HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Apple-ն իր նոր հավելվածը գործարկելու համար աշխատանքի է ընդունում լրագրողների

Որքան էլ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են ներկայացնել արհեստական բանականության ներդրման հեռանկարները, որոշ ծրագրերի կիրառման պարագայում դեռևս ստիպված են դիմել մարդկային մտքին:

Apple ընկերությունը հունիսի 8-ին հայտարարեց, որ News կոչվող իր հավելվածն օգտագործում է ալգորիթմներ (ինչի օգնությամբ նորություններն ավտոմատ կերպով կհավաքվեն մեկ հարթակում), սակայն մեկ շաբաթ անց տարածած հայտարարության մեջ նշում է, որ փնտրում է «բանիմաց խմբագիրների, ովքեր կօգնեն ճանաչել և ներկայացնել լավագույնը ազգային, գլոբալ և տեղական լուրերի մեջ»:

News հավելվածի խմբագիրները նաև պատախանատու կլինեն հրատարակչությունների հետ հարաբերություններ հաստատելու համար, ինչի արդյունքում կկարողանան ձեռք բերել կարևորագույն նորությունները: Նշվում է, որ խմբագիրը պետք է ունենա լրագրության կամ հաղորդակցության բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:

Հայտարարությունը նկատած 9to5Mac-ը գրում է, որ Apple-ը, այսպիսով, ընդունում է, որ միայն ծրագրային ապահովումն անկարող կլինի «ճանաչել օրիգինալ, գրավիչ պատմությունները»: Միայն ալգորիթմներով, առանց մարդկանց օգնության գործող ծառայություններից են Google News-ը, Flipboard-ը, Reddit-ը և Techmeme-ը:

Վերջին շրջանի այս նորարարությունները, որոնց թվում՝ տեղեկատվամիջոցների ստեղծած բովանդակությունը սոցցանցում ներկայացնելու Facebook-ի նախաձեռնությունը, նոր մարտահրավերներ են առաջարկում ավանդական տեղեկատվամիջոցներին: Բանավեճի առարկա է այն, թե ի վերջո Facebook-ը, Google-ը, Apple-ը լրատվամիջոցների լսարանը մեծացնելու հնարավորությո՞ւն են, թե՞ նախնական կայքերի այցելություններին, հետևաբար՝ եկամուտի աղբյուրին սպառնացող հարթակներ:

The Guardian-ը, որը համագործակցում է թե՛ Facebook-ի, թե՛ Apple News-ի հետ՝ միաժամանակ ունենալով սեփական հավելվածը, գրում է, որ ավանդական մեդիա ընկերությունների համար ավելի ու ավելի դժվար է դառնում գումար աշխատելը, քանի որ ընթերցողները անցնում են շարժական սարքավորումներին: Տեղեկատվամիջոցը մեջբերում է Լրագրության ուսումնասիրությունների Ռոյթերի ինստիտուտի (RISJ) նոր զեկույցի արդյունքները, ըստ որի՝ ընթերցողների 46%-ը նորություններ է կարդում շարժական սարքավորումների միջոցով: Անցած տարի նույն ցուցանիշը եղել է 37%:

Չնայած սրան, հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև սմարթֆոն օգտագործողների 70%-ը ներբեռնել է նորությունների հավելվածներ, սակայն նրանց միայն մեկ երրորդն է կիրառում դրանք:

 

լուսանկարը՝ Business Insider-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter