HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 տարի բանտում՝ չկատարած հանցանքի համար

Համաշխարհային մամուլը երեկվանից ողողված է ԱՄՆ-ի Լուիզիաննա նահանգում արդարացման դատավճռով ազատություն ստացած, 30 տարի բանտում անցկացրած Գլենն Ֆորդի մասին տեղեկատվությամբ: Ֆորդը 1984 թ.-ին դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով 1983 թ-ին կատարված ոսկերչի ու ժամագործի սպանության, նաև` թալանի մեջ: Դատավճռի հիմքում եղել են վկաների ցուցմունքներ, ըստ որոնց` դեպքի օրը՝ 1983թ. նոյեմբերի 5-ին, Գլեննին տեսել են տեղանքում: Իսկ նա բանվորություն անելիս է եղել սպանված ոսկերչի մոտ: Այդ ցուցմունքների հիմքով հայտարարված հետախուզման ժամանակ Գլենն ինքն է ներկայացել ոստիկանություն, աջակցել քննությանը, սակայն երբեք չի ընդունել, որ ինքն է կատարել սպանություններն ու թալանը:

Ձերբակալման ժամանակ նա 34 տարեկան է եղել, այսօր՝ 64: Երեսուն տարի նա ժխտել է իր մասնակցությունը սպանությանը` պնդելով, որ անմեղ է: Այս տարիներին Ֆորդը բազմաթիվ անգամ բողոքարկել է մեղադրական դատավճիռը, սակայն անարդյունք: Անգամ 2009 թ.-ին նրա գործի վերաբացման միջնորդությունը չի բավարարել այն դատավորը, ով երեկ կայացրել է արդարացման դատավճիռ:

Այս պայքարը, ինչպես լրագրողներին հայտնել են Գլեննի երկու փաստաբանները, տևել է 10 տարի: Նրանց հաջողվել է գտնել ապացույցներ, ըստ որոնց`իրենց պաշտպանյալը չի գտնվել դեպքի վայրում, և որ դատավարությունն ընթացել է խախտումներով ու կեղծիքներով: Դրանցից մեկն այն է, որ Գլենն Ֆորդը 30 տարի առաջ դատավարության ժամանակ չի ունեցել բավարար պաշտպանություն: Նրան տրամադրվել է պաշտպան, ով մասնագիտացած է եղել քաղաքացիական գործերում: Տարիներ անց այդ փաստաբանը խոստովանել է, որ ոստիկաններն են իրեն օգնել հավաքել անհրաժեշտ ցուցմունքներ, որպեսզի ապացուցեն Ֆորդի մեղքը: Իսկ տարիներ անց գործի վերաբացմանն օգնել է նաև դատախազությունը՝ գտնելով նոր հանգամանքներ:

Ազատության առաջին րոպեներին 30 տարի դատական սխալի հետևանքով բանտում անցկացրած Գլենն Ֆորդը չի թաքցրել, որ մարդկանց ու ճակատագրի կողմից խաբված է զգում իրեն: Լրագրողներին նա ասել է. «Ես 30 տարի եմ անցկացրել բանտում՝ մի ամբողջ կյանք: Հիմա ոչ 35 տարեկան եմ, ոչ 40, որ զբաղվեմ նրանով, ինչով զբաղվել եմ նախկինում: Չեմ կարող ժամանակը ետ պտտեցնել: Երբ ինձ բանտ բերեցին, երեխաներս փոքր էին, հիմա նրանք հասուն տղամարդիկ են և ունեն իրենց երեխաները: Բայց զգալ քեզ ազատության մեջ, անգին է»:

Ըստ BBC-ի հաղորդման` Լուիզիաննայի օրենքներով` արդարացված դատապարտյալը բանտում անարդարացի անցկացրած յուրաքանչյուր մեկ տարվա համար կարող է պահանջել 25.000 ԱՄՆ դոլարից մինչև 250.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նա կարող է ստանալ ևս 80.000 ԱՄՆ դոլար կյանքի հնարավորությունների կորստի համար:

Ռեկորդային պատմություն

Այսպիսով՝ Գլենն Ֆորդը դարձավ երկրորդ մարդը, ով ռեկորդային տարիներ անցկացրեց բանտում ու արդարացվեց: Առաջին տեղում ամերիկացի Ջեյմս Բեյնն է, որ 2009 թ-ին ազատություն ստացավ՝ 35 տարի անցկացնելով բանտում: 19-ամյա Բեյնը 1974 թ.-ին, տուժող 9-ամյա երեխայի ճանաչումով, դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ այդ երեխայի առևանգման ու բռնաբարության մեղադրանքով: Հենց Բեյնի լուսանկարի վրա էր երեխան դրել մատը, երբ նրան ցույց էին տվել 5 լուսանկար: Բայց ինչպես 35 տարի անց կատարված ԴՆԹ թեստի արդյունքներն էին ցույց տվել, երեխան սխալվել էր: Բեյնն արդեն 5 տարի է ազատության մեջ է: Այսօր նա 59 տարեկան է: 

Ջեյմս Բեյն

ԴՆԹ թեստը, որպես հին գործերի վերաբացման միջոց, Ֆլորիդա նահանգում սկսել է կիրառվել 2001 թ-ից: Այդ ժամանակվանից ի վեր Բեյնը 4 անգամ դիմել է, որ իր գործով պահպանված իրեղեն ապացույցներով կատարվի ԴՆԹ թեստ, սակայն մերժում է ստացել: Գործը հետաքրքրել է իրավապաշտպաններին: Նրանց շնորհիվ էլ 5-րդ անգամ բավարարվել է ցմահ դատապարտյալի միջնորդությունը, կատարվել ճակատագրական ԴՆԹ թեստը, որը և ապացուցել է Ջեյմս Բեյնի անմեղությունը:  Բեյնը ազատություն է դուրս եկել շապիկով, որի վրա գրված էր. «Not Guilty» («Անմեղ»-հեղ.): 

Դատական սխալների մասին վկայում են թվերը

Ողջ աշխարհում հազարավոր մարդիկ տարիներ անց արդարացման դատավճիռներով վերադառնում են ազատություն: Տասնյակ տարիներ անց գործեր են վերաբացվում` կամ նոր երևան եկած հանգամանքների, կամ իրեղեն ապացույցների պահպանմամբ ԴՆԹ թեստի, գիտության այլ նվաճումների շնորհիվ: Այս դեպքերը գալիս են ապացուցելու, որ անգամ պարբերաբար կատարելագործվող իրավական համակարգեր ունեցող երկրներում առկա են դատական սխալներ: Բայց այդ պետություններում կա կամք թեկուզ տարիներ անց շտկելու ճակատագրական սխալները:

Միայն վերջին տարիներին ԱՄՆ-ում ԴՆԹ թեստի կիրառմամբ, արդարացման դատավճիռներով` ազատություն է ստացել 500-ից ավելի երկարատև, ցմահ ազատազրկման ու մահապատժի դատապարտված մարդ: Մեծ Բրիտանիայում վերջին երեք տարիներին նրանց թիվը հատել է 300-ի սահմանը:

Հայաստանում նման վիճակագրություն չկա, քանի որ պահպանված չեն իրեղեն ապացույցները: Դրանք պետությունը ոչնչացրել է օրենքով: Դատավճիռների վերջում գրված է արդեն ինձ ծանոթ նույն արտահայտությունը. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել»: Եվ միայն համառ լուսաբանումներիս արդյունքում, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտավ 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի` կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցները ենթակա են պահպանման:

Լուսանկարները` BBC-ի, առաջին լուսանկարում` Գլենն Ֆորդ

Առաջին լուսանկարում` Գլենն Ֆորդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter