HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական ճնշումներ. դեսպանն ու թեմի առաջնորդը ճանապարհի կեսից հետ են վերադարձել

Վրաստանի Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում այսօր նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Բացմանը ներկա պիտի լինեին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վերջիններս, սակայն, ճանապարհի կեսից հետ են վերադարձել: Խաչքարի բացման արարողությունը կատարվել է առանց նրանց:

Կարմիր գյուղը 180 տնտեսություն ունի: Այն Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղ է, որը 1900-ականների սկզբից ամբողջությամբ Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերով է բնակեցվել:

Գյուղի խաչքարի տեղադրման արարողությունը, պարզվում է, լուրջ մտահոգություններ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում: Հիշեցնենք՝ Մառնեուլի շրջանը շուրջ 80 տոկոսով ադրբեջանաբնակ է: Եվ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը հարուցել է նրանց զայրույթը: Ադրբեջանական համայնքը լուրջ քայլեր է նախաձեռնել, և վրացական իշխանությունների մակարդակով փորձել է կասեցնել այն: Նախօրեին ուժային և պետական կառույցների աշխատողներ են այցելել գյուղ և բացատրական աշխատանքներ տարել գյուղացիներին հետ:

Գյուղում պատրաստվել են, որպեսզի մեծ շուքով դիմավորեն բարձրաստիճան հյուրերին, սակայն նրանք այդպես էլ գյուղ չեն հասել: Շուտով հայտնի է դարձել, որ Շուլավերի կայարանի մոտից բարձրաստիճան հյուրերը հետ են գնացել:

Խաչքարի բացումն, այնուամենայնիվ, տեղի ունեցել է գյուղացիների, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի, Ջավախքի աջակցության հիմնադրամի իրավական հարցերի պատասխանատու Սամվել Մկոյանի մասնակցությամբ: Գյուղի քահանան էլ օծել է այն:

Կամիրի բնակիչ Վելիսոն Խաչատուրյանը հաստատեց տեղի ունեցածը և պատմեց, որ վրացական կողմը խնդրել է, որպեսզի տվյալ միջոցառմանը ներկա չլինեն պաշտոնատար անձինք, այսինքն՝ դեսպանը և Սրբազանը, որպեսզի հայ-թուրքական լարվածության առիթ չդառնա:

«Ուղղակի վրացական կառույցների խնդրանքն էր, որպեսզի դիվանագիտական մարդիկ ներկա չլինեն, որ թուրքական լոբբին չզարգանա: Եվ թուրքական ազդեցությունն ազդեց, որ բարձրաստիճան մարդիկ ներկա չլինեն խաչքարի բացմանը,-ասում է Վելիսոն Խաչատուրյանը: -Ադրբեջանցիները մեզ չեն կարող ասել՝ չանեք նման բան: Նրանք ուղղակի ճնշում են գործադրում վրաց կառույցների վրա: Վրացիք՝ ամոթով, չուզենալով, մոտենալով մեզ ասում են, էնպես արեք, որ դուք գիտեք որտեղ եք ապրում»:

Վելիսոնն ասում է, որ տեղում վտանգ չեն զգում, շփվում են տեղացիների հետ: Ավելին, Կարմիրում երեք տարի առաջ մատուռ է կառուցվել: Մատուռի շնորհիվ հոգևորական է հաստատվել, որը 11 հայկական գյուղերին է ծառայություն մատուցում:

Պարզապես այս ամենը սրվել է այն պատճառով, որ առաջին անգամ ադրբեջանցիներիով հոծ բնակեցված Մառնեուլի շրջանում խաչքար է տեղադրվում եղեռնի զոհերի հիշատակին:

«Մենք տեղեկություն ունեցանք, որ հնարավոր է, որ մեր բարձրաստիճան հյուրերի այցով լարվածություն լինի, դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ թող իրադարձությունը տեղի ունենա, մենք ուրիշ առիթով կգնանք գյուղ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վազգեն Սրբազանը,- կարևորը իրադարձությունն էր՝ խաչքարի բացումը»:

Ըստ Վիրահայոց թեմի առաջնորդի՝ ամենայն հավանականությամբ լարվածությունը կապված էր ադրբեջանաբնակ շրջան լինելու հետ, քանի որ խաչքարը, որը տեղադրվում էր, նվիրված էր հայոց ցեղասպանության հիշատակին:

Բացի դրանից, առաջ է քաշվել խաչքարի տեղադրման տեղի՝ հողի հարցը: Խաչքարերը հիմնականում Վրաստանի այլ շրջաններում, օրինակ, Ջավախքում, Բաթումում կամ մայրաքաղաք Թբիլիսիում տեղադրվում են եկեղեցու բակում, նման դեպքերում ոչ մի խնդիր չի առաջանում, իսկ եթե խաչքարը պիտի տեղադրվի պետական հողի վրա, իշխանությունները պահանջում են հողի տրամադրման և խաչքարի տեղադրման թույլտվություն, որը Կարմիր գյուղի ժղովուրդը չէր հասցրել ձեռք բերել: «Քանի որ գյուղի հողերի ոչ բոլոր մասն է պատկանում համայնքին, հատվածներ կան, որոնք պետական նշանակության էր, և այդ հողն էլ հենց պետական նշանակության հատվածում է»,-պարզաբանեց Սրբազանը:

Այն, որ հողի հարցը կարող էր պատրվակ լինել՝ հաշվի առնելով, որ խաչքարն արդեն մեկ ու կես ամիս տեղադրված էր գյուղում, Սրբազանը չբացառեց: Սակայն նշեց, որ ըմբռնելով ու հասկանալով, որ հնարավոր են դժվարություններ, իրենք ընտրել են այդ տարբերակը՝ իրադարձությունը տեղի ունենա, իրենք ուրիշ առիթով կայցելեն գյուղ:

«Մենք հանդիպեցինք Քվեմո-Քարթլի նահանգի նահանգապետի հետ, ինքը մեզ ընդհանուր իրադրությունը ներկայացրեց, ոչ ինքը խնդրել է, ոչ առաջարկել է: Ուղղակի մենք մտածեցինք, որ չարժե ավելորդ լարվածություն ստեղծել և նահանգապետի հետ պայմանավորվեցինք, որ վաղը-մյուս օր ամեն ինչ լավ կլինի, և միասին կգնանք գյուղ»,-պատմեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Իսկ Յուրի Վարդանյանն ընդհանրապես Վրաստանում ամեն ինչից է վախենում: Նա չի ուզում հայ համայնքի հետ որեւէ առնչություն ունենալ, եւ մի զանգն էլ բավարար եղավ, որ նա փախչի «դեպքի վայրից»:  

Մեկնաբանություններ (6)

Ջավախքցի
Մի բան պետք է պարզել. Յուրի Վարդանյանը պաշտոնապես ենթարկվում է ՀՀ պետությա՞նը, թե՞ վրաց-ադրբեջանական դաշնազույգին: Հիշեցնենք, որ այս պաշտոնյայի օրոք անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ 2014-2015 ուս. տարում Ջավախքի դպրոցները ՀՀ-ից չստացան ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ դասագրքեր, և ջավախահայ դպրոցականները ստիպված օգտագործեցին հնամաշ կամ ծնողների կողմից մի կերպ հայթայթած գրքերը: Վրացական կողմի սահմանած գրքային արգելքը նաև արդյունք է Յուրի Վարդանյանի բանակցությունների: Այն դեսպանը, որը գիրք չհասցրեց Ջավախքի դպրոցներին, կփախչի նաև Կարմիրգյուղի միջոցառումից...
Վրեժ
Երեկ Հայաստանի հանրային հ/տ Հայլուր ծրագրով դիտեցինք Կարմիրգյուղի միջոցառումը, ամեն ինչ լավ էր, այդուհանդերձ, իրադարձությունն իր ամբողջության մեջ չներկայացվեց. բոլորովին չխոսվեց գյուղի հասարակության ու միջոցառման կազմակերպիչների վրա ադրբեջանավրացական այն ճնշումների մասին, որոնք ահագնացել էին հատկապես միջոցառան օրերին: Ինչպես հայտնի է՝ այդ ճնշումների արդյունքում ճանապարհի կեսից հետ էին վերադարձել և այդ քայլով գյուղի հասարակությանը բարոյահոգեբանական ոչ դրական ազդակ հաղորդել Վիրահայոց թեմի առաջնորդն ու Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Դեհ, ինչպես միշտ, Հայլուրում արշալույսները խաղաղ էին...
henri
Ինչ հարկ կար երթալ օձին ծակը քրքրել։Թող մի խաչքար նուազ ըլլայ քան թէ արիւն թափուի այդ յիմարների հետ։
Վարդան
Գիտեք, Հենրի, խաչքարի բացումը չէր այստեղ խնդիրը, որն այսպես թե այնպես բացվեց, խնդիրն այստեղ և՛ Վրաստանում առկա վիճակն է, և՛ թուրք-ադրբեջանական հայակործան նվաճումներն այդ երկրում, և՛ մեր պետական պատկան ինստիտուտների ներկայացուցիչների կրավորական վարքագիծը, և այս բոլորը խորքային ձևով հաջողվել է բացահայտել հոդվածագրին: Ցավոք, այդ ՕՁԻՆ ԾԱԿԵՆ մենք դուրս ենք գալիս արտաքին աշխարհ, նավահանգիստներ, և եթե դեսպանի նման Հայաստանի Հանրապետության իշխանությունները շարունակեն փախչել ու իրենց հեռու պահել այդ ՕՁԱԲՆԻՑ, մոտ ապագայում Հայաստանը կկանգնի ՕՁԱԽԵՂԴ լինելու վտանգի առաջ: Խնդիրը բարոյական լինելու հետ մեկտեղ մեծ չափով նաև ռազմավարական է, Հայաստանի ու հայ ժողովրդի ապագային առնչվող:
Հրայր
Այլ երկրների պարագայում նման դեպքը, այն է՝ դեսպանի վրա ճնշումներ գործադրելը և նրան ճանապարհի կեսից հետ պարտադրված հետ վերադարձնելը,կհանգեցներ երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալի: Ցավոք, այս պարագայում ոչ թե նման բան տեղի չունեցավ, այլ, երևի թե, ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ էլ չդարձավ սեփական դեսպանի հետ տեղի ունեցածի մասին: Եթե անգամ մեր դիվկորպուսը տեղյակ էլ էր, ապա այն հավասարազոր էր տեղյակ չլինելուն, քանի որ ոչ մի քայլ /առնվազն հասարակության համար տեսանելի և ընկալելի / չարվեց: Իրավիճակը նույնն է և ծեծվածը՝ Վրաստանի հետ պետք է վարվել զգույշ, չսրել իրավիճակը, անգամ այն դեպքերում, երբ նրանք չափն ահագին անցնում են... Ցավոք, Վրաստանի նման պետության հանդեպ կրավորական այս վարքագիծը հայության շրջանում դարձել է մտածողություն, մշակույթ՝ իր բոլոր չարաբաստիկ հետևանքներով....
Արմենակ Եղիայեան
Յարգարժան խմբագրութիւն, Ստորեւ բերուած երեք նախադասութեանց ՈՐՊԵՍԶԻ շաղկապը գռեհիկ ռուսաբանութիւն է: Հայերէնը զանոնք կը փոխարինէ ՈՐ ստորադասական շաղկապով: Շնորհակալութիւն Ձեր ուշադրութեան համար: 1. Գյուղում պատրաստվել են, որպեսզի մեծ շուքով դիմավորեն բարձրաստիճան հյուրերին: 2. Վրացական կողմը խնդրել է, որպեսզի տվյալ միջոցառմանը ներկա չլինեն պաշտոնատար անձինք: 3. Վացական կառույցների խնդրանքն էր, որպեսզի դիվանագիտական մարդիկ ներկա չլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter