HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գաբուզյան. «Օրենքի կիրառման խնդիրների մի մասը կարող է նվազել լավ օրենսգրքի դեպքում»

Մեր պետությունը ամբողջությամբ վերանայում է քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը: Շուտով կունենանք քրեական դատավարության, քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքեր: Ոլորտի պատասխանատուները կոնկրետ ժամկետներ չեն նշում, թե երբ 3 նոր օրենսգրքերը կմտնեն ուժի մեջ:

Քրեակատարողական օրենսգրքի նոր նախագիծն արդեն ԱԺ-ում է: Քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը հունիսի 4-ին հաստատեց կառավարությունը, նախագծի աշխատանքները սկսվել են անցյալ տարվանից, շուտով դրանք կմոտենան ավարտին: Այս մասին «Արմենպրես» մամուլի ակումբում տեղեկացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Փոխնախարարը հույս հայտնեց, որ աշնանն արդեն կսկսվեն մասնագիտական, հանրային քննարկումները նախագծի շուրջ:

«Քրեական դատավարության, քրեական ու քրեակատարողական օրենսգրքերը սինխրոնիզացվելու են, միասնականացվելու են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ենթաօրենսդրական ակտերից հիմնականում ձերբազատվել ենք»,- ասաց Արման Թաթոյանը:

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի ղեկավարած աշխատանքային խումբը քրեական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնելու է ՀՀ արդարադատության  նախարարությանը, ապա դրվելու է շրջանառության մեջ: «Շահագրգիռ գերատեսչությունները կանեն իրենց առաջարկությունները, դրանք ամփոփելուց հետո կներկայացվեն կառավարության աշխատակազմ և սահմանված կարգով հաստատվելուց հետո կուղարկվեն Ազգային ժողով: Այս պահին հստակ ժամկետներ նշելը սխալ կլինի»,- ասաց Արման Թաթոյանը:

Հայեցակարգային ի՞նչ փոփոխություններ են նախատեսված քրեական նոր օրեսգրքի նախագծով

Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանն առանձնացրեց հիմնական առանցք փոփոխությունները: Օրինակ՝ փոխվելու է ներկայիս օրենսգրքում առկա արարքի հայեցակարգը: Այսինքն՝ ներկա օրենսգրքով գործող ինչքան մեծ վնաս է պատճառվել, այնքան պատիժը պիտի խիստ լինի սկզբունքը փոխվելու է: Ըստ Արա Գաբուզյանի՝ այսպես անտեսվում է հանցանք կատարողի անձը, դեպքի շարժառիթները, հանգամանքները: Մինչդեռ աշխարհում քրեական օրենսգրքերը հիմնված են երկու՝ արարքի և անձի հայեցակարգերի վրա: «Փորձել ենք այս համամասնությունը պահպանել նոր օրենսգրքի նախագծում»,- ասաց աշխատանքայի խմբի ղեկավարը:

Մյուս կարևոր հարցը ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքն է, որը հռոմեական իրավունքի սկզբունքից է գալիս՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Սակայն, աշխարհի շատ երկրներում նախատեսված են նաև դեպքեր, երբ օրենքի չիմացությունը ազատում է պատասխանատվությունից:

Արա Գաբուզյանը ներկայացրեց, որ նոր օրենսգրքի հայեցակարգում իրավական որոշակիության սկզբունքը ևս կարևորվել է: Խոսքը վերաբերում է հանցակազմերի նկարագրություններին:   

«Պետք է ապահովենք միջազգային իրավունքի հետ համապատասխանությունը, շատացնենք այլընտրանքային պատիժները: Մեզ մոտ ազատազրկում նախատեսող պատիժները 70-78 տոկոս են կազմում: Այլ երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, 95 տոկոս դեպքերում կիրառվում է տուգանքը, եվրոպական երկրներում ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակները կազմում են 70-80 տոկոս: Աշխատելու ենք, որպեսզի ընդլայնենք ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների համակարգը, եղածը կատարելագործենք»,- ընդգծեց ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչը՝ նշելով, որ խումբն ուսումնասիրել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, ԱՊՀ անդամ պետությունների փորձը:

Ըստ հոգեբանների՝ 7 տարի անց պատիժը դադարում է ներազդել

Հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ 7 տարի անց ազատազրկումը դադարում է ունենալ ազդեցություն դատապարտվածի վրա, հետևաբար երկարատև ազատազրկման պարագայում ի՞նչ նոր մոտեցումներ կարելի է սահմանել օրենսդրորեն: Իսկ երբ անցյալ տարի Հայաստանում էր Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը, «Հետքի» հետ հարցազրույցում նշել էր. «Մենք մտածում ենք, որ արդարությունը ինչ-որ վեհ գաղափար է, գրքերում է կամ փիլիսոփայական կատեգորիա: Ո՛չ, այն շոշափելի է, և քրեական արդարադատության տեսանկյունից մի՞թե ավելի արդար չէր լինի, որ դատապարտյալը լիներ ազատության մեջ ու աշխատեր՝ հատուցելով տուժողներին»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք այս առումով փոփոխություններ նախատեսվում են նոր օրեսգրքով, Արա Գաբուզյանը պատասխանեց. «7 տարվա ազատազրկումից հետո, ճի՛շտ է, անձը անընկալունակ է դառնում պատժի նկատմամբ, բայց աշխարհի որևէ երկիր դեռ ռիսկ չի անում գնալ պատիժների ժամկետները կրճատելու ճանապարհով: Եթե գույքային վնասին է վերաբերում, միգուցե, բայց մարդու դեմ ուղղված հանցագործությունների պարագայում՝ ոչ: Կարծում եմ՝ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել»,- ասաց Արա Գաբուզյանը:

Փոխնախարար Արման Թաթոյանն էլ հավելեց, որ կարևոր է նաև պատժի կատարումը, որ այժմ առաջ է տարվում է ՄԻԵԴ-ի այն գիծը, որ ազատազրկման վայր մտնելուց սկսած՝ պիտի դատապարտյալի համար կանխատեսելի լինի իր անցնելիք ճանապարհը:

Արդյո՞ք լավ օրենսդրությունը բավարար է, որ այն կյանքի կոչվի

Թե՛ Արա Գաբուզյանը, թե՛ Արման Թաթոյանը, պատասխանելով «Հետքի» հարցին՝ արդյոք լավ օրենսգիրքը բավարա՞ր է, որ այն կյանքի կոչվի, նշեցին՝ միանշանակ ոչ: Արա Գաբուզյանը նկատեց, որ մեզանում կա կիրառման խնդիր: «Իսկ եթե կիրառման հետ կապված խնդիրներ ունենք, այստեղ արդեն պիտի աշխատանք տարվի կիրառման որակը բարձրացնելու ուղղությամբ: Բայց կիրառման խնդիրների մի մասը կարող է լավ օրենսգրքի դեպքում քչանալ»,- շեշտեց ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչը:

Իսկ Արման Թաթոյանն էլ նշեց, որ ապագա կիրառողների հետ այսօր արդեն աշխատանքներ են տարվում: Օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում նոր քրեական օրենսգրքի լուծումներն արդեն դասավանդվում են: «Սա շատ կարևոր խնդիր է, որ ապագա կիրառողն արդեն իմանա այս լուծումները»,-ասաց ԱՆ փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter