HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թե ինչու համատիրության նախագահը «չի տեսնում» գերծանրաբեռնված շենքի վթարայնության աստիճանը

Նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի (Կամվոլնի գործարան) հանրակացարանի շենքի կողքով անցնելիս շատ հանգիստ կարելի է ուսումնասիրել նկուղը, տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: Ինչ-որ մարդիկ, մոտ 250 ընտանիքիով ծանրաբեռնված  8 հարկանի շենքի նկուղում պահեստ են կառուցում, շինարարություն են անում և որպես օդանցք անցքեր են բացել դրսի պատերի վրա: Այն, որ տարածքում պահեստ է կառուցվում, հաստատեց նաև շինաշխատանքները հսկող երիտասարդը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում, տարածքն էլ ընկերոջն է և դրա մասին գիտի համատիրության նախագահը: Ավելին՝ հենց տեղից առաջարկեց խոսել համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանի հետ, որպեսզի համոզվենք, որ վերջինիս իմացությամբ է կառուցվում:

Նրանք շենքի բնակիչ չէին, թե ինչպես են հաջողացրել բոլոր բնակիչների սեփականությունը հանդիսացող նկուղում իրենց ցանկությամբ շինարարություն սկսել, փորձեցինք պարզել Լարիսա Սարգսյանից:

Համատիրության նախագահն ասաց, որ նկուղում ներքին ցանցերն են փոխում և «տեղյակ չէ» կառուցվող պահեստի մասին, սակայն չզլացավ նշել, որ շենքը չեն քանդում, ընդհանուր ամրացնում են: Լարիսա Սարգսյանն ասաց, որ այնտեղ քանդելու պատ չկա, ամբողջ շենքը նստած է հենասյուների վրա, իսկ անցքեր բացել են, որպեսզի «օդ խաղա, օդը մաքրվի»:

«Ես չգիտեմ, ով է ասել, բայց այնտեղ պահեստ չի սարքվում, կճշտեմ ձեզ կպատասխանեմ»,-անհանգստացած ասաց Լարիսա Սարգսյանը:

Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի 56ա հասցեում գտնվող այս հանրակացարանի վթարային լինելու մասին «Հետքը» գրել էր դեռևս 6 տարի առաջ: Այս տարիների ընթացքում դրական ոչ մի տեղաշարժ չկա, ավելին՝ գնալով շենքի վիճակը վատացել է, քանի որ քաղաքապետարանում ծանոթ-բարեկամ ունեցողները, առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքը, իրենց համար հարմարություններ են ստեղծում՝ քանդելով ու փոփոխելով շենքի պատերը:

Քանի որ շենքը նախատեսված է եղել գործարանի աշխատակիցների համար՝ որպես հանրակացարան, յուրաքանչյուր սենյակի մակերեսը 17 քմ է և խիտ բնակեցված է: Բնակիչներն ահազանգում են, որ վթարի ու փլուզման դեպքում իրենց փրկվելու հնարավորությունը շատ քիչ է: Իսկ որ շենքը հնարավոր է մի օր փլուզվի՝ գրեթե ոչ ոք չի կասկածում: Դրան նպաստում է նաև բջջային երկու օպերատորների տոննայից ավել կշռող ալեհավաքները, որոնք տեղադրված են շենքի տանիքին:

Բնակիչներն ասում էին, որ իրենց իմանալով ալեհավաքներից ստացված գումարներով համատիրությունը միայն շենքի վերելակն է աշխատացնում, իսկ 8 հարկ բարձրացող աստիճանավանդակի տարածքի ապակիները, որ տարիներ շարունակ կոտրված են մնացել և անձրևաջրերից աստիճանների բետոնը սկսում է քայքայվել, մնում է ուշադրությունից դուրս:

Վթարի կամ հրդեհի դեպքում բնակիչների փրկվելու հնարավորությունը նվազեցնում են նաև վթարային ելքի համար նախատեսված տարածքում կուտակված աղբը: Որոշ հարկերում վթարային ելքերի դռները կողպված են, մնացած մասում ելքը փակվել է աղբից, իսկ, օրինակ, երկրորդ հարկում արտոնյալ բնակիչներից մեկը մեծ շուն է պահում: Բնակիչներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, ասաց, որ այդ շունը նույնիսկ երեխայի է կծել, սակայն տերը մնացել է անպատիժ:

«Շունը տան մեջ չեն պահում, տեղյակ եմ, որ պահում են աստիճանների վրա: Բոլոր տեղերում էլ պահում են: Այսինքն ի՞նչ, որ շուն են պահում»,-զարմանում է շենքի համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանը:

Երբ նրան տեղեկացրինք, որ շենքի վթարային ելքերն աղբի մեջ փակված են, շատ հանգիստ պատասխանեց, որ ինքը դրանից տեղյակ չէ: Հետո ավելացրեց, որ բնակիչները շինարարությունից հետո աղբը հավաքում են վթարային ելքերում, որից հետո ավտոմեքենա են բերում տանում են աղբավայր:

«Ես ինչ անեմ, ամեն տարի մաքրում եմ, շաբաթօրյակներին բնակիչների հետ պիտի մաքրենք, մեքենաներ ենք բերում մաքրում ենք: Մարդիկ աղբը չեն իջեցնում, վերանորոգում են ու այդտեղ դնում, հետո տանում ենք աղբը»,-ասաց Լարիսա Սարգսյանը:

Զարմանալի էր, բայց Լարիսա Սարգսյանը հերքեց, որ շենքը վթարային է: «Ոչ մի վթարայնության աստիճանի չունի»,-ասաց համատիրության նախագահը: Ճշտող հարցին, թե 3-րդ աստիճանի վթարային չէ, պատասխանեց. «Ոչ»:

Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ «աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ շենքի հետ կապված իրականցվել է կրկնակի հետազոտություն՝ 2008 և 2013թթ., որոնց համաձայն տրվել է եզրակացություն, որ տվյալ շենքի վնասվածությունը երկու դեպքում էլ եղել է երրորդ աստիճանի: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի կողմից 2012թ. փետրվարին համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության նախարարին վերոնշյալ շենքի վերականգնման աշխատանքները ներառելու նախարարության միջնաժամկետ ծրագրերում»:

Ի դեպ, շենքի բնակիչները տեղյակ չէին, որ 2013թ. իրենց շենքում հետազոտություն է եղել: Վերջիններս պնդում էին, որ գնալով իրենց շենքի վիճակը վատթարանում է և հնարավոր չէր նորմալ հետազոտության դեպքում՝ 5 տարի անց, վթարայնության աստիճանը չփոխվեր:

Այս ամենով հանդերձ, թե ինչու է համատիրության նախագահը շահագրգռված՝ չտեսնել վթարայնության աստիճանը, գիտի միայն ինքը` Լարիսա Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter