Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Տնավարի քննարկում, կամ հայ պաշտոնյաները՝ թբիլիսյան ֆորումում. «Էստի համեցեք»



Մայիսի 14-15-ին Թբիլիսում կազմակերպված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին ու բիզնես ֆորումին մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը: Բիզնես ֆորումի շրջանակներում մի քանի երկրներ իրավունք էին ստացել արտասահմանցի պոտենցիալ ներդրողներին ներկայացնել իրենց ներդրումային միջավայրն ու քաղաքականությունը: Վրաստանն այդ հնարավորությունն ուներ իբրեւ կազմակերպիչ, իսկ մյուս երկրներից առանձին քննարկում-հանդիպումներ կազմակերպեցին Թուրքիան, Մակեդոնիան, Սերբիան, Եգիպտոսը, Մերձբալթյան երեք հանրապետությունները (Էստոնիա, Լիտվա, Լատվիա), Ուկրաինան, Հորդանանը, Ղազախստանը, Մոլդովան եւ Հայաստանը:

Հայաստանի վերաբերյալ քննարկումը կոչվում էր «Հայաստան. նոր հնարավորություններ Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկում»: Բանախոսներն էին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ Ամուլսարի հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած «Գեոթիմ» ընկերության սեփականատեր «Lydian International» ընկերության ղեկավար Հովարդ Սթիվենսոնը: Քննարկումը վարում էր ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Վրաստանի խորհրդարանում պատրաստված ժամակավոր սրահում, որտեղ ընթանում էր քննարկումը, առաջին շարքի սեղանները զբաղեցրել էին Հայաստանից ժամանած հյուրեր՝ գործարարներ, պաշտոնյաներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Նրանց մեջ էին ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, որի անունը նախապես նշված էր բանախոսների ցանկում, «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), վրացահայ գործիչ Վան Բայբուրթը եւ ուրիշներ:

Բանախոսները նախ ներկայացրին Հայաստանի ներդրումային հնարավորությունները տարբեր ոլորտներում՝ մեջբերելով մի շարք ցուցանիշներ ու միջազգային վարկանիշներ, նաեւ խոսեցին ՀՀ-ում օտարերկրյա մի շարք ընկերությունների ներկայության ու դրանց գրանցած հաջողությունների մասին: Սակայն երբ եկավ հարցուպատասխանի ժամանակը, դահլիճում մի տեսակ անհարմար լռություն տիրեց: Օգնության եկան ՀՀ-ից ժամանածները՝ մի քանի հարց ուղղելով, մասնավորապես, նախարար Ճշմարիտյանին: Այլ կերպ ասած՝ հայերը հարցնում էին, հայերն էլ պատասխանում էին: Ընդհանրապես, ամբողջ այդ ընթացքում միայն երեք արտասահմանցի հարց հղեց, որոնցից երկուսը վերաբերում էին ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն ու մեր երկրի համար ներկայում գոյութուն ունեցող տնտեսական դժվարություններին: Կ. Ճշմարիտյանը, բնականաբար, նշեց, որ ԵՏՄ-ն լայն շուկա է Հայաստանի համար, ու մեր երկիրը մտել է միասնական տնտեսական տարածք, Արման Խաչատրյանն էլ մասնավորեցրեց խոսքը՝ ասելով, որ այլ երկրներից մի քանի հարյուր ապրանքների մաքսատուրքերի համար Հայաստանը 5 տարով արտոնություններ է ստացել: Իբրեւ տնտեսական հիմնական դժվարություն նախարարը նշեց փակ սահմանների գործոնը: Բանախոսների հավաստիացմամբ, սակայն, Հայաստանի հիմնական ուժը մարդկային ռեսուրսն է, կրթության ու գիտության հանդեպ ձգտումը:

Ըստ էության, Հայաստանի պատվիրակների համար անակնկալ հարց տվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ով նախարարին հարցրեց, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ի ապագան, եթե մոտ 30.000 քառակուսի կմ տարածքում ավելի քան 400 հանք է շահագործվում: Այվազյանը խոսեց նաեւ հայաստանյան հանքարդյունաբերության վնասների մասին: Ճշմարիտյանն էլ, ի լուր ներկաների, հայտարարեց, որ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, ու այստեղ հնարավոր է կազմակերպել ցանկացած քննարկում ցանկացած հարցի շուրջ: Նա նաեւ շեշտեց, թե նույն «Lydian International»-ը բնապահպանական նորմերի պահպանման լավագույն փորձն ունի՝ հավելելով, թե ՀՀ-ում հանքարդյունաբերության մեջ կարեւորվում է բնապահպանությունը: Նախարարի խոսքը, կարելի է ասել, տեսության ժանրից էր, քանի որ նույն Ամուլսարի հանքում դեռ չեն սկսվել բուն աշխատանքները, այնպես որ շահագործման անվնաս լինելու մասին խոսելը դեռ շատ վաղ է:

Փաստորեն, ՀՀ իշխանությունները միջազգային ներդրողներին երկիրը ներկայացնելիս իրենց կողքին նստեցնում են ոչ թե, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ներդրումներ կատարած ինչ-որ հայտնի ընկերության ներկայացուցչի (ՏՏ ոլորտը Հայաստանում առաջնայիններից է համարվում), այլ հանքարդյունաբերողի՝ նրա շուրթերով խոսելով Հայաստանի՝ լավ հանքավայր լինելու մասին: Սա պատահական շեշտադրում չէ, այլ պետական քաղաքականություն:

Քննարկում-հանդիպումից հետո փորձեցինք մի քանի հարց ուղղել նախարար Ճշմարիտյանին, մասնավորապես, տուրիզմ-հանքարդունաբերություն հակասության մասին, ինչն այսօր առկա է Ամուլսար-Ջերմուկ եւ Սվարանց-Տաթեւ հատվածներում: Նախարարը խուսափեց պատասխանել հարցերին՝ ասելով, թե շտապում է, պետք է մեկնի, չնայած սրահից դուրս գալուց հետո դեռ զրուցում էր ու շնորհավորանքներ ընդունում լավ «պրեզենտացիայի» համար: Ինքն էլ գովեց «լավ հարց» տված մի երիտասարդի: Հարցերը փորձեցինք ուղղել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին, սակայն նա էլ, ոգեւորված ինչ-ինչ հանգամանքներից, երկար ժամանակ այս ու այն կողմ էր գնում, բարեւում ծանոթ-անծանոթներին, այցեքարտեր բաժանում, ուրախ զրույցի բռնվում` ըստ էության, փորձելով խույս տալ հարցեր լսելուց: Այդուհանդերձ, մի քանի հարց Ա. Խաչատրյանին տվեցինք:

-Պարոն Խաչատրյան, նման քննարկումներն ու ֆորումները ի՞նչ կարող են տալ Հայաստանին, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Նմանատիպ ֆորումները կարեւոր են մի քանի հարթության վրա: Բոլոր նման ֆորումներում պետք է ապահովել Հայաստանի մասնակցությունը. ճանաչողություն, հետաքրքրություն, ներդրումներ: Ներդրումները չեն ծնվում օդից, դրանց համար պետք է աշխատել: Եվ տեսանելիությունն ու ճանաչողությունը բոլոր հարթակներում պետք է ապահովել:

-ՎԶԵԲ-ի ֆորումներում սա կարծեմ առաջին մասնակցությունն էր:

-Եթե չեմ սխալվում մեկ անգամ եղել է 2011 թվականին:

-Պարոն Խաչատրյան, քննարկման ժամանակ բաց երկնքից շատ խոսվեց, սակայն չնշվեց, որ դրա ներդրումից հետո Հայաստանը սեփական ավիափոխադրող չունի: Ճիշտ է, դա արտասահմանցի ներդրողներին չի հետաքրքրում, բայց ամեն դեպքում ի՞նչ եք կարծում Դուք` որպես ՀՀ քաղաքացի:

-Բաց երկնքի քաղաքականությունը չի ենթադրում տեղական ավիաընկերության գոյություն կամ չգոյություն: Ընկերությունները գոյանում են շուկայական պայմաններում, եւ շուկան ազատ է ինչպես տեղական, այնպես էլ ոչ տեղական ներդրողների համար: Այսինքն` կա միջավայրային փոփոխություն, եւ դրանից ազատ ու հավասար պայմաններում կարող են օգտվել բոլորը: Պարոն նախարարը նշեց, որ հուսով ենք` արդեն հաջորդ շաբաթ (խոսքն այս շաբաթվա մասին է- հեղ.) «Ավիացիայի մասին» նոր օրենքը կընդունվի, որը հստակ կկանոնակարգի բոլոր մարմինների լիազորությունները ավիացիոն գործունեության տարբեր բնագավառներում: Եվ դա եւս մեկ անգամ շատ հզոր ազդակ կլինի բոլոր տեղական եւ դրսի ներդրողներին, որ Հայաստանը ոչ միայն բաց է բաց երկնքի քաղաքականության առումով, այլեւ ունի եվրոպական օրենսդրական չափանիշներին համապատասխան օրենսդրություն եւ կանոնակարգում, որը թափանցիկ է եւ կանխատեսելի:

-Այո, բայց շատ երկրներ ավիացիայի ոլորտում նախընտրում են որոշակի առավելություն տալ սեփական ավիաընկերություններին:

-Ես դրան բազմիցս անդրադարձել եմ, հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իմ դիրքորոշումը չի փոխվել (Պարոն Խաչատրյանի դիրքորոշումը չի էլ կարող փոխվել, քանի որ նա ընդամենը կատարող է: Պարզապես ի գիտություն Խաչատրյանի ասենք, որ դեռեւս 2013-ի հոկտեմբերի 23-ին կառավարության ընդունած ծրագրով առաջարկվել են այն քայլերը, որոնցով բաց երկնքի պայմաններում կարելի է աջակցել տեղի ներդրողներին, սակայն այդ ամենը մինչ օրս մնացել է թղթի վրա, իսկ իրականությունն այն է, որ ինչպես շատ այլ ոլորտներ, ավիափոխադրումները նույնպես հայտնվել են կոնկրետ մի երկրի` Ռուսաստանի ազդեցության տակ, եւ ռուսական ընկերություններն այսօր կլանել են հայկական շուկան):  

-Լավ: Երեկ (ամսի 14-ին- հեղ.) Ռուբեն Վարդանյանն ասաց, որ «Տաթեւի վերածնունդ» նախագիծը Հայաստանում հաջող բիզնես ներդրման օրինակ է

-Ամբողջապես համաձայն եմ:

-Դա չէի հարցնում: Սվարանցում երկաթի հանքի ուսումնասիրման լիցենզիա է տրվել: Բեկոր Փափազյանն (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, այս հիմնադրամի իրավահաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամն է- հեղ.) ասել էր, որ տուրիստը դժվար թե գա Տաթեւի վանք, եթե իմանա, որ հարեւանությամբ երկաթի հանք է շահագործվում: Ձեր կարծիքը եւ Ջերմուկ-Ամուլսարի, եւ Տաթեւ-Սվարանցի մասին:

-Ես չեմ ուզում մեկնաբանել առանձին, մասնավոր մարդկանց ասածները, առավել եւս նման հայտարարություններ անելու համար պետք է լինել պրոֆեսիոնալ տվյալ ոլորտում (հետաքրքիր է` Արման Խաչատրյանն իրեն պրոֆեսիոնալ համարու՞մ է այս ոլորտում- հեղ.):

-Դե, նա Ձեր նախորդն էր:

-Իմ նախորդը չի նշանակում, որ ես պետք է կիսեմ կամ քննադատեմ, կամ մեկնաբանեմ:

-Ես Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:

-Ես ասացի, որ չեմ մեկնաբանում այլ անձանց կարծիքը:

-Լավ, Ձեր կարծիքը:

-Դրա վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ: Այն չի փոխվել: Ես գտնում եմ, որ հնարավոր է պատասխանատու ձեւով համակցել զբոսաշրջային զարգացումը նմանատիպ զարգացումների հետ (նկատի ունի տուրիզմի ու պատասխանատու հանքարդյունաբերության համատեղումը- հեղ.):

Սվարանցի հանքի` Տաթեւի զբոսաշրջությանը հասցվելիք վնասների մասին «Հետքը» ժամանակին գրել է: Հայտնել ենք նաեւ, որ ՀԱՄՀ նախկին ղեկավար Բեկոր Փափազյանը հենց Սվարանցի հանքարդյունաբերության զոհ է դարձել: Դեռ այն ժամանակ, երբ հայտնի չէր հիմնադրամի նոր գործադիր տնօրենի անունը, «Հետքը» վստահություն էր հայտնել, որ այդ անձը կողմ է լինելու Տաթեւի հարեւանությամբ երկաթի հանքի շահագործմանը: Արման Խաչատրյանը, փաստորեն, չի հիասթափեցնում` հաստատելով դեռ 4 տարի առաջ «Հետքի» հայտնած կարծիքը: Հիշեցնենք, որ Հրազդանի, Աբովյանի ու Սվարանցի հանքերի իրավունքները մինչեւ չինական «Fortune Oil» ընկերությանը վաճառվելը պատկանում էին ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի կուսակից-ընկերներ Վարդան Այվազյանի որդուն ու Տիգրան Արզաքանցյանին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ