնակցությունը սպանությանը` պնդելով, որ անմեղ է: Այս տարիներին Ֆորդը բազմաթիվ անգամ բողոքարկել է մեղադրական դատավճիռը, սակայն անարդյունք: Պայքարը, ինչպես լրագրողներին հայտնել են Գլեննի երկու փաստաբանները, տևել է 10 տարի: Նրանց հաջողվել է գտնել ապացույցներ, ըստ որոնց` իրենց պաշտպանյալը չի գտնվել դեպքի վայրում, և որ դատավարությունն ընթացել է խախտումներով ու կեղծիքներով: Դրանցից մեկն այն է, որ Գլենն Ֆորդը 30 տարի առաջ դատավարության ժամանակ չի ունեցել բավարար պաշտպանություն: Նրան տրամադրվել է պաշտպան, ով մասնագիտացած է եղել քաղաքացիական գործերում: Տարիներ անց այդ փաստաբանը խոստովանել է, որ ոստիկաններն են իրեն օգնել հավաքել անհրաժեշտ ցուցմունքներ, որպեսզի ապացուցեն Ֆորդի մեղքը: Իսկ տարիներ անց գործի վերաբացմանն օգնել է նաև դատախազությունը՝ գտնելով նոր հանգամանքներ:

«1984 թ.-ին ես 33 տարեկան էի, ինքնահավան ու գոռոզ: Ես շահագրգռված չէի, որ արդարությունը հաղթի, ես շահագրգրռված էի իմ հաղթանակով»,- երեկ հայտարարել է դատախազ Մարթի Սթրաուդը:

Հենց դատախազ Մարթի Սթրաուդի բացահայտումներն էլ հիմք են դարձել Ֆորդի արդարացման համար: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

«Որպես դատախազ ես պարտավոր էի բացահայտել նաև Գլենն Ֆորդի անմեղության մասին վկայող ապացույցները, որոնց մասին ես տեղեկացված էի: Ես չեմ լսել այս գործով մեղավորների այլ շրջանակի մասին վկայությունները, հետևանքն այն է եղել, որ մյուսները ազատ են արձակվել ապացույցների անբավարարության հիմքով: Իմ անգործությունը բերել է դատական սխալի կայացման: Ես մտածում էի, որ հենց Գլենն Ֆորդն է մեղավոր, և ոչ մի ջանք չեմ ներդրել, որ ստուգեմ սպանության այլ վարկածներ: Իմ լռությունը դատարանում բերել է անմեղ մարդու դատապարտման»:

Լուսանկարներում՝ Ֆորդը՝ 34 և 65 տարեկանում

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
իսկ մերոնք կմեռնեն, կսատկեն, բայց կյանքում վիզ չնե առնի, որ թեկուզ մի մարդու նկատմամբ սխալ դատ են իրականացրել, չէ՞, պարոնայք հայոց արդարադատներ, ոտից գլուխ անսխալական, ազնիվ ու անմեղ
Զարուհի
Շատերը կասեն՝ ինչին է պետք ազատությունը, երբ մարդու կյանքի լավագույն տարիներն այլևս ետ չես բերի: Բայց ես էլ կհակադարձեմ, որ մեզ մոտ ոչ հին, խայտառակ թույլ ապացուցողական բազայով գործերն են վերաբացում, ոչ էլ առավել ևս ներողություն խնդրում: Ընդհակառակը՝ շարունակում են պնդել, որ ոչ մի նոր հանգամանք էլ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter