HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նայելով ֆիլմը՝ տեղափոխվեցի 2004 թվական. դեկեմբերի 9-ի գիշեր

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անհամբեր հետևում եմ ժամացույցի սլաքներին, հագնված-պատրաստված, ասես կինոթատրոնում, նստել, նայում եմ հեռուստացույցի էկրանին: Ահա սկսվեց «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» ֆիլմը: Անգիր գիտեմ հետախույզի պատմությունը, բայց սիրտս նորից ցավեց, ցավեց ընկերոջս՝ Սողոմոնի, նրա աղջկա՝ Սյուզիի համար… բոլորիս համար:

Զարմանում եմ՝ ինչ հզոր կամքի տեր մարդ է Սողոմոնը: Այսքան դառը ճակատագիր, բայց չի կոտրվում, չի հանձնվում: Զգացի՞ք ինչքան կյանք ու սեր կա նրա մեջ: Լավ գիտեմ նրա նուրբ հոգին, որտեղ սրտից արյուն կաթացող փոքրիկ տղան է թաքնված: Շարունակում եմ նայել ֆիլմը: Մութ ու ցուրտ պատերազմական տարիներն են: Սողոմոնը պատերազմի դաշտում, առանց ինքն իրեն խնայելու, մասնակցել է կռվին: Երբ նույն խցում էինք, միշտ խնդրում էի, որ պատերազմից պատմի: Պատմում էր, բայց շատ քիչ, ասես ամաչում էր իր սխրագործությունների մասին բարձր ասել: Այդպես էլ երբեք չլսեցի, որ գլուխ գովի: Բայց Գորիսի բանտում հսկիչներից, տարբեր աշխատակիցներից, ովքեր նույնպես մասնակցել էին Արցախյան պատերազմին ու ճանաչում էին Սողոմոնին, պատմում էին, թե ինչպես է նա մարդկանց կյանքեր փրկել, ինչպես է մտել թշնամու թիկունք, կարևոր տեղեկություններ հայթայթել ու հետն էլ վիրավոր հայ տղաներին շալակ արած՝ դուրս բերել մեր կողմ: Հիմա հեռուստաէկրանից եմ լսում այս ամենի մասին, նաև՝ հրամանատար Հայկազ Թամրազյանից, Ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանից:

«Հետքի» շնորհիվ այսօր գրեթե բոլորը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում իմացան, որ 20 տարի հայաստանյան բանտում է մի մարդ, որն իր անձը չխնայելով՝ պաշտպանել է հայրենիքը: Այն, որ Սողոմոնի շնորհիվ գոնե մի փոքր մոտեցել է հաղթանակի օրը, այսօր վկայում են նաև նրա հրամանատարները:

Իսկ ինչո՞ւ Սողոմոնը հայտնվեց բանտում: Պարզվում է՝ նրան մահապատժի են դատապարտել թուրքի կամ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: Զարհուրելին այն է, որ նա նույնիսկ սպանություն էլ չի կատարել: Հաստատված է, որ նա ընդամենը մեկ անգամ է կրակել տուժողի արմնկին, իսկ մահը ընկնելուց է վրա հասել:

Հիշո՞ւմ եք՝ գրել եմ այն մասին, թե ինչպես ծանոթացա Սողոմոնի հետ, երբ Նուբարաշենի կլոր գերեզմանոցից մեզ վարանյոկով տեղափոխում էին Գորիսի բանտ: Նույն խցում հայտնվելուց հետո մի օր ուշադիր նայեց ինձ ու շատ լուրջ տոնով ռուսերեն ասաց.

- Մհե՛ր, ես գիտեի, որ մենք հանդիպելու ենք… էդ մասին դատարանում ասել էր պաշտպանը:

- Բայց ո՞նց, դու 1995-ին ես դատապարտվել, ես մի տարի հետո:

- Դե՛, ես ասեցի… չգիտեմ ոնց, բայց ինքը գիտեր:

Այն ժամանակ ոչինչ չհասկացա, մտածեցի, թե ինչ-որ բան շփոթում է, բայց երբ ֆիլմում տեսա Սողոմոնի քրեական գործից մի փաստաթուղթ՝ հասարակական պաշտպանի ճառից մի հատված, փշաքաղվեցի: Այնտեղ գրված էր. «Եթե հանգամանքները չփոփոխվեն, անտարակույս, առասպելական փոքր Մհերն իր մոտ կկանչի Սողոմոնին, որ նա պահվի Ագռավաքարում, մինչև որ ցորենը դառնա քանց գարի, գարին՝ քանց մասուր…»: Հիմա միայն  հասկացա, թե ինչի մասին էր ասում Սողոմոնը 10 տարի առաջ: Առաջին փախուստի մասին մանրամասն գրել եմ իմ “Это не кино” պատմվածքում:

Նայելով ֆիլմը՝ տեղափոխվում եմ 2004 թվական. դեկեմբերի 9-ի գիշեր: 12-ին 5 է պակաս: Այն օրն է, այն պահը, երբ պատրաստվում ենք երկուսով փախչել Գորիսի բանտից: Արդեն կիսով չափ ազատության մեջ ենք՝ բանտախցից դուրս, մեկ էլ Սողոմոնը կանգ առավ:

- Ո՞ւր,- հարցրի ես:

- Братишка, մի րոպե (մենք իրար հաճախ այդպես ենք կոչում):

Տեսնեմ՝ ծոցագրպանից հանեց իր մահապատժի դատավճիռը, որը հետն էր վերցրել, ձեռքը մեկնեց ճաղերի ու պատի արանքը քանդած հատվածին, որտեղ դեպի ազատություն տանող «դուռ» էինք բացել մեզ համար ու հենց այդտեղ դրեց մահապատժի դատավճիռը:

- Իրանց դատավճիռն իրանց լինի…,- ասաց նա՝ կարծես ցույց տալով համակարգին, թե որն է մեր փախուստի պատճառը:

Պառկեցինք սառը տանիքին, երևի մեր ոտնաձայներից այդ պահին դուրս եկավ հսկիչը: Ես էլ հատուկ այդպիսի պահի համար պարապել էի կատվի մլավոց հանել. գիտեի, որ տանիքում շատ կատուներ կան: Այնպես, որ մլավոցի ճիշտ ժամանակն էր, որ հսկիչը մտածի, թե կատուներ են տանիքում ու չանհանգստանա: Այդպես էլ արեցի, այնքան էլ բնական ստացվեց, հսկիչը մեզ չնկատեց: Ուղիղ կեսգիշերին անցանք արգելագոտին:

… Սա է Հայաստանի արդարադատությունը, երբ Ղարաբաղյան պատերազմի հետախույզը մեղադրվում է ադրբեջանցու կամ թուրքի սպանության մեջ և մահապատժի դատապարտվում: Իսկ երբ օլիգարխի տղաները հենց մեր հայրենիքում հայերի են սպանում, իրենց բարձրաստիճան հովանավորողները գլխավոր դատախազությանը հրահանգում են քրեական գործ չհարուցել կամ հարուցված գործը կարճել, դատարաններին հրահանգում են նվազագույն պատիժ նշանակել: Իսկ հետագայում ՔԿՎ-ին էլ հրահանգում են պայմանական վաղաժամկետ ազատել:

Այսօր իմ քրեական գործով նորից բերվել են նոր երևան եկած հանգամանքներ, որոնք իրավական երկրում միանշանակ հինք կհանդիսանային քրեական գործը վերաբացելու համար: Սակայն, գլխավոր դատախազությունը մերժում է օրենքի համաձայն որոշում կայացնել, քանի որ նախագահականից հրաման չունի:

Աշխարհից արդարություն ենք պահանջում, իսկ հենց մեր հայրենիքում մի բուռ արդարություն չենք գտնում: Ուզում ենք, որ օտարները գթասիրտ լինեն, իսկ անմեղ դատապարտված հայ որդիներին փախուստի՝ ազատության օդ շնչելու պատիժների համար նույնիսկ մասնակի ներման խնդրագրերին մեր իսկ հայրենիքի նախագահը դեռ չի արձագանքում:    

Մեկնաբանություններ (3)

liana
Մհեր ջան քո ու Սողոմոնի հետ կապված ամեն մի հոդված կարդալուց հետո, այնքան բուռն մտքեր ու զգացմունքներ են գալիս, որ ուզում եմ անվերջ խոսել, կիսվել, պատմել բոլորին ձեր մասին կամ մի սփոփիչ մեկնաբանություն անել, բայց ասես պապանձվում եմ, երկար ժամանակ մնում եմ էջը բացած, մոլորվում մտքերի մեջ, ընկնում դեպրեսիայի մեջ, ու այնքան անկարող, անօգնական ու երբեմն անպետք եմ զգում ինձ, անճարակության այդ զգացողությունից սկսում եմ աղոթել ձեզ համար, Արթուրի նույնպես՝ որ բանակի տարիներից հայտնվել է այդտեղ նույնպես անիմաստ, մի խոսքով, չգիտեմ ինչ ստացվեց գրածս, համենայն դեպս ուզում եմ տեսնել այն օրը, երբ Մհեր Ենոքյան անունը որոնելիս տեսնել քեզ մի հրաշք բալիկ գրկումդ քո ապագա գեղեցիկ կնոջդ ձեռքը բռնաց, ու թող գա այդ երջանիկ օրը
laura
Mher Jan es erek nerka ei Soghomonin nvirvats filmi Cucadrmany,sirts mghktum er,vonc for harazat vordis Liner.HISUSy erkusit pahapa linl.......es antsanot em Hetqic em tsanotacel qez her.
Հովսեփ
Մհեր ջան Աստված մեծա,արդարությունը մի օր կհաղթի,քեզ համբերություն,ու մեծ կամք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter