
«Նոր Տարին դիմավորեցի երկու ոտքով, փառք Աստծո»
Անցած հոկտեմբերին «Հետքը» գրել էր բանակում 45 օր ծառայած ու առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատված 19-ամյա Մայիս Գեղամյանի մասին: «Զինվորի ոտքը կտրել են. նա դիմում է մարդկանց» հրապարակում-տեսանյութին արձագանքեցին պետական համապատասխան կառույցները, կազմակերպություններ, քաղաքացիներ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Մայիսին:
«Հետքն» այս ընթացքում հետևել է Մայիս Գեղամյանի բուժմանը, հետազոտությունների արդյունքներին:
«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիոթերապիայի բաժանմունքի վարիչ, քիմիոթերապևտ-օնկոլոգ Լևոն Բադալյանը, ով նաև Մայիսի բժիշկն է, մեզ հետ զրույցում ուրախալի լուր ասաց. «Մայիս Գեղամյանի մոտ շատ բարդ հիվանդություն է՝ մետաստազներով սարկոմա: Նա ստացել է քիմիոթերապիայի 5 կուրս և ԿՏ հետազոտություն անցել 2 անգամ: Գրանցվել է դրական դինամիկա. թոքերում գտնվող մետաստազների մի մասը վերացել է, մյուս մասը՝ զգալի փոքրացել: Շուտով հուսով ենք, որ մետաստազները լիովին կվերանան: Սակայն բուժման կուրսը պետք է շարունակենք, քիմիոթերապիայի բազմակի կուրսեր դեռ պետք է անցնենք անգամ մետաստազները վերանալուց հետո»,- ասաց Լևոն Բադալյանը՝ նշելով, որ արտերկրում բուժումը շարունակելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում՝ հաշվի առնելով տեղում կատարված բուժման արդյունքները, դրական դինամիկան:
Մենք զրուցեցինք նաև Մայիս Գեղամյանի հետ, ով ուրախությամբ պատմեց, որ Ամանորը երկու ոտքով է դիմավորել: «Երևանի գերմանական պրոթեզարանում Մկրտիչ Գինոսյանն ինձ համար պրոթեզ պատրաստեց: Այնպես, որ Նոր Տարին դիմավորեցի երկու ոտքով, փառք Աստծո: Այս ընթացքում այնքան բարի մարդիկ են արձագանքել, որ բոլորին անուն առ անուն չեմ կարող թվել: Նաև նոր ընկերներ եմ ձեռքբերել: Մանկական լեզվով ասած՝ ամպի չափ շնորհակալ եմ մարդկանց, ովքեր անտարբեր չանցան: Չեմ մոռացել նաև իմ նպատակի մասին: Երբ լավանամ, ընդունվելու եմ ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մայիս Գեղամյանը:
Մայիս Գեղամյանի մայրը՝ տիկին Գայանեն, մեզ փոխանցեց, որ այս ընթացքում որդուն աջակցել են մեծ թվով մարդիկ, նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամը՝ պատրաստակամություն հայտնելով արտերկրում բուժումը շարունակելու անհրաժեշտության դեպքում ևս օգնել:
«Հետքը» զրուցեց նաև Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ ինչպես և ամիսներ առաջ արձագանքել էին, նախարարությունը Մայիս Գեղամյանի ընտանիքին օգնելու է քիմիոթերապիայի կուրսերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, Մայիս Գեղամյանը զորակոչվել է զինծառայության 2013թ. հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական. 100 մետրանոց թռիչք-վազքի ժամանակ ընկել է ու շատ ուժեղ վնասել աջ ոտքի ծունկը: Վերքը լավացել է, բայց շաբաթներ անց ծնկի շրջանում ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ հետազոտություն չի անցել: Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է:
Հ. Գ. Զինվորին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացված հաշվեհամարին
AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել