HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ դարձած զինվորն ուզում է սովորել բուհում ու աշխատանքի անցնել ԱԻՆ-ում

Արուճ գյուղում մեզ դիմավորում է ԼՂ զինված ուժերում ընդամենը 45 օր ծառայած նախկին զինվոր Մայիս Գեղամյանը, ում խոստացել էինք այցելել քիմիաթերապիայի կուրսն ավարտելուց հետո: Մայիսը մեզ հրավիրում է տնամերձ հողամաս: Երկու ոտքով շարժվում է առաջ: Վախենում եմ` հանկարծ չընկնի, բայց ասում է, որ պրոթեզին սովորել է, անգամ այս գարուն հող է փորել, մեքենա ու տրակտոր է վարել:

20-ամյակը դեռ չբոլորած Մայիս Գեղամյանը զինծառայությունից այս ամառ պիտի վերադառնար հայրենի Արուճ գյուղ: Հայրենիքի պաշպանության գործում նրան բանակում պիտի փոխարինելու մեկներ կրտսեր եղբայրը` Պապը: Սակայն Մայիսին վիճակված էր ծառայել ընդամենը ամիս ու կես:

«Հետքը» անցյալ տարվա հոկտեմբերին գրել էր ոտքը կորցրած զինվորի մասին` հանդիպելով նրան «Նաիրի» ԲԿ-ում, որտեղ նա անցնում էր քիմիաթերապիայի կուրս: Զինվորը մեր տեսախցիկի միջոցով դիմել էր մարդկանց: Մայիսի կանչին արձագանքել էին բազմաթիվ քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ պաշտպանության նախարարը, ով եղել էր Գեղամյանների տանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Մարտունի 2-ում ծառայության 4-րդ օրը դարձել 18-ամյա զինվորի համար դարձել էր ճակատագրական: Թռիչք-վազքի ժամանակ ստացել էր վնասվածք, զորամասին բժիշկը նույնիսկ չէր նայել վերքը:

«Զորամասի բժշկին մենակ կցանկանամ առողջություն: Աստված չանի, որ ինքն իր նման բժշկի ձեռքն ընկնի: Մենք որոշեցինք չբողոքել: Ես էությամբ խաղաղասեր մարդ եմ: Ինձ կարող ա ցավացնեն, ես ոչինչ չանեմ: Բժիշկն, առաջին հերթին, պիտի մարդ լինի, հետո բժիշկ: Բայց նա ոչ մարդ էր, ոչ էլ բժիշկ: Բայց, թե ոնց էր հասել էնտեղ, չեմ կարող ասել»,-ասում է ոտքը կորցրած Մայիսը:

Հետևանքը եղել է այն, որ կարճ ժամանակում Մայիս Գեղամյանի վնասվածքի տեղում առաջացել էր սարկոմա: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է:

Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով «Նաիրի» ԲԿ-ում օնկոլոգ Լևոն Բադալյանը սկսել էր քիմիաթերապիայի կուրս: 6 անգամ քիմիաթերապիա անցնելուց հետո MRT հետազոտության արդյունքները դրական էական փոփոխություն են ցույց տվել: Թոքերի մետաստազները նահանջել են. «Մի փոքր կետ է մնացել, էն էլ բժիկն ասում է, որ հնարավոր է սպի լինի: Հիմա երեք ամիս պիտի սպասենք, նոր հետազոտության արդյունքները ցույց կտան` պետք է վիրահատեն թոքերը, թե չէ»,- ասաց Մայիսի հայրը` Պետրոս Գեղամյանը:

Իսկ Մայիսը ծիրանի ծառից ցոգոլներ է պոկում ու հյուրասիրում մեզ, հետո նստում ենք այգում: Զրույցի թեման Մայիսն է, նրա պայքարը հիվանդության դեմ, երազանքները, ծրագրերը: Ասաց, որ դժվար է եղել սկզբում, երբ իմացել է, որ ոտքը պիտի կտրեն.  

«Էդ ժամանակ ո՛չ ձեզ էի ճանաչում, ո՛չ նախարարի հետ կապ ունեինք: Ես տան միակ էրեխեն չէի, որ իմ համար ամեն ինչը դնեին ծախեին: Հողը, որ ծախեցինք իմ համար մեծ հարված էր, որովհետև էությամբ ես գյուղացի եմ. ես շատ եմ սիրում էս հողը, խոտը, էս ամեն ինչը… երբ նախարարը իմացավ, էդ ժամանակ իմ համար թեթևություն եղավ… Ընդհանրապես իմ համար դժվարություն չի լինում: Չի եղել մի էնպիսի բան, որ չկարողանամ տակից դուրս գամ. փառք Աստծո: Ուղղակի մարդիկ ասում են, որ ես լավատես եմ… չընդհանրացնեմ, բայց բարի մարդիկ կան, շատ կան… Ձեր հետ հանդիպելուց հետո երազանք ունեմ, հավատում եմ, որ կկատարվի, հրաշքներին եմ հավատում: Տեսնեմ իմ բոլոր հարազատներին առողջ, չեմ ասում սոցիալապես ապահովված, մենակ առողջ: Նպատակ ունեմ, որ ախբերս հորողբեր դառնա»,- ասում է ու ցույց տալիս փոքր եղբորը` Պապին, ով մի քանի օրից պիտի գնա ծառայության:

Մայիսին հարցնում եմ Պապի զինվորական ծառայությունից: Ասում է, որ իր համար ցավոտ թեմա է. «Սկզբից մտածում էի` խի գնա որ, գնա ինչ անի, բայց հետո… կուզեմ գնա ծառության, ծառայությունը տղու համար ա»:

Ինքը`Պապն ասում է, որ 6 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն էր վերջին մեկ ու կես տարիներին: Աշխատել է որպես առաքիչ Երևանում: Բայց ծառայության գնալու համար մի քանի օր առաջ դուրս է եկել աշխատանքից: «Եթե հնարավոր լինի, կուզեմ Հայատանում ծառայեմ, քանի որ հոգեբանորեն Ղարաբաղի հետ Մայիսի դեպքն եմ կապում: Չնայած նման դեպք հնարավոր է ամեն տեղ լինի»,-ասում է Պապը, ով 16 տարեկանից աշխատել է` թողնելով ուսումը Գյուղատնտեսական ակադեմիայում:  

Մայիսը ուզում է և սովորի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, և աշխատի. «Հեռակա ուզում եմ սովորել: Իմ ծնողների երազանքը իրագործեմ: Պիտի դառնամ, առաջին հերթին, լավ մարդ, հետո լավ մասնագետ: Օրինակ, կուզեմ աշխատանքի անցնեմ Աշտարակում` ԱԻՆ-ում` որպես հեռախոսավար կամ մի գործ անեմ, որ օգնեմ ընտանիքիս»,- ասում էՄայիսը:

Պետրոս Գեղամյանը շնորհակալություն էր հայտնում այս ընթացքում իրենց ընտանիքին աջակցողներին. «Ամեն ինչ արվել ա, բժիշկն էլ անում ա, տանում ենք հետազոտությունների ամեն 10 օրը մեկ: Հսկողության տակ ա պահում բժիշկը: Թող Մայիսի առողջությունը կարգավորվի, մնացածը կլինի: Դա ա իմ միակ հոգսն ու ցավը: Մենակ իրեն տեսնեմ առողջ, թեկուզ էս վիճակում, բայց առողջ»,-ասաց Մայիսի հայրը, ով ոստիկանության մայոր է, թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ: Պետրոս Գեղամյանը նույնպես այսօր աշխատանք է փնտրում:  

Մայիսի հետ դեռ երկար զրուցում ենք գյուղի առօրյայից, բնությունից, գյուղացու հոգսերից, իր` 82 տարեկան տատի իմաստնությունից. «Բնությունն եմ սիրում, իր մեջ ոչ մի սխալ բան չկա: Հավատում եմ ամենաանհավատալի բաներին: Մի քիչ ֆանտաստիկ են իմ հավատացած բաները: Օրինակ` հավատում եմ, որ մի օր մարդիկ կփոխվեն… կուզեմ չլինի դասակարգում, հավատում եմ, որ մի օր կգա, որ մարդիկ իրար կնայեն հավասար»,- ասում է Մայիսը:

Տեսանյութը՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter