
Վարդան Պետրոսյանի դատավճռի մասին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում մոտ մեկ տարի տևած դատավարության հանգուցալուծումը լսելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, Վարդան Պետրոսյանի ընկերները, արվեստագետներ, քաղաքացիներ: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն ընթերցեց միայն դատավճռի եզրափակիչ մասը: Դատարանը մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ -Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի գործով՝ դատապարտելով նրան 5 տարվա ազատազրկման: Դատարանը նաև 2 տարով զրկեց Պետրոսյանին մեքենա վարելու իրավունքից: Վաղինակ Մկրտչյանը բավարարեց գյուղնախարարության ներկայացրած 1մլն 200,000 դրամի հայցը, իսկ տուժողների ու նրանց իրավահաջորդների ներկայացրած հայցը թողեց առանց քննության:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ չեն բողոքարկելու դատավճիռը Վերաքննիչ դատարանում, փոխարենը՝ տուժող կողմի փաստաբանը նշեց, որ բողոքարկում իրենց կողմից լինելու է:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի` բողոքարկումը ընդամենը մեկ նպատակ ունի. «Ամեն ինչ արվում է, որ երկարացնեն Վարդան Պետրոսյանի գտնվելը ազատազրկման վայրում: Բայց ո՞վ է դրանից շահում»: Նա նշեց, որ դատարանն, ըստ էության, անմեղ մարդուն դատապարտելով 5 տարվա ազատազրկման` տվեց իրավիճակային լուծում: Ըստ նրա` «այն որևէ աղերս չունի իրավունքի հետ»:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմային գոտում, ինչպես նախատեսված է անզգույշ հանցագործությունների պարագայում:
Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում վիճարկվում են քննիչի գործողությունները, կոնկրետ՝ դեպքի վայրի զննության արձանագրությունները: Փետրվարի 3-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի փաստաբանի բողոքը:
Կարծիքներ դատարանի բակից
Դատավճռի եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատարանի բակում շուրջ մեկ տարի դատավարությանը հետևած քաղաքացիները մեկնաբանում էին դատավճիռը:
Ըստ նկարչուհի Զարուհի Մուրադյանի, ով մշտապես ներկա է գտնվել դատական նիստերին, դատավարությունը հասարակության անվստահությունը մեր երկրի արդարադատության նկատմամբ չփարատեց: «Կրկին հանգեցինք նրան, որ Հայաստանում ազատ միտք ունեցող մարդու նկատմամբ հալածանքի միջոց են դատարանները: Վարդանի նման ազնիվ, ազատ մտածող մարդը անհամատեղելի է ռեժիմի հետ: Բայց միևնույնն է՝ Վարդանը նույնիսկ բանտում մեր ազգաբնակչության 90 տոկոսից ազատ է»:
Կինոգետ, հայագետ Արծվի Բախչինյանի կարծիքով` մեղադրական դատավճիռը սպասելի էր. «Արդարացման դատավճռի մասին չէի մտածում նույնիսկ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ օրենքը գործում է ընտրովի: Իրական հանցագործը կարող է պատասխանատվություն չկրել, իսկ երբ մարդը դժբախտ պատահարի զոհ է դարձել, բարձրագույն մակարդակով կարող են հաշվեհարդար տեսնել միայն այն պատճառով, որ իրենց մարդը չէ: Ցավոք, մեզ համար այս ամենը օրինաչափ է դառնում՝ հասարակության աչքում խորացնելով արդարադատության հանդեպ անվստահությունը»:
Դերասանուհի Արինե Սուքիասյանը նկատեց, որ դատարանում ոչինչ էլ չապացուցվեց: «Շատ նիստերի եմ մասնակցել: Ճիշտ է, իրավաբանական կրթություն չունեմ, դերասանուհի եմ, բայց անըդհատ դատարանում լսում էի խախտումների մասին, որոնք պետության ներկայացուցիչը վերջում համարեց փոքր բացթողումներ: Ինձ համար այս դատարանը չի կարող արդարադատ դատարան համարել, որը աչք փակեց բազմաթիվ անօրինականությունների: Դատարանը պետք է իր բարձունքում լինի, որ մենք վստահենք արդարադատությանը»:
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանի գնահատականն այն է, որ դատական պրոցեսը շատ ցածր մակարդակի վրա էր: «Ցավում եմ, որ ունենք դատարան, որտեղ հարցեր են առաջադրվում, բայց օրինակ պետական մեղադրողի կողմից համարվում են մանուք: Ընթերական գոյություն չունեցող անձ է, մանրուք է, զննության մեջ խախտումներ կան, մանրուք է, կներեք բայց այդ մանրուքներից է կազմվում պետությունը: Նեղված էի լսում ֆրանսիացի փաստաբանին… այն, որ մեզ մոտ օրենքի առջև հավասար չեն բոոր քաղաքացիները, պետք չէ գան ու մեզ Ֆրանսիայից կամ այլ երկրից ասեն: Դա գիտեն բոլորը: Բայց մենք լավ օրենքներ ունենք, ուղղակի ինչպես ուզում ենք, այնպես էլ կարդում ենք: Նորից եմ ասում՝ սա ողբերգություն է, երեխաներ են մահացել: Ես Վարդանին շատ լավ գիտեմ, մտածում էի, թե ինչպես է այդ բեռը տանելու: Բայց մենք դատում ենք հուզական և ոչ օրենքների դաշտում առանց անմեղության կանխավարկածի»:
ՀՀ վաստակավոր դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կարծիքով, իր համար պարզ է, թե ինչու Վարդան Պետրոսյանը դատապարտվեց. «Նա ազնիվ մտավորական է՝ ճշմարտությունը մերկացնող: Իսկ մեր օրերում դա վտանգավոր ու հետապնդելի է: Կարծում եմ, այս դժբախտությունը օգտագործվեց: Ես այս ամենի մեջ վրեժ տեսա: Ամեն կերպ դատավարության ընթացքը ապացուցում էր Վարդանի անմեղությունը, բայց մարդուն այսօր մեղավոր ճանաչեցին: Փոխարենը տեսնում ենք, թե ինչպես են ծանրագույն հանցանքներ կոծկվում: Եվ հանկարծ Վարդանն, ով ճշմարտախոս է իր արվեստով, ենթարկվում է քրեական հետապնդման: Մենք ցավում ենք երկու երեխաների համար, բայց Վարդանը այստեղ նույնպես զոհ է»:
Դերասան Աշոտ Մելոյանը նկատեց, որ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը կարճ ժամանակում մեր արդարադատության համակարգի ճիշտ ախտորաշումը տվեց, որ օրենքի առջև մարդիկ հավասար չեն: «Մենք՝ ինքներս գիտենք, որ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, նրանց երեխաները կարող են հանցանք գործել ու պատասխանատվության չենթարկվել: Բայց այս պարագայում, երբ դժբախտություն է տեղի ունեցել, բոլորովին այլ կերպ քննվեց գործը և անգամ դատարանում չապացուցվեց Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղքը: Բոլորս էլ կարող էինք հայտնվել այն իրավիճակում, որում Վարդանն է հայտնվել»:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանի կարծիքով, Վարդան Պետրոսյանն իր առողջության ու տառապանքի հաշվին նպաստեց, որ մենք կարողանանք բարելավել մեր արդարադատությունը: «Երբ հայտնի մարդ է լինում դատարանում, հանրային հնչեղություն է ունենում գործը, քաղաքացիները ավելի պարզորոշ են տեսնում արդարադատության վիճակը, ինչը կամաց-կամաց, ես հավատում եմ, որ կբերի մաքրման»:
Լուսանկարները՝ Մարինա Ավագյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել