
«Արդարության վակուում մեր ողջ հանրությունն է ապրում». Արա Գաբուզյանը` քրեական նոր օրենսգրքի մասին
«Դատաիրավական բարեփոխումների» քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել քրեական նոր օրենսգիրք: Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի ղեկավարությամբ (խմբի կազմում են նույն ամբիոնի 4 դոցենտներ), մինչև ապրիլի 10-ը պետք է նախարարին ներկայացնի նոր օրենսգրքի հայեցակարգը: Նախագծի մշակման աշխատանքները կսկսվեն այս շաբաթվանից ու կտևեն մինչև 2015 թ-ի հուլիսի 1-ը: Նոր քրեական օրենսգիրը, ըստ բարեփոխումների միջոցառումների ցանկի, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը 2015 թ-ի սեպտեմբերին: Այն կլինի Հայաստանի թվով երկրոդ քրեական օրենսգիրքը՝ 2003 թ.-ի օգոստոսի 1-ին ընդունված օրենսգրքից հետո: Պատժողական համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է «Հետքի» զրույցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի հետ:
Պարոն Գաբուզյան, 1991թ.-ից՝ 12 տարի, անկախ Հայաստանում մարդկանց դատապարտում էին 1961թ. օրենսգրքով: Ինչպե՞ս էր դա հնարավոր:
1961թ. խորհրդային օրենսգիրքը Հայաստանի անկախացումից հետո, կապված սոցիալ-տնտեսական փոփոխությունների հետ, շատ փոփոխությունների ենթարկվեց, որպեսզի խորհրդային գաղափարախոսությունը դուրս գա: Նոր օրենսգիրք ստեղծելու համար ժամանակ էր պետք: 1997թ.-ից սկսվեցին նոր օրենսգրքի աշխատանքները, և 2003թ. այն ընդունվեց:
10 տարի անց անհրաժեշտություն առաջացավ մշակել նոր օրենսգիրք: Ինչո՞ւ:
10 տարվա ընթացքում քրեական օրենսգրքում մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Բայց արդեն կարիք կար հայեցակարգային փոփոխության, պատժողական ողջ քաղաքականության վերանայման:
Վերականգնողական արդարադատության բաղադրիչներ լինելո՞ւ են նոր օրենսգրքում:
Պարբերաբար խոսվում է այլընտրանքային պատիժների ավելացման մասին՝ որպես ազատազրկման այլընտրանքի: Ճիշտ է, 2003թ. օրենսգրքով առաջին անգամ հանրային աշխատանքներ նախատեսվեցին, բայց կանոնակարգումը շատ բացերով ու թերություններով էր: Այժմ երբ տուգանք է նշանակվում, վճարելու անհնարինության պատճառով փոխարինվում է հանրային աշխատանքով: Սակայն հանրային աշխատանքների կիրառման մեխանիզմներն էլ կարգավորված չեն, կա նաև կադրերի պակաս: Ամբողջ աշխարհում այս խնդրի լուծումը դրված է պրոբացիոն ծառայության վրա: Մեզ մոտ հիմա ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա է դրված այս գործառույթը, բայց այստեղ ևս խոստովանում են, որ համակարգում լուրջ բացեր կան` կանոնակարգումների մեջ: Քրեագիտության ամբիոնում բացվել է մագիստրոսական նոր ծրագիր, որը պատրաստելու է պրոբացիոն ծառայության աշխատակիցներ: Այս բաժին գալիս են ոչ միայն իրավագիտության, այլև սոցիոլոգիայի ու հոգեբանության ֆակուլտետներից:
Պատրաստվելու են նաև քրեակատարողական համակարգի աշխատակիցնե՞ր:
Քրեակատարողական համակարգի աշխատակիցներ կոնկրետ չեն պատրաստվում համալսարանում, բայց այս ծրագրի արդյունքում կունենանք պրոբացիոն ծառայության մասնագետներ:
Իսկ քրեական գենետիկայի մասնագետնե՞ր:
Ո՛չ, ճիշտն ասած` այդպիսի առանձին մասնագիտացում մեզ մոտ չկա:
Ի՞նչ է փոխվելու քրեական նոր օրենսգրքում:
Աշխատել ենք այլընտրանքային պատիժների տեսակներ շատ ընդգրկել հայեցակարգում՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Բացի հանրային աշխատանքներից, նախատեսվում են նաև ազատության սահմանափակում, տնային կալանք, հանրային իրավունքների սահմանափակում, ծնողական իրավունքներից զրկում այլընտրանքները: Սա արվել է նրա համար, որպեսզի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների համար հնարավորինս ազատազրկում չնշանակվի դատարանների կողմից: Բացի այդ, այս ամենի կատարման մեխանիզմները պիտի հստակ տրվեն նախագծում:
Իսկ հանցագործությունների կանխարգելման առումո՞վ:
Կրկնահանցագործության կանխարգելման նպատակով անվտանգության համակարգերի ներդրում ենք նախատեսել: Օրինակ՝ պատժից պայմանականորեն ազատված անձի նկատմամբ հսկողություն որոշակի ժամկետով: Այստեղ էլ պրոբացիոն ծառայության աշխատակիցն անելիք ունի՝ ճիշտ կանխատեսել ու գնահատել՝ արդյոք անձը ունի՞ կրկնահանցագործության ռիսկայնություն: Իսկ այժմ դատապարտյալի հետ որևէ աշխատանք չի իրականացվում: Առավելագույնն, ինչ անում է պատժից պայմանականորեն ազատված անձը, ոստիկանություն ներկայանալն է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա դարձյալ պրոբացիայի գործն է՝ դատապարտյալի հոգեբանական, սոցիալական աջակցություն, վարքագծի նկատմամբ հսկողություն: Այս ամենը նախատեսված է նոր հայեցակարգով:
Ընդհանուր առմամբ, պատիժների խստացմա՞ն, թե՞ մեղմացման է հակված լինելու նոր նախագիծը:
Պատժի խստությունը երբեք ուղիղ կապի մեջ չէ հանցագործությունների կանխարգելման հետ: Նոր նախագծով լինելու է պատիժների դեպենալիզացիա: Սա նշանակում է ոչ մեծ ու միջին, երբեմն նաև ծանր հանցանքների պարագայում պատիժների մեղմացում, իհարկե, հանցագործության բնույթի հետ կապված: Եվ, անշուշտ, ազատազրկման պատժատեսակի հնարավորինս բացառում: Հանցագործության բնույթը ևս հաշվի է առնվելու: Օրինակ՝ ներկայիս օրենսգրքով, եթե անձը գողացել է թոշակառուի 30.000 դրամը, նրա համար ավելի քիչ պատիժ է սահմանում օրենքը, քան եթե նա գողանար օլիգարխի թանկարժեք ավտոմեքենան: Այսինքն՝ պատժի խստությունը կախված էր գողոնի արժեքից: Հիմա այդպես չի լինելու:
Պարոն Գաբուզյան, հայեցակարգի վերաբերյալ եղե՞լ են, արդյոք, լուրջ առարկություններ:
Լուրջ հակասություններ գերատեսչություններից չեն եղել: Մեկ-երկու հարցի հետ կապված կան փոքր խնդիրներ, բայց մենք դարձյալ մեր կարծիքին ենք մնում: Կա խնդիր մեղքի բովանդակության հետ կապված: Մեր օրենսդրությամբ մեղքը արարքի հանրային վտանգավորության գիտակցումն է: Սակայն ժողովրդավարական այլ երկրներում վաղուց անցել են այլ սահմանման՝ արարքի հակաիրավականության գիտակցում: Մենք առաջարկում ենք նման փոփոխություն՝ հստակ սահմանելով այն դեպքերը, երբ օրենքի չիմացությունը կարող է ազատել պատասխանատվությունից: Երկրորդ հակասությունը կապված է քրեական պատասխանատվության միասնական տարիքի հետ: Մենք առաջարկում ենք 14 տարեկանը: Հիմա էլ այդպես է, սակայն մի խումբ հանցանքների համար: Սակայն անչափահասների համար առաջարկում ենք պատասխանատվության շատ մեղմ դրույթներ: Ազատազրկումը անչափահասների համար պետք է հանդիսանա բացառիկ միջոց: Ընդ որում, ոչ մեծ ու միջին ծանրության հանցանքների դեպքում իսպառ բացառում ենք ազատազրկում նշանակել: Ծանր ու առանձնապես ծանրերի դեպքում կարելի է ազատազրկում նշանակել, եթե բռնությամբ է զուգորդվել հանցագործությունը: Սա հստակ կանոնակարգվելու է:
Երիտասարդների արդարադատությունը արդյոք տեղ գտնելո՞ւ է նախագծում:
Հայեցակարգում արդեն իսկ ներառված են նման դրույթներ: Նախագծում մի ամբողջ գլուխ է նվիրված լինելու երիտասարդների արդարադատությանը: Հստակ նշվելու են այն դեպքերը, երբ նրանց նկատմամբ կիրառվելու են անչափահասների պատասխանատվությանը բնորոշ դրույթներ: Փաստորեն, ունենալու ենք տարիքային երկու խումբ՝ 14-18 և 18-21: Է՛լ ավելի շատ առանձնացնել այս խմբերը նպատակահարմար չէ: Այսինքն՝ սահմանվելու են անձին պատասխանատվության ենթարկելու նաև տարիքային առանձնահատկությունները: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Երիտասարդների արդարադատության լավագույն օրինակներ կան Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում: Մեզ խորհրդատվություն է մատուցում գերմանացի փորձագետ, Գերմանիայի Հանովեր քաղաքի համալսարանի պրոֆեսոր պարոն Հեյնինգ Ռադթկեն:
Լավ օրենք ունենալը բավարա՞ր պայման է, որ այն բոլորի հանդեպ հավասար կիրառվի:
Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը շատ դեպքերում խախտվում է օրենքները կիրառելիս: Նույն փաստական տվյալներով գործերի ժամանակ մեծ տարբերություններով պատիժներ են սահմանվում: Մի դեպքում նույնիսկ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, մյուս դեպքում՝ խիստ պատիժ նշանակվել: Նոր նախագծի առաքելություններից մեկն էլ այն է, որ հնարավորինս հստակեցնենք այդ չափորոշիչները, թե որ դեպքում ինչ պատիժ նշանակել: Սակայն, ինչ խոսք, դատական հայեցողությունը չի կարելի վերացնել: Դատարանը պիտի գործելու ճկուն դաշտ ունենա:
Հաճախ դատարաններում լինելով՝ քաղաքացիներից լսում եմ «օրենքը մահակ է թույլերի գլխին» միտքը: Ձեր կարծիքով` արդարության պակաս կա՞:
Արդարության վակուում մեր ողջ հանրությունն է ապրում: Բայց իրավակիրառ պրակտիկայում թույլ տրված անարդարություններն այնպես չէ, որ բոլորովին կապ չունեն օրենքի բացերի հետ: Օրենքն էլ մեղքի իր բաժինն ունի, ուրեմն սողանցք կա: Բայց դա չէ միակ պատճառը: Իրոք, կարող է օրենքը լավը լինել, բայց իրավակիրառ պրակտիկայում չարաշահվել այն կիրառողների կողմից: Պատճառները տարբեր են՝ մասնագիտական պատրաստվածության մակարդակ, օրենքները կիրառելու վճռականության պակաս:
Ելքը ո՞րն է:
Համակարգային է խնդիրը, ուստի համակարգային պիտի լինեն նաև ելքերը՝ սոցիալ-տնտեսական վիճակի, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, պրոֆեսիոնալ կադրերի մուտք տարբեր ոլորտներ, սերնդափոխություն համակարգերում, բնակչության իրավագիտակցության բարձրացում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել