HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտկորի անտառներին բնապահպանական աղետ է սպառնում. ի՞նչ առնչություն ունեն Վարդան Այվազյանն ու նախագահի թիկնազորի պետը

Լարիսա Փարեմուզյան
Քրիստինե Աղալարյան 

Մոտկորի գլխին սև ամպեր են կուտակվում 

Բնապահպանական վտանգները ծովիանի պես խաղում են Հայաստանի ամենակուսական վայրերից մեկի`շուրջ 16 հազար հա անտառ ընդգրկող Մոտկորի գլխին:

Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային հանքաերևակման տարածքում 2014թ.-ից երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում «Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ն: 

Սպասված դրական արդյունքների դեպքում հանքը շահագործվելու է, որից հետո Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն ամբողջությամբ հայտնվելու է հանքարդյունաբերության գոտում`բնակչությանը զրկելով բնության վերջին անաղարտ անկյունից: 

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն 2014թ. հոկտեմբերի 24-ին հանքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է ստացել՝ առանց  Լորուտի և Մարցի գյուղացիների հետ քննարկումների:

«Ս/թ հուլիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Լորուտ և Մարց համայնքներում, իսկ ս./թ. հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում տեղի են ունեցել հանրային լսումներ, որոնց արդյունքում նախատեսվող գործունեությունն արժանացել է հավանության»,- նշված է փորձաքննական եզրակացության մեջ:

«Այրական դաժանություն է պահանջվելու մարդու և մարդկանց, մարդու և բնաշխարհի միջև սպասվող  կործանարար այս փոփոխություններին նայելու համար»,-հայրենի բնաշխարհի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:

«Չէ, չէ, մեզ մոտ հանրային լսումներ չեն եղել, «Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ից մարդ չի եկել գյուղ: Լոռու մարզպետարանում է 2 անգամ քննարկում եղել: Ներկա են եղել Քարինջի համայնքապետը, մարզպետարանի բնապահպանության վարչության աշխատողները, ՍՊԸ-ի ներկայացուցիչը»,- հայտնեց Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը:

Վերջինիս ասելով՝ մարզպետարանի քննարկումից հետո գյուղապետարանում ուրիշ հարցով հավաքված 5-6 մարդու ինքն է տեղեկացրել հանքի հնարավոր շահագործման մասին: 

Թեղուտին կհաջորդեն Մոտկորի անտառները 

Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակումը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի ենթաշրջանում՝ Մարց գետի հովտի աջափնյա լանջին: Զբաղեցնում է 830 հա մակերեսով տարածք: Երևակման կենտրոնը գտնվում է Մարց գյուղից մոտ 5 կմ, իսկ Լորուտ գյուղից՝ մոտ 2,5կմ հեռավորության վրա:

Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանի բուսականությունը բացառապես անտառային է: Լեռնալանջերը ծածկված են լայնատերև հաճարենու և կաղնու-բոխու անտառներով, ազատ տարածքները զբաղեցված են մարգագետիններով, որտեղ տիրապետում է տարախոտային և հացազգային բուսականությունը: Տարածքում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր կան:

Նկարում երևում է, թե որ հատվածում է իրականացվելու հետազոտությունը, և որքան անտառ (կանաչը անտառային ծածկույթն է-հեղ.) է վտանգվում հանքավայրի շահագործման դեպքում: Ընդ որում, սա դեռ նախնական՝ ուսումնասիրության նախագծի տվյալներով: 

Թե ինչ ազդեցություն է ունենալու ապագա հանքը Մարցիգետի վրա, նախագծում ոչինչ չի գրված, սակայն մարզպետարանում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Վիկտորիա սիլվեր» ընկերության տնօրեն Գագիկ Խոջայանը վստահեցրել է, որ որևէ ազդեցություն չի ունենալու, քանի որ տվյալ տարածքում գետը հէկերի հաշվին խողովակների մեջ է մտնում:

Անդրադառնալով անտառահատումներին՝ Ռոբերտ Գալստյանը փորձում էր արդարացնել. «Լավ, համաձայն եմ, մենք մտածում ենք անտառը պետք է վերանա, չէ՞: Լավ, հանքը չկա, էլի էդ անտառը չի վերանո՞ւմ, օրինական ա, թե ոնց ա, էլի հատվում չի՞»:  

Մարցում գյուղացիների հետ մեր զրույցները ցույց տվեցին, որ հանքի շահագործման վերաբերյալ մարցեցիների կարծիքը այնքան լավատեսական չէ, որքան կարծում էր գյուղապետը. «Հլա դեռ հանքի հմա գալիս չեն, որ անհանգիստ լինենք: Սաղ գեղը որ կանգնեց, գէսերը կարացի՞նք ոտն անենք: Գէսերի հմա էլ տենց պայքարեցինք»,-ասաց մարցեցի Արտաշ Ձավարյանը: «Մեր ձեռին ի՞նչ կա:  Էն ա՝ ժողովուրդը քոչում են` Ռուսաստան են գնում: Դուրս են անում»,-ավելացրեց Արարատ Գալստյանը:

«Նախ ասեմ՝ մեզ ո՞վ է բանի տեղ դնում: Ամեն դեպքում հանքի շահագործումը բնությանը խանգարող բան է, պարզ չի՞: Քի՞չ պայքարեցինք էդ հէկերի համար: Գյուղում մարդիկ կան՝ ասում են աշխատատեղ կլինի: Բայց հանքը կարո՞ղ է օգուտ տա, ուզում է ոսկի լինի, ինչ ուզում ա լինի»,- ասաց մարցեցի Ռաֆիկ Աֆիցերյանը:

Վերջինս կարծում է, որ գյուղացիները որքան էլ ցանկանան, չեն կարող հանքի շահագործումը կասեցնել:

«Գիտե՞ք ոնց է՝ ժողովուրդը, որ, ասենք, աշխատանք չունի, մի տեղ մտածում է, որ հանքը վնաս է, բայց մի տեղ էլ ասում են` հա դե, ապրելու խնդիր ա»,- բացատրում է մարցեցի Ա. Աղաջանյանը:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյանի տվյալներով՝ Մարցում 940 գլուխ եղջերավոր և 300 գլուխ մանր եղջերավոր անասուններ կան:

Լորուտի գյուղապետ Հրաչիկ Սահակյանից էլ տեղեկացանք, որ լորուտցիները պահում են 2300 գլուխ խոշոր եղջերավոր և 600 գլուխ մանր եղջերավոր անասուն:

Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը Լորուտի գյուղապետ Հրաչիկ Սահակյանը

«Լորուտում նույնպես հանրային լսումներ չեն եղել: Գյուղամիջում մի օր կանգնած ասել ենք, իրենցից մի մարդ էր եկել գյուղ, անունը չգիտեմ»,- հայտնեց գյուղապետ Հրաչիկ Սահակյանը:

Սակայն մարզպետարանում կայացած քննարկմանը երկու գյուղապետերն էլ հանդես են եկել բնակիչների անունից և ասել, որ գյուղացիները դեմ չեն, ավելին՝ կողմ են, եթե աշխատատեղով ապահովեն իրենց:  

«Հանրային քննարկում ասածը ես մի քիչ օբյեկտիվ չեմ ընդունում, հանրային քննարկման մակարդակը ավելի շատ էմոցիոնալ, ավելի շատ չեղած փաստերի հիման վրա, կամ դեռ չօգտագործված, այ դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, այսքան հա անտառ է ոչնչացվելու, այդ իմաստով չեմ մտածում, որ անհրաժեշտություն կա՞, ենթադրենք, Մոտկորի ազգաբնակչությանը հարցնեն, որ ձեզ թունավորելու են, համաձա՞յն եք: Ես այդ հանրային քննարկումը դիտում եմ մենակ էդ տեսանկյունից: Բնական է, չենք ուզի»,- ասաց Լորուտի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը:  

Լորուտի ավագանին 2014թ. հուլիսի 18-ի թիվ 16 որոշումով համայնքի անունից նախնական համաձայնություն է տվել հանքի պաշարները հաստատելուց և ընդերքօգտագործման իրավունքը ձևակերպելուց հետո հողի տեսքի գյուղատնտեսական նշանակության փոփոխության և «Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիր կնքելու համար: Գյուղապետ Ռ. Գալստյանը դժվարությամբ մեզ խոստովանեց, որ երկրաբանական հետախուզական աշխատանքներ սկսելու համար Մարցի ավագանին նույնպես տվել է իր համաձայնությունը, սակայն ասաց, որ որևէ պայմանագիր «Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ի հետ չի կնքվել:

«Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Վիկտորիա սիլվեր» ընկերությունը դիմել է գյուղատնտեսության նախարարություն համաձայնություն ստանալու նպատակով: Գրությունը հասել է իրենց, և «Հայանտառը» չի առարկել ուսումնասիրություն կատարելուն: ««Հայանտառը» քննարկել է խնդիրը Լոռու մարզպետի, Մարցի և Լորուտի համայնքների հետ: Հաշվի առնելով, որ մարզպետարանը և նշված համայքները կարևորում են այն խնդիրը, ինչպես նաև հանգամանքը, որ աշխատանքների իրականացման ընթացքում անտառահատում չի կատարվելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու վերաբերյալ առարկություն չունի»,-պատասխանել է «Հայանտառը»:

«Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանն ասաց, որ պաշարի հաստատման և հանքի շահագործման դեպքում Մոտկորի անտառները վտանգի ենթարկելուն ինքը դեմ կլինի. «Ես՝ որպես «Հայանտառի» տնօրեն և լոռեցի դեմ կլինեմ այդ անտառների վերացմանը: Ոչ միայն դրան ես դեմ կլինեմ, այլ այդ համայքները, բայց քանի որ ուսումնասիրության փուլում է, և շահագործման լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, որտեղ «Հայանտառի» տնօրենի կարծիքը չեմ կարծում, որ որոշիչ կլինի, բայց մենք մեր կարծիքը կասենք»: Սակայն, նրա խոսքով, մինչև հանքի շահագործման նախագիծ չլինի, վաղ է այս ամենի մասին խոսելը, քանզի կապված է մի շարք հանգամանքների հետ, օրինակ՝ արդյոք հանքը բաց է շահագործվելու, թե փակ: 

Մարցի գյուղապետը պատմեց, որ Մարտուն Մաթևոսյանը Մոտկորի 800 հա անտառային տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքների իր համաձայնությունը տալուց առաջ զանգել է իրեն: «Ասավ` հմի դու համաձա՞յն ես, ասի` հա: Երևի էդ անտառի պահով, իրեն մոտեցել են, որ պայմանագիր գրեն: Հարցրեց, թե ժողովուրդը իսկականից համաձա՞յն է, ասի` հա»,- պատմեց գյուղապետ Ռ. Գալստյանը: 

Համաձայն ԲՆ փորձաքննության ներկայացրած նախագծի՝ հետախուզական աշխատանքներն իրականացվելու են մինչև 2017-ը:

Չնայած մինչև1970-ականները կատարված ուսումնասիրությունները ոսկու նկատելի պաշարի մասին չեն վկայել, սակայն 1976թ. սկսած, զգալի ընդմիջումներով, Մարցիգետի հանքային դաշտի սահմաններում որոնողագնահատման և նախնական հետախուզական աշխատանքներ է իրականացրել ՀԽՍՀ երկրաբանության վարչության Փամբակի արշավախմբի Մարցի գետի երկրաբանահետախուզական խումբը՝ Ս. Գ. Ալոյանի ղեկավարությամբ: Արդյունքում Մարցիգետի հանքային դաշտի սահմաններում հայտնի մի շարք հանքերևակումներում առաջին անգամ առանձնացվել են ոսկի պարունակող արդունաբերական հանքաքարեր (ոսկի-բազմամետաղային և պղինձ-ոսկեհանքային):

Նախագծված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ակնկալվում են հանքաքարի և մետաղների հետևյալ պաշարները՝ 2700 տոննա հանքաքար՝ 11610 կգ ոսկի, 29.7 տ արծաթ, 9180 տ պղինձ, 18900 տ կապար և 48600 տ ցինկ: 

Ովքե՞ր են հավակնում Մոտկորի ոսկու և արծաթի պաշարներին 

«Վիկտորիա սիլվեր» ընկերությունը, որը ներկայացրել է ուսումնասիրության նախագիծը, նորաստեղծ ընկերություն է: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ գրանցվել է 2014թ. մայիսին, տնօրեն Գագիկ Խոջայանի տան հասցեում: Ընկերության սեփականատերերը հավասարապես երեք անձինք են՝ Արմեն Գևորգյանը, Երվանդ Հովհաննիսյանը և Ռուզաննա Բեգլարյանը:

Այս եռյակից Երվանդ Հովհաննիսյանի կապերը տանում են դեպի ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք՝ Այվազյանի՝ բնապահպանության նախարար լինելու տարիներին Երվանդ Հովհաննիսյանը ղեկավարում էր ԲՆ աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինը և ներգրավված էր Վարդան Այվազյանի ոսկու հանքավայրերի նախագծերում: Ավելի ճիշտ է ասել՝ ներկայացնում է Այվազյանի շահերը: Հիշեցնենք՝ Երվանդ Հովհաննիսյանի կնոջ անվամբ է ձևակերպած Լոռու մարզի Ֆիալետովոյի հանքավայրի նախագիծը ներկայացնող ընկերության բաժնետոմսերի մի մասը:  

Մյուս բաժնետեր Ռուզաննա Բեգլարյանը ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է:   

Եթե պաշարները գոհացուցիչ լինեն, և այս անձինք որոշեն սկսել մետաղների արդյունահանումը, Մոտկորին բնապահպանական աղետ է սպառնում:

Պատահական չէ, որ լոռեցի Հրանտ Մաթևոսյանը հողի կորուստը, արդյունաբերական ագրեսիան, բնության ու մարդու բախումը, ապագա սերունդների ունեզրկումը ծանր խնդիրներ էր համարում, որ պիտի քննվեն ըստ ամենայնի, սահմանադրական հոդվածի հստակություն առնեն, համընդհանուր մտահոգության ու լրջության միջավայրում ճշտվեն ու գործադրվեն դրանց լուծման միջոցները:

«Այդ մասին պետք է խոսել կա՛մ ամբողջ երկրով մեկ ու ամբողջ ձայնով, կա՛մ բոլորովին չպետք է խոսել: Թերասացությունը լռությունից վատ է, թերասացությունը հարցը մաշում ու թմրեցնում է»,-իր հարցազրույցում ասել է գրողը: 

Մեկնաբանություններ (4)

Petr
Всей нашей стране грозит катастрофа! И зачем я зашел на этот сайт!??? Я из тех людей,которым не все равно! Я люблю свою страну,и когда вижу БЕСПРЕДЕЛ,не могу молчать! Какую статью не откроешь,там узнаешь много интересного о нашем руководстве! Друзья, наша страна маленькая,если Вы заметили, и скоро от нее ничего не останется!!!! У меня только один вопрос, КУДА СМОТРИТ ПРЕЗИДЕНТ???
Սամվել
Շատ եմ ափսոսում,որ մի ամբողջ մարզի բնակչության կարծիքի վրա թքած ունեն այսօրվա իշխանությունը յուրացրած ղեկավարությունը։Ւսկական բնապահպանական աղետները սկսվել ու շարունակվում են Ալավերդիում,Շամլուղում,Աղթալայում,Այրումում,Ճոճկանում,Թեղուտում,Շնողում ու հարակից համայնքներում,հիմա էլ աչքները տնկել են Մոտկորի կուսական անտառներին։Օտար բռնազավթողները այդքան վնաս չեն տվել մեր երկրին,որքան այս բռնապետական ռեժիմը։
սանթրո
Լոռըցիները տհենց էլ դինջ ու անփուշ մնացին: Էդ կռոի տղեն իրա գեղը հրամեց փախավ, հմի ապահով մեջք ա գտել, մեր բնության ու ժողովրդի հերն ա անիծում: Մալականների ղազխը կերան, հմի ուրիշ թալան են գտել: Բա սաղ ռայոնով նրանց մի գեղի չափ չկանք: Թե թհենց ա է էնա գնանք գետինը մտնենք, էլ ընչի համար ապրենք: Թե պտի ձեն չհանենք ու Թեղուտի, Շնողի օրն ընկնենք: Ալավերդումը ռակի ռեկորդ են հանել, մուխը մի կողքից ա խեղտում հրամած հողն ու քոլն էլ մի կողքից, սարքի մարդ չի մնացել, էդ սարերն ու գեղերն էլ որ քանդեն էլ լոռուցը ինչա մնալու: Հենց դրա հմար ել գեղերն իրար են կպցնում ու գլխնին կտրում որ ձեն հանող չլի այ միամիտներ: Վերջը մարթ ենք թե անլիզու ոչխար որ անձեն մորթվենք ու գյալմա շներին կեր ըլենք: Լոռին վախտին ղաչաղի երկիր ա ելել, ռսի թագավորի դեմ ել են ծառս էլել, վրաստանը գրաված պարսկին էլ ջարդ տվել մեր պապերը, տո հենց իրանց էլ, հմի էս բաշիբոզուկին ինչ նամուսով կուլ գնանք
Edward Demiraiakian
The problem is not mining. One can't stop that. The problem is lack of enforcement powers on the regulators. Mine reclamation is crucial. In the west, a reclamation plan has to be submitted before any mining can occur. When done, and the mine is exhausted, the land can be returned to its original state of productivity.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter