HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Առաջին իսկ օրվանից ասել եմ՝ պատրաստ եմ Տաթևիկի բուժման ծախսերը հոգալ»

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները՝ թողնելով անփոփոխ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

Տուժող կողմից դատական նիստին ներկա Արթուր Հակոբյանն ու Նաիրա Հայրապետյանը նշեցին, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

Մինչ դատավորների խորհրդակցական սենյակ անցնելը՝ Վարդան Պետրոսյանն իր դիրքորոշումը ներկայացրեց բողոքների հետ կապված՝ արձագանքելով բողոքում Ռուբեն Բալոյանի արտահայտած այն մտքին, թե Վարդան Պետրոսյանը, դուրս գրվելով հիվանդանոցից, կորել է քննիչի տեսադաշտից: Այնինչ Վարդան Պետրոսյանը ներկայացրեց քրեական գործից նյութեր, որոնց համաձայն, քննիչ Հայկարամ Հակոբյանը հստակ իմացել է, թե որտեղ է գտնվում Պետրոսյանը:

«Առավոտ շատ շուտ մեր տուն ներխուժեց ոստիկանների մի խումբ: Ինչպես լուրեր էին պտտվում, եկել են ինձ ճամպրուկները ձեռքիս բռնելու: Բայց գալիս ու տեսնում են, որ ես անկողնային հիվանդ եմ, տեղաշարժվում եմ կնոջս օգնությամբ: Առաջարկում են ինձ նոյեմբերի 7-ին ներկայանալ Եղվարդ ու հարցաքննվել որպես վկա: Ես գրավոր գրում եմ, որ առողջական ծանր վիճակի պատճառով չեմ կարող գալ: Դրանից հետո ամսի 4-ին ստորագրված ձերբակալության արձանագրություն են տալիս… հաշվի առնելով, որ Վարդան Պետրոսյանն ունի երկու անձնագիր, ուրեմն անպայման կփախչի: Մինչ այսօր պտտերացնում են, չի պտտվում, այլ պտտեցնում են լուրեր, որ ինձ բռնել են ճամպրուկները ձեռքիս օդանավակայանում, որպեսզի արդարացնեն ձերբակալելու փաստը: Ես առաջին իսկ օրվանից ասել եմ՝ պատասխանատվությունից խուսափոխ չեմ, միայն թե դուք ձեր գործողություններում եղեք արդար»,- դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը:

«Հինգ տարի կտան, թե վեց, դա ինձ համար էդքան էական չի՝ նստել եմ, նստելու եմ: Բայց ինձ համար շատ կարևոր է, որ տիկին Նաիրան գոնե հարցեր տա, ես պատասխանեմ: Ես չեմ ունեցել էդ հնարավորությունը, չեմ էլ ունենալու: Բազմիցս խնդրել եմ, ասել եմ՝ տղաներից մեկը թող գա, խոսենք: Չի ստացվել: Ես փակված եմ, բայց ես ձեզ հավատացնում եմ՝ կես ժամ զրույցից հետո դուք կտեսնեիք՝ ինչը ինչոց է: Ամենակարևոր բանը տեղի կունենար՝ հաշտեցում, կամ եթե ոչ հաշտեցում, գոնե իրար կհասկանայինք: Իսկ էսօր մենք, շատ կներեք, դարձել ենք թշնամիներ: Սա շատ ավելի կարևոր չի՞: Հազար անգամ ավելի կարևոր է սա, քան թե բողոքարկման ինչ-որ բաներ: Ինչո՞ւ ամիսներ շարունակ ձգձգել, Տաթևիկի համար էքսպերտիզաներ անել, երբ ես ասացի, որ պատրաստ եմ առաջին օրվանից մինչև հիմա հնարավորինս օգնել»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ ավելացներով, որ հրաժարվել է ոչ թե Տաթևիկ Հակոբյանի բուժման համար վճարել, այլ փաստաբանի խելամիտ վարձատրության դիմաց: «Առաջին իսկ օրվանից ասել եմ՝ պատրաստ եմ Տաթևիկի բուժման ծախսերը հոգալ»:

Խոսելով խիստ պատժի պահանջի մասին՝ Վարդան Պետրոսյանը նշեց. «Որ կալանավորի համար ուզում եք կարդացեք բողոքի այն հատվածը, որտեղ 5 տարին պիտի դարձնել 6, որ Վարդանին ուղղեք, ծիծաղ կառաջացնի: Ուրեմն 5 տարին չի ուղղելու, 6-րդը պիտի ուղղի՞: Դուք, որ փորձված մարդիկ եք, գիտեք, որ մեր բանտերում մարդիկ չեն ուղղվում, ընդհակառակը հանցագործ են դառնում: Սա էր, որ նախորդ նիստում դահլիճի ծիծաղը առաջացրեց: Ես կալանավորների համար կարդացել եմ և՛ դատախազի, և՛ Բալոյանի ծանրացուցիչ հանգամանքները, հռհռում են»:

Դատարանը մերժեց նաև տուժող կողմի՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, որով, Ռուբեն Բալոյանի համոզմունքով, հնարավոր կլիներ պարզել, թե Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման համար որքան ժամանակ և գումար է ահնրաժեշտ:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի հետ կնքված պայմանագրի նախագիծ՝ նշելով, որ եթե Տաթևիկ Հակոբյանը համաձայնի գնալ բուժման, Վարդան Պետրոսյանը կպարտավորվի վճարել ծախսերը:

Նաիրա Հայրապետյանը, դատարանին դիմելով, ասաց, որ որպես մայր խնդրում է՝ այս ամենին արագ լուծում տրվի, որ Տաթևիկի բուժումը չհետաձգվի: Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ կարող է տարօրինակ թվալ, բայց ինքն այս անգամ միանում է տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանի խոսքին. «Այո՛, խնդրում եմ, որ այս հարցը հնարավորինս արագ լուծվի»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Մեկնաբանություններ (1)

hrach
Եթե չեմ սխալվում համաներմանհարց կա որն ազդու մէ 5 տարվա դատապառտվածների նկատմամբ եւ չի ազդում 6 տարվա դատապառտվածների նկատմամբ: Այդ է հավանաբար պաճառը որ տուժող կողմը պնդել է 6 տարվա վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter