HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժող Հակոբյաններն այսօր բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան

Այսօր լրանում է Վարդան Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը: «Հետքի» հետ զրույցում տուժող Հակոբյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ այսօր դիմելու են Վճռաբեկ դատարան: Փաստաբան Բալոյանը նշեց, որ բողոքում նշված են նույն երեք պահանջները՝ Վարդան Պետրոսյանի պատժաչափի խստացում, վարորդական իրավունքից 3 տարով զրկում, Տաթևիկ Հակոբյանի բուժման փոխհատուցում՝ մինչև բոլոր ֆունկցիաների վերականգնում:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները՝ թողնելով անփոփոխ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

Կենտրոնում Ռուբեն Բալոյանն է

«Մենք Վճռաբեկ բողոք չէինք ներկայացնի, եթե հաշտվեին կողմերը: Մենք էլի կարող ենք հետ պահանջել բողոքը, եթե հաշտվեն կողմերը»,-ասաց փաստաբան Բալոյանը:

Ըստ Ռուբեն Բալոյանի, Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվի՝ հաշվի առնելով մեր դատական պրակտիկան: Սակայն, տուժող կողմն օգտվել է իր իրավունքից: Բացի այդ, տուժողները ցանկանում են Հայաստանում սպառել բոլոր դատական ատյանները, որպեսզի դիմում ներկայացնեն ՄԻ եվրոպական դատարան:

Փաստաբան Բալոյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել այն, որ «Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը: Ես ընդամենը իրենց առաջ դրեցի պայման, որ պայմանագիրը կնքվի ոչ թե երկկողմանի, այլ եռակողմ: Սրանով Վարդան Պետրոսյանը ոչ մի կերպ չէր տուժելու, պարզապես Տաթևիկ Հակոբյանը որպես տուժող ձեռք էր բերելու որոշակի իրավունքներ: Նաև հարց դրեցի, որ վերականգնողական բուժումները լինեն այնքան ժամանակ, մինչև Տաթևիկի լիարժեք ապաքինումը՝ ներառյալ վնասված ֆունկցիաների լրիվ վերականգնում: Այս ֆունկցիաների լրիվ վերականգնում արտահայտությունը, կարծում եմ, իրենց դուր չեկավ: 8 մլն 700.000 դրամի հայց էինք ներկայացրել, բայց փաստացի հրաժարվեցինք այդ գումարից: Մտածեցինք՝ եթե Վարդան Պետրոսյանը ցանկանում է բուժել, թող բուժի: Մեզ պետք չի գումարը, մեզ պետք է, որ Տաթևիկ Հակոբյանը բուժվի… եթե կփորձեն նորից հաշտվել, թող հաշտվեն, էլի կա հնարավորություն»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կարծիքով՝ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար որևէ եռակողմ պայմանագիր կնքելու կարիք չկա: «Բոլոր գումարները, որոնք անհրաժեշտ են Տաթևիկի բուժման համար, Վարդան Պետրոսյանը կվճարի, եթե այդ գումարը չի վճարի ապահովագրական ընկերությունը: Մենք դեռ մեկ տարի առաջ գրավոր իրազեկել ենք այդ մասին «Գրացիա» վերականգնողական կենտրոնի տնօրինությանը, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը: Հարցն այն է, որ Վարդան Պետրոսյանը նախընտրում է միանգամից վճարել կենտրոնին: Չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա՝ Վարդան Պետրոսյանը տուժողներին է գումարը տալիս, թե վերականգնողական կենտրոնին»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:    

Մեկնաբանություններ (3)

Ruben Baloyan
Գոնե մի անգամ իրականությանը մոտ բան ասեք;Վարդան Պետրոսյանը վերաքննիչ դատարանում առաջարկեց հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը,որի դիմաց մենք հրաժարվեցինք 8,7 միլ․դրամից և ասեցինք բուժեք; Հետո դրանից էլ հրաժարվեցիք,գոնե մի անգամ իրականությունը ասեք մարդկանց․․․
Հ.Շ.-ին
իսկ գուցէ ճիշդ հակառա՞կը ըսէք՝ կը բաւէ՛ ալ, Բալոյեան եւ Յակոբեաններ, բա՛ւ է, այ մարդիկ
Հ.Շ.
ախր, հաստատ գումարով (8 մլն 700.000) որ ուզեր են հատուցման նիւթը փակել, եւ այդպէսով վերջացնել այս այլապէս անվերջանալի պատմութիւնը, ինչո՞ւ չէք ընդունում ???!! 8 մլն 700.000-ը տուէք, ի դիմաց վերջնական անդորրագրի, ու... վերջ ! ի՞նչ ուզում են թող անեն գումարին հետ, ատիկա ձեր խնդիրը չի. կը բաւէ՛ ալ, Բաղդասարյան. բա՛ւ է, այ մարդ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter