HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեպատիտ C. 7 հոգու մոտ հայտնաբերվել է քրոնիկ ընթացք, հիվանդանոցի փոխտնօրենը վարչական տույժի է ենթարկվել

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

16 վարակակրից 7-ը քրոնիկ հեպատիտ C ունի

Քաջարանի բժշկական կենտրոնում անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին հայտնաբերված հեպատիտ C-ի վարակից հետո, ինչպես հայտնի է, լաբորատոր հետազոտություններ էին սկսվել: Դրանք անցկացնում է Սյունիքի մարզպետի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովը, որի աշխատանքներին ներգրավված են նաեւ առողջապահության նախարարության մասնագետները:

Արդեն գրել ենք, որ փետրվարի 5-ի դրությամբ արյան նմուշ էր վերցվել 95 հոգուց, որից 68-ը վիրահատված անձինք էին, իսկ 27-ը՝ բուժաշխատողներ: Ընդհանրապես, 2014-ին Քաջարանի հիվանդանոցում վիրահատվել է 192 մարդ:

ԱՆ-ի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ի տվյալներով՝ արյան լաբորատոր հետազոտության է ենթարկվել 98 հոգի, որից 71-ը վիրատահվածներ են, 27-ը՝ բուժաշխատող: Եթե փետրվարի 5-ի դրությամբ հեպատիտ C էր հայտնաբերվել 14 հոգու մոտ, ապա երեկվա դրությամբ այդ թիվը հասել է 16-ի: Վերջիններից 9-ի մոտ հայտնաբերվել է սուր հեպատիտ C: Իսկ 7-ի մոտ հաստատվել է հեպատիտ C-ի քրոնիկ ընթացք: Ընդ որում՝ 7-ից մեկը բուժաշխատող է:

Հիշեցնենք, որ հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը: Շատ դեպքերում այն ընթանում է թույլ ու անորոշ ախտանիշներով, եւ միայն վարակվածների 15-ի տոկոսի մոտ են ի հայտ գալիս սուր ախտանշաններ: Եթե վարակն օրգանիզմում առկա է 6 ամիս անց, ուրեմն սկսվել է քրոնիկական ընթացք: Վերջինս նկատվում է վարակվածների 80-85 տոկոսի մոտ: Քրոնիկական հեպատիտ C-ն կարող է սպիեր առաջացնել լյարդում եւ տարիներ անց դառնալ լյարդի ցիռոզի պատճառ, որն իր հերթին կարող է հանգեցնել լյարդի քաղցկեղի: Ընդ որում՝ լյարդի ցիռոզի դեպքերի 27 տոկոսն ու լյարդի քաղցկեղի դեպքերի 25 տոկոսը հենց հեպատիտ C-ի հետեւանք է:

ՀՀ օրենսդրությամբ պետպատվերով բուժվում է միայն սուր հեպատիտ C-ն, իսկ մյուս դեպքերում, այդ թվում՝ քրոնիկ ընթացքի ժամանակ, քաղաքացին ինքը պետք է հոգա ծախսերը: Բայց խնդիրն այն է, որ հենց քրոնիկի դեպքում է երկարատեւ ու ինտենսիվ բուժում պահանջվում, ինչը բավականին թանկ է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի աշխատակիցներից մի քանիսը նույնպես վարակվել է հիվանդանոցում, ԱՆ-ի հետ պայմանավորվել է հոգալ տուժածների բուժօգնության եւ սպասարկման բոլոր ծախսերը: ԱՆ-ն մեզ հայտնել է, որ այս պահի դրությամբ ԶՊՄԿ-ն փոխհատուցել է հիվանդների հետազոտման ծախսերը:

Վարչական տույժ՝ փոխտնօրեն Վիրաբ Մանասյանին

Առողջապահության նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ հետազոտությունները շարունակվելու են: ԱՆ-ին հարցրել էինք, թե ինչ խախտումներ է հայտնաբերել ստեղծված հանձնաժողովը, եւ ինչ ընթացք է ունեցել ԱՆ առողջապահական պետական տեսչության հարուցած վարչական վարույթը, արդյոք կան վարչական պատասխանատվության ենթարկված անձինք: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել մամուլում հայտնված այն լուրերը, թե ԱՆ-ն մասնագիտական եզրակություն է ուղարկել իրավապահ մարմիններին, որում ընդգրկել է 4 հավանական մեղավորների:

Վիրահատարանը

Այս ամենի վերաբերյալ նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը նշել է. «Արձանագրված դեպքերի կապակցությամբ իրականացվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների՝ գործող իրավական ակտերին համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաեւ հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում խախտումների համար պատասխանատու է ճանաչվել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրենը եւ ենթարկվել վարչական տույժի: Նշենք, որ բոլոր նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե: Ուստի, հարցերն այլեւս ՀՀ ԱՆ-ի իրավասության շրջանակներից դուրս են»:

Այսպիսով՝ վարչական խախտումների մասով պատասխանատու է ճանաչվել փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, որը, ինչպես արդեն գրել ենք, 2014-ի սեպտեմբերից փոխարինում էր տնօրեն Վարդան Ավագյանին: Հիշեցնենք, որ ԱՆ-ի տեղեկացմամբ՝ Ավագյանը սեպտեմբեր-նոյեմբերին մեկնել էր վերապատրաստման, նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը եղել է չվճարվող արձակուրդում, դեկտեմբերի 10-ին էլ Մանասյանին հեռախոսով հայտնել է, որ հիվանդ է, ունի անաշխատունակության թերթիկ, ինչի արդյունքում փոխտնօրենը շարունակել է փոխարինել Ավագյանին: Հունվարի 19-ին էլ, ինչպես մեզ փոխանցել էր Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Վ. Ավագյանը մեկնել է Մոսկվա, իսկ ամսի 29-ին նրա դիմումի համաձայն լուծվել է աշխատանքային պայմանագիրը: Հիշեցնենք, որ Ավագյանը Սյունիքի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանի հարազատ եղբայրն է, այժմ, ըստ Վ. Գեւորգյանի, աշխատում է Մոսկվայում: Ներկայում բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Հովիկ Դավթյանն է: Սյունիքի մարզպետարանից «Հետքին» տեղեկացրել են, որ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայանալու է մայիսի 5-ին:  

Այդուհանդերձ, ԱՆ-ն չի պատասխանել, թե կոնկրետ ինչ թերություններ են հայտնաբերվել Քաջարանի հիվանդանոցում: Մարտի 26-ին բժշկական կենտրոնում անցկացված խորհրդակցության ժամանակ Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, մասնավորապես, ասել է. «Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված թերությունների գերակշիռ մասը վերաբերում է գրանցամատյանների կամ դրանց մեջ գրառումների բացակայությանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել հավուր պատշաճի»: Փոխտնօրեն Վիրաբ Մանասյանն էլ նշել է, որ վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննման արձանագրության մեջ նշված թերություններն ու բացթողումները շտկվել եւ վերացվել են՝ համաձայն տեսչության կողմից նշված ժամանակացույցի: Բացի դրանից՝ վերագործարկվել է վիրահատարանը, որտեղ մարտի 21-ից կատարվում են վիրահատություններ:

Վիրահատարանի ընդհանուր տեսքը

Հետաքրքիր է, որ մարզպետարանի հաղորդագրության մեջ ոչ մի տող չկա լաբորատոր հետազոտությունների արդյունքների, վարակվածների քանակի, նրանց բուժման ընթացքի, դրա հետ կապված ծախսերի մասին: Հարցեր, որոնք առաջինն են հուզում հասարակությանը: Տպավորություն է, թե մարդիկ վարակվել են ոչ թե ինչ-որ մեկի հանցավոր անփութության կամ այլ գործողությունների արդյունքում, այլ գրանցամատյանների թերի գրառումների պատճառով:          

Որպես վկա բազմիցս հարցաքննվել է նախկին անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը

Ինչպես հայտնի է ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով («Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում») եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Սպառողների կյանքի կամ առողջության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել 2 կամ ավելի անձանց առողջությանը»): Կոմիտեն «Հետքին» տեղեկացրել է, որ հարուցված գործի նախաքննությունը շարունակվում է, այն իրականացնում է ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը:

Ներկա փուլում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

Ըստ քննչական կոմիտեի՝ «վիրուսի հարուցիչի փոխանցման, ինչպես նաեւ քրգործի համար նշանակություն ունեցող մի շարք այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատամանրէաբանական, դատահամաճարակաբանական, դատավարակաբանական, դատավիրուսաբանական համալիր հանձնաժողովային, հանձնաժողովային դատաբժշկական, դատավիրուսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել»:   

Վիրահատարանը

«Նախաքննությամբ պարզվել է, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանն աշխատանքից ազատվելուց հետո մեկնել է ՀՀ-ից, այդ իսկ պատճառով դեռեւս չի հարցաքննվել, իսկ նույն ԲԿ-ի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը վկայի կարգավիճակով բազմիցս հարցաքննվել է: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան որոշում»,- հայտնել են կոմիտեից:

Երկու Ավագյանների մասին պատահական չէինք հարցրել: Վարդան Ավագյանը, չնայած այդ ամիսներին եղել է գործուղման մեջ, հետո էլ՝ արձակուրդում, այդուհանդերձ, ի պաշտոնե հիվանդանոցի ղեկավարն էր: Քաջարանի քաղաքապետ Վ. Գեւորգյանը, ով Ավագյանի մտերիմներից է, «Հետքին» ասել էր. «Նա նպատակ ուներ Մոսկվայում շարունակելու: Արդեն իրեն համոզել էր, որ պիտի գնար, վարչական աշխատանքը չէր բավարարում նրան»: Արդյո՞ք Ավագյանի՝ աշխատանքից ազատվելու եւ Մոսկվա տեղափոխվելու ցանկությունը զուգադիպել է վարակի բռնկմանը, թե՞ սրանց միջեւ տրամաբանական կապ կա: Այս հարցին պիտի պատասխանի նախաքննությունը, չնայած հարց է, թե երբ կհարցաքննվի մարզի ոստիկանապետի եղբայրը, կամ արդյո՞ք կլինի նման բան: Իսկ ինչ վերաբերում է անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին, որն, ի դեպ, երեւանցի է, Քաջարանում եւ Կապանում նախկին «նարկոզիստի» մասին բազմաթիվ լուրեր են պտտվում, որոնք հրապարակելուց առայժմ ձեռնպահ կմնանք՝ սպասելով նախաքննության ընթացքին:    

Լուսանկարները՝ kajaranmed.am-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter