HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին ձևական դուրս են գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինն ու որդին «սրբագրում» են իրենց բիզնեսը և ձևական դուրս գալիս ընկերությունների բաժնետերերի ցուցակից: Աբրահամյանների բիզնեսի մասին «Հետքի» հետաքննությունից հետո մի քանի ընկերություններից դուրս են եկել Արգամ Աբրահամյանն ու մայրը՝ Ջուլիետա Աբրահամյանը:

«Հետքն» արդեն անդրադարձել է Արտաշատ քաղաքի կենտրոնում 2014 թ. աշնանը բացված «Արտաշատ Պլազա» սուպերմարկետին, որը պատկանում էր վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: Սուպերմարկետի բացումից օրեր անց Արգամ Աբրահամյանը դուրս է եկել հիմնադիր «Արտաշատ Պլազա» ՍՊԸ-ից և ընկերության 100 % սեփականատեր է դարձել վարչապետի համագյուղացի Գոհար Ոսկանյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ընկերության նոր սեփականատերը պատահական մարդ չէ, վարչապետի ընտանիքի մտերիմներից է, իսկ սեփականատիրոջ փոփոխությունը ձևական բնույթ է կրում:

Հնարավոր է Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընկերության միանձնյա բաժնետեր լինելուց, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի «քաղաքապետի պաշտոնին»: Նա հունիսի 7-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արտաշատի համայնքապետի թեկնածու է: Նրան առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:

Տեղեկացնենք, որ «Արտաշատ Պլազա» ընկերության տնօրենի պաշտոնում շարունակում է մնալ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռը՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայր Գագիկ Պողոսյանը: Վերջինս պետռեգիստրով հանդիսանում է մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն, որոնց իրական տերը վարչապետի որդին է:

Այս սուպերմարկետը գնորդներին ՀԴՄ կտրոն չի տրամադրում: Ապրանքը «ֆիրմային» փաթեթի մեջ տեղադրելուց հետո դրամարկղի աշխատակցուհին արագ ապարատից տպած թղթի կտորը դուրս է բերում ու գցում տոպրակի մեջ: Սուպերմարկետից դուրս գալուց հետո է միայն պարզվում, որ այն սովորական կտրոն է, որը ցույց է տալիս միայն ներքին ապրանքաշրջանառությունը: Այդ թղթի կտորի վրա նույնիսկ խանութի անունը չի նշվում:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այն ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը հովանավորչությունն է: Ի դեպ, այդ խորհրդի նպատակներից ամենագլխավորը «քայքայիչ» երևույթների դեմ պայքարն է: Թե ինչպես է վարչապետը պայքարում հովանավորչության դեմ, երևում է նրա ընտանիքի անդամների ու մերձավորների բիզնես գործունեությունից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մեր այցի ժամանակ ՀԴՄ կտրոն չէր տրամադրում նաև վարչապետի տիկնոջը պատկանող Արարատի մարզի Մրգավետ գյուղում գործող «ART city» սուպերմարկետը: Այս սուպերմարկետում էլ է սեփականատեր փոխվել, որը նույնպես ձևական բնույթ է կրում:

2014 թ. սեպտեմբերի 26-ին Ջուլիետա Աբրահամյանը հրաժարվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասից, և նույն օրը սեփականատեր է դարձել նրանց ազգական Գագիկ Պողոսյանը, ով նախկինում էլ է եղել այս ընկերության սեփականատերը: Պատգամավորի եղբայր Պողոսյանը նաև ընկերության տնօրենն է:

Հայաստանում այսպես են պայքարում կոռուպցիայի, հովանավորչության դեմ, խթանում փոքր ու միջին բիզնեսը, քաղաքականությունն առանձնացնում բիզնեսից: Իզուր չէ, որ Հովիկ Աբրահամյանն ասում է, թե ինքը բիզնեսով չի զբաղվում: Առաջիկայում գուցե նման հայտարարություն անեն նաև որդին ու կինը, չէ որ «թղթով» նրանց անունով ոչինչ չի լինի, իսկ այն, որ բոլորը գիտեն իրական տերերին, փաստ չէ:

Մեկնաբանություններ (6)

GB
These uneducated oligarchs have one thing in common... take anything of value by force! They are enemies of Armenian Nation of the world!
կարո
հին սեկա խաղցող ա, թուղթ շինելը իրա հմար հեչ բանա
Տիգրան
Նույն պատկերը Աբովյան քաղաքում գտնվող Աբովյան սուպերմարկետում է, որը նույնպես վարչապետի որդունն է; ՀԴՄ կտրոնի պոխարեն թղթի կտոր են տալիս, բազմիցս զգուշացրել ենք բայց ապարդյուն; սկզբունքորեն չեն տալիս ու վերջ... կխնդրեի հետքին մեկ անգամ այցելեր
Արմեն
Այդքան հարուստ և այդքան ժլատ.... Ուղղակի ապշել կարելի է, թե ոնց է մի քանի գրոշը ափսոսում Կարելի է լավ փող տալ, վարձել հոյակապ մասնագետների և վերջ - պահանջել, որ գործարաններ բացեն, էկոնոմիկան զարգացնեն Հասկանալի է, ոչ ոք ամենագիտուն չի, բայց կան չէ մասնագետներ: Մարդավարի փող տվեք մասնագետներին, թեկուզ դրսից, թող գան երկիրը շենացնեն Հազարավոր խնդիրներ կան - բանակ, արտագաղթ, արտադրություն Պետք է ընդամենը մի քանի տասնյակ հոյակապ մասնագետ ու վերջ Ոնց կարելի է այդքան հարուստ և այդքան ժլատ լինել?
Արմեն
Ասա մի հատ գործարան բաց ժողովուրդը չարտագաղթի, հնարավորթյուն էլ ունես Ինչ անում ես արա, գոնե քո ժողովրդին լավ նայի, մի թող, որ այդքան արտագաղթեն Երկիր կեսը արդեն գնացել է, սա ինչով է տարբերվում ցեղասպանությունից??
Արամ
Բայց, որ խոսալը լսում ես վարչապետի թվում է թէ ազգի ամենամեծ նվիրյալն է :ՃՃ Իսկ ինչ էիք ուզում մարդուց ով չունի նոռմալ կրթույուն նույնիսկ? Հազիվ էլ փող գողանա երկրից, բայց այլևս երկիր էլ չի մնացել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter