HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային փորձագետ. «Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ մահացու վնասվածքներ հասցրել»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ոստիկանական խումբը պատրաստ է, ես էլ: Ինձ պատրաստվում են ուղեկցել «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցի դահլիճ: Առաջին անգամ է, որ դատական նիստի տանելիս ձեռնաշղթաներ չեն գցում: Մարմինս հարաբերական ազատություն է զգում: Դահլիճում էլ, նախորդ նիստի նման, վանդակի մեջ չեն փակում: Արդեն լավ է: Թվում է՝ մոտենում եմ ֆիզիկական ազատության եզրագծին: Բայց արտաքին այս ատրիբուտները որքան խաբուսիկ են: Չնայած, որ ճիշտն ասեմ, որևէ ակնկալիք չունեի դատարանից, դատավորից: Նրանք գործադիր մարմնի կցորդ են ու կատարում են այն հրահանգները, որոնք ստանում են «վերևից»:

Իմ փաստաբաններն ու ես կատարում ենք այն աշխատանքը, որը թե՛ 19 տարի առաջ, թե՛ հիմա պիտի կատարեր դատաիրավական համակարգը: 19 տարի բղավում եմ, որ 19 տարի առաջ ինձ մահապատժի են դատապարտել ենթադրությունների հիման վրա՝ գործով մյուս մեղադրյալի, այսինքն՝ գործի նման ելքով շահագրգիռ մարդու՝ 4-5 անգամ փոփոխած ցուցմունքներից վերջինը դնելով դատավճռի հիմքում: Սակայն, քանի ապացույց էլ ներկայացնում ենք, որ Արամ Հարությունյանի բերած սցենարն անհավանական է, հիմնավորված չէ որևէ ապացույցով, գլխավոր դատախազությունն ու դատարանները մերժում են վերաբացել ու վերաքննել այս գործը:

Անկախ հերթական մերժումից՝ բարձրացա խուց, մի քիչ ջուր լցրեցի ամանի մեջ ու դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի նվեր-երիցուկը դրեցի մեջը: Նույնիսկ ծաղիկն էր թիվ ու համրանք չունեցող անարդարություններից գլուխը կախել, բայց ամենակարող ջուրը երկրորդ կյանք տվեց ծաղկին: Այդպես էլ Դուք եք կենարար ջրի դեր խաղում ինձ համար: Վերջին տարիներին տեսնում եմ, որ մեր քաղաքացիները, ում համար արդար դատաքննությունը բարձրագույն արժեք է, առողջ հակազդում են անարդարությունների դեմ: Բոլորիդ անուններով չեմ ճանաչում, բայց շնորհակալ եմ, որ կողքիս եք:     

Երբ սկզբունքները չեն գործում, սկսում է աշխատել «պռինցիպ» կոչվածը

Այո՛, սա միայն մեկ մարդու, կոնկրետ դեպքում՝ իմ խնդիրը չէ, սա արդարադադության իրականացման, արդար դատաքննության համակարգային, կարևորագույն խնդիր է: Իմ փոխարեն կարող էր ու կարող է հայտնվել ՀՀ ցանկացած քաղաքացի (Աստված չանի), եթե, իհարկե, օլիգարխիկ ու իշխանական կապեր չունի:

Եկել եմ այն համոզման, որ երբ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները չեն գործում, սկսում է աշխատել այս կամ այն պետական մարմնի «պռինցիպը». ո՞նց կարող է պատահի՝ սխալված լինենք, ո՞նց կարող է պատահի դատական սխալի հետևանքով անմեղը հայտնվի բանտում: Իհարկե, կարո՛ղ է, դա ասում են իրավական շատ երկրներում: Ավելին՝ ոչ միայն ասում են, այլ ընդունում են սեփական սխալները, վերաբացում տասնյակ տարիներ առաջ քննված գործեր, վերականգնվում է արդարությունը: Իսկ մեզ մոտ, կարծում եմ, համակարգը վախենում է նախադեպից: Վերլուծելով՝ ես առանձնացնում եմ երկու հիմնական պատճառ:

Պատճառ առաջին՝ իր խորը արմատներով

Գործի վերաբացման, արդարության վերականգնման նախադեպ ունենալով՝ ՀՀ մյուս քաղաքացիները կտեսնեն, որ հետևողական պայքարի դեպքում հնարավոր է քաղաքացու հաղթանակն ընդդեմ համակարգի, հնարավոր է մարդու խախտված իրավունքի վերականգնում: Նրանք կոգևորվեն մեկ օրինակով, կսկսեն իրենք էլ պայքարել՝ հավատալով, որ հնարավոր է մի բան փոխել: Իսկ սա պետք չէ իշխանությանը: Փոխարենը վարչախմբին պետք է ապատիկ, դեպրեսիվ, անտարբեր քաղաքացիների զանգված, ովքեր անընդհատ կրկնում են՝ միևնույնն է՝ ոչինչ չի փոխվի, ոչինչ չի ստացվի: Այսպիսով, ամեն նախադրյալ ստեղծվում է Չպայքարելու, ձեռքերը ծալած նստելու, հարմարվելու համար: Բայց պարտվողականությունը երբեք չեմ ընդունել: Ի վերջո, բազմաթիվ անհաջողություններից, մերժումներից թրծվելով է միայն հնարավոր հասնել արդարություն-ազատության:

Պատճառ երկրորդ՝ խիստ պրակտիկ

Արդարության վերականգնման նախադեպի գոյություն թույլ չտալով՝ դատաիրավական համակարգը, նույնն է, թե ողջ իշխանությունը ապահովագրում է ինքն իրեն ավելորդ գլխացավանքից: Օրինակ՝  կոնկրետ իմ գործով տարիներ առաջ պատասխանատվության շղթայից նույն համակարգը դուրս է թողել մարդկանց, որոնց մասին ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին դեռ 19 տարի առաջ գրել է տուժողի հայրը: Մասնավորապես, նա նշել է. «Հանցագործության իրական մոտիվն ու ոչ բոլոր մասնակիցներն են պարզվել: Որոշ տեղեկությունների համաձայն` իմ տղային հրել են մեքենայի մեջ բժշկական ինստիտուտի մոտ: Ուրեմն, եղել են այլ մասնակիցներ…»: Հենց վերջին նիստի ժամանակ բարձրաձայնեցի այս մասին, համակարգը պաշտպանական ռեակցիայով սկսեց բանեցնել իր արսենալը՝ փորձել տարածել իրականությանը չհամապատասխանող լուրեր: Դա էլ ապացույցների սովից է ծնվում:

Բայց, միևնույն է, կանգնել, նահանջել չեմ պատրաստվում. շուտով կդիմեմ վերաքննիչ դատարան, արդեն դատական սխալի ու նոր երևան եկած հանգամանքների հիմքով դիմել եմ Վճռաբեկ դատարան՝ ինքնուրույն գրելով բողոքները: Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի գործը հասնի ՄԻ եվրոպական դատարան:   

Մանավանդ, որ ունենք ԱՄՆ-ում ու Եվրոպայում 15 տարվա փորձ ունեցող դատաբժշական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Ս.Ջ.Մ. Էյքելենբում-Շիվիլդի եզրակացությունը՝ տրված 21-րդ դարի գիտության նվաճումներին համապատասխան: Ի դեպ, մասնագետ, ով, բնական է, չի ճանաչում դատավարության որևէ կողմին: Եվ այսպես՝ եզրակացության ամփոփիչ մասում նա գրում է.

«Հարությունյանը Ենոքյանին մեղադրելու դրդապատճառներ ուներ (հակառակ դեպքում՝ նա կդառնար գլխավոր կասկածյալը)»:

«1996 թվականին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էին: Ըստ փաստաթղթերի՝ բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Սա, այնուամենայնիվ, կարող էր ապացուցել կատարվածը և որ սցենարն էր ավելի հավանական: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է: Դատավճռից այն տպավորությունն ենք ստանում, որ Ենոքյանի դատապարտումը հիմնված է այն փաստի վրա, որ նա հրաժարվել է ընդունել Հարությունյանի կողմից հորինված սցենարը:

Հիմք ընդունելով սույն գործում առկա ապացույցների մեր քննությունը և հիմք ընդունելով դատական գործերի մեր մեծ փորձառությունը, դատական գործերի ուսումնասիրությունների կատարումը, ԴՆԹ և արյան հետքի նմուշի քննություն կատարելով, և դատաբժշկական փորձաքննությունները՝ լուրջ կասկածներ ունենք Հարությունյանի կողմից ներկայացված սցենարի առնչությամբ:

Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում: Մյուս կողմից՝ Հարությունյանի ցուցմունքները լի են անհամապատասխանություններով.         

Հարությունյանը ցուցմունք է տվել, որ հանցագործությունը կանխամտածված և ծրագրված է եղել: Սակայն, հանցագործության վայրը պարունակում էր պահի ազդեցության ներքո կատարված հանցագործության բոլոր նշանները՝ առանց կանխամտածված սպանության որևէ ապացույցի:

Հարությունյանը Ենոքյանին մեղադրելու դրդապատճառներ ուներ (հակառակ դեպքում նա կդառնար գլխավոր կասկածյալը):

Չկա որևէ ապացույց, որ Ենոքյանը գերիշխող դեր է ունեցել Հարությունյանի հետ հարաբերություններում:

Հարությունյանի ցուցմունքն ամբողջովին հակասում է բժշկական ապացույցներին: Տուժողի վնասվածքների ծանրությունը, որի աստիճանը տուժողին անկարող էր դարձնում, և այդ վնասվածքները ստանալուց հետո վերջինիս գոյատևման սահմանափակ ժամանակը որևէ կերպ չեն համապատասխանում Հարությունյանի կողմից ներկայացված ցուցմունքներին»,- գրված է միջազգային անկախ փորձագետի եզրակացության մեջ:

 

Բայց մերոնց համար սա ոչինչ չի նշանակում, չէ՞ որ ամբողջ աշխարհից գալիս են Հայաստան՝ ուսումնասիրելու «հայկական հրաշքը». ինչպես է, որ Հայստանում դատավորները երբեք չեն սխալվում…

 

Մեկնաբանություններ (2)

Լանա Մարկ
Չդադարե՛նք հուսալ,չդադարե՛նք աղոթել,չդադարե՛նք պայքարել:Հավատանք . շուտով կգա օրը,երբ մեր երկրի կապացուցի,որ ինքը ոչ թե գոյություն չունի ,այլ գնացել էր երկարատև հանգստի.......ԱՄԵՆ
Վեհարի
Առանց որևէ ապացույցի անմեղ մարդուն «Նուբարաշենի» կլոր գերեզմանոց /գնդակահարության/ ուղարկելը մարդասպանություն է: Մարդասպան դատավորին պաշտպանող համակարգը մարդասպանների համակարգ է: Հնարավոր է սխալով դատապարտվածների թիվը այս պահին ոչ թե հարյուրներով, այլ հազարներով է հաշվվում, իսկ սա նշանակում է, մեր պետական իշխանական համակարգում հայոց ցեղասպանությունը շարունակողներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter