HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքերը Հայաստանում անձեռնմխելի՞ են

Մհեր Ենոքյան

Չէի կարող լռել, երբ իմացա, որ «Հետք» կայքի նախաձեռնությամբ վերջապես արխիվներից դուրս է բերվել 1995 թ-ին մահապատժի դատապարտված, նախկին հետախույզ, Ղարաբաղի ազատամարտին մասնակցած Սողոմոն Քոչարյանի քրեական գործը, ուսումնասիրվել, ապա լուսաբանվել: Հարազատներս ինձ միշտ ուղարկում են մամուլից քաղվածքներ, նյութեր: Կարդացի Սողոմոնի մասին պատմող հոդվածները: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես ծանոթացա Սողոմոնի հետ, տասը տարի առաջ էր: 

2004 թ-ի մարտի 17-ի առավոտյան ասացին, որ պատրաստվեմ, խցից դուրս պիտի գամ:

- Ո՞ւր եք տանում:

-Իջեցնելու ենք առաջին հարկ, տաք հագնվի, չմրսես,-ասաց «Նուբարաշենի» բանտի հսկիչներից մեկը:

Բայց չասաց, թե ինչու է տանում առաջին հարկ: Տասը րոպե անց դուրս եկա բերդի շենքից: Առանց թողնելու, որ կողքերս նայեմ, նստեցրին «Վարանյոկ» կոչվածի (կալանավորների համար նախատեսված մեքենա) մեջ: Այ, քեզ բան, ո՞ւր են տանում: Ութ տարի էր անցել այն օրից, երբ մտել էի «Նուբարաշենի» բերդ ու դուրս չէի եկել: Ահավոր ցուրտ էր: Կես ժամ անց իրար հետևից բերեցին ևս 7-8 ցմահ դատապարտյալ: Բաշխեցին երկու փոքր առանձնացված խցերով: Մեր հարցերին, թե ուր եք տանում, քար լռություն: Գրեթե բոլորս նախկին մահապատժի դատապարտվածներ էինք, մտածեցինք, թե տանում են գնդակահարության, թեպետ մահապատիժը 1 տարի առաջ էր փոխարինվել ցմահ ազատազրկման: «Վարանյոկը» շարժվեց: Բոլորս լուռ էինք, գունատ, նիհար, ուժասպառ: Երկար տարիներ խցերից դուրս չէինք եկել: Գոյատևել էինք առանց արև լույսի: Կողքիս նստածները տարբեր խցերից էին, առաջին անգամ էի տեսնում: Մեռելային դեմքեր, և միայն մեկի աչքերում էր կրակ բոցկլտում: Իմ պես ուշադիր զննում էր մնացածներին:

-Դու Կամոն ես,-հարցրեցի նրան:

-Չէ՛, Սողոմոնն եմ:

Ձեռքս մեկնեցի, նա ուժեղ սեղմեց: Լռեցինք: Մոտ երկու ժամ անց Սողոմոնն ասաց.

-Գորիս են տանում:

-Ի՞նչ իմացար,-հարցրեցի:

-Ճանապարհն եմ զգում, նաև օդն ա սառում: Հավատա նախկին հետախույզին: 

«Վարանյոկի» վրա փոքր պատուհան կար՝ անթափանց ապակուց, մանր, բարակ, բայց շատ ամուր ճաղերով: Փորձեցի շարժել ճաղերը: Դռան հետևում զինված հսկիչները խոսում էին, ուշադիր չէին: Վեր կացա, պինդ բռնեցի ճաղերից, ոտքով հրվեցի պատին՝ փորձելով պոկել: Ոչինչ չէր ստացվում: Բայց զգում էի, որ երեք-չորս հոգով փորձենք, հաստատ կպոկենք:

-Տղե՛րք, վեր կացեք: Էլ սենց հնարավորություն չի լինի,-ոգևորվել էի ես:

-Անիմաստ ա, ոչինչ չի լինի,-անտարբեր ասաց մեռելներից մեկը:

Մյուսն էլ, թե.

-Կտեսնեն, կկրակեն:

Ձեռքերս հոգնեցին, մեջքս ցավեց, նստեցի:

-Ինչո՞ւ չես օգնում,-նայեցի Սողոմոնին:

-Ճիշտ ես ասում, 3-4 հոգով, որ կպնենք, կպոկենք: Էրկուսով՝ չէ: Իսկ սրանք չեն օգնի: Կարող ա մտածված բարձր խոսան, որ հսկիչները նկատեն:

-Լա՛վ, ի՞նչ անենք, չի կարելի հանգիստ նստել, ա՛խր ազատության միջով ենք սլանում:

- Նառուչնիկ քանդել գիտե՞ս,-հարցրեց Սողոմոնը՝ իմ կողմը նայելով:

-Չէ՛, առիթ չի եղել:

Սողոմոնը գետնից երկու լուցկու չոփ վերցրեց, մի փոքր բզբզալուց հետո քանդեց իր ձեռնաշղթաները: Մինչև Գորիս հասնելը ես էլ վարժ կարողանում էի ձեռնաշղթաներից ազատվել: Հասանք Գորիս: Բանտի վարչակազմը մեզ պետք է բաշխեր ըստ խցերի: Օպերատիվ բաժնի աշխատակիցը ցույց տվեց Սողոմոնին ու  հարցրեց.

-Ճանաչո՞ւմ ես Սողոմոնին, կուզե՞ս նրա հետ նստել:

-Չեմ ճանաչում, բայց առարկություն չունեմ նրա հետ նստելու:

Այսպես հայտնվեցինք նույն խցում: Բոլոր աշխատակիցները հարգանքով էին նրան վերաբերում և հպարտանում՝ հիշելով նրա նվիրվածությունը հայրենիքին՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, շատ էին ափսոսում, որ նման մարդուն թուրքին սպանելու համար ցմահ են տվել, իսկ ընտանիքը հազիվ գոյությունն է պահպանում:

Ութ ամիս անց կատարեցինք առաջին փախուստը: Սակայն դաժան համակարգը նորից բանտարկեց մեզ և ստիպեց կրել անիմաստ մի պատժատեսակ այն մարդկանց, ովքեր իրենց էությամբ հանցագործ չեն:

Ես նաև որպես ապագա իրավաբան գրականությունից ծանոթացել եմ, որ մի շարք եվրոպական երկրներում փախուստը բանտից չի դիտվում հանցանք, քանի որ ազատության ձգտումը նույնքան բնական է, ինչպես շնչելը: Դատապարտյալին մեկուսացված պահելը համակարգի գործն է, և եթե նա առանց որևէ մեկին վնասելու կարողանում է ինքն իրեն ազատություն շնորհել, նրան չեն դատում դրա համար: Իսկ մեզ մոտ Սողոմոնին ու ինձ դատապարտեցին ևս 15 տարվա ազատազրկման երկու փախուստների համար, պարզապես մի քանի օր ազատության մաքուր օդ շնչելու համար:

Մեր երկու փախուստների մասին ես մանրամասն գրել եմ իմ երկու գրքերում, նաև հոդվածներում: Հիմա չեմ ուզում կրկնվել: Իսկ ինչո՞ւ էի Սողոմոնի հետ փախնում: Դատարանում էլ ասացի. «Նա էությամբ հանցագործ չէ»:

Ու քանի որ մի քանի օրից ամանորյա տոներն են, ուզում եմ Ձեզ պատմել մեր ամանորյա տորթի պատմությունը: Խոսքը 1998 թ-ի մասին է: 

Ամանորյա տորթն ու ձկնորսը 

Մի քանի ժամից Նոր Տարի էր: Նադոն (անունը փոխել եմ) պառկեց քնելու, չէր սիրում այդ օրը, միգուցե ավելի, քան մնացած օրերը, որոնք, ինչպես և տարիներն այստեղ նման էին մեկը մյուսին: Արթուն մնացածները որոշեցին տորթ պատրաստել: Խցում, բացի հատակին ամուր ամրացված սեղանից, երկու թախտից և երկու նառից, կար հատուկ այս օրվա համար հայթայթած էլեկտրական պարույր, կաթի փոշի, շաքարավազ: Բերդի սև հացը երկու կես արեցինք, կաթի փոշին, շաքարավազը մի փոքր ջրով շաղախած իբրև կրեմ քսեցինք հացի երկու շերտերի մեջտեղը, հետո պարույրը գետնին փռեցինք և միացրեցինք հոսանքին: Մեկը մյուսին փոխարինելով՝ բերդի տորթը պահում էինք շիկացած պարույրի վրա: Որոշ ժամանակ անց Նոր Տարվա «տորթը» պատրաստ էր: Մի քիչ վառվել էր, բայց շատ համեղ էր: Լուսաբացին Նոր Տարին միշտ քնած դիմավորող Նադոն հրաժարվեց տորթի իր կտորից, անշարժ նստեց թախտի ծայրին և երևակայական կարթը ձեռքին բռնած նայում էր դիմացի նույնպես երևակայական լճին:

- Ի՞նչ ես անում, ա՛յ Նադո,- հարցրեցինք նրան:

-Մի՛ խանգարեք, որ պետք լինի ամբողջ տարին էլ սենց կնստեմ, բայց անպայման ձուկ կբռնեմ, մամաս Նոր Տարվան միշտ ձուկ էր սարքում:

Դեռ երկար կարթը ձեռքին՝ Նադոն նայում էր հատակի նույն կետին՝ համբերատար սպասելով իր մանկության ոսկե ձկնիկին… 

Անցած դարից ցմահ ազատազրկված,

անդադար պայքարող Մհեր Ենոքյան 

Հ.Գ. Ողջունում եմ «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի նախաձեռնողներին, ցանկանում եմ, որ գալիք տարում նաև Ձեր օգնությամբ դրական, լուսավոր փոփոխություններ լինեն այն մարդկանց ճակատագրերում, ովքեր այս կամ այն պատճառով անարդարացիորեն կրում են չափազանցված, անիմաստ դաժան պատիժ կամ ընդհանրապես անմեղ են: 

Լուսանկարում՝ Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը

Մեկնաբանություններ (3)

hasmik
turq spanelu hamar hajin Hajastanun cnah en talis, amot, amot, amot
Hay mard
Mi ban gitem ays trai masin, vor asel e bazmics angam, tveq inc azatutyun yev hetn el amenabard, nuynisk kyanqi gnov katarvor hetaxuyzi operacian, yes da kanem hayreniqis hamar, kzohvem hayreniqis hamar, bayc chem uzum mernel ayster. Na cher karor hargel tuqrin, na ayn hayordineric e, vor lcvac er vrejxndrutyamb, ches karor darerov krvel payqarel mi vayragi het, heto hangist aprel moranal u ancnel, Soromon@ drancic cher.
tatev
petq e veranayel cmah datapartyalneri gorter@ es hamozvat em vor shaterin voch tisht en datapartvat

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter